ԳԵՏԱՆՑՈՒՄԻՆ ՁԻԵՐԻՆ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ. ԻՍԿ ԱՎԱՆԱԿՆԵՐԻ՞Ն
Վերլուծություն
Չար լեզուներն ասում են, որ բրիտանական MI6-ի շեֆ Ռիչարդ Մուրն ավելի ու ավելի է հակվում այն մտքին, որ Նիկոլը «յուղ է վառում» ու ժամանակն է նրան փոխարինել: Համ էլ կապիտուլյանտի աշխարհաքաղաքական կողմնորոշումը չափազանց անկայուն է և անկանոն պտույտներ է տալիս, ինչպես կողմնացույցի սլաքը մագնիսական փոթորիկի ժամանակ: Իհարկե, հանրահայտ է, որ սըր Մուրի սիրեցյալը ԱԽՔ Արմեն Գրիգորյանն է, ով վաղուց դուրս է եկել իր պաշտոնից բխող լիազորություններից: Սակայն MI6–ի ղեկավարը Լոուրենս Արաբիացու արժանի ժառանգը չէր լինի, եթե ընդամենը մեկ «ձիու» վրա խաղադրույք դներ: Եվ ահա շշուկներ են հայտնվում, որ «Օմեգա» Արարատ Միրզոյանը Լոնդոնում նույնպես դիտարկվում է որպես հնարավոր տարբերակ:
ՏԵՍԱՐԱՆՆԵՐ` ԱՌԱՆՑ ՀԱՑԻ
Սակայն մինչ լոնդոնյան «բարձրաշխարիկ» խաղերի թեման շարունակելը իջնենք «գետին» և տեսնենք, թե ինչ է կատարվում քաղաքամայր Երևանում: Ավագանիում գրանցվեց առաջին տուրուդմփոցը:
Անդրանիկ Թևանյանի «մանդատահրաժարումից» հետո առաջին դերում հայտված Մանուկ Սուքիասյանի ելույթը դուր չեկավ Արամ Զ.–ի կուսակից Անի Խաչատրյանին. «Մայր Հայաստան»–ի թամադային ուզում եմ հիշեցնել, որ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական ուղին ավելի երկար է, քան ձեր թիմի քաղաքական հայրերի բոլորի կենսագրությունը միասին վերցրած: Այս ամբիոնը թուլության և անկարողության արցունքներով ողողելու փոխարեն համարձակություն ունեցեք կանգնել ՀՀ քաղաքացու դիմաց և պատասխանեք, թե ինչու էր ձեր քաղաքական թիմը Հանրապետության հրապարակում փորձում վիժեցնել ՀՀ անկախությունը, ինչու էին ձեր քաղաքական հայրերը ռուսական ռուբլիով սնվող և ինքնաթագադրումով զբաղվող որպես հյուսիսային Z արբանյակներ խաղում: Ինչու էին ձեր տերերը սեփական ժողովրդից նեղացած, աբիժնիկ վիճակում ռուսական հեռուստաալիքներում ՀՀ անկախությունը վաճառում»: «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը տեղից արձագանքեց. «Որովհետև քո տերերը թույլ էին տվել, որ Վազգեն Սարգսյանի արձանի վրա թուրքերը միզեն, չափդ ճանաչի»: Անի Խաչատրյանը պատասխանեց՝ ասելով, թե թող կոյուղու թագուհին լռի: Եվ եղավ ֆիզիկական կռիվ` լրիվ ԱԺ–ի կռիվների «ավանդույթին» համապատասխան: «Ընդամենը ելույթ էի ունենում, դահլիճից սկսեցին հնչեցնել մեկնաբանություններ և ավելորդ բառեր. զգացի, որ ելույթս չի ստացվում, ցած իջա և այդ պահին «կոյուղաջրերի թագուհին» ջուր ցողեց» իմ ուղղությամբ, ես մազերից քաշեցի՝ փորձելով վերցնել ձեռքի բաժակը ինքնապաշտպանությունից ելնելով»,– այսպես ներկայացրեց կատարվածը Անի Խաչատրյանը: Դե ինչ, «առաջընթաց» կա` եթե ԱԺ–ում ընդամենը «բոքսում են զմիմյանս», ապա Երևանի ավագանիում նաև իրար մազեր են փիտում:
«Ժողջանը» պիտի որ գոհ լինի` թեև հաց չկա, բայց տեսարանն ապահովված է: Մինչդեռ ավելի բնական կլիներ, եթե «ժողջանը» շոուներով տարվելու փոխարեն զբաղվեր դժբախտությունների պատճառ խունտային վռնդելով: Չէ որ դեռ 1989–ին Մովսես Գորգիսյանը բանաձևել էր` սուգը հավերժ է, երբ պայքար չկա: Հին ԱԻՄ–ական Արմեն Զատիկյանի դիտարկմամբ. «Ինչու՞ հայ ժողովուրդը չի պայքարում երկրածախ դավաճանության դեմ, որովհետև ինքը չգիտի թե ինչպես են ինքնաբուխ ոտքի ելնում, որովհետև մինչև հիմա նրան տերերն են ոտքի հանել և մեծ ու փոքր նեռերին դեմ տվել, ինքն էլ նրանց կուռքի տեղ դրած, ուսերի վրա տարել գահին է դրել... Ժողովուրդը չգիտի, թե ինչպես ինքնաբուխ ոտքի ելնի, քանի որ նման բան չի արել, մինչև նրան ոտքի չեն հանել նա տեղից չի շարժվել ու հիմա էլ նույն վիճակն է, ինքը ոտքի չի ելնում, տերերն էլ նրան ոտքի չեն հանում, որովհետև նիկոլը լրիվ արդարացնում է իրեն ու կատարում իր վրա դրված «առաջադրանքները»:
Ստո՛պ, կարծես թե այնքան էլ չի կատարում: Թե չէ ինչո՞ւ նույն ավագանի Անի Խաչատրյանը հիշեց Անդրանիկ Թևանյանի` ОРТ–ով հանդես գալը և դա որակեց «Մոսկվայից ՀՀ անկախության դեմ պայքար»: @Կանչ Տելեգրամ ալիքն էլ հավաստիացնում է. «Կապիտուլյանտին Մոսկվան ուղիղ տեքստով «сукин сын» է ասել, և ռուսական փրկօղակն այլևս ազգադավի համար չի գործում: Ավելին՝ Նիկոլը գիտի, որ հենց Մոսկվայի գլուխն ազատվեց Ուկրաինայից, իր հարցերով լրջագույնս զբաղվելու են: Իշխանությունը պահելու հարցում կապիտուլյանտի միակ փրկօղակն Արևմուտքն է: Ավելին՝ անձամբ ազգադավին Ռուսաստանի ճանկերից կարող է փրկել միայն Արևմուտքը»:
ԱԼԻԵՎ=ՆԻԿՈԼ
Բայց արյո՞ք Արևմուտքը մտադիր է փրկել կապիտուլյանտին: Եթե դատենք ԵԱՀԿ–ում ԱՄՆ դեսպանի ելույթից, ապա «հայկական դեմոկրատիան» նույնիսկ արտահանման է արժանի: Սակայն Լոնդոնում ԱԽՔ Արմեն Գրիգորյանի և «Օմեգա» Արարատ Միրզոյանի «ստուգատեսը» այլ բան է վկայում: Ասված է, որ գետանցմանը ձիերին չեն փոխում: Իսկ ավանակների՞ն` ժամանակին գեներալ Լեբեդն ասել էր. «Ослов можно и нужно менять»:
Ի դեպ, ԵԱՀԿ ԽՎ նիստի օրերին եվրոպացի պատգամավորները բոլ–բոլ ամոթանք կերան Հանրապետության հրապարակում: ՀՀԿ–ն բողոքի ցույց էր կազմակերպել, որի հիմնական պահանջն էր ազատ արձակել Բաքվի և Երևանի քաղբանտարկյալներին: Նրանց լուսանկարները պաստառների վրա կողք կողքի էին: Փաստացի ՀՀԿ–ն ձևակերպեց ներկայիս վիճակի բանաձևը` Ալիև=Նիկոլ, այսինքն` ներկայիս խունտան միանշանակ օկուպացիոն վարչակարգ է: Ու պատահական չէ, որ դրանից կատաղել է ոչ միայն ՔՊ–ն, այլև որոշակի կեղծ հականիկոլական ուժեր, և ծավալել են աննախադեպ զրպարտչական արշավ ընդդեմ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ–ի: Ինչպես արձանագրում է մեդիայի և PR–ի փորձագետ Հայկ Դերզյանը. «Որոշ քաղաքական ջեբկիրներ փոխում են իրենց ոճը և տևական ժամանակ փորձում են Նիկոլ Փաշինյան անունով քաղաքական աղետին նետել ՀՀԿ–ի ջեբը: Հետաքրքիր է, որ այդ թեզը առաջ տանողները Արցախի հանձնումը ևս փորձում են նույն փաթեթով և նույն սկզբունքով տեղավորել մեր գրպանում: Առանց հուզական և վիրավորական կոնտեքստի արձանագրենք մի քանի շատ կարևոր փաստ»: Փորձագետը ներկայացնում է 12 կետ, սակայն դրանցից առանձնացնենք այս մեկը. «Մի շարք մեղադրողներ, ովքեր այն ժամանակ այլ զբաղվածություն ունեին ու չկարողացան տեղ գտնել նոր իշխանության կազմում` դարձան ֆեյք ընդդիմադիր»: Խոսքը այսպես կոչված «ընդդիմության ընդդիմության» և տարատեսակ աբիժնիկների մասին է: Մի հետաքրքիր Տելեգրամ ալիք, որը Լևոն Քոչարյանին առաջ տանող պրոքսի է համարվում, զորօրինակ, Քոչարյանի «զոմբո» ֆանատներին համարում է ավելի վտանգավոր (այդ թվում երկրորդ նախագահի թիմի համար), քան նույնիսկ Նիկոլի զոմբոֆանատներին:
Սակայն վերադառնանք Արևմուտքին և վերջինիս կողմից Նիկոլին փոխելու դրդապատճառներին: Տեղի է ունեցել հետաքրքիր տեղաշարժ` Ադրբեջանի նկատմամբ հավաքական Արևմուտքի ու մասնավորապես անգլոսաքսերի վերաբերմունքն այլևս առաջվա պես «շոկոլադային» չէ: Մեկնաբանելով գեներալ Պետրեուսի հետ զրույցը ռազմական պատմաբան Էնդրյու Ռոբերթսի նոր գրքի մասին՝ «Հակամարտություն. Պատերազմի էվոլյուցիան 1945 թվականից մինչև Ուկրաինա», ՀՀ եվրաաթլանտյան կողմնորոշման ջերմ ջատագով, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանը գրում է. «Քաղաքական առաջնորդները մտադիր են պարտությունը իբրեւ նորմ պարտադրել հայ ժողովրդին։ Ինչո՞ւ են նրանք դա անում, որո՞նք են այս պահվածքի դրդապատճառները՝ այս ամենը հետո. առայժմ ընդամենը փաստերի արձանագրում։ Հայաստանը, նրա բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը պատրաստ չէ պատերազմի։ Նրանք ցանկանում են «խաղաղություն», ինչը, անշուշտ, դրդում է թշնամիներին ուժեղացնել ռազմական ճնշումը՝ վերջնական հաղթանակի հասնելու և հայկական պետականության վերացման համար։ Հայաստանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունն իր թուլությամբ հրահրում է թշնամիներին»։
Նման է, որ հավաքական Արևմուտքին ՀՀ ղեկին հիմա պետք է ոչ թե կապիտուլյանտ, այլ միանգամայն այլ որակներով օժտված գործիչ: Թե ինչ նպատակներով, ում դեմ պատերազմելու համար` դա առանձին հարց է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ