Արեւմուտքը «կարմիր քարտ» է ցույց տալիս Զելենսկուն
Վերլուծություն
Մեկ բան եւս նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրին հաջորդած երեք տարիներին ակնհայտ դարձավ (https://iravunk.com/?p=269291&l=am): Հազիվ թե Ալիեւն ու Նիկոլն այդքան բացահայտ Մոսկվային դեմ գնային, եթե Ռուսաստանը չմտներ ուկրաինական պատերազմի մեջ: Միայն թե ուկրաինական պատերազմի ընդհանուր տեսքը փոխվում է աչքի առաջ, ինչը նաեւ մեր տարածաշրջանում շատ բան կփոխի:
Թե այս պահին ինչ ռազմական պատկեր է, խոսելու առիթներ ունեցել ենք, չկրկնենք: Եվ այդ ընդհանուր ֆոնին եկավ գումարվելու այն ներքաղաքական իրավիճակը, որն այս պահին տիրում է Կիեւում: Խոսքը` նախագահ Զելենսկու թիմի եւ գլխավոր հրամանատար Զալուժնիի հայտնի հակամարտության մասին է, որը մի շարք ուշագրավ իրողություններ է սկսել ջրի երես հանել:
Թեեւ այդ հակամարտությունը նկատելի էր դեռ Բախմուտի հանձնման ժամանակներից, սակայն այն ամենասուր կերպով հրապարակային դաշտ դուրս եկավ վերջերս Economist-ում հրապարակված Զալուժնիի սկանդալային հոդվածից հետո: Մինչ այդ էլ արեւմտյան առանցքային աղբյուրները խոսում էին, որ Զելենսկու եւ Զալուժնիի ջրերը նույն առվով չեն հոսում: Օրինակ, Economist-ից մի փոքր ավելի Time-ը հանդես եկավ պնդմամբ, թե Զելենսկին խիստ տարաձայնություններ ունի ռազմական հրամանատարության հետ. նախագահը շարունակում է պնդել հարձակման եւ պատերազմի հաղթական ավարտի վրա, սակայն նրա հրամանատարությունը նման հնարավորություն չի տեսնում։ Բայց եթե դա ենթադրություն էր, ապա Economist-ում Զալուժնին այդ մասին խոսեց բացահայտ, որ պատերազմը ոչ միայն մտել է փակուղի, այլ նաեւ, որ շատ ավելի շահեկան դիրքեր ունեն ռուսները:
Միայն այս երկու հրապարակումները, անկախ դրանցում ներառված ռազմական կոնտեքստից, ոչ պակաս ուշագրավ այլ հարցեր եւս առաջ են քաշում: Թե ինչ վերահսկողության տակ են Time-ը եւ Economist-ը, ավելին, թե ում են դրանք պատկանում, հայտնի բան է: Ու պարզ հարց. իսկ ինչո՞ւ հանկարծ ամերիկյան պաշտոնական իշխանություններից էլ զորեղ այդ ուժերը թույլ տվեցին նման բան հրապարակել: Ո՞րն է դրա իրական նպատակը: Այս հարցերից գլուխ հանելու համար պետք է նաեւ նկատել, որ ոչ միայն այդ հրապարակումներում, այլ նաեւ գործնականում ողջ արեւմտյան քարոզչամեքենան այս պահին հրամցնում է թեզ, որ ուկրաինական հակահարձակումը քանի որ ձախողվել է, որեւէ էական արդյունք չունեցավ, հիմա պետք է ինչ-որ կերպ, անգամ Ուկրաինայի տարածքային կորուստների գնով պատերազմը կանգնեցնել: Իմաստը կարելի է կռահել. ԱՄՆ-ն ունի նաեւ այլ աճող հակամարտություն՝ Իսրայելի հարցը, նաեւ սկսվում են նախագահական ընտրությունները, որտեղ այս պահին ներկա վարչակազմը էականորեն զիջում է Թրամփին: Եվ այդ բեռն էապես կավելանա, եթե ռուսները նոր տարածքային նվաճումներ ունենան, ինչը այս պահին էլ տեսանելի է: Իսկ ի՞նչ կլինի, եթե դրա արդյունքում ուկրաինական բանակը լիովին փլուզվի, որից հետո ռուսները կարող են հասնել Կիեւ ու անցնել: Ընդ որում, արեւմտյան էլիտաների համար սա այսբերգի վերին մասն է, կան շատ ավելի գլոբալ խնդիրներ, որոնց պարագայում ուկրաինական թեման սկսում է աստիճանաբար բավականին ծանր բեռի տեսք ստանալ, ու կա տպավորություն, որ եկել է ընդունելի պայմաններով ուկրաինական պատերազմից ձերբազատվելու պահը:
Ամեն դեպքում, արեւմտյան քարոզչամեքենան բավականին ժամանակ է, որ Զելենսկուն մղում է այդ ուղղությամբ, սակայն նա համառորեն հրաժարվում է նման սցենարից ու նաեւ ընտրությունների միջոցով պաշտոնը թողնելուց, որից հետո նրա անձնական անվտանգության համար հազիվ թե որեւէ մեկը քոռ կոպեկ անգամ տա: Արդյունքում, հենց ռոտշիլդական Economist-ում հրապարակված Զալուժնիի հոդվածն ավելի նման է դառնում մի վերջին զգուշացման: Սակայն սրան եւս Զելենսկին պատասխանեց ընտրություններից առհասարակ հրաժարվելով եւ Զալուժնիի վրա ուղիղ հարձակումով՝ նրա մերձավորներից մեկին աշխատանքից ազատելու, մյուսին՝ պայթեցնելու տեսքով: Ու կարծես սկսում է մեծ քարոզչական արշավ՝ Զալուժնիին բոլոր ձախողումների համար «քավության նոխազ» դարձնելու եւ նրանից ազատվելու տեսքով: Թերեւս այն հաշվարկով, որ մինչ Արեւմուտքն այլ հարմար կադր կգտնի, ինչ-որ իրավիճակային փոփոխություններ կարող են տեղի ունենալ:
Կլինի՞ այդպես, Զալուժնիին կհանձնարարեն ռազմական հեղաշրջման տարբերակո՞վ առաջ գնալ, թե՞ այլ սցենար կգործի. իրադարձություններից առաջ չընկնենք:
Պարզապես այս պահին ֆիքսենք հետեւյալը. այն, որ այս ամենը տանում է ռուսական դիրքերի էլ ավելի ամրացման, եւ որ դա միանշանակ ազդելու է նաեւ հարավկովկասյան իրողությունների վրա, դա հաստատ է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ