Արևմուտքը փորձում է խաղից հանել Զելենսկուն, նա էլ «սապոն է դնում» Բայդենի ոտքերի տակ
Վերլուծություն
Շվեյցարական Weltwoche թերթը գրում է. «Բոլորին, ներառյալ Կիևի վերնախավին, պարզ է, որ Ռուսաստանին չի կարելի հաղթել ռազմական ճանապարհով։ Մենք ստիպված կլինենք բանակցել, բայց Զելենսկու համառությունը խանգարում է: Նա չի ցանկանում թողնել բեմը, ինչպես ցանկացած դերասան, ցանկանում է վայելել փառքի շողերը։ Բայց դա հակասում է նրա շրջապատի և դաշնակիցների շահերին:
Հարցն այն չէ, թե խաղաղության հիմնական խոչընդոտը՝ Վլադիմիր Զելենսկին, կհերացվի՞։ Հարցը միայն այն է, թե երբ և, որ ամենակարեւորն է, ինչպես դա տեղի կունենա»,- եզրափակում է հոդվածի հեղինակը։
Սա միակ օրինակը չէ, արեւմտյան առանցքային մամուլում Զելենսկու հեռանալու պահանջն այս օրերին համատարած է: Կան նաեւ լուրեր, որ Պենտագոնի ղեկավարը եւս Կեւ այցելելով, Զելենսկուն նույն հորդորն է փոխանցել:
Ասենք, նաեւ Զելենսկու այս օրերի քայլերն են հուշում, որ նա փորձում է Բայդենի թիմի նկատմամբ «ձիով քայլ» կատարել: Այսպես, նա Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի վերաբերյալ նրա խաղաղության նախաձեռնությունը. «Եկեք խոսենք նրա հետ և հնարավորություն տանք ցույց տալու, թե ինչ քայլեր կան իր խաղաղության բանաձեւում։ Ես պատրաստ եմ: Իհարկե, եթե նա ունի կոնկրետ խաղաղության ծրագիր, կարող է կիսվել ինձ հետ»։
Իհարկե, Զելենսկին քաջ գիտակցում է, թե Թրամփի հետ անգամ հանդիպումը, էլ չասած, ինչ-որ ծրագրերի քննարկումն ինչպես կարող է ընդունվել Բայդենի թիմի կողմից: Ի վերջո, երբ նա ցուցադրաբար դիմում է Թրամփին, ապա ներամերիկյան հարթությունում սրվում է տրամադրությունը, որ Ուկրաինայում ԱՄՆ նախագահին տեսնում են, որպես ավելի լավ «հարց լուծող», նաեւ, որ ներկա նախագահին «հարց լուծելու» ունակ չեն համարում, եւ դա ուղիղ հարված է Բայդենի առանց այդ էլ սուր անկման մեջ գտնվող վարկանիշին, իսկական դավաճանություն:
Եվ երբ նա հանդես է գալիս նման հայտարարությամբ, դա ընամենը չի հուշում, թե Զելենսկին նոր հովանավոր է փնտրում: Այլ նաեւ, որ նա իր ներկա (կամ միգուցե երդեն նախկին) հովանավորների հետ հույսեր չի կապում: Վերջապես, նոր հովանավորի փնտրտուքը ակնարկ է, որ ներկա հովանավորների պահանջը չի կատարի:
Այսօիսով, մի կողմից ակնհայտ է, որ Վաշինգտոնը Զելենսկուց պահանջում է հեռանալ, մյուս կողմից էլ, որ Զելենսկին հրաժարվում է դա անել: Թրամփը կպատասխանի՞ Զելենսկում, իհարկե, դա հետաքրքիր է: Բայց նախագահը Բայդենն է, գործնականում Թրամփն այս պահին Զելենսկուն օգնել չի կարող: Չնայած, եթե Թրամփի միջնորդությամբ Զելենսկին կարողանա սեպարատ բանակցությունների մեջ մտնել Մոսկվայի հետ եւ հաշտության պայմանագիր կնքել, դա կդառնա Բայդենի վերընտրվելու «դագաղի վերջին մեխը»: Թրամփն ու Պուտինը կցանկակա՞ն Զելենսկու միջոցով այդ «մեխը խփել». դա էլ է հետաքրքիր:
Իսկ Բայդենին կմնա հնարավորինս արագ Զելենսկուն հեռացնել, քանի դեռ իրոք Թրամփը Ուկրաինայի հարցով խաղի մեջ չի մտել: