Մոսկվայի առաջարկները Նիկոլին` Սանկտ Պետերբուրգից առաջ
Վերլուծություն
Թեեւ շրջանառվում է այն ընդհանրական կարծիքը, թե հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են վատթարագույն մակարդակի վրա, սակայն անցած շաբաթվա վերջերին նկատվեցին որոշ երեւույթներ, որոնք այդ հարցով ամենալուրջ մտածմունքների տեղիք են տալիս: Ամեն դեպքում, դատելով այն հայտարարություններից, որոնք լսվեցին ռուսական վերին էշելոններից, Հայաստանի հետ կապված, այն տպավորությունն է, որ Մոսկվան փորձում է մեր երկրի ուղղությամբ որոշակի լուծումների հասնել:
ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ՌԴ ԱԳՆ-Ն
ՌԴ-ից եկած այդ հայտարարությունների ցանկում, իհարկե, նախ պետք է աչքաթող չանել ԱԳՆ-ից եկած առաջարկները, որոնց տակ դժվար չէր նաեւ նախազգուշացումներ, եթե ոչ՝ սպառնալիքներ տեսնել: Նախ, կարելի է առանձնացնել ԱԳ նախարարի խոսքը, որով Լավրովը հերթական անգամ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը կապեց Արեւմուտքի գործունեության հետ. «Այսօր Մոսկվայի եւ Երեւանի միջեւ դաշնակցային կապերը ստուգվում են մեր եղբայրական ժողովուրդների հարաբերությունների մեջ սեպ խրելու Արեւմուտքի փորձերի լույսի ներքո», - ասել է Լավրովը: Իսկ ահա ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի խոսքում ավելի լավատեսական տրամադրություններ էին. «Ռուսաստանը երբեք չի փակել երկխոսության դռները եւ չի արգելափակել շփումների հնարավորությունները, առավել եւս այնպիսի դաշնակիցների հետ, ինչպիսին Հայաստանն է»:
Իսկ ահա կոշտ թեմաները «ջրի երես հանելուն» միտված ԱԳՆ խոսնակ Զախարովայի հայտարարության տողատակերում շատ ավելին կարելի էր տեսնել: Նա մի կողմից անդրադարձավ Ռուսաստանի հասցեին «Երեւանում որոշ քաղաքական գործիչների դժգոհություններին»՝ արցախյան իրադարձությունների եւ այդ համատեքստում՝ 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի «անարդյունավետության» թեմային՝ նախ հիշեցնելով. «Եռակողմ համաձայնագրերի շարքը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարություններից բաղկացած Բաքվի եւ Երեւանի հաշտեցման ոչ այլընտրանքային «ճանապարհային քարտեզ» է»: Նաեւ, որ. «Այս համաձայնագրերը մնում են ուժի մեջ, կողմերից ոչ մեկը հետ չի վերցրել իր ստորագրությունը դրանց վերաբերյալ»:
Իսկ թե ինչու այդ փաստաթղթերն արդյունք չեն տվել, Զախարովան նորից նախ մատնանշում է Պրահայի տխրահռչակ հայտարարությունը, որը. «Արմատապես փոխեց իրավիճակը» Արցախում:
Սա նոր բան չէ, նման հայտարարություններ Մոսկվայից էլի են եղել, եւ թեեւ այս անգամ ընդհանուր տոնայնությունից կարելի էր նաեւ սպառնալից նյուանսներ նկատել, որ կարող են շատ փակագծեր բացվել այս մասին: Օրինակ. «Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Երեւանն էր, որ ժամանակ առ ժամանակ ամեն կերպ «սառեցնում էր» ելքը դեպի կոնկրետ պայմանավորվածություններ՝ եռակողմ աշխատանքային խմբի միջոցով՝ փոխվարչապետների համանախագահությամբ…»: Նույնը՝ կապված սահմանազատման գործընթացի հետ:
Իսկ ապագայի մասով նախազգուշացումը բացահայտ էր. «Հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի բացակայությունը, մենք չափազանց վտանգավոր ենք համարում այս կարեւոր փաստաթղթերից հրաժարվելու փորձերը։ Նման քայլն անխուսափելիորեն կբերի լուրջ ռիսկերի, առաջին հերթին հենց Հայաստանի համար։ Արեւմտյան կեղծ միջնորդների օգնությամբ հնարավոր չի լինի կանգնեցնել այդ մարտահրավերները։ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն եւ կայունություն հաստատել Հայաստանի եւ Հարավային Կովկասի այլ պետությունների համար, նրանց խնդիրն այլ է. մեզ եւ տարածաշրջանային մյուս խաղացողներին դուրս մղել, լարվածության նոր օջախ ստեղծել Բալկաններից, Մերձավոր Արեւելքից եւ Ուկրաինայից հետո»:
Ապա հետեւում է այս իրավիճակից ելքի առաջարկ. «Մենք հաստատում ենք շատ մոտ ապագայում Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կազմակերպելու մեր առաջարկը»:
ՌԴ ԱԳՆ-ից եկած ազդակի ընդհանրական իմաստը կարելի է գնահատել այսպես. Հայաստանը սկսեց շարժվել արեւմտյան ծրագրերով ու հասավ ներկա իրողություններին: Եվ հիմա Հայաստանը կանգնած է երկու ուղղություններից մեկն ընտրելու շեմին: Կա՛մ կարող է որոշել «վերջնականապես հրաժարվել «եռակողմ պայմանավորվածություններից»», ինչը ՌԴ ԱԳՆ-ն «չափազանց վտանգավոր» է համարում ու, բնական է, Հայաստանի համար: Կա՛մ պետք է հստակ վերադառնա «եռակողմ պայմանավորվածություններին»: Ընդ որում՝ «շատ մոտ ապագայում», եւ դրա տակ կարելի է եզրակացնել, որ խոսքը վերաբերում է մեկ շաբաթից՝ դեկտեմբերի 25-26-ին Սանկտ Պետերբուրգում ծրագրված ԵՏՄ-ի եւ ԱՊՀ-ի ղեկավարների հանդիպումներին: Ավելի կոնկրետ, այդ շրջանակներում Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպում կազմակերպելու «բաց պատուհանին»:
ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ՌԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ահա այս իրավիճակում ամբողջ հարցն այն է, թե ինչ կանի Նիկոլը: ԵՏՄ-ի նիստին նա դժվար թե կարողանա չգնալ: Այդ նիստում նախատեսված է ստորագրել ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ «Ազատ առեւտրի գոտու» մասին համաձայնագիրը: Դրան ոչ միայն Մոսկվան է մեծ կարեւորություն տալիս, այլ, հազիվ թե որեւէ մեկը հերքի, որ նաեւ Հայաստանի համար ունի արտակարգ նշանակություն բոլոր ասպեկտներում՝ տնտեսությունից մինչեւ անվտանգություն: Եվ այդ փաստաթղթի ստորագրումից «թռնելը» հաստատ Նիկոլին չի ների ոչ միայն Մոսկվան, այլ նաեւ` Թեհրանը:
Բայց դեկտեմբերի 25-ին լինելով Սանկտ Պետերբուրգում` նա կարո՞ղ է խուսափել հաջորդ օրը նախատեսված ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովից, որին, ըստ ներկա տվյալների, Ալիեւը ծրագրում է մասնակցել: Ամեն դեպքում, կարելի է կռահել, որ այս օրերին Նիկոլի հետ Մոսկվան ակտիվ աշխատանքներ տանում է: Նախ, Եվրասիական բանկից հայտնեցին Հայաստանում բավականին ծավալուն ներդրումային ծրագրերի մասին: Խոսքը մասնավորապես Երեւանում «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման մասին է: Եվ որ շատ հետաքրքիր է, Գյումրու տրանսպորտալոգիստիկ կենտրոնի մասին, որը, թերեւս, պետք է դիտարկել նաեւ Գյումրի-Կարս երկաթուղու հնարավոր գործարկման ֆոնին:
Սրանից զատ, Երեւանում ոչ պակաս ճոխ հայտարարություններ հնչեցրեց նաեւ ՌԴ փոխվարչապետ, կոմունիկացիաների վերագործարկման հարցով Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ փոխվարչապետների խմբում ՌԴ ներկայացուցիչ Ալեքսեյ Օվերչուկը: Նախ. «Մենք աջակցում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռչակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կառուցմանը», որը հնարավոր չէ տարանջատել նշված փոխվարչապետների եռակողմ խմբի գործունեության՝ հայ-ադրբեջանական կոմունիկացիաների վերագործարկման գործընթացից: «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի չորրորդ փուլի շինարարությունը ֆինանսավորվում է Կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցով»,- ավելացրեց Օվերչուկը՝ նաեւ նշելով, որ դիտարկվում է նաեւ Քաջարանի թունելի կառուցմանն աջակցելու որոշումը: Բացի այդ, «Ռոսատոմը» կարող է մեծ ծրագիր սկսել «Նաիրիտում»: Օվերչուկը նաեւ հիշեցրեց, որ ռուսական կողմը հերթական անգամ երկարացնելու է հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը, եւ. «Հայաստանն ու Ռուսաստանը բանակցում են հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման շուրջ», եւ այլն:
Թե ինչի հետ է պետք կապել այս բոլոր ծրագրերը, դժվար չէր հասկանալ Օվերչուկի խոսքից՝ Ռուսաստանը պատրաստ է շարունակել օգնությունը Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, այդ թվում՝ երկաթուղային: Ընդ որում. «Աշխատանքային խումբը հանդիպել է, փաստաթղթեր են մշակվել, որոնք բարձր պատրաստվածության մեջ են: Խոսքն առաջին հերթին երկաթուղային երթեւեկության ապաշրջափակման մասին է»: Այսինքն, անմիջապես կարելի է ներկայացնել երեք պետությունների ղեկավարների վերջնական հաստատմանը, եւ այս դեպքում էլ նորից ուրվագծվում է Սանկտ Պետերբուրգում հնարավոր եռակողմ հանդիպումը: Ընդ որում, այս ամենը ներկայացվեց բաց հայտարարությունների տեսքով, եւ այն, որ շատ ավելի լուրջ է քննարկվել նաեւ Նիկոլի հետ հանդիպման շրջանակներում, դժվար չէ կռահել:
ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ՆԻԿՈԼԻՑ
Թե ինչ վերջնական կողմնորոշման է գալու Նիկոլը, չշտապենք ենթադրություններում՝ հաշվի առնելով, որ նրա կողմնորոշումները շատ արագ կարող են փոխվել: Սակայն նա որոշ փաստեր ոչ մի դեպքում հաշվից հանել չի կարող: Նախ, Ալիեւը շարունակում է «թարս նայել» արեւմտյան հարթակում բանակցություններին եւ թե ինչու, դժվար չէ հասկանալ: Նաեւ, նախօրեին Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման փոխնախարար Շահրիյար Աֆանդիզադեն հայտարարց, որ սկսվում է Ռեշտ-Աստարա, այն է՝ Ադրբեջանն Իրանին կապող երկաթուղու շինարարությունը: Այն, ինչպես հայտնի է, «Հյուսիս-Հարավ» մեգանախագծի հիմնական բաղադրիչներից է, եւ եթե Հայաստանն այս փուլում դուրս մնա ընդհանրական գործընթացներից, Նիկոլը հաստատ ստիպված է լինելու խաչ քաշել իր իսկ «Խաղաղության խաչմերուկի» վրա: Գումարած` ՌԴ ԱԳՆ-ի նախազգուշացումները:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ