Էլ ձգելու տեղ չկա, կտրուկ շրջադարձերի ժամանակը եկել է
Վերլուծություն
Այսպիսով, Բայրամովը Բրյուսելում նորից առաջ տարավ Ալիեւի հայտնի թեզը, ըստ որի` Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ բանակցել կա՛մ ուիղ ձեւով կա՛մ ՌԴ-ի միջնորդությամբ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=271640&l=am): Իսկ Արեւմուտքը, եթե չի ցանկանում օգնել, լավ կանի, որ գոնե չխանգարի: Այս հայտարարությունը մեկ բան եւս արձանագրում է: Այն է` որքան էլ հայաստանյան արեւմտամետ վերլուծաբաններն այս օրերին փորձում են քարոզել, թե Վաշինգտոնը կարողացել է «դարձի բերել» Բաքվին, սակայն իրականությունը միանգամայն այլ է. Բաքուն արդեն հրապարակավ եւ հենց ուլտրալիբերալիստների կենտրոնակայանում` Բրյուսելում է ի ցույց դնում Արեւմուտքի պահանջները չկատարելու պատրաստակամություն:
Բաքվի նման քաղաքականությունը, իհարկե, առաջին հերթին պետք է պայմանավորել ուկրաինական պատերազմում տիրող ներկա մթնոլորտով: Ռազմական տեսանկյունից այս պահին պատկերը սա է: Ռուսներն ակտիվորեն գրոհում են Ավդեեւկան: Ուկրաինական բանակը, ելնելով նաեւ քաղաքական դրդապատճառներից, վերջին ռեսուրսները կենտրոնացրել է այստեղ, ինչը սակայն այդպես էլ չի կանգնեցնում ռուսական հարձակումը, եւ մարտերն արդեն բուն Ավդեեւկայի տարածքում են: Միաժամանակ, ռուսները, ինչպես եւ սպասվում էր, հարվածում են այլ ուղղություններով, եւ այս պահին հիմնականում Բախմուտի հայտնի ռազմաճակատում, ընդ որում, գնալով էական դարձող հաջողությամբ: Իսկ ահա Կիեւն արդեն ռեզերվներ գործնականում չունի, նվազագույն մակարդակի է հասել զենք-զինամթերքը, եւ չի կարող բոլոր ուղղությունները համալրել: Չնայած, այստեղ միայն ուկրաինացիների թուլության խնդիրը չէ. ՌԴ-ին հաջողվեց տնտեսությունը անհրաժեշտ չափով տեղափոխել ռազմական ռելսերի, բանակը սկսեց վերագտնել իրեն` դառնալով այն բանակը, որին ռուսները սովորաբար հասնում են մեկ-երկու տարվա պատերազմից հետո: Ու, թերեւս, հենց սա է այն առանցքային դրվագը, որը Ալիեւը ու ոչ միայն նա հաշվարկներից չի կարող հանել. ռուսները վերստեղծում են «հաղթող ռուսական բանակ» «բրենդ», եւ դա գնալով միայն էլ ավելի ցցուն կդառնա:
Հաջորդը, որը Ալիեւի համար պետք է, որ առանցքային լինի, ներամերիկյան իրողություններն են: Բայդենն ընդունեց Զելենսկուն, եւ ըստ հեղինակավոր աղբյուրների` նրան վերջնագիր կներկայացնի. կանգնեցնել պատերազմը կամ Վաշինգտոնը կանցնի Ուկրաինայում նոր «հեղափոխության»: Զելենսկին կանխավ մերժեց` մինչ Բայդենին հանդիպելը նորից խոսելով «հաղթական պատերազմի» մասին: Նախ, գիտակցելով, որ անձամբ ռուսների հետ խաղաղության պայմանագիր ստորագրելով, անգամ ԱՄՆ-ում պատսպարվելով, հազիվ թե խուսափի միլիոնից ավել ուկրաինացու մահվան համար: Եւ երկրորդը. թերեւս Զելենսկին էլ է սկսել կռահել, որ մեծ հարց է` կարո՞ղ է Բայդենն իր սպառնալիքներն իրականացնել:
Թեկուզեւ հաշվի առնելով Reuters-ի տարածած երեկվա լուրը. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 13-ին կքվեարկի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին իմպիչմենթի ենթարկելու նպատակով հետագա հետաքննությունը թույլատրող բանաձեւը։ Բայդենին հասցեագրվող մեղադրանքների ցանկը շատ մեծ է` բյուջեի անհասկանալի ծախսերից սկսած, որդուն ներկայացրած քրեական մեղադրանքներով վերջացրած: Դա մի քանի իմպիչմենտի հնարավորություն է տալիս, մեծ է հավանականությունը, որ Կենգրեսի հանրապետական մեծամասնությունը կողմ կլինի, նաեւ, որ հետագայում Սենատի դեմոկրատ մեծամասնությունը իմպիչմենտը կարգելափակի: Սակայն այս դեպքում իմպիչմենտի հասնել-չհասնելը չէ, որ առաջնայինն է: Բայդենն այս պահին ունի գահավիժող վարկանիշ, արդեն էապես հետ է մնացել Թրամփից: Եթե դրան գումարվի այս իմպիչմենտի թեման, անկախ դրա վերջնական արդյունքից, դա, մեծ հավանականությամբ, դառնալու է գալիք տարվա ընտրություններում Բայդենի պարտության «դագաղի վերջին մեխը»: Իսկ նման տրամադրությունների պարագայում ամերիկյան գործող վարչակազմին հազիվ թե ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ դրսում «հավուր պատշաճի» վերաբերվեն: Ուկրաինայի օրինակով. Սպիտակ տունը սպառնում է հեղաշրջումո՞վ. Դա հազիվ թե Զելենսկին մի այնպիսի սարսափելի բան համարի, որ վազի` Բայդենի պահանջները վայրկյան առաջ կատարելու:
Իսկ Ալիեւը Զելենսկի չէ, Հեյդարովիչը կարող է Զելենսկու օրինակից շատ բան քաղել: Նիկոլն էլ, միգուցե, սկսում է հասկանալ, բայց ունենալով թիմ, որոնց համար Արեւմուտքում Բայդենից բացի այլ հեղինակություններ կան:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ