Ինչ շշնջաց Բլինկենը Նիկոլի ականջին
Վերլուծություն
Նախօրեին Նիկոլը նորից կապի մեջ էր մտել Բլինքենի հետ: Թե այս անգամ ինչից էին խոսում, պաշտոնական մեկնաբանությունն էլի խղճուկ է: Ընդամենը, թե՝ «Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին»:
ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ԱՆՑԱՎ «ԼՐԻՎ ԲԱՑ ԽԱՂԻ»
Թե Նիկոլն ինչ է սպասում այս պահին լսել կամ ստանալ Բլինքենից, մնում է անհասկանալի: Մի կողմից, Բլինքենը կատաստրոֆիկ ձախողում ունեցավ Մերձավոր Արեւելքում: Այն աստիճան, որ անգամ իր իսկ պետքարտուղարության աշխատակիցները զայրացած բողոքի հրապարակային նամակ գրեցին՝ դրանով ապտակելով շեֆին: Հիմա էլ Բլինքենը նոր շրջայց է նախատեսել, որի ժամանակ կփորձի կորցրածը վերականգնել, բայց էական հույսեր տեսանելի չեն: Այսինքն՝ հաստատ Նիկոլի «ժամանակն ու հավեսը» չունի:
Բայց մյուս կողմից, Բլինքենի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենն օրերս այնպիսի մտքերով հանդես եկավ, որը մասնավորապես մեր տարածաշրջանի հետ կապված բացելով բոլոր խաղաթղթերը, այնուամենայնիվ, եկավ հուշելու, որ անկախ Մերձավոր Արեւելքից, Վաշինգտոնը դեռ չի ուզում հայաստանյան ուղղությամբ ծրագրերը ձեռքից բաց թողնել: Ու դա նաեւ ցույց է տալիս, թե ինչով պետք է բացատրել Բլինքենի ու Նիկոլի նման շփումները:
Այսպես, խոսելով հայ-ադրբեջանական թեմայով, Օ՛Բրայենը հայտարարեց. «Մեզ ոգեւորում է այն, որ երկու կողմերն էլ միմյանց հետ խոսում են՝ ուղղակիորեն եւ միջնորդների միջոցով: Եվ դրա շնորհիվ մենք տեսնում ենք ողջ տարածաշրջանին օգուտ բերելու իրական հնարավորություն։ Օրինակ, եթե Կենտրոնական Ասիայից առեւտուրը կարողանա հոսել Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա, դա զգալի խթան կլինի այս առեւտրային ճանապարհի բոլոր երկրների համար: Եվ մենք ուրախ կլինենք դրա մի մասնիկը դառնալու հնարավորությանը…»:
Ասել, թե պետքարտուղարի օգնականը աշխարհացունց նորություն հայտնեց, սխալ կլինի: Այն, որ մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի հիմնական ծրագիրը դեպի Կենտրոնական Ասիա տանող Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան առանցքի ստեղծումն է, որի համար անհրաժեշտ խնդիր էր, եւ կա ռուսական զորքերին Արցախից հեռացնելը, բազմիցս ներկայացնելու առիթներ ունեցել ենք: Նաեւ, որ հենց այս համատեքստում պետք է տեսնել ինչպես 44-օրյա պատերազմը, այնպես էլ դրանից հետո Հայաստանի գլխին սարքված մյուս բոլոր արհավիրքները: Իսկ Օ՛Բրայենի հայտարարության կարեւորությունն այն է, որ այդպիսով Վաշինգտոնը բացահայտորեն ի ցույց է դնում, թե ինչ է ուզում: Ավելին, որ խնդիրը միայն այդ առանցքը ստեղծելը չէ, ԱՄՆ-ն իրեն տեսնում է դրա «մի մասնիկի» դերում: Իհարկե, այստեղ մեկ այլ շատ կարեւոր հարց է առաջ գալիս. իսկ ո՞ր «մասնիկի» դերին է ԱՄՆ-ն հավակնում: Ադրբեջանը պարզ ցույց տվեց, որ ինքը «մասնիկ» լինել չի պատրաստվում, եւ դա վերաբերում է նաեւ Նախիջեւանին: Թուրքիան հաստատ «մասնիկ» չի դառնա: Ու ի՞նչ մնաց տակը. այո, միայն Մեղրիի հատվածը, որի համար Հայաստանը պետք է անցնի ամերիկյան աշխարհաքաղաքական վերահսկողության տակ, ինչքան էլ որ Նիկոլը խոսի «մեր սուվերենությունից» ու նման բաներից:
ԻՆՉՈ՞Ւ ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ԱՆՑԱՎ «ԼՐԻՎ ԲԱՑ ԽԱՂԻ»
Ամբողջ խնդիրն այն է, թե ինչո՞ւ Օ՛Բրայենը որոշեց այսպես մինչեւ վերջ փակագծերը հրապարակավ բացել: Հասկանալու համար նայենք նրա հայտարարության հաջորդ հատվածը. «Միեւնույն ժամանակ, եթե որոշում կայացվի դրան չհասնել խաղաղ ճանապարհով, մենք ստիպված կլինենք օգտագործել բոլոր հնարավոր գործիքները՝ այս տեսակի առեւտրային ճանապարհի ստեղծումից խուսափելու համար։ Այսպիսով, մենք կողմերին շատ հստակ ներկայացրել ենք այն, ինչ մենք հույս ունենք տեսնել եւ այլ կերպ առաջ շարժվելու հետեւանքները: Այնպես որ, մենք անհամբեր կսպասենք, թե ինչպես կավարտվի խաղը: Մենք գիտենք, որ նրանք հետաքրքրություն են հայտնել մոտ ապագայում խաղաղության համաձայնագիր կնքելու համար, եւ մենք կցանկանայինք, որ դա տեղի ունենա»:
Սրանից ավելի պարզ ասել չի լինում: Այսպիսով, Վաշինգտոնը պարզ հայտարարում է. պետք է բացեք Կենտրոնական Ասիա տանող Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան միջանցքը եւ դրա «մասնիկի», այն է՝ Մեղրիի հատվածի եւ դրանով ողջ երթուղու վերահսկողությունը ինձ տաք: Հակառակ դեպքում, եթե փորձեք բացել ինքնուրույն կամ այլ ուժի միջնորդությամբ, ապա «կօգտագործենք բոլոր հնարավոր գործիքները» դա թույլ չտալու համար: Բայց, կրկնենք, ամերիկացիներն այս ուղղությամբ աշխատում են 44-օրյա պատերազմի փուլից ի վեր: Մի պահ ծրագիրը կանգ առավ, երբ ռուսական ուժերը մտան Արցախ: Բայց շատ չանցած` Նիկոլի միջոցով արգելակվեց նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետի ընթացքը, որը Մեղրիում սահմանում էր ռուսական վերահսկողություն, ու դրանից հետո մինչեւ Արցախի հայաթափումը այդ ընթացքը շարունակվեց: Այսինքն, կրկնենք, խոսքը հին գործընթացի մասին է, եւ երբ այս պահին Վաշինգտոնն անցնում է լրիվ բաց խաղի, ընդ որում՝ բացահայտ սպառնալիքներով համեմված, ապա դա մեկ բան է ակնարկում՝ ամերիկացիները խաղը տանուլ տալու վտանգ են տեսել եւ նյարդայնանում են:
Թե որն է խնդիրը, դա եւս հասկանալի է: Թուրքիան եւ Ադրբեջանը չեն ցանկանում այդ կոմունիկացիաների վրա Վաշինգտոնի պահանջած «մասնիկը» տալ: Մի կողմից, այդ պահանջի կատարումը երկուսին էլ ամերիկացիներից կախված վիճակի մեջ է դնում: Մյուս կողմից, կա ՌԴ-ի եւ Իրանի անզիջում հակազդեցությունը, որն Էրդողանն ու Ալիեւը չեն կարող աչքաթող անել: Արդյունքում, ստեղծվել է քառակողմ՝ Մոսկվա-Թեհրան-Անկարա-Բաքու կոնսենսուս՝ այլ ուժեր չպետք է մտնեն տարածաշրջան:
Այս իրավիճակը ծայրահեղ բարդ վիճակի մեջ է դնում Նիկոլին, որից բխող ահազանգը տեսանելի էր նրա վերջին ասուլիսում: Այսինքն, նա էլի սկսեց խոսել իր երազանքների «խաղաղության խաչմերուկից», որի համար շարունակում է առանցքային դեր տալ Մեղրիին: Ընդ որում, միանգամայն տեղին նկատելով, որ միայն կոմունիկացիաների գործարկման պարագայում Հայաստանը կարող է տնտեսապես գոյատեւելու, զարգանալու հույս ունենալ: Ու անմիջապես էլ մեկ այլ միտք առաջ տարավ. «Մենք հրապարակել ենք նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքները, որոնցից մեկը այսպես է հնչում, որ յուրաքանչյուր երկիր իր պետական ինստիտուտների միջոցով, իր տարածքում իրականացնում է սահմանային, մաքսային հսկողություն եւ ապահովում է անվտանգությունը: Ադրբեջանի առաջին արձագանքը հետեւյալն է, որ իրենք այլեւս կարծես հետաքրքրված չեն այդ նախագծով, որովհետեւ իրենք կոմունիկացիաներն իրականացնում են Իրանի հետ»: Մոտավորապես հետեւյալն է՝ սիրելի Վաշինգտոն, ես հենց հիմա էլ կգամ Բրյուսելում պայմանագիր ստորագրելու, դա Ալիեւն է, որ համաձայն չէ քո պայմաններով Մեղրիի գիծը բացելուն, պատրաստ է դա չանելու համար Իրանով ճանապարհ կառուցել:
Ու քանի որ Ալիեւը համառում է, անգամ մինի պատերազմ սկսեց Վաշինգտոնի հետ, իսկ ամերիկացիները չեն կարողանում այդ խնդիրը լուծել, մնում է նյարդայնացած անցնել սպառնալիքների լեզվին, ինչն էլ արեց Օ՛Բրայենը: Ընդ որում, նա երեւի բոլորից շատ նյարդայնանալու առիթ ունի, քանի որ այդ ձախողումը Վաշինգտոնում հենց նրա «գլխին են կոտրելու»:
Ինչ վերաբերվում է Նիկոլին, ապա ակնարկը, որ նա կարող է մեկնել Ռուսաստան, Վաշինգտոնին պետք է որ մտահոգի: Բայց ի՞նչ անի Նիկոլը, եթե Վաշինգտոնը չի կարողանում առաջ շարժել իրավիճակը:
ԲԱՅԴԵՆԸ ԿԱՐՈ՞Ղ Է «ԼՐԻՎ ԲԱՑ ԽԱՂԸ» ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՏԱՆԵԼ
Նիկոլից հետո Բայդենը խոսեց նաեւ Ալիեւի հետ: Դա հասկանալի է. խնդիրն այս պահին հենց նրանից է կախված: Սակայն նախօրեին Բաքվում կայացած Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը հերթական ազդակն էր, որ Ալիեւին ամերիկյան դաշտ վերադարձնելը շատ դժվար է լինելու, եթե ոչ անհնար: Ամեն դեպքում, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ցույց տվեց, որ հետագա զարգացումներն Անկարան շարունակում է տեսնել բացառապես տարածաշրջանային լուծումների գաղափարի համատեքստում, որը բացառում է ԱՄՆ-ի պահանջած «մասնիկը»: Գյուլերի խոսքով. «Հարավային Կովկասի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները»,- հայտարարեց նա՝ բացելով փակագծեր, ըստ որի` Թուրքիան այս պահին «3+3»-ն է համարում խնդիրների լուծման հիմնական ձեւաչափ:
Այսպիսով, ամբողջ խնդիրը հասնում է հետեւյալին: Բլինքենը կարո՞ղ է առաջիկա մեկ-երկու շաբաթներին Արեւմուտքում վերսկսել «խաղաղության պայմանագրի» ստորագրման գործընթացը: Ալիեւը պետքարտուղարի հետ հեռախոսազրույցի ժամանակ համաձայնել է Բաքվում ընդունել Օ՛Բրայենին: Դա կարող է հուշել, որ ամերիկացիների հետ խոսելու բան նա դեռ ունի: Բայց հակառակ կողմից էլ այն, որ Բլինքենը ստիպված է եղել խնդրել եւ մի կերպ Ալիեւին համոզել՝ ընդունել իր օգնականին, դա եւս ակնարկ է, որ Հեյդարովիչն իրեն ամուր դիրքերում է տեսնում: Բայց նաեւ իրավիճակին պետք է ռեալ նայել: Անշուշտ, Ալիեւը չունի սեփական այն պոտենցիալը, որ կարողանա հաղթողի դիրքերից «քյալլա տալ» ԱՄՆ-ի կարգի գերպետության հետ: Այսինքն, իր դիրքերն ամուր է համարում՝ ունենալով հուսալի թիկունք: Ընդ որում, խոսքը միայն Թուրքայի մասին չէ, այլ փաստի, որ կոնկրետ հարցում կա տարածաշրջանային քառակողմ կոնսենսուս, ավելի ճիշտ հնգակողմ, հաշվի առնելով Վրաստանի ղեկավարության հաճախակի այցերը Բաքու: Ու եթե Ալիեւը կարողացել է այնքան հարմար բարիկադավորվել, որ նույնիսկ Իրանն է հայտարարում, որ նրա հետ այս պահին տարաձայնություններ չունի, կարո՞ղ է խոշոր ձախողումների փուլում գտնվող Բլինքենը, ով մեծ հարց է, թե գալիք ընտրություններից հետո պաշտոնին կմնա, թե՝ ոչ, Հեյդարովիչին ինչ-որ բան համոզել: Քիչ հավանական է: Ավելի ճիշտ, եթե պարզվի, որ Բլինքենը Նիկոլին հորդորել է՝ մի քիչ էլ սպասել, քանի դեռ Ալիեւի վրա աշխատում են, ապա նորից քիչ հավանական է, որ նման հորդորն էֆեկտիվություն կունենա, եւ Նիկոլը կհրաժարվի դեկտեմբերի կեսերին Սանկտ Պետերբուրգ այցելելուց:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ