«ՅՈՒՂ ՎԱՌԵԼՈՒ» ՔՊ–ԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վերլուծություն
Սրանք ի՞նչ են ծխում... Կամ սրանց ուսուցիչները ո՞ր մոլորակից են: Աժ–ում կապիտուլյանտը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց, որ «մեր աշխարհագրական դիրքը ճշգրիտ կրկնում է Շվեյցարիայի և Ավստրիայի աշխարհագրական դիրքը»։ Դա նույնիսկ Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք, մեր սարերը» անմահ գործի հերոսի խոսքը չէ` մենք ենք, Ավստրիան և Ամերիկան: Սա ինչ–որ գժական աշխարհագրություն է...
Պարզվում է` ինձ չի թվացել, իրոք ասել է: Օրինակ` Էդուարդ Շարմազանովն արձանագրում է. «Մեկը չկա՞ ասի, տո խելոք, Ավստրիայի հարևանը Գերմանիայի ու Սլովակիայի նման քաղաքակիրթ երկրներն են, Շվեյցարիան սահմանակից է Իտալիային, Ֆրանսիային ու նույն Գերմանիային, իսկ Հայաստանի հարևանները՝ Թուրքիան ու Ադրբեջանն են։ Ոչ Ավստրիայի ու ոչ էլ Շվեյցարիայի հարևանները ցեղասպանության սպառնալիք չեն, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան նույնիսկ քո 2020–ի բնութագրմամբ «եկել են ավարտին հասցնելու հայերի ցեղասպանությունը»։ Այսքան ջրիկ ու մակերեսային չի կարելի լինել։ Ինչպես մեծ ֆրանսիացին կասեր՝ «քարե սրտից ավելի վատ է ջրիկ ուղեղը»։
Իսկ ՀԱՊԿ–ի թեմայով էլ շարունակվել է այն խոսակցությունը, որ մենք արդեն առիթ ենք ունեցել որակել «Շրեդինգերի կատվի» տարբերակ` միաժամանակ և՛ ՀԱՊԿ–ում ենք, և՛ ՀԱՊԿ–ից դուրս: Եվ Հայաստանը Նիկոլի ջանքերով վերածվում է հերթական փորձադաշտի Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Օրինակ` Նիկոլի այսպիսի գլուխգործոցը. «ՀԱՊԿ նիստին մասնակցելով՝ կստացվի կասկածի տակ ենք դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։ Այդ ինչպե՞ս, բանավոր ՀՀ սուվերեն տարածքի ահագին կտորներից, Սև լճի կեսից հրաժարվելը, Գորիս–Կապան ճանապարհի 21 կմ տարածքը կամավոր հանձնելն Ադրբեջանին ու հայկական գյուղերն ադրբեջանական «էյվազլի–մեյվազլի» անվանելը կասկածի տակ չի դնում ՀՀ տարածքային ամբողջականությունը, ՀԱՊԿ–ի նի՞ստն է դնում: Ի դեպ, ռուս հանրային գործիչ Վիկտոր Կոնոպլյովը, նշելով, որ Նիկոլը շատ փորձառու խարդախ է, ենթադրում է, որ կապիտուլյանտը միտումնավոր հունից հանում ռուսական կողմին, ՌԴ ԱԳՆ–ն կուլ է տալիս այդ խայծը, և դա կարող է ավարտվել այնպիսի բանով, որ հունից դուրս գալով, հենց ՌԴ պաշտոնյաներն ասեն Նիկոլին` դուրս արի ՀԱՊԿ–ից, պրծնենք քեզանից: Լրիվ «յուղ են վառում»` երևանցու ասած: Դե ՔՊ են, ոչ հայ են, ոչ էլ` մարդ...
...Լավ, չշարունակենք մեջբերել այդ ուղեղաքանդ աբսուրդները, թե չէ մենք էլ, ընթերցողներն էլ Ռոբերտ Քոչարյանի ասած «ուրիշ մասնագետի» կարիք կունենանք: Բայց Ռոբերտ Քոչարյանի` պատգամավոր դարձած որդին առաջին հարցուպատասխանը, չգիտես ինչու, սկսեց ՆԳ նախարարից, և ոստիկանական բեսպրեդելը վկայակոչելով, նաև իր ձերբակալությունը հիշատակեց: Անշուշտ, Վահիկ Ղազարյանի պորտը բավականին լավ տեղը դրեց, սակայն ինչո՞ւ առաջին հարցուպատասխանին հենց իր անձնական հարցը առաջ բերեց: Մի՞թե համազգային հրատապ հարց չկար: Բայց ընդհանուր առմամբ, Լևոն Քոչարյանն իրեն ավելի վստահ է դրսևորում, քան «Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասը: Լրագրողների հետ էլ է անկաշկանդ շփվում, դա անշուշտ լավ է, արագ աճելու մեծ պոտենցիալ ունի:
Բայց քանի որ արդեն ՀՀ երկրորդ նախագահի հետ զուգահեռ թիմի երկրորդ առաջնորդ է ընկալվում թիմի ներսում, կարող է կենտրոնանալ նախևառաջ համազգային օրհասական հարցերի վրա: Ամենակարևորը` «Հայաստան» դաշինքի ընտրողներին չհիասթափեցնի: Այլապես կստացվի, որ ՔՊ–ի ուսապարկերի հետ զուգահեռ ընդդիմությունն էլ մասնակցում է «յուղ վառելուն»:
Իսկ դատարանների գծով հասել է կատարյալ աբսուրդի: Նարեկ Մալյանի գործով դատավորը կալանքը երկարացրեց 3 ամսով, բայց նույնիսկ ձևի համար խորհրդակցական սենյակ չգնաց: Միանգամից, ոտի վրա հրապարակեց պատրաստի վճիռը, այսինքն` «քաղաքական որոշումը»: Դե ստալինյան НКВД–ի «тройка»–ներ սարքեք, պրծեք, ինչ եք ձևեր թափում, որ դատարաններ կան: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ արձանագրում է․ «Սրանց համար կալանքի կիրառումն ու մարդկանց ճակատագրերի հետ խաղալը սովորական աշխատանքային առօրյա է դարձել: Վերաքննիչի դատավոր Սերգեյ Մարաբյանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվել է, և նրա նկատմամբ կիրառված կալանքը թողնվել է անփոփոխ։ Այսօր Արմենի հետ հանդիպել ենք, երկար զրուցել: Այնպես չէր, որ առանձնապես ակնկալիք ուներ, նույնիսկ չէր էլ կարևորում պրոցեսը, որովհետև լավ գիտի այս իշխանության իրական դեմքն ու դրանց ծառայող «գերազանցիկներին»։
Ամենազուսպն այդ ընդհանուր «յուղ վառելու» մասին արտահայտվում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը. «Նիկոլը ելել ՀՀ պետական շահից ու զարգացումից է խոսում։ Մարդ, որը պետական ինստիտուտները վարի տվեց, փոխարինեց միայն իր անձնական իշխանությունը պաշտպանող համակարգով (ըստ էության պետական ապարատը վերածել է մի հատ մեծ ռեպրեսիվ մեքենայի)...
Մարդ, որը Հայաստանը մոտ 100 տարով հետ գցեց, իսկ եթե հաշվի առնենք, որ իր պատճառով հազարամյակների անընդհատ հայկական ներկայություն ունեցող Արցախից հայերի բռնի տեղահանումը, ապա տենց մի 3000 տարով... Մարդ, որի օրոք ոչ մի համակարգ (բացի, ինչպես նշեցի, ռեպրեսիվ համակարգից) նորմալ չի աշխատում։ Պետության զավթումը պոզով–պոչով չի լինում։ Պետության զավթելը լինում է երբեմն բռնի ուժով, իսկ երբ չի ստացվում, ապա` խաբելով։ Այդ թվում` պայծառ ապագայի, Հայաստանի զարգացման մասին հեքիաթներ պատմելով...
Էն 10 միլիոն ծառի արև, որոնք, իր խոստման համաձայն, պիտի 1 տարում տնկեին»։
Սատանի ականջը խուլ, 10 միլիոն ծառերը մի հիշեցրեք: Թե չէ կապիտուլյանտը ճար կգտնի 10 միլիոն հայի գլուխն ուտելու` ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի: Չէ՞ որ ՀՀ–ն «թուրքական միջանցք» սարքելու առաջադրանքը չի կատարվել, իսկ 2024–ին դա արդեն անհնարին կլինի: Հա, մեկ էլ էդ ի՞նչ նոր սանձարձակ զրպարտչական արշավ եք սկսում Սերժ Սարգսյանի դեմ, չլինի՞ ձեր միջանցքի «կոնսենսուսային» շահառուների կոկորդին է մնացել:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ