Մոսկվան գրեթե բաց խոսում է սպասվող մեծ փոփոխությունների մասին
Վերլուծություն
Այն, որ նիկոլյան թիմը սկսել է Հայաստանին Արեւմուտք քարշ տալու գործընթացը կտրուկ արագացնել` գնալով միայն ակնհայտ է դառնում: Վերջին օրինակներից մեկն էլ նիկոլյան համեստ քարոզիչներից մեկի՝ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի քարոզն էր, թե՝ ՀԱՊԿ-ը մեզ ի՞նչ է տվել, որ նրա հետ լավ լինենք: Ճիշտ է, քարոզչական ֆոնը նույն ծեծված թեզն է, թե հակառակորդը մեր սահմաններ ներխուժեց, իսկ ՀԱՊԿ-ը ոչ մի արձագանք չտվեց, եւ այլն: Իմաստ չունի նորից այս ծեծված անհամությանը եւ Գագոյի անհետաքրքիր անձին անդրադառնալ, սակայն նրա խոսքերից մեկը հետաքրքրեց:
ՆՈՒՅՆ ԱՆԻՄԱՍՏ «ԼԵԶՎԱԿՌԻՎԸ»
«Ռուսաստանը վախենում է, որ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա, հաջորդը լինելու է Ղազախստանը, միանգամից դուրս է գալու: Այսինքն` քանդվելու է այդ բլոկը…»,- իր ստրատեգի «հանճարն» է ի ցույց դնում Գագիկ Մելքոնյանը: Այսինքն, ուզում է ասել, որ իրենց խնդիրը միայն պարզապես ՀԱՊԿ-ից դուրս գալը չէ՞, այլ «ցեցը գցելը», որ ողջ բլոկը քանդվի՞: Դա՞ է ամերիկացիների հրահանգը:
Ամեն դեպքում, ներկա իրողությունն այն է, որ Հայաստանի ողջ իշխանական համակարգը մեկ մարդու պես հրաժարվեց մասնակցել ընթացող ՀԱՊԿ գագաթաժողովին, եւ նման արագացված եւ բաց խաղը նաեւ ՌԴ ԱԳՆ-ին է ինչ-որ տեղ ստիպել՝ նույնպիսի բաց խաղի անցնել, համենայնդեպս՝ հրապարակային դաշտում: Այսպես, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասաց. «Հասկանալի է, որ խոսքը արտաքին հարաբերություններում Հայաստանի կողմնորոշման արմատական փոփոխության մասին է: Սա արվում է շատ հստակ՝ Արեւմուտքի առաջարկով կամ հուշումով: Մյուս կողմից, նրանք ամեն կերպ փորձում են քողարկել դա՝ հավատալով, որ այդկերպ կարող են պահպանել նույն մակարդակի օգնությունը եւ ինչ-որ հատուկ հարաբերություններ»:
Այսինքն, այսկերպ ՌԴ ԱԳՆ-ն նախ ֆիքսում է, թե անկախ նիկոլյան ընթացիկ մանր-մունր արդարացումների, իրենց համարում են, որ Հայաստանը լուծում է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության խնդիր: Բայց նաեւ փորձելով դա ինչ-որ կերպ քողարկել, հաշվի առնելով, որ Հայաստանը` մասնավորապես տնտեսական դաշտում, այն աստիճան է կապված ՌԴ-ի հետ, որ նման կտրուկ տեղաշարժը կարող է իսկական պայթյուն առաջացնել՝ իր բեկորների տակ թաղելով ամեն մի իշխանություն: Վերջապես,այսպիսի ակնարկն իր հերթին է նմանվում սպառնալիքի, թե՝ հայաստանյան իշխանություններն իզուր են հավատում, որ «այդկերպ կարող են պահպանել նույն մակարդակի օգնությունը»:
Սակայն նաեւ տարօրինակ է, որ նման սպառնալիքից հետո Զախարովան շարունակում է. «Ռուսաստանը եւ ՀԱՊԿ դաշնակիցները դեռ բաց են երկխոսության համար եւ պատրաստ են օգնելու, սակայն Երեւանի ցանկությունն անհրաժեշտ է»: Այսինքն ի՞նչ, եթե Երեւանը չցանկացավ, հետեւելու է հարվա՞ծ: Բայց չէ՞ որ դա նույն «տապորնի» մոտեցումն է, որը ՌԴ արտաքին քաղաքականությունը շատ հաճախ է կիրառել: Ու դրա արդյունքում է, որ այսօր մասնավորապես հայաստանյան ուղղությամբ կա հայաթափված Արցախ եւ Հայաստանում նման իրավիճակ: Լավ, Հայաստանն էլ թողնենք մի կողմ, չէ՞ որ նման քաղաքականությամբ ՌԴ-ն հենց սեփական շահերին է հարվածում՝ երբ կանգնել է ողջ կովկասյան տիրույթը ամերիկացիներին կամ թուրքերին զիջելու միանգամայն տեսանելի ռիսկի առաջ: Մոտավորապես այնպես, ինչպես Ուկրաինայում եւ հետխորհրդային այլ երկրներում եղավ, երբ արտաքին քաղաքականության բացթողումների հետեւանքները ստիպված է լուծել Պաշտպանության նախարարությունը:
ՌՈՒՍՆԵՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԱԳՆ-ԻՆ
Սակայն այս ֆոնին մեկ հետաքրքիր նյուանս եւս տեսանելի է: Այսպես, մինչ ՌԴ ԱԳՆ-ն ամիսներով սպասում է «Երեւանի ցանկությանը»՝ գործելու համար, ռուսական փորձագիտական դաշտում այլ տենդենցներ են նկատվում: Օրինակ, Քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Մուխինը նման միտք հնչեցրեց. «Չնայած հայկական կողմի մերժմանը, ՀԱՊԿ-ից օգնություն կտրամադրվի… Եթե օգնություն չտրամադրվի, Հայաստանի իշխանությունները դա կդարձնեն շահարկումների առարկա: Այդ իսկ պատճառով Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը գործելու են օրենքով սահմանված կարգով»:
Սակայն շատ ավելի ծանրակշիռ մտքեր հնչեցրեց ՌԴ Պետդումայի իշխող ուժը ներկայացնող պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Նախ, նա եւս այն մտքին է, որ հայաստանյան իշխանությունները գնում են քաղաքական վեկտորի շրջադարձի ուղղությամբ, թե շուտով. «Մենք խոսելու ենք Գյումրիում մեր բազայի, ՀԱՊԿ-ին անդամակցության, Եվրասիական միությանն անդամակցության մասին», այսինքն, այդ կառույցներին Հայաստանի անդամակցության դադարեցման:
Ինչ վերաբերում է հայաստանյան իշխանությունների նման կուրսի պատճառներին, ապա Զատուլինը մի կողմից կարծում է, որ Հայաստանի իշխանությունը որոշել է օգտվել ստեղծված իրավիճակից՝ «Արեւմուտքի դեմ մեր պայքարից: Նրանից, որ մենք հատուկ ռազմական գործողություն ենք իրականացնում Ուկրաինայում: Նրանք հնարավորություն ունեցան ազատվել իրենց քաղաքական հակառակորդներից՝ Ղարաբաղի հետ միասին: Նրանք դա արեցին եւ դրա պատասխանատվությունը գցեցին մեզ վրա։ Իսկ հիմա շտապում են Հայաստանը որքան հնարավոր է արագ այլ ուղղությամբ շրջել»: Սակայն սրանով հանդերձ, Զատուլինը բավականին «տարօրինակ» այլ մտքեր եւս հնչեցրեց. «2020 թվականին նա (Փաշինյանը) ձախողեց ռազմական գործողությունները, կարծում եմ՝ միտումնավոր արեց, քանի որ պետք է ազատվեր Ղարաբաղից։ Մենք ասացինք՝ դե գիտեք, այստեղ չենք կարող... Դրանից հետո նա գնաց ընտրության։ Ընդդիմությունը դիմեց մեզ եւ խնդրեց, որ ինչ-որ կերպ տեսանելիորեն աջակցենք իրենց։ Ասացինք՝ ոչ մի դեպքում, եթե Փաշինյանին ինչ-որ բան պատահի, նա ստորագրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ղարաբաղում պատերազմի ավարտի այս պայմանագիրը, նա ստորագրած երեքից մեկն է... Իսկ հիմա հասել ենք նրան, որ դասագրքերն այլեւս չեն ընդունվում»: Ապա նույն ձեւով, ըստ Զատուլինի, ՌԴ-ն տարօրինակ վիճակում հայտնվեց նաեւ Արցախում, վերջապես, ՀԱՊԿ-ի հետ կապված հարցով: «Ի՞նչ իմաստ ուներ, որ մենք հետեւեինք Փաշինյանին»,- ասում է նա: ՀԱՊԿ-ի մասով. «Պետք էր անհապաղ արձագանքել, գոնե զանգահարել, հրապարակային հայտարարել եւ այլն: Սկսեցինք ուշ արձագանքել, ու սրանից օգտվեց Փաշինյանը»:
Դժվար չէ նկատել, թե ինչ կա Զատուլինի հայտարարությունների տողատակերում: Իմաստը սա է՝ Փաշինյանը կատարել է քալ, հետեւել է ռուսական արտաքին քաղաքականության սխալ պատասխանը, հետո նոր քայլ, նոր սխալ, եւ այդպես շարունակ, եւ հասել ենք այս վիճակին: Ավելի խորքերում իմաստը, թերեւս, հետեւյալն է. առկա իրողությունների մեղքը պետք է առաջին հերթին ռուսական արտաքին քաղաքականության մեջ փնտրել, թերեւս հաշվի առնելով, որ ՌԴ-ն նման եւ ավելի բարդ իրողությունների է բախվում գործնականում ողջ հետխորհրդային տիրույթով մեկ:
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Բայց նշվածը Զատուլինի խոսքի միայն տեսանելի մասն է: Ավելի խորքային իմաստով առաջ է գալիս այս հարցը՝ իսկ ինչո՞ւ նա միայն հիմա սկսեց պաշտոնապես նման ցուցադրական ակնարկներ հնչեցնել ռուսական արտաքին քաղաքականության սխալների մասին: Չնայած` կարելի է կռահել. գալիք տարվա մարտի 17-ին տեղի են ունենալու ՌԴ նախագահի ընտրությունները, եւ սպասելի է, որ այս անգամ 74-ամյակը լրացնող Լավրովը, մեծ հավանականությամբ, չի մնա ԱԳՆ ղեկավարի պաշտոնում: Ավելին, կան խոսակցություններ, որ Զատուլինը Լավրովի հավանական փոխարինողներից է:
Բայց, անկախ դրանից, այս պահին Զատուլինն իշխող ուժի ներկայացուցիչն է, իսկ Ռուսաստանում սեփական ուժին, նաեւ հեռացող երկարամյա ղեկավարներին հնարավոր փոխարինողի կողմից քննադատելու ավանդույթ չկա: Բայց երբ նա նման պարզ ակնարկներ է հնչեցնում, ապա դա նման է էս գլխից հղված ազդակի, որ նախ՝ Ռուսաստանում, այդ թվում՝ իշխանական շրջանակներում կա գործող արտաքին քաղաքականության մասին այլընտրանքային պատկերացումներ եւ որ այդ պատկերացումները, ըստ ամենայնի, շատ մոտ ապագայում` արդեն ամիսներ անց կդառնան պաշտոնական կուրս:
Եթե այդպես է, ապա դա արդեն մեսիջ է, ընդ որում, ոչ միայն Նիկոլին, այլ ողջ հետխորհրդային տիրույթին, թե շատ բան է փոխվելու: Թերեւս, դրանով կարելի է բացատրել նաեւ նիկոլյան թիմի, ավելին՝ ամերիկացիների շտապողականությունը՝ Հայաստանի արտաքին վեկտորի շրջադարձի հարցով: Հասցնել, քանի դեռ Մոսկվան չի անցել հարձակման: Առավել եւս, որ այդ պահին շատ հավանական է, որ ՌԴ-ն արդեն նաեւ ուկրաինական պատերազմից կհասցնի ձերբազատվել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ