ՆԻԿՈԼԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ «ՄՈՒՏԻԼՈՎԿԱՆ»
Վերլուծություն
Դաշտը լցված է ցնծագին լուրերով առաջին հայկական արբանյակը տիեզերք ուղարկելու առնչությամբ: Եղած–չեղածը մեկ կիլոգրամ է` 10 սանտիմետր չափսերով, սակայն ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն անչափ ուրախ է: Միգուցե, ինչ–որ լուրջ գործառույթ այդ արբանյակը կանի, դա չգիտենք, սակայն հայտնվել են նաև վարդագույն ակնոցներով քարոզիչներ, որ շտապեցին ազդարարել, թե Հայաստանն այլևս «տիեզերական տերություն է»: Դե եթե չափենք Նիկոլի ստերի տիեզերական մեծությամբ, ապա` անկասկած:
ԱՐՏԱՀԵՐԹ «ՄԱՆԴԱՏԱՆՈՐՈԳՈ՞ՒՄ»
Միգուցե տարիներ անց, եթե նիկոլիզմից ձերբազատված պետություն ունենանք, դեկտեմբերի 2-ը` որպես այն օրը, երբ հայկական արբանյակն անջատվեց կրող հրթիռից և դուրս եկավ ուղեծիր, իրոք նշվի որպես փոքրիկ տոն, սակայն մի բան գոնե լավ է, որ այդ օրը չդարձավ հերթական կապիտուլյացիայի ստորագրման օր (իսկ այդպիսի մտավախություն ունեցող փորձագետներ կային, հաշվի առնելով կապիտուլյանտի և նրա «կիրթ ու կառուցողական» ընկերոջ հակումը դեպի սիմվոլիզմը): Սակայն հիմա շրջանառության մեջ է մի փորձանքաբեր հարց` ԱԺ արտահերթ ընտրությունների:
Առայժմ դա քննարկվում է հիմնականում ԶԼՄ-ների և փորձագետների մակարդակով, և կա նկատառում, որ կապիտուլյանտի համար գայթակղիչ է արտահերթ ընտրություններով անվերջ վերարտադրվելու գաղափարը: Չար լեզուները նաև խոսում են, որ Բաքուն ու Անկարան պահաջել են Նիկոլից «վերանորոգել» իր «պողպատյա մանդատը» և նոր միայն ստորագրել հերթական կապիտուլյացիոն «խաղաղությունը», որպեսզի այն «անթերի լեգիտիմ» լինի և հավերժ «կամավոր» ստրկացնող:
Համենայնդեպս, ԱԺ արտահերթ ընտրությունների դեմ առայժմ արտահայտվել են ՀՀԿ ներկայացուցիչները: ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը փաստում է. «Փաստ է, որ Նիկոլը երեք անգամ ընտրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում: Առաջին անգամ 2018թ. մայիսին՝ ՀՀ–ում օրինական ընտրություններով 2017թ. ձևավորված իշխանությունը ԶԱՎԹԵԼՈՒ միջոցով: Երկրորդ անգամ՝ 2018թ. դեկտեմբերին տեղի ունեցած ԱՐՏԱՀԵՐԹ ընտրություններով: Երրորդ անգամ՝ 2021թ. հունիսին տեղի ունեցած ԱՐՏԱՀԵՐԹ ընտրությունների միջոցով: 2024թ. նոր ԱՐՏԱՀԵՐԹ ընտրություններ անցկացնելու թեման կրկին սկսել է շրջանառվել ՀՀ քաղաքական կուլիսներում, ինչն իհարկե պլանավորված վտանգավոր նոր սցենարի մասին է խոսում:
Փորձենք հակիրճ վերլուծել տեղի ունեցածը և հասկանալ, թե բացի իշխանությանը կառչելուց՝ Նիկոլի ինչի՞ն է պետք նոր արտահերթ ընտրությունը: Փաստ է, որ յուրաքանչյուր արտահերթ ընտրություններից հետո Հայաստանը ստացել է մարդկային ու տարածքային կորուստներ, անվտանգային միջավայրի անկում, հասարակական հուսալքություն և պետական ինքնիշխանության թուլացում: Փաստ է նաև, որ յուրաքանչյուր արտահերթ ընտրություններից առաջ Ալիևը նվազեցրել է սահմանային լարվածությունը, թույլ է տվել, որպեսզի հայ ժողովուրդը «ընտրի» Նիկոլին և «պատրաստվի» նոր ռազմական բախումների ու ցավոտ կորուստների»: Արտակ Զաքարյանը փաստում է, որ ներկայիս պայմաններում դա կլինի կապիտուլյանտիզմի հաղթարշավ, և եզրակացնում. «Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ: Կորսված Արցախից հետո դա ծանր հարված է լինելու Հայաստանի ինքնիշխանությանն ու ապագային: Նիկոլը պետք է հեռացվի այնպես, ինչպես, որ եկել է իշխանության»:
Հանրապետականները դիտարկում են արտահերթը որպես ավելի շուտ արևմտյան սցենար, իսկ «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը դա դիտարկում է որպես անվիճելիորեն Արևմուտքի նախաձեռնություն և պնդում. «Իշխանությունն ինչ կազմով, ինչ տեսքով էլ գնա ընտրության՝ առաջ է քաշելու երկու գաղափար՝ «Խաղաղություն» և «Արդարության վերականգնում»։ Նիկոլի հրապարակային վերջին բոլոր ելույթները դրա մասին են, և ըստ էության նա նախընտրական փուլում է։ Նա ուրիշ ասելիք չունի։
Առաջինը ենթադրում է՝ կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները, երկրորդը՝ «թալանը հետ բերենք»։
...Նշված բովանդակությունը հասարակության վրա ծախելու պրոցեսը պահանջելու է տեխնոլոգիա, և դա լինելու է առճակատումը, արհեստական բարիկադավորումը։ Նիկոլն ամեն ինչ անելու է հասարակությունը բաժանելու համար.
1. Խաղաղության և պատերազմի կողմնակիցների
2. Արևմտամետների և ռուսամետների
3. «Թալանը պաշտպանողների» և «թալանը հետ բերողների»:
Փորձագետը նաև ծայրահեղ առճակատման ռիսկեր է տեսնում. «Բոլոր երեքն էլ կեղծ են, սուտ են, արհեստական։ Բայց արդեն հիմա այս բաժանումներն աշխատում են, իսկ նախընտրական փուլում նա սրելու է մինչև կտրուկ ներհանրային առճակատում»։
Սակայն, օրինակ, ծայրահեղ արևմտամետ ԱԺԲ–ն, ընդհակառակը, արտահերթ ընտրությունների սցենարը համարում է «ռուս–թուրքական»:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ԴԻՐՔԱՎՈՐՈՒՄԸ
Նշենք, որ ԱԺԲ-ի վերջին հանրահավաքին և երթին աննախադեպ շատ էր ոստիկանների ներկայացումը, սակայն դժվար է միանշանակ ասել` դա կապիտուլյանտների վախի՞ դրսևորումն է, թե՞ դրանով ռեժիմը ջանում է բարձրացնել «ծռերի» վարկանիշը և դարձնել նախընտրելի արևմտամետ ընդդիմություն: Նշենք, որ նիկոլենք շտապ ԱԺ են մտցրել նախագիծ, որով ԱԱԾ տնօրենը և տեղակալները նշանակվում են ոչ թե ՀՀ նախագահի կողմից` Նիկոլի ներկայացմամբ, այլ բացառապես Նիկոլի կողմից... Մի տեսակ կպչուն վախերի հոտ է գալիս: Ի դեպ, ԱԺԲ–ն նիկոլական սադրանք է համարում տեսանյութը, ուր դիմակավորված զինյալները սպառնալիքներ են հնչեցնում Նիկոլի նկատմամբ՝ ընդհուպ ֆիզիկական ոչնչացում. «Տեսանյութում նշվում է նաև Նուբարաշենի բանտում գտնվող Ազգային–ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ, ապստամբ Վարուժան Ավետիսյանի անունը: Սա հերթական սադրանքն ենք համարում Բևեռի նկատմամբ և գտնում, որ նման քայլերն արվում են Բևեռի գործունեությունը սևացնելու, մեր քաղաքական շարժմանը հրեշացնելու տրամաբանության շրջանակներում, ինչը դժվար չէ կռահել, թե որտեղից է հրահանգավորվում: Ազգային–ժողովրդավարական Բևեռի խորհուրդը դատապարտում է նմանատիպ երևույթները և հարկ է համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ երկրում արմատական փոփոխությունների հասնելու Բևեռի դիրքորոշումը մնում է անփոփոխ. այն է՝ Փաշինյանի հեռացում ժողովրդային ճնշմամբ, խաղաղ անհնազանդության ճանապարհով և անցումային ժամանակավոր կառավարության ձևավորմամբ»:
Մեկ ուրիշ արևմտյան ծագում ունեցող խումբ` բացառապես նախկին նիկոլականներից բաղկացած «Զանգ» նախաձեռնությունը, ամեն օր փոքր ակցիաներ է անում ռեժիմի դեմ: Դա հայտնի տեխնոլոգիա է, սակայն հարցական է` սա իրո՞ք Նիկոլի դեմ է, թե՞ արտահերթ ընտրություններ «հասունացնող» նախաձեռնություն է, որը հետո պիտի լինի ԱԺ արևմտամետ ընդդիմություններից մեկը: Հիշեցնենք, որ «Զանգը» հիմնականում ներկայացված է ՔՈ` ժամանակին «մանդարին բաժանող» կուսակցությամբ:
Սակայն ամենահետաքրքիրը, անշուշտ, «Հայաստան» դաշինքի դիրքավորման հարցն է: Հրապարակային գործիչների մակարդակով առայժմ ո՛չ կողմ են արտահայտվել, ո՛չ դեմ, սակայն դատելով «Քոչարյանի ֆանատների» սոցցանցային ակտիվությունից, այդ մարդկանց համար կարծես թե մասնակցության հարցը միանշանակ է: Սակայն եթե առաջ անվերապահ ողջունում էին Լևոն Քոչարյանի մուտքը ակտիվ քաղաքականություն, հիմա ցուցադրում են և «խանդոտ» դրսևորումներ` ինչո՞ւ Լևոն, այլ ոչ թե Ռոբերտ Քոչարյանը... Նման է, որ կրկին, Արթուր Մեսչյանի երգի խոսքերով ասած, անիվը սայլի կկոտրվի «իր սիրած փոսում»: Ի դեպ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ զգուշացնում է, թե ինչ մեխանիզմով հնարավոր արտահերթ ընտրություններին ընդառաջ կապիտուլյանտները թուլացնում են ընդդիմադիրների դիրքերը. «Մեր տեղեկություններով՝ նոյեմբերի 23–ին կայացած վարչության նիստում ՔՊ–ն քննարկել է այն հնարավորություները, թե ինչպես կարող են խլել իշխանությունն ընդդիմադիր համայնքապետերից, որոնք ընտրվել են ժողովրդի կողմից: Որոշել են, որ գրոհելու ժամանակն է, որպեսզի իշխանությունը խլեն Ալավերդու համայնքապետից: Սա ընդհանուր ծրագիր է: Նիկոլ Փաշինյանը հիմա փոխել է Ստալինի լոզունգը՝ ասելով, որ կարևոր չէ, թե ով է ընտրում, այլ կարևոր է՝ ում ձեռքին է գտնվում պատժիչ մեքենան»:
Ի դեպ, նաև խոսակցություններ կան, որ սոսկ վերարտադրվելը Նիկոլը քիչ է համարում, և ձգտում է միանձնյա իշխանավարումն ապահովագրել անգամ սեփական «ուսապարկերից»: Այսպես, @Կանչ Տելեգրամ ալիքի պնդմամբ. «Ազգադավը հիմա էլ ուզում է նախագահ կոչվել: Մեր տեղեկություններով՝ դավաճանների խմբակը քննարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին զուգահեռ նաև սահմանադրական փոփոխությունների քվեարկություն կազնակերպել և կրկին վերադարձնել նախագահական կառավարման մոդելը: Նիկոլի այս ցանկությունն այդքան էլ միանշանակ չի ընկալվում իր թիմի մեջ: ՔՊ–ականների մի հատված գիտակցում է, որ ազգադավը պարզապես փորձում է տարանջատել ինքն իրեն մնացած թիմից և, ընտրվելով երկրի նախագահ, այնպիսի իշխանություն ձևավորել, որտեղ իրենից բացի ոչ ոք որևէ դերակատարում ունենալու շանս այլևս չի ունենա»:
Դե ախորժակն ուտելիս է գալիս: Համ էլ կապիտուլյանտին բացարձակ, անգամ թիմակիցներից կախում չունեցող իշխանությամբ օժտելը հաստատ դուր կգա Բաքվին և Անկարային: Որպեսզի բացառվեն նաև պալատական հեղաշրջումները, որոնք կարող են խանգարել Հայաստանն Արևմտյան Ադրբեջան կամ Էրմենիստանի վիլայեթ դարձնելու անշեղ ուղուն:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ