Ալենն այդ ինչ 15-օրյա ժամանակաչափ միացրեց
Վերլուծություն
Երեկ հայ-ադրբեջանական սահմանագծի Իջեւանի ու Ղազախի հատվածում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուսթաֆաեւի հանդիպումը՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքի շրջանակում: Հանդիպման եւ վայրի առաջարկը Հայաստանինն էր: Ադրբեջանն այս անգամ գնաց հանդիպման, թերեւս հաշվի առնելով, որ հանդիպման վայրի հետ կապված խնդիր չի տեսնում: Հաշվի առնելով Ալիեւի հայտնի հայտարարությունը, որ պատրաստ է ցանկացած մակարդակով հանդիպման, որոնք կլինեն Ռուսաստանի միջնորդությամբ կամ երկկողմ՝ առանց որեւէ միջնորդի:
Ի՞ՆՉ Է, ՆԻԿՈԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՐՎԱԾՈՂ ՓԱՍՏԱԹՈ՞ՒՂԹ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
Ի՞նչ էր ուզում Նիկոլը՝ տեւական ժամանակ տեղապտույտի մեջ հայտնված բանակցային գործընթացը վերսկսել Ալիեւի առաջարկած սխեմայով, ավելի կոնկրետ՝ ոչ արեւմտյան հարթակներում: Սա ակնարկ է, որ մյուս հանդիպումները եւս պատրաստ է անցկացնել այդ պահանջներին համահո՞ւնչ: Հնարավոր տարբերակ է, առավել եւս, հաշվի առնելով, որ Ալիեւը շարունակում է հրաժարվել արեւմտյան հարթակներից:
Նկատենք, այս օրերին ԱՄՆ-ն, նրա եվրոպական կատարածուները բաց եւ կուլիսային եղանակով շարունակում են Ալիեւին համոզելու փորձերը: Ընդ որում, ինչպես ցույց տվեց ԵՄ Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի գծով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի օրերս Թուրքիա կատարած այցը, նաեւ փորձում են Անկարայից «դաբրո» ստանալ, որ Ալիեւի վրա ազդի: Ամեն դեպքում, այդ մասին է ակնարկում Կլաարի գրառումը. «Վերադարձել եմ Բրյուսել` երեկ Անկարա կատարած այցից հետո։ Քննարկվել են հարցեր, որոնք ընդհանուր հետաքրքրություն են ներկայացրել ԵՄ-ի եւ Թուրքիայի համար Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ, մասնավորապես՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը»:
Սրան զուգահեռ, Միրզոյան Արոն եւս ակտիվ շփումների մեջ է Արեւմուտքի հետ, այդ թվում` հանդիպումներ ունեցավ Բլինքենի, ապա նաեւ Եվրոպայի թիվ 1 դիվանագետ Բորելի հետ: Թեման գործնականում նույնն է. պետք է ստորագրել «խաղաղության համաձայնագիր», ապա անցնել «խաղաղության խաչմերուկին»: Իսկ թե ինչ պայմանով, հիշեցնենք, օրերս միանգամայն պարզ հստակեցրեց պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը: Որ ԱՄՆ-ն պետք է գործարկվող կոմունիկացիաների «մասնիկը դառնա», այլապես ամեն ինչ կանի դրան խոչընդոտելու համար: Եվ ահա, Արոյի հիշատակված ակտիվ շփումները եւս մեկ անգամ հուշում են, որ դրանում նիկոլյան վարչախումբը որեւէ խնդիր չի տեսնում, այն դեպքում, երբ ՌԴ-ի կողմից նման վերահսկողության մասին միանգամից օրակարգ են բերում «Հայաստանի ինքնիշխանության» մասին հայտնի «կրուտիտը»:
Թե ինչու «կրուտիտ», հասկանալը պարզ է: Նախ, նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը դարձել է չգործող փաստաթո՞ւղթ, թե այն շարունակում է ուժի մեջ մնալ: Ըստ այդմ, եթե գործում է, Մեղրիի հատվածում երկաթուղու գործարկման դեպքում անվտանգության վերահսկողությունը ռուսներին հանձնելը համարո՞ւմ են Հայաստանի ինքնիշխանության ոտնահարում: Տեւական ժամանակ այդ հարցի պատասխանը փորձում ենք ստանալ ՀՀ ԱԳՆ-ից, սակայն հրաժարվում են պատասխանել: Ու պատասխանելուց խուսափելը կարելի է «հասկանալ»: Եթե պարզվի, որ անվտանգության վերահսկողությունը ռուսներին հանձնելը համարում են Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված քայլ, ապա պարզ հարց է ծագում՝ իսկ Նիկոլն այդ ինչպե՞ս է ստորագրել այդպիսի փաստաթուղթ: Այսինքն, կատարել է Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված կոնկրետ գործողություն, որի համար վաղուց պետք է վանդակաճաղերի այն կողմում լիներ: Բայց Նիկոլը նստած չէ, ու մենք էլ, որպես օրինապահ քաղաքացիներ, պարտավոր ենք ընդունել, որ հայաստանյան արդարադատությունը Նիկոլի կողմից նման փաստաթուղթ ստորագրելը եւ դրանով գործարկվող կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողությունը ռուսներին տալը հանցանք, կրկնենք՝ մեր երկրի ինքնիշխանության դեմ ուղղված քայլ չի համարել: Եվ այդ դեպքում է, որ անընդհատ եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում երկաթուղու գործարկումը կապելով Հայաստանի ինքնիշխանության հետ, պարզապես արհեստական արդարացումներ են ներկայացնում՝ հենց Նիկոլի ձեռքով ստորագրված փաստաթուղթը չկատարելու համար: Ինչո՞ւ, որովհետեւ ամերիկացիներն ուզում են դրա մասնի՞կը դառնալ:
ԵԶՐԱՓԱԿԻՉԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետին վերադառնալով, մեկ բան ենք փորձում ընդգծել: Հենց դա է դրված վերջին երեք տարիների իրադարձությունների հիմքում, դրա կատարել-չկատարելը եւ, փոխարենը, գործարկվող կոմունիկացիաների «մասնիկը դառնալու» վաշինգտոնյան ցանկությունն է, որ հասցրեց Արցախի հայաթափմանը, իսկ հիմա դրանից կախված է մնացել «խաղաղության պայմանագիր» կոչվածը, որը, ի դեպ, Նիկոլն է ամեն պահի քարոզում: Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան նույն հաճախականությամբ հայտարարում են՝ Հայաստանը պարտավորություն է ստանձնել եւ պետք է կատարի, ու խոսքն ակնհայտորեն նույն նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետով եւ դրան հաջորդած՝ 2021թ.-ի հունվարի 11-ին Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածությունների մասին է: Ամեն դեպքում, Նիկոլի կողմից ձեռքբերված այլ պաշտոնական պատասխանատվության մասին որեւէ տեղեկություն չկա: Կարճ ասած, այս պահին «խաղաղության պայմանագիր» կոչվող նժարին հենց դա է դրված՝ նոյեմբերի 9-ով սահմանված մոսկովյան վերահսկողությո՞ւն, թե՞ «մասնիկը դառնալու» վաշինգտոնյան ցանկություն: Ու դա ոչ թե ընդամենը կոմունիկացիաների թեմա է, այլ աշխարհաքաղաքական կողմնորոշման հարց. ի՞նչ վերահսկողություն կլինի Հարավային Կովկասում՝ ռուսակա՞ն, թե՝ ամերիկյան: Բրյուսելում պայմանագիր ստորագրելու իր պատրաստակամությամբ Նիկոլը հենց նման կողմնորոշում է ֆիքսում, Ալիեւը չգնալով՝ այլ կողմնորոշում: Ինչո՞ւ. Ալիեւն ակնհայտորեն Ադրբեջանի համար ավելի շահեկան է ընկալում ռուսների աշխարհաքաղաքական դիրքը, Նիկոլը մեծ հարց է՝ Հայաստանի՞, թե սեփական շահն է առաջին պլանում դնում:
Այսպիսով, այս բավականին պարզ իրավիճակում հասել ենք մի փուլի, որ կա՛մ Վաշինգտոնին հաջողվում է Ալիեւին տանել Բրյուսել՝ պայմանագիր ստորագրելու, կա՛մ ռուսները Նիկոլին կտանեն Սանկտ Պետերբուրգ, կա՛մ էլ, վերջապես, եթե երկու գերտերության մոտ էլ բան չստացվի, «խաղաղության պայմանագիր» կոչվածն այս «կախված» վիճակում էլ կպահպանվի մինչեւ կողմերից մեկը կկարողանա: Այլ հարց է, որ Ալիեւն ունի սպասելու շատ ավելի մեծ պոտենցիալ. ներքին խնդիրներ չկան, արտաքին հարթակում զարգացման մի շարք այլ ուղղություններ են առկա, այդ թվում՝ Հայաստանին շրջանցող երկաթուղու կառուցումն Իրանով: Նիկոլի պարագայում հակառակն է. ամենուր փակուղիներ են, եւ եթե հանկարծ Ռուսաստանը որոշի լայն կիրառման մեջ դնել տնտեսական մահակը, դժվար է անգամ կանխատեսել, թե ինչ ներքին ճգնաժամ կառաջանա Հայաստանում:
ԻՆՉ ԷՐ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԱԼԵՆԸ
Ու նման է նրան, որ ահազանգն ահազանգի հետեւից է նիկոլյան թիմը հղում Արեւմուտք, թե արագացրեք, Ալիեւին համոզեք, Բրյուսել գա: Ամեն դեպքում, ինչպես Նիկոլի վերջին ասուլիսը, այնպես էլ Միրզոյան Արարատի ներկա ակտիվ հանդիպումներն այդ տպավորությունն են թողնում:
Նաեւ նման ահազանգի տեսք ունի Ալենի վերջին հայտարարությունը, թե՝ «Ցանկության պարագայում առաջիկա 15 օրերի ընթացքում հնարավոր է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Սկզբունքային բոլոր հարցերի շուրջ եկել ենք ընդհանուր համաձայնության»: Այսինքն, ըստ Ալենի, ամեն ինչ հիմա կախված է «Ադրբեջանի իշխանության քաղաքական կամքից», քանի որ Հայաստանի ներկա վարչախումբն արդեն զիջել է այն ամենը, ինչ կարող էր զիջել:
Հիշեցնենք, որ Ալենը նույնկերպ ոգեւորված էր նաեւ Գրանադայի հանդիպումից առաջ՝ հայտարարելով. «Մենք շատ մոտ ենք եւ պատմական հնարավորություն ունենք կնքել խաղաղության պայմանագիր»: Ու անմիջապես էլ հասկացան, որ Ալիեւը «թքած ունի» ամեն մի Գրանադայի վրա: Ու երբ հիմա Ալենը խոսում է միայն «հնարավոր է» տարբերակով, նշանակում է, որ հասկացել են՝ Ալիեւն այս անգամ էլ, ըստ ամենայնի, հանդիպման կարող է չգալ: Այլ բան, որ այս անգամ ինչ-որ ժամկետից է խոսում: Այսինքն, ինչո՞ւ հենց 15 օր եւ ոչ, օրինակ, մեկ ամսից: 15 օրվա մեջ ինչ-որ բա՞ն է փոխվելու: Ի՞նչ, կարելի է կռահել: Դեկտեմբերի կեսերին Նիկոլը պետք է գնա Սանկտ Պետերբուրգ: Այսինքն, Ալենն ակնարկում է, որ եթե մինչ Սանկտ Պետերբուրգի հանդիպումները Բրյուսելում «խաղաղության պայմանագիր» չստորագրվի, ապա այնտեղ կարող են Նիկոլին եռակողմ հանդիպմա՞ն «բերման ենթարկել»: Նման է դրան: Իհարկե, Նիկոլն այս անգամ էլ կարող է հրաժարվել մեկնել: Սակայն այս անգամ Մոսկվան դա, մեծ հավանականությամբ, կհամարի վերջնական աշխարհաքաղաքական կողմնորոշում, ու եթե հիմա հայկական բեռնատարները ռուսական սահմաններին մեծ հերթերի մեջ են հայտնվել, այն ժամանակ «մահակը» կարող է ողջ ծավալով գործարկվել: Ու ի՞նչ է ստացվում, Ալենն Արեւմուտքի՞ն է ահազանգում, թե` արագացրեք, մի 15 օր ունեք, որ Ալիեւին Բրյուսել տանեք, այլապես Փաշինյանին այլ տարբերակ չի մնա: Շատ նման է, թեեւ սպասենք Ալենի միացրած այդ ժամանակաչափի ավարտին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ