Վաշինգտոնն ու Լոնդոնը խառն է. Հայաստանը հաստատ չորրորդական պլանում է
Վերլուծություն
Ինչպես եւ սպասվում էր, Բրիտանիայում հերթական ներիշխանական ճգնաժամն է հասունացել: Վարչապետ Ռիշի Սունակի վարկանիշը հասել է ռեկորդային ցածր մակարդակի, հարցված բրիտանացիների միայն 21%-ն է աջակցում նրան, ինչը համեմատելի է նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ հրաժարականի ժամանակ ունեցած ցուցանիշի հետ: Ընդ որում՝ Սունակի վարկանիշը վերջին ամսում գահավիժել է 10 կետով:
Այսինքն, պահպանողականները Ջոնսոնին փոխեցին Սունակով՝ սպասվող պառլամենտական ընտրություններից առաջ կուսակցության վարկանիշը փրկելու համար, եւ հիմա նույն վարկանիշային գերանկումների առաջ են: Հիմա էլ Սունակին փոխելու արշավ է՝ սպասվող ընտրություններում վիճակը փոխելու համար, կանխատեսվում է քաոսային վիճակ, եւ արտաքին հարցերում Լոնդոնի ուշադրությունը, թերեւս, էականորեն կնվազի: Այսինքն, եթե վերջերս ՀՀ ԱԽՔ-ը Լոնդոնում էր ինչ-ինչ ակնկալիքներով, նկարագրված իրողությունները կարող են նրան բավականին հիասթափեցրած լինեն:
Մյուս կողմից` էլ ավելի բարդ իրավիճակ է այս պահին ստեղծվել Վաշինգտոնում: Երեկ ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց Բայդենին իմպիչմենտի ենթարկելու հետաքննության մասին բանաձեւը, որի մասին շատ է խոսվել: Օրինակ, հանրապետական կոնգրեսական Ջեյմս Քոմերին նկարագրեց նման պատկեր. «Ես կարծում եմ, որ մենք այսօր շատ հստակ ասել ենք մեր տեսակետը: Մենք ամիսներ ծախսեցինք այս հետաքննության վրա՝ հավաքելով ապացույցներ: Հիմա մենք ուղղակիորեն վկաներ ենք փնտրում, քանի որ Բայդենների ընտանիքի գործողություններում միանշանակ կա հանցավոր բաղադրիչ։ Այսպիսով, մենք ունենք մի հարց, որը ամերիկացիների մեծ մասն ինքն իրեն է տալիս. «Ի՞նչ արեցին Բայդենները, որպեսզի տասնյակ միլիոնավոր դոլարներ ստանան ամբողջ աշխարհից»»: Այսինքն, մեղադրանքը, ըստ այդմ՝ իմպիչմենտի հիմքերը շատ լուրջ են: Առավել եւս, երբ մինչ այդ հերթական քրեական գործը բացվեց Բայդենի որդու դեմ, եւ այս դեպքում էլ խոսքը լուրջ ֆինանսական հանցագործության մասին է:
Մեզ համար, թերեւս, շատ էական չէ, թե ինչ ընթացք կունենա իմպիչմենտի գործընթացը: Ամենայն հավանականությամբ, Կոնգրեսում ընդունվի, լիբերալ մեծամասնությամբ Սենատում կմերժվի, եւ այդ ամբողջ ընթացքը, որը տեղի է ունենալու ամերիկյան ընտրողի աչքերի առաջ, ընտրությունների շեմին հսկայական հարված կհասցնի Բայդենի վարկանիշին: Բայց այս ամբողջ ընթացքում, պաշտոնական Լոնդոնի օրինակով, նաեւ պաշտոնական Վաշինգտոնի ուշադրությունն է հիմնականում կենտրոնացած մնալու այս ներքին ծանր խնդիրների վրա: Այսինքն, ինչպես ժամանակին ենթադրում էինք, հայ-ադրբեջանական ուղղությամբ ինչ-որ հարցեր լուծելու ռեալ հնարավորության Վաշինգտոնի ժամկետները սահմանափակ են, մինչեւ այս տարեվերջ, եւ ներկա զարգացումները հենց դրա մասին են խոսում:
Մյուս կողմից, արդեն հաստատ կարելի է ասել, որ վերջնականապես ձախողված կարելի է համարել նաեւ Զելենսկու վերջին վաշինգտոնյան այցը: Միայն փաստը, որ Բայդենը փորձեց նրան Կոնգրեսի ամբիոն դուրս բերելով՝ լուծել Ուկրաինայի համար ֆինանսավորում ստանալու խնդիրը, արդեն իսկ Սպիտակ տան համար խայտառակ էր: Եվ երբ Կոնգրեսում Զելենսկու մասնակցությամբ սարքված շոուից անմիջապես հետո նույն Կոնգրեսը Բայդենի իմպիչմենտին վերաբերող որոշում ընդունեց, արդեն իսկ պարզ ցուցիչ էր, որ Զելենսկուն մեկ ցենտ անգամ չեն տվել: Իսկ CNN-ի հիշեցումը, թե՝ մեկ տարի առաջ, Սպիտակ տանը իր ուկրաինացի գործընկերոջ կողքին կանգնած, նախագահ Ջո Բայդենը ամերիկյան աջակցություն խոստացավ Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի», եւ հիմա դա չի կատարվում, եւս մեկ հարված էր Բայդենի վարկանիշին՝ որպես հարց լուծել չկարողացողի:
Բնականաբար, այս ամենը տեսնելով, Եվրոպան եւս կշտապի փողի հոսքը դեպի Կիեւ փակել, ու թե այս վիճակում ինչ է լինելու ուկրաինական պատերազմի հետ, երեւի հասկանալի է: Ու այսօր, թեեւ Ուկրաինային եւ Մոլդովային խոստացան ԵՄ անդամակցություն, բայց էլի խոստացած 50 միլիարդ եվրոն չեն տալիս: Չնայած, անդամության բանակցությունենրը տարիներ կտեւեն, եւ թե այդ ընթացքում կլինի՞ Ուկրաինա կամ ինչպիսի՞ն, մեծ հարց է:
Ավելին, Պուտինը, ըստ էության, փակեց Բայդենի եւս մեկ ծրագիր՝ շտապ կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցություններ՝ փորձելով գոնե սառեցնել պատերազմը: Եվ ահա ՌԴ նախագահը երեկ հայտարարեց. «Խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ Ռուսաստանի նպատակները կյանքի կոչվեն: Ապաազգայնացման հարցը շարունակում է արդիական մնալ: Ուկրաինական կողմը չի ցանկանում պայմանավորվել, մենք ստիպված ենք այլ միջոցներ ձեռնարկել»:
Այսպիսով, մի կողմից ենթադրելի է, որ սկսվում է մեր տարածաշրջանում, այսպես ասենք, անգլոսաքսոնական ուշադրության թուլացման փուլ: Մյուս կողմից, ակնհայտորեն ամրանում են Ռուսաստանի ռազմական դիրքերը, որոնք արդեն իսկ ընդգծված տեսք ունեն ուկրաինական ռազմաճակատներում եւ առաջիկա ամիսներին, եթե ոչ շաբաթներին կդառնան էլ ավելի ցցուն: Այս իրավիճակում, թե որ բանակցային հարթակը կնախընտրեն Ալիեւն ու Փաշինյանը, դեռ որոշակի ինտրիգ պարունակում է, սակայն տրամաբանական պատասխանը, թերեւս, հասկանալի է:
Տե(ս նաեւ https://iravunk.com/?p=271835&l=am
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ