Ալիեւ-Փաշինյան գաղտնի բանակցություննե՞ր. ո՞ւմ միջնորդությամբ
Վերլուծություն
Նիկոլն ու Ալիեւն օրերս տեղեկացրին, թե պայմանավորվել են «երկու պետությունների միջեւ վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկել»: Եվ, որպես այդ պայմանավորվածությունների առաջին քայլ, ազատ են արձակում գերիներին:
ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Շատ երկրներ եւ միջազգային կառույցներ շտապեցին ողջունել այդ պայմանավորվածությունները, շատ քաղաքագետներ եւ վերլուծաբաններ ենթադրում են, որ դրան անմիջապես կհաջորդի «խաղաղության պայմանագրի» ստորագրումը: Հնարավոր է, միայն թե այդ պատմության մեջ մեկ «մութ» դետալ մնաց:
Այսպես, պարզ է, որ երբ երկու կողմերը նույն պահին տարածում են նույնանման հայտարարությունը, դա նշանակում է, որ մինչ այդ եղել են կոնկրետ քննարկումներ եւ պայմանավորվածություններ: Ասենք, այդ մասին «շոշափելի քայլեր ձեռնարկելու» այդ հայտարարության մեջ հստակ ասվում է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջեւ բանակցությունների արդյունքում»: Միայն թե անհասկանալի է մնում, թե կոնկրետ ովքե՞ր են բանակցել, ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ միջնորդությամբ, թե՞ ուղիղ բանակցություններով, եւ այդպես շարունակ: Մինչ այդ, որ Ալիեւի եւ Նիկոլի աշխատակազմերի միջեւ ինչ-որ բանակցություններ կան, որքան հիշում ենք, բառ անգամ չի ասվել, եւ առնվազն տարօրինակ է, որ իրականում բանակցություններ եղել են եւ, փաստացի, պահվել են գաղտնի: Ու ամբողջ հարցն այն է, թե ինչո՞ւ:
Ներքին վարկանիշի առումով ո՛չ Նիկոլի եւ, առավել եւս, ո՛չ էլ Ալիեւի համար խնդիր չէր հայտարարել, որ վարում են բանակցություններ՝ երկու երկրների միջեւ «վստահության կառուցման ուղղությամբ»: Ընդհակառակը, եթե խորը նայենք, դա մի բան էլ կարող էր վարկանիշային առումով դրական անդրադարձ ունենար: Առավել եւս` Նիկոլի համար, եթե նաեւ հայտներ, որ խոսքը մասնավորապես գերիների ազատագրման մասին է: Այսինքն, քիչ հավանական տեսք ունի, որ ամենեւին էլ ոչ ամենակարեւոր բանակցությունները գաղտնիացնելը ներքին խնդիրներից խուսափելու նպատակով էր:
Այսինքն, գաղտնիությունը վերաբերում էր արտաքին ուժերի՞ն: Ավելի շուտ դրան է նման, բայց արտաքին ուժերի սուպերհետախուզությունների առկայության պայմաններում հնարավո՞ր է նման գործընթացը գաղտնի պահել: Առավել եւս, եթե մտածենք, որ երկկողմ բանակցություններ են եղել, այսինքն, պետք էր բոլոր սուպերհետախուզությունների աչքերից աննկատ մնալ: Բայց եթե ընդունենք, որ եղել է արտաքին ուժերից մեկի միջնորդությունը, այդ դեպքում հնարավոր է, որ այդ միջնորդը կարողանար գաղտնիության հարցը լուծել:
Ո՞ՒՄ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ
Գանք մյուս կողմից. երբ խոսքը ոչ միայն պայմանավորվելու, այլ ամբողջական տեքստի եւ պայմանների հստակեցման մասին է, այդ դեպքում մեկ հանդիպմամբ դժվար թե հարցը լուծվի: Ու եթե նախորդել է հանդիպումների մի որոշակի շարք, ապա պետք է նաեւ այս հանգամանքը հաշվի առնել: Մինչ վերջերս Վաշինգտոնի եւ Բաքվի հարաբերությունները ծայրահեղ սրված էին, բանը հասել էր ընդհուպ՝ բարձրաստիճան պաշտոնյաների այցերի արգելքին: Ալիեւն էլ բացառում էր արեւմտյան հարթակների, այսինքն՝ ամերիկացիների կամ եվրոպացիների միջնորդությամբ հայկական կողմի հետ որեւէ բանակցություն: Եվ միայն դեկտեմբերի 6-ին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայանի Բաքու կատարած այցի արդյունքում Ալիեւը սկսեց խոսել, թե Վաշինգտոնը, հաշվի առնելով նոր իրողությունները, կարող է «իր ներդրումն ունենալ» խաղաղության գործընթացում: Տրամաբանորեն՝ «ներդրումն ունենալը» ենթադրում է որոշակի մասնակցություն եւ ոչ բացառիկ դեր: Այսինքն, Ալիեւի խոսքն ավելի նման է Վաշինգտոնի համար «դեմքը չկորցնելու» տարբերակի՝ «կարող ես «ներդրում ունենալ», որ չասեն, թե լրիվ դուրս մղվեցիր» տարբերակով: Ընդ որում, այդ մասին է ակնարկում նաեւ այն փաստը, որ թեեւ Ալիեւի հետ հանդիպելուց հետո Օ’Բրայանը հայտարարեց, որ Բլինքենը «անհամբեր սպասում» է Վաշինգտոնում Բայրամովին եւ Միրզոյանին ընդունելուն, սակայն հետեւեց Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե՝ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն կամ քննարկում այս պահին չկա: Դրանից երկու-երեք օր անց էլ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե՝ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հարցով սպասում են ադրբեջանական կողմի արձագանքին: Ավելին, թեեւ այս պահին Բայրամովն ու Միրզոյանը Բրյուսելում են, համատեղ մասնակցում են «Արեւելյան գործընկերության» ԱԳ նախարարների հանդիպմանը, սակայն առիթից օգտվելով՝ երկկողմ հանդիպում անցկացնելու որեւէ ծրագիր չկա: Այս ամենը հուշում է, որ ինչքան էլ որ Ալիեւն ամերիկացիներին «ներդրում ունենալու» խոստում է տվել, սակայն դա դեռ գործնական հունի մեջ չէ: Եվ այդ իրավիճակում որքանո՞վ է իրատեսական, որ նույն Ալիեւի աշխատակազմը Նիկոլի աշխատակազմի հետ ամերիկացիների կամ եվրոպացիների միջնորդությամբ գաղտնի բանակցություններ վարեր «վստահության կառուցման ուղղությամբ»: Ինչքան էլ որ հայաստանյան որոշ գրանտակեր վերլուծաբաններ փորձում են համոզել, թե Օ’Բրայանի Բաքու այցը խիստ հաջող է եղել, եւ այդ ճնշման միջոցով էլ Ալիեւին ամերիկացիները պարտադրել են՝ գնալ իրենց միջնորդությամբ բանակցությունների: Բայց եթե Ալիեւն այսքան ձգում է՝ Բլինքենին թողնելով «անհամբեր սպասումների» մեջ, ուրեմն երեւի այդքան էլ լավ չեն ճնշել:
Իսկ եթե ընդունենք, որ ամերիկացիների միջնորդությունը չի եղել, կմնան ռուսները: Բայց այս դեպքում էլ այն հարցը կա, թե Արեւմուտքում ինչո՞ւ են այդքան ոգեւորվել Ալիեւի ու Նիկոլի այս պայմանավորվածություններով:
ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ
Ամեն դեպքում, մեկ հետաքրքիր ազդակ էլ այս պահին տեսանելի դարձավ: Երկար սպասումներից հետո արցախյան 120 կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ու համայնքների ղեկավարների ստորագրությամբ ուղերձ հայտնվեց շրջանառության մեջ: Մի կողմից, լավ է, որ արցախահայությունից, վերջապես, ինչ-որ միասնական դիրքորոշում հնչեց: Մյուս կողմից, առնվազն մտահոգությունների տեղիք է տալիս, որ այդ ուղերձը ստորագրողների ցանկում առաջնային դիրքերում է «Միասնական հայրենիք» կուսակցությունը: Այսինքն, սա Բաբայան Սամոյի նախաձեռնությո՞ւնն է. սա, իհարկե, այդ փաստաթղթի առանցքային հարցերից մեկն է: Հաշվի առնելով, որ բովանդակությունը եւս առնվազն տարակուսանքների տեղիք է տալիս: Մի կողմ թողնենք, որ այդտեղ հիմնականում «բարի ցանկություններ» են, ընդ որում՝ իրականությունից կտրված: Օրինակ՝ «Արցախի Հանրապետության ողջ սահմանի երկայնքով պետք է տեղաբաշխվեն ՄԱԿ-ի միջազգային բազմազգ խաղաղապահ ուժեր, ստեղծվի ապառազմականացված գոտի։ Լաչինի միջանցքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի վերահսկողությանն ու կառավարմանը։ Արցախի Հանրապետության տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը…»: Եվ սա այն դեպքում, երբ գործնականում ՄԱԿ-ի բոլոր անդամները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասվածը՝ Արցախով հանդերձ: Ավելին, ճանաչել են Հայաստանի իշխանությունները: Վերջապես՝ ճանաչել է նաեւ Արցախի պաշտոնական ղեկավարությունը. Արցախը լուծարելու մասին Շահրամանյանի հրամանագիրը հենց դա է նշանակում: Այսինքն, եթե արցախահայերը մտածում են ինչ-որ կոնկրետ գործողությունների մասին (ճիշտ, թե սխալ, դա այլ թեմա է), առաջին հերթին, այսինքն՝ այդ ուղերձի հենց առաջին կետով նախ սեփական դեռ գործող իշխանություններին պետք է դիմեին: ԱՀ նախագահին՝ սեփական հրամանագիրը չեղարկելու, եւ եթե նա չկատարի, ԱՀ ԱԺ-ին՝ նույն պահանջով: Շատ պարզ պատճառով. ընդամենը 19 օրից նաեւ թղթի վրա Արցախի Հանրապետություն գոյություն չի ունենա: Մինչդեռ նշված ուղերձով ողջ աշխարհից ինչ-որ բաներ են պահանջվում, բացի սեփական իշխանություններից՝ ամենակարեւորը: Ավելին, նույն «Միասնական հայրենիքն» իրեն համարում է խորհրդարանական առանցքային ուժ, այս պահին, քանի դեռ խորհրդարանի ղեկավարը Բաքվի բանտում է, այդ կուսակցության ներկայացուցիչն է ԱԺ նախագահի պաշտոնակատարը: Այսինքն, բոլոր հնարավորություններն ունի՝ մինչ նման ուղերձով հանդես գալը, նախ Շահրամանյանի հրամանագիրը չեղարկելու գոնե նախաձեռնություն ցուցաբերելու համար: Մինչդեռ հայտնվեցին լուրեր, որ ԱՀ ԱԺ-ն ինչ-որ գաղտնի նիստ է արել, եւ նման հարց օրակարգ չի բերվել:
Կարճ ասած, քանի դեռ կա Շահրամանյանի հրամանագիրը, Արցախի ապագային ուղղված որեւէ ռեալ քայլ անելն անիմաստ է: Ու պարզ հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ են արցախահայերի ուղերձի նախաձեռնողներն առանց «Ա» ասելու, թռնում «Բ»-ին: Չե՞ն գիտակցում, թե այս դեպքում որն է «Ա»-ն. միամտություն կլիներ այդպես մտածելը: Ուրեմն հատո՞ւկ է արված, որ դեռ Շահրամանյանի հրամանագրի չեղարկման մասին չխոսեն, բայց ցույց տան, թե պետք եղավ, կանցնեն ինչ-ինչ քայլերի՝ անկախ Շահրամանյանի հրամանագրից: Եթե այս տարբերակն է, հասնում ենք այլ հարցի՝ իսկ ի՞նչ է, մինչ այս պահը, երբ Արցախն արդեն բավական ժամանակ հայաթափվել է, այդ «պետք եղավի» պահը դեռ նո՞ր է գալիս: Ինչո՞ւ հենց հիմա, նո՞ր միայն «արթնացան»: Թե՞ «կողքից» ինչ-որ ուժերի պետք է հենց այս պահին այս մեխանիզմը գործարկել:
Այն, որ նման գործընթացը կարելի է դարձնել Ալիեւի գլխին կախված ճնշումային գործիք, դժվար չէ հասկանալ: Ու նման նախանշաններ մինչ այս էլ կային, որ արեւմտյան սցենարից «թռնելու» դեպքում ամերիկացիները կարող են Ալիեւին հռչակել ցեղասպան: Նաեւ, թե գլոբալ իմաստով որ թեւի վրա է Սամոն աշխատում, դա եւս հայտնի բան է: Այսինքն, եթե ենթադրենք, որ Ալիեւ-Նիկոլ գաղտնի բանակցություններն իրոք ռուսական միջնորդությամբ են անցկացվել, ապա այդ դեպքում ամերիկացիներն իրոք Ալիեւին ճնշելու ամեն միջոց պետք է որ գործադրեին:
Եվ այս ֆոնին, եթե նաեւ հաշվի առնենք այն խոսակցությունները, որ Նիկոլն այս պահին տրամադրված է այս ամիս մեկնել Սանկտ Պետերբուրգ, որի ընթացքում միանգամայն իրատեսական է Պուտին-Ալիեւ-Փաշինյան նոր հանդիպումը, ապա ներկայացված բոլոր զարգացումները սկսում են ավելի տրամաբանական տեսք ստանալ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ