Հայտնվել ենք կոմունիկացիոն պատերազմի կիզակետում
Վերլուծություն
Հայաստանի շուրջ ներկա սրացումների համատեքստում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=271133&l=am) Նիկոլը եւս մեկ խնդրի է ստիպված բախվել: Վերջին ժամանակներս դրսերում էլ մարդ չմնաց, որ Միրզոյան Արարատը ժամերով «խաղաղության խաչմերուկ» չքարոզեր: Բայց, արդյունքում, ինչպես քանիցս ենթադրել ենք, բախվում է նույն ռեակցիային: Այսպես, ինչպես նաեւ ԱԳՆ-ի մեր հին եւ արժանահավատ աղբյուրն է հուշում, բոլորը լսում են, գլուխները տմբտմբացնում, թե լավ բան եք ասում: Բայց դրանից հետո լուրջ մարդիկ նույն պարզ հարցն են տալիս. լավ, ենթադրենք ճանապարհները բացվեցին. ստեղծվեց կոմունիկացիաների խաչմերուկ, ինչպե՞ս եք պատրաստվում ապահովել դրա անվտանգությունը: Եվ եթե Հայաստանը չի պատրաստվում ապահովել, ո՞ւմ եք տեսնում այդ դերում: Ու ահա այստեղ էլ բոլոր խոսակցությունները մտնում են փակուղի: Այն է՝ նիկոլյան բանագնացներին պարզ հասկացնում են, որ կարող է լինել ամերիկյան կամ ռուսական անվտանգային հսկողություն, եւ նա հենց այդ միջակայքում է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի: Բնականաբար, հաշվի առնելով նաեւ հարեւանների նախասիրությունները, քանի որ առանց նրանց ուղիների ոչ մի խաչմերուկ էլ չի կարող լինել. առավելագույնը կարող են հասնել հյուսիսից՝ հարավ կամ արեւելքից՝ արեւմուտք առանցք դառնալու, եւ դրանք կլինեն մշտական հակամարտության մեջ, անկախ նրանից, թե որ տարբերակին կգնա Հայաստանը:
Եվ այս իրավիճակում ունենք տարածաշրջանային զարգացումների նման պատկեր: Առաջինը, որ Հայաստանի համար կարող է մեծ նշանակություն ունենալ, այն է, որ այս ամսվա վերջին ուժի մեջ է մտնում Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի մասին պայմանագիրը: Դա մի կողմից Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է՝ Իրանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների կտրուկ զարգացման համար: Մյուս կողմից, որպես ԵՏՄ-ի անմիջական սահման, Իրանի համար էլ ավելի է բարձրանում Հայաստանի դերը, բնականաբար, «Զանգեզուրի միջանցք» կոչվածի առավել համառ մերժմամբ: Ամեն դեպքում, երեկ կայացած «Նոր տարածաշրջանային» կոնֆերանսում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին եւս մեկ անգամ հաստատեց. «Մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը եւ ամուր ու երկարաժամկետ խաղաղությանը տարածաշրջանում»:
Նույն համաժողովում հերթական անգամ նման ազդակը եկավ նաեւ Հնդկաստանից. այդ երկրի հայաստանյան դեսպան Նիլաշի Իլակշի Սահա Սինհան հայտարարեց, որ Հայաստանի համար կհեշտացնեն Չաբահար նավահանգստի օգտագործման հնարավորությունը: «Այն ոչ միայն տարանցիկ առևտրային հանգույց է, այլև նպաստում է մարդասիրական օժանդակության փոխանցմանը»:
Իր հերթին ՀՀ արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ցույց տցեց, որ Հայաստանում կա ըմբռնում՝ «Հյուսիս-Հարավ» մեգածրագրի հետ կապված. «Իրանը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր ունի, իսկ Հնդկաստանը բանակցությունների փուլում է։ Հայաստանը, որպես միության անդամ, կարող է կամուրջ հանդիսանալ Թեհրանի, Դելիի եւ կազմակերպության մյուս անդամ երկրների համար»: Կարճ ասած, ամբողջ խնդիրն այն է, թե Հայաստանն ինչքանով է իրականում իրեն տեսնում ԵՏՄ-ում, եւ միայն այդ դեպքում Հյուսիս-Հարավ ուղղությամբ խաչմերումի «մի թեւը» դառնալու հնարավորություններ կան:
Լիակատար խաչմերուկի համար պարտադիր պայման է, որ դրան գումարվի «Արեւելք-Արեւմուտքը»: Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հուսով է, թե Թուրքիայի հետ սահմանը շուտով կբացվի: Սակայն մեկ բան միանշանակ է. թուրքական սահմանը ռեալ կաշխատի մեկ դեպքում, քանի դեռ հայ-ադրբեջանական հարցերը լուծված չեն: Ասենք, դրանից է կախված նաեւ դեպի Իրան երկաթուղի ունենալու հարցը, առանց որի, նաեւ «Հյուսիս-Հարավում» Հայաստանը խոշոր դերի հավակնել չի կարող: Մինչդեռ իրողությունն այն է, որ Մեղրիի գծի եւ հայաստանյան մյուս կոմունիկացիաների գործարկումը կախված է մնացել ամերիկացիներից, իսկ Նիկոլը չի կարող կամ չի ուզում Վաշինգտոնի «գլխից թռնել»: Բայց կա նաեւ այն հարցը, թե իրականում ամերիկացիներին պե՞տք է հայաստանյան հանգույցի գործարկումը: Վարկածը, որ դա կդառնա դեպի Կենտրոնական Ասիա տանող միջանցք, գնալով քիչ հավանական տեսք է ստանում, եւ դա ցույց տվեց նաեւ երեկ Մոսկվայում կայացած Կասպյան երկրների արտգործնախարարների հանդիպումը: Այսինքն, Կասպից ծովը, քանի դեռ չկա ՌԴ-ի եւ Իրանի «դաբրոն», չի գործարկվի, որպես Կենտրոնական Ասիա տանող ամերիկյան միջանցք:
Բայց. չմոռանանք, որ ԱՄՆ-ն ունի Հնդկաստանից` Սաուդյան Արաբիայով եւ Իսրայելով դեպի Եվրոպա միջանցք կառուցելու ծրագիր, եւ որոշ վերլուծաբաններ կարծում են, որ նաեւ դա է դրված իսրայելյան ներկա պատերազմի հիմքում: Եվրոպա հասնելու համար Հնդկաստանի նախապատվելի ուղին ի սկզբանե «Հյուսիս-Հարավ» միջանցքն էր, բայց եթե այն Հայաստանում լռվել-մնացել է, հնդիկները գնում են ամերիկացիների առաջարկած այլընտրանքային տարբերակով` Իսրայելով` Միջերկրական ծով սխեմայով: Իսկ դրան, բնական է, ծայրահեղորեն դեմ են Թուրքիան, Իրանը եւ այլն, ու, բնականաբար, ողջ ճնշումը շեղվում է Հայաստանի ուղղությամբ:
Այսպիսով, կստացվի «խաղաղության խաչմերուկը», թե` ոչ, դա դեռ հարցի մի կողմն է: Իրականությունն այն է, որ այս պահին հայտնվել ենք կոմունիկացիոն մեծ պատերազմների կիզակետում, ընդ որում, ունենալով այլոց համար կրակից շագանակ հանող իշխանություն: Ու սա այն դեպքում, երբ Հայաստանն իրոք մեծ կոմունիկացիոն խաչմերուկ դառնալու բոլոր շանսերն ունի` դրանից սպասվող հսկա հնարավորություններով հանդերձ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ