ՀԱՅԱՍՏԱՆԻՆ «ԿԱՐՄԻՐ ՔԱ՞ՐՏ» ԵՔ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ. ԻՅԱ՜, ԻՐՈ՞Ք
Վերլուծություն
Նոր աղետների անոնս. Փաշինյանի հարցազրույցի մեսիջները,- այսպես բնութագրեց քաղաքական մեկնաբան Աբրահամ Գասպարյանը կապիտուլյանտի գարշախոսությունը Հ1-ի եթերում: Մինչ Հանրապետության հրապարակում հրավառությամբ խանդավառ «տոնում» էին Արցախի անկումը, Նիկոլը, ռեխը մինչև ականջները լոճած, փորձում էր «կարմիր քարտ» ցույց տալ Հայաստանին ու հայությանը, Արցախը որակելով բեռ, որը տասնամյակներով խանգարում էր ՀՀ անվտանգությանը:
ՆՈՐ ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐ` ԿՐԿՆԱԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Եվ մեղավոր հռչակեց բոլոր նախկիններին, նաև ռուսներին` Պուտինով հանդերձ... Թե` եթե Պուտինը Ղարաբաղը Ադրբեջան է համարում, խեղճ Նիկոլն ի՞նչ անի: Նորմալ մարդիկ մեծամասամբ չէին լսում գերագույն դավաճանի գարշախոսությունը, որպեսզի սթրեսի չենթարկվեն, զի դա հայախոս թուրքի խոսույթ էր ծայրեծայր: Իսկ պլեբսը հրճվում էր տոնածառի տակ: Յա՜խք...
Զուգահեռաբար Ստեփանակերտում հրճվանքի սեանս էր տալիս Նիկոլի «կիրթ ու կառուցողական ընկերը»` Իլհամը, ով մարզադաշտում հետևել է Ադրբեջանի ֆուտբոլային գավաթի առաջնության 1/8 եզրափակչի «Ղարաբաղ»–MOIK ակումբների հանդիպմանը։ «Չորս տարի առաջ այս մարզադաշտում ոմանք ասում էին, որ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։ Մենք նրանց ապացուցեցինք, որ Ղարաբաղն Ադրբեջան է»,– ասել է մազութային բռնապետը։ Նա հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքում արդեն տեղադրված են ադրբեջանական դրոշներ. «Այսուհետ այս հողերի վրա հավերժ ծածանվելու է Ադրբեջանի դրոշը։ Մենք՝ ադրբեջանցիներս, հավերժ կապրենք այստեղ»։
Բայց եթե «հավերժ ապրող» եք, ապա ինչո՞ւ եք այդքան կարևորում ու պահանջում, որ Հայաստանում երբեք չլինեն ռևանշիստական տրամադրություններ: Եվ ինչո՞ւ է Նիկոլը «պարգևառատ» այց կատարում «շպիոն բռնելու» փոխարեն «սատանա» և ընդդիմադիր բռնող ԱԱԾ. «Նախ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել կատարված և կատարվող աշխատանքի համար: Իհարկե, ինչպես բոլորիս աշխատանքը, Ազգային անվտանգության ծառայության աշխատանքն էլ անթերի չէ և չէր կարող լինել, բայց պիտի արձանագրեմ, որ, ընդհանուր առմամբ, Ազգային անվտանգության ծառայությունը նախորդ տարվա ընթացքում կատարել է անվտանգությունն ապահովելու իր առջև դրված խնդիրը: Եվ այս առումով, մենք վստահ ենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատանքի որակը գնալով բարելավվում է, և իհարկե, կառավարությունն ամեն կերպ քաջալերելու է այս գործընթացը»:
Կապիտուլյանտն ընդգծել է, որ Ազգային անվտանգության ծառայության ինստիտուցիոնալ հզորացումն առաջնահերթություն է կառավարության համար: «Եվ Ազգային անվտանգության ծառայությունը հասկանալիորեն այս ուշադրության իմաստով ամենևին էլ երկրորդական տեղերում չէ, և տնօրենն արդեն նշեց՝ 2018 թվականից ի վեր Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորումն, ըստ էության, եռապատկվել է»: Բանակի ծախս չեն եռապատկում, եռապատկում են ազգային անվտանգությանը զրո օգուտ տված «աբազնոցի» ֆինանսավորումը, զի այն ռեպրեսիվ մարմին է և այժմ իրեն դրսևորում է որպես НКВД–ի լիարժեք շարունակություն:
Ասում են, թե այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն ազատ է արձակվելու դատարանի դահլիճից, զի նրա գործի` մատից ծծած լինելը ակնհայտ է անգամ նիկոլական դատարանին: Բայց փոխարենը նոր թիրախ են գտել` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) հասարակական–քաղաքական գործիչ, «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանին մեղավոր ճանաչեց և նախադեպը չունեցող աբսուրդային արգելք դրեց նրա հանրային–քաղաքական գործունեության վրա՝ պարտավորեցնելով 2 տարի 6 ամսով չկազմակերպել հավաքներ և չմասնակցել դրանց։ Այս մասին նշված է «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի հայտարարության մեջ։ Պատկերացնո՞ւմ եք` մարդուն արգելեն հանրահավաքները, ցույցերն ու երթերը, դահլիճային հավաքները... Հավանաբար, խունտան չի կարողացել նրան դարձնել արտահերթ ընտրություններ պահանջող փողոցային շարժման կազմակերպիչ և հիմա փաստացի ընդհանրապես արգելում է հասարակական–քաղաքական գործունեությամբ զբաղվել...
Իսկ միգուցե Նիկոլն իր «շուստրի գեղացի» հալով նախադե՞պ է ստեղծում, որ խունտայի դեմ պայքարողների դեմ կիրառի ոչ թե բանտարկություն, այլ հանրային որևէ գործունեության արգելք: Օրինակ, Աշոտյանի դեպքում բանտը չծառայեց լռեցնելու գործիք, լայվերի փոխարեն հիմա նույնքան սուր գրավոր խոսք է:
ԻՆՉԻՑ ԵՆ ԱՆՀԱՆԳԻՍՏ ԹՐՔԱԽՈՍ ԵՎ ՀԱՅԱԽՈՍ ԱԶԵՐԻՆԵՐԸ
Ալիևի պարծենկոտությունը, այնուամենայնիվ, քողարկում է մազութային սուլթանատի որոշակի վախերն ու անհանգստությունը: Թշնամու քայլերին և քարոզչությանը մշտապես հետևող «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն արձանագրում է. «Ադրբեջանական հիմնական քարոզչական կանալներից մեկը, տարբեր երկրներ ներկայացնող պրոֆեսորների, փորձագետների մասնակցությամբ ծավալուն նյութ է պատրաստել, որտեղ փորձել է «վերլուծել» նախագահ Սերժ Սարգսյանի` Արցախի հարցով հնչեցվող հայտարարությունները: Ադրբեջանին մտահոգել է Արցախի հարցով հնչող պահանջատիրական դիրքորոշումը, որը որպես ռևանշի հնարավորություն է դիտարկվում: Այս համատեքստում ադրբեջանական քարոզչական մեքենան փորձել է «մեկնաբանել» Սերժ Սարգսյանի` Լեհաստանի նորընտիր վարչապետ Տուսկին ուղղված շնորհավորանք–ուղերձները, որի տակ, ըստ ադրբեջանցիների, սպառնալիք է թաքնված: Որքան էլ Ադրբեջանը տարբեր միջազգային ամբիոններից հայտարարի, որ Արցախի հարցը լուծված կամ փակված է, ակնհայտ երևում է, որ նա նույնիսկ իր հնչեցրածի մասով անհանգստություններ ունի: Այո՛, այսօր Ադրբեջանը, ի դեմս Հայաստանի իշխանության, ունի գաղափարական գործընկեր, համախոհ, բայց դա միայն ժամանակավոր պատուհան է Բաքվի համար, որից վերջինս փորձում է առավելագույնս օգտվել»:
Փաստորեն, թուրքը գլխավոր ռևանշիստ է համարում ՀՀ երրորդ նախագահին: Իսկ ինչ վերաբերում է Բաքվի «ժամանակավոր պատուհանի» հայախոս պահապան Նիկոլին, կապիտուլյանտի՝ սեփական վախերից ու հավակնություններից բխող աշխարհաքաղաքական խաղը Հայաստանը կարող է դարձնել մի քանի հազար քառակուսի կիլոմետրանոց ռեզերվացիա: Քանզի նա պատրաստ է ցանկացած զիջումների, միայն թե պահպանի սեփական աթոռը: Սակայն Գեղարքունիքում ուրվագծվեց սոցիալական բունտի ուրվականը: Նորատուսում ձկնորսները, բառիս բուն իմաստով, «գեղարքունիք» արեցին Նիկոլի և Դանչիկի սիրելի պարեկներին: Է՛լ, «հին և բարի» Մոլոտովի կոկտեյլներ, է՛լ «տուր թե կտաս» շան, այսինքն` պարեկի ճակատին, իսկ Սևանի ջրերի վրա նրանք ձկնորսությունն արգելողների դեմ գործեցին ոչ պակաս արդյունավետ, քան Սոմալիի ծովահենները:
Եվ հարկ է արձանագրել, որ չնայած շուրջ 30 ձերբակալությունների, Ղազարյան Վահիկի «քաջն» ոստիկաններն ու ոստիկանական զորքերը առանձնապես հաջողության չհասան: Նորատուսի «մարտերի» թարմ հետքերով գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը նույնիսկ անեկդոտ է մոգոնել. «Ուրեմն էս պարեկները սուզանավով մտնում են Սևան ու ջրի տակից գնդակոծում Նորատուսը:
Մի քյավառցի, քեֆը լավ գալիս նայում է, ասում է.
— Յա, գյա՛, էս ի՞նչ են անում:
Թե բա` գնդակոծում են, ձև չունենք դեմը առնելու:
— Յա, 2 շիշ օրաղ տվեք, խարցերը լուծեմ:
Գնում արաղը բերում են, էս քյավառցիս հանվում, մտնում է ջուրը, մի տաս րոպեից կրակը դադարում է, նորատուսցիք զարմացած` հարցնում են, թե ախպեր, էս ի՞նչ արիր, որ հանդարտվեց…
— Հեչ, մտա ջրի տակ, սուզանավի դուռը ծեծեցի, էշ–էշ բացին»:
Անեկդոտը` անեկդոտ, սակայն սոցիալական խնդիրները գնալով ծանրանում են, օրինակ, ՌԴ–ից ֆինանսական փոխանցումները 48 տոկոսով նվազել են: Իսկ եթե Նիկոլին իր թատերականացված ռուսաֆոբիայով հաջողվի հասնել Մոսկվայի կողմից պատժամիջոցների կիրառմանը, ապա առանց ապրուստի միջոցի մնացած բազմահազար քաղաքացիները կլինեն ոչ պակաս գազազած, քան նորատուսցիները կամ ծովագյուղցիները: Սոված և գազազած քաղաքացիների դեմ ոչ մի ոստիկանություն չի օգնի: Այնպես որ, թող ՔՊ–ն նայի պարեկներին և իրեն խղճա...
Ի դեպ, Երևանում էլ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը շարունակում է «Ո՛չ թալանին» կարգախոսով բողոքի և իրազեկման ակցիաները, և դեկտեմբերի 26–ին պատրաստվում են շրջափակել քաղաքապետարանը... Բայց հիշենք, թե քանի ժողովրդական ընդվզումներ է «փչացրել» Անդրանիկ Թևանյանը: Արդյո՞ք սրանով կանխավ «գոլորշի բաց թողնել» չի արվում: Թե չէ սոցիալական ընդվզումը մայրաքաղաքում լրիվ կդառնա կապիտուլյանտական խունտայի վերջը:
Նիկոլն ունի ընդամենը երկու միջոց` դրա դեմն առնելու: Մեկը` ամեն կերպ անել, որ մարդիկ «ոտքերով քվեարկեն» և արտագաղթեն, երկրորդը` կազմակերպված ձևով «գոլորշի բաց թողնել»: Ռեպրեսիվ միջոցները հաստատ աշխատող չեն, և կապիտուլյանտը դա լավ գիտի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ