Մեծ արհավիրք կամ մեծ օգուտ. ընտրությունը Հայաստանինն է
Վերլուծություն
Երեկվա իր բրիֆինգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=272326&l=am) Հայաստանի համար կարեւորվող եւս մեկ տեղեկատվություն հաղորդեց: Այն է` վերջնական համաձայնություն է ձեռք բերվել Թեհրան-Մոսկվա ռազմավարական գործընկերության համապարփակ համաձայնագրի մասին, եւ այն կստորագրվի բարձր մակարդակի առաջիկա շփումների ժամանակ:
Սպասվում էր, որ ՌԴ-Իրան ռազմավարական համագործակցության մասին նման փաստաթուղթ ստորագրվելու էր Իրանի նախագահի վերջին մոսկովյան այցի շրջանակներում: Սակայն խոսակցություններ տարածվեցին, որ մասնավորապես` ռազմական ուղղությանը վերաբերող որոշ հարցեր դեռ վերջնականապես պատրաստ չեն, եւ ստորագրումը հետաձգվեց: ԱՄՆ-ում դա շտապեցին ընդունել, որպես իրենց համար շատ լավ լուր, բայց երեւում է, որ ուրախությունը կարճ է տեւելու:
Այդ փաստաթղթի դետալների մասին դեռ շատ մանրամասներ հայտնի չեն: Սակայն կան մասնագիտական գնահատականներ, որ խոսքը շատ լուրջ փաստաթղթի մասին է, որ շատ ավելի մեծ չափով կենտրոնացած է անվտանգային եւ ռազմական թեմատիկայի վրա: Կան նաեւ տնտեսական դետալներ, բայց ոչ ամբողջ խորությամբ, հաշվի առնելով նաեւ, որ ՌԴ-ի եւ Իրանի տնտեսական հարաբերությունների խորացումը նախատեսվում է նաեւ ԵՏՄ-Իրան հարաբերությունների շրջանակներում կառուցել, եւ Միության առաջիկա նիստում, որը տեղի է ունենալու Սանկտ Պետերբուրգում, ծրագրված է այդ փաստաթղթի վերջնական հաստատումը:
Այսպիսով, ՌԴ-ն եւ Իրանն ի ցույց են դնում հարաբերությունները բոլոր ուղղություններով աննախադեպ զարգացման հասցնելու ծրագրեր, եւ դժվար չէ հասկանալ, որ դա միաժամանակ Հարավային Կովկասի ուղղությամբ նկատելիորեն սրելու է Մոսկվայի եւ Թեհրանի հայացքը: Մասնավորապես` Ադրբեջանի հարցում կարծես թե շատ բան արդեն իսկ հստակ է: Մասնավորապես, նախօրեին պաշտոնապես հաստատվեց, որ արդեն իսկ սկսվում է Իրանն ուղիղ գծով Ադրբեջանին եւ Ռուսաստանին կապող Աստարա-Ռեշտ-Քազվին երկաթուղու շինարարությունը, որի շահագործման միայն առաջին տարում բեռնափոխադրումները, ըստ նախագծի, կազմելու են 10 միլիոն տոննա` հետագայում շատ ավելի աճելու տեսլականով: Ու միայն սա արդեն լուրջ հիմք է, որ Իրան-Ռուսաստան ուղղությամբ միջանցքի այդ դերն Ադրբեջանին պահի այդ տիրույթում:
Հայաստանի պարագայում, հասկանալի է, շնորհիվ Նիկոլի, իրողություններն էապես այլ են: Բայց այն, որ մասնավորապես կոմունիկացիաների հայտնի թեմայով ոչ միայն Մոսկվան, այլ նաեւ Թեհրանը փորձում են Փաշինյանին ավելորդ խաղերից հեռու պահել, դա եւս աչքի առաջ է: Օրինակ, Ռայիսիի հետ նախօրեին կայացած Նիկոլի վերջին հեռախոսազրույցը, որի շրջանակներում, ըստ պաշտոնական հաղորդումների, Իրանը հերթական անգամ առաջ է տարել կովկասյան տարածաշրջանի հետ կապի ուղիների եւ ենթակառուցվածքների բացման թեման: Ընդ որում, Ռայիսին հերթական անգամ ասել է. «Կովկասի նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը որոշված է, եւ պետք է հոգ տանել, որպեսզի կովկասյան տարածաշրջանը չդառնա մրցակցության դաշտ արտատարածաշրջանային երկրների համար, եւ որ հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից՝ առանց կողմնակի կողմերի միջամտության»: Այդ թվում` «3+3» ձեւաչափի շրջանակներում:
Մյուս կողմից, Մերձավոր Արեւելքի ներկա իրողությունները եւս հուշում են, որ ներկայիս նիկոլյան խաղերը կարող են իրոք հասցնել լրջագույն խնդիրների: Այսպես, Եմենի հետ ԱՄԻ-ի հարաբերությունների նախապատերազմական իրողությունների ֆոնին, նախօրեին հերթական սրացումների գնաց Իսրայելը` օդային հարվածներ հասցնելով «Հեզբոլահի» մի շարք հրամանատարական կետերի: Այն, որ դրան հաջորդեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի կոչն իրենց քաղաքացիներին` անհապաղ Լիբանանը, Իրաքը, Սիրիան եւ Եմենը լքելու խնդրանքով, նորից ու նորից տանում է մտքին, որ Մերձավոր Արեւելքում իրոք պետք է մեծ պայթյուն սպասել: Անգամ ուկրաինական վերլուծական աղբյուրներն են բավականին մռայլ տոնով նկատում. «Մեր տվյալներով՝ Ուկրաինան հեռացվել է զենքի եւ փողի մատակարարումից, քանի որ մեծ պատերազմի կրակը լինելու է Մերձավոր Արեւելքում։ Հիմա ամերիկացիներն առիթ են փնտրում ու սակարկում։ Արժե ուշադրություն դարձնել երկու փաստի վրա: Առաջինը` իզուր չէր, որ Արեւմուտքն այնտեղ ուղարկեց իր ողջ նավատորմն ու ինքնաթիռները։ Երկրորդը` իզուր չէր, որ Պուտինը եկավ Մերձավոր Արեւելք, ու այնտեղ նրան մեծագույն պատվով ընդունեցին»։
Այն, որ Վաշինգտոնն իրոք ստիպված է ինչ-որ լուրջ քայլեր ձեռնարկել, դա եւս կարելի է հասկանալ: Իրանական վերլուծական աղբյուրը փաստում է. «Մինչ Կարմիր ծովը քաոսի մեջ է, եւ ԱՄՆ-ն ամեն ինչ զոհում է հանուն Իսրայելի, Չինաստանի «Մետաքսի ուղի» նախագիծը եռում է, եւ գնացքները լիքն են: ԱՄՆ-ը միլիարդներ է ծախսել չինական այս նախագիծը խարխլելու համար, բայց հիմա եմենցիներն ավելի շատ աղ են քսում ԱՄՆ-ի վերքերին»:
Սա, թերեւս, պատասխանն է հարցի, թե ինչպե՞ս փոքրիկ Եմենը հանդգնեց ԱՄՆ-ի հետ «քյալլա տալ»: Բայց մեր խնդիրն այլ է. մեծ պայթյունի դեպքում կշրջանցի՞ այն Հայաստանը: Եվս մեկ սխալ, եւ կարող է չշրջանցել: Կամ կարելի է մաս դառնալ «եռացող չինական նախագծին»: Որոշողն այս պահին պաշտոնական Երեւանն է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ