ԻՆՉԻՑ Է ԱՅԴՔԱՆ ՎԱԽԵՑԱԾ ՉՆԱԽԱԳԱՀ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ
Վերլուծություն
Երբ առավոտյան տեղեկացանք, որ «դեկորատիվ» նախագահ Վահագն Խաչատուրյանն այլևս զրահապատ ավտոմեքենայով է շրջում, մի պահ դա ծիծաղելի թվաց: Լավ, ո՞ւմ է նա պետք, ո՛չ բնությանն է պետք, ո՛չ մարդկությանը, չգիտես` մեխի գլո՞ւխ է, թե՞ նիկոլի գլուխ, ոչինչ չորոշող ձրիակեր է` ամեն ինչին անհաղորդ: Բայց... հետո հնչեց նրա արցախուրացությունը:
ԱՐԴՅՈ՞Ք ՉՆԱԽԱԳԱՀԸ ՎՏԱՆԳ Է ԶԳՈՒՄ
Լեգիտիմ ընթացակարգով (այն էլ` բրիտանական քաղաքացիության կասկածանքով) ընտրված վերջին նախագահը Արմեն Սարգսյանն էր: Իսկ Վահագն Խաչատուրյանը սոսկ ՔՊ-ական խունտայի դրածո էր, սակայն նա վերջնականապես ոչնչացրեց ՀՀ նախագահի ինստիտուտը, երբ հրապարակավ արտաբերեց արցախուրացության բանաձևը. «Հայաստանի Հանրապետություն կա, Հայաստանի պետական ինստիտուտները գործում են: Ի՞նչ ֆունկիցա պիտի իրականացնեն Արցախի ինստիտուտները: Արցախահայության իրավունքները Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է»: Վահագն Խաչատուրյանը նաև կրկնեց այն կեղծիքը, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է դեռ 1991 թվականին:
Դե, Հովիկ Աղազարյանի պես «ուսապարկն» էլ է նույն բանն ասում, մյուս ՔՊ–ական մանդատավորներն էլ, սակայն նրանց զրահապատ ավտոմեքենա տվող չկա: Սոսկ այդ ուրացման բանաձևի համար չնախագահին դժվար թե հնարավոր ավելի մեծ վտանգ սպառնա, քան շարքային կոճակսեղմիչ ՔՊ-ականներին, և հարց է ծագում` այնուամենայնիվ, ինչո՞ւ տրամադրվեց զրահապատ ավտոմեքենա: Ուստի ավելորդ չէ հիշել նրա գործառույթը` վերջում իր ստորագրությամբ «վավերացնել» ցանկացած իրավական բնույթի թուղթ, այդ թվում` միջազգային: Հետևաբար, հարց է ծագում` այդ ի՞նչ հրեշավոր դավաճանական թուղթ է նա ստորագրելու առաջիկայում, որ նրան ատելու են նույնքան, կամ գրեթե նույնքան, որքան կապիտուլյանտին, որը սրընթացորեն շտապում է դեպի կրկնակապիտուլյանտի «դափնիները»: Արդյո՞ք այն, ինչ պատրաստվում է ստորագրել այս խունտան, ավելի ահավոր չէ, քան Էրդողանի ու Ալիևի վերջնագրերը` միասին վերցված...
«Ինչ սարսափելի դարաշրջան է, երբ հիմարները կառավարում են կույրերին»,– դարեր առաջ ասել էր Շեքսպիրը: Կարծես հենց այսօր ասած լիներ:
ՆԻԿՈԼԱԿԱՆ ՄԱՏՆՈՑԱԽԱՂԻ ՎԵՐԱԿԱՑՈՒՆԵՐԸ
ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, հետխորհրդային այլ ինստիտուտներ` դրանց հարցում Նիկոլը վարվում է ճիշտ ու ճիշտ գեղի մատնոց ֆռացնողի պես: Սպին–դիկտատուրա, կամ ֆռռացնովի բռնապետություն, կամ խաբելապետություն` հենց այնպես չէ ասված: Դա վերաբերում է ոչ միայն ՀՀ քաղաքացիներին և հայերին ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի, այլև արտաքին աշխարհին, այդ թվում գործընկերներին և դաշնակիցներին: Գեղի մատնոցախաղի մակարդակի, մանրիկ ու վանող, և՛ դաշնակիցների, և՛ թշնամիների նողկանքը շարժող: Արտաքին հարաբերություններում մատնոց ֆռռացնելը վաղ թե ուշ վատ է արարտվում, պարզապես կապիտուլյանտը հույս ունի, որ «ջառմեն» կքաշի ոչ թե ինքը, այլ քաղաքացիները և երկիրը:
Այդ մթնոլորտում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր ճեպազրույցին հիշեցրեց, թե ինչպիսին է լինում ազնիվ խաղը դաշնակիցների հետ. «ՀԱՊԿ-ը մեր գործընկերը չէ, դաշնակիցն է, իսկ դաշնակիցների հետ պետք է աշխատել և աշխատել ուղեղով, ոչ թե միայն լեզվով։ Եթե ուղեղ չունես, ապա չես կարող ունենալ այն արդյունքը, ինչ-որ ակնկալում ես։ Դաշնակիցը նրա համար չէ, որ քո փոխարեն կռվի։ Դաշնակիցը նրա համար է, որ հնարավորությունների սահմաններում քեզ օժանդակի։ Դա միակողմանի չի կարող լինել, դու էլ պետք է անհրաժեշտության դեպքում՝ օժանդակես, եթե ոչ զենքով, ապա տարբեր տեղեր քվեարկությամբ, վերաբերմունքով»: Մինչև 2018-ը հենց այդպիսին էին հարաբերությունները, իսկ ակյսօր երկրի պաշտոնաթող ղեկավարը հարկադրված է տարրական բաները հիշեցնել. «Երբ դաշնակիցն առաջարկում է, ու դու ասում ես՝ ոչ, ի՞նչ անի դաշնակիցը, գա՞ խնդրի։ ...Բա ինչո՞ւ էր 30 տարի այդ դաշնակիցն իր պարտականությունները կատարում, որովհետև մենք աշխատելու ձևը գիտեինք, մենք համարում էինք իրական դաշնակից»։
Ի դեպ, կապիտուլյանտի` ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ մատնոցախաղերից նողկում են և Հայաստանի ռեալ արևմտամետները: Սակայն Նիկոլի մատնոցախաղում կան կարևոր դերակատարներ, որոնք մի տեսակ թերագնահատված են, թեև վերակացուի և պարտակողի կարևոր և ազդեցիկ դեր ունեն: Խոսքը Անդրանիկ Քոչարյան – Սամվել Բաբայան «քաղցր» զույգի մասին է: Առաջինը գործնականում ստվերից ուղղորդում է ամբողջ ուժային ոլորտը, այդ թվում և մատնոցախաղերը ՀԱՊԿ-ի հետ ու ռուսական սպառազինությունից աստիճանաբար հրաժարվելու գործընթացը: Երկրորդը` խայտառակ չհերոս Իժոն, ով հավակնում է Էռատոյի միջոցով դառնալ ՊՆ, առանցքային դերակատար էր 2020-ի միտումնավոր պարտությունում, իսկ այսօր ստանձնել է Նիկոլի փետուրները դավաճանությունից մաքրողի և դավաճանության բեռը գեներալիտետի և Արցախի էլիտայի մի մասի ուսերին դնելու գարշահոտ գործը: Հենց այդ պատճառով նա մտերմացել է Անդոնի հետ և վերջինիս հանձնաժողովում «երգում» է ինչ–որ պետք է և ում վրա պետք է:
Սյամոն իսկապես ազգադավ հաղթարշավ է իրականացնում Հայաստանում՝ թիկունքին զգալով Նիկոլի թուրքական ուժը: Եվ օրինաչափ էր «զրահավորված» արցախուրաց Վահագն Խաչատուրյանի՝ իր հայտարարությամբ Իժոյի հովանավորների ցանկ մուտք գործելը: Ճիշտ է, Իժոն նրան վերից վար է նայում, սակայն հիմա «քաղցր զույգը» դառավ «քաղցր եռյակ»: Հա, չմոռանանք և անցյալը` 1998–ին Լևոն Տեր-Պետրոսյանի հեռացումից հետո նույն Վահագն Խաչատուրյանը (այն ժամանակ Խաչատրյան էր) հաճախ զրույցներ էր վարում «ղարաբաղյան կլանի» մասին: Հին արցախատյացներից է, ով «տազ էր արել», բայց հիմա դրսևորվում է: Տո սրանց նույնիսկ դժոխքը դժվար ընդունի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ