2018–ԻՑ ԲՈԼՈՐ ՏԱՐԻՆԵՐՆ ԵՆ «ՇԱԿԱԼԱԿԱՆ»
Վերլուծություն
Ասում եք` Ճագարի տարուց անցնում ենք Վիշապի տարո՞ւն: Իյա՜, իրո՞ք... Բայց արդյո՞ք դա տարածվում է Հայաստանի վրա: «Նախկին թալանչիների» օրոք էր, որ մի կենդանու տարուց հետո գալիս էր մեկ ուրիշինը, իսկ 2018–ից բոլոր տարիները լինում են վատ և շատ վատ: Բոլորը «կռիսական» են, ավելի ճիշտ` «շակալական»` խունտայի վարքագծի տեսանկյունից: Իսկ քաղաքացիներիս համար ամեն տարի Էշի տարի է` քանի դեռ չենք ընդվզել ու սրանց դուրս չենք շպրտել:
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԲԱՑԱԿԱՅՈՂ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔՈՒՄ
Խունտայի դեմ միասնական պայքարի իդեալն այդպես էլ անհասանելի նշաձող մնաց ընդդիմադիր դաշտի համար: Դա տեղի չունեցավ անգամ Արցախը կորցնելուց հետո, երբ գազազած ժողովուրդը լցվեց հրապարակ: Ազգային կոմիտեն էլ չկատարեց իր համախմբող և առաջնորդող դերը, ավելի շուտ` գոլորշի բաց թողեց: Ընդդիմությո՞ւնն է թերի` կա նման բան, կան խմբակային շահեր և ամբիցիաներ: Սակայն հիշենք 1988–1991 թվականները` «Ղարաբաղ» կոմիտեն իր կազմով ու որակով ավելի լավը չէր, քան ներկայիս ընդդիմությունը, ստվերային շահերի ու խաղերի պակաս էլ չկար: Ավելին, դեռ այն ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանն ու այլք խորհրդարանը վերցնելուց հետո Արցախն այլևս ավելորդ բեռ ու հոգս էին համարում և ձգտում էին ճարպկորեն ձերբազատվել այդ հարցից: Սակայն հանրության պասիոնար հատվածը ստիպեց գնալ մինչև վերջ, ստիպեց ընդունել արմատական որոշումներ, իսկ այնուհետ եղավ հաղթանակը անհավասար պատերազմում:
Պատճառն այն էր, որ հանրության էներգետիկան բարձր մակարդակի էր, ու հանրությունն էր առաջնորդներին օրակարգ թելադրող, այլ ոչ թե հակառակը: Իսկ այս տարի հանրային էներգետիկան չհերիքեց` հարթակում կանգնածներին հարկադրել վճռական քայլեր, հրապարակ եկած զանգվածն առաջին պոռթկումից հետո հիասթափված ցրվեց: Այդ ցածր էներգետիկայի արգասիքն էր նաև Երևանի ավագանու ընտրությունների աննախադեպ պասիվությունը, որը և տվեց խայտառակ արդյունքը` 9 տոկոսով քաղաքապետ կարգվելու տեսքով:
Իսկ ընդհանուր առմամբ քաղաքականությունն է դարձել բացակայող մեծություն: Պատճառն այն է, որ չկա իշխանություն և ընդդիմություն` դասական իմաստով: Ընդդիմությունը կա, սակայն իշխանության փոխարեն առկա է օտարի, հիմնականում` թուրքի շահը սպասարկող օկուպացիոն վարչակարգ: Ընդդիմության առաջատար ուժն էլ` «Հայաստան» դաշինքը, հիմնականում կիրառում է դասական քաղաքական պայքարի գործիքակազմը` խուսափելով ազգային–ազատագրական գործիքակազմից: Խունտան դրանից շատ գոհ է, քանզի այդպիսի տարբերակով դառնում է անպարտելի: Ի դեպ, թերանալու հանգամանքը խոստովանել է նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` միաժամանակ մատնանշելով ժողովրդի պասիվության հանգամանքը:
Իսկ պասիվությունը ցածր էներգետիկայի արգասիք է: Եթե էներգետիկան բարձր լիներ, ապա դա կխթաներ նույն ընդդիմադիր պատգամավորներին գործել այլ մեթոդաբանությամբ և հասնել արդյունքի` «բարեկրթություն» խաղալու փոխարեն: Իհարկե, հանրային ֆրուստրացիան նաև դավաճանության արդյունքում կրած ռազմական և դիվանագիտական պարտությունների հետևանք է, բայց մի՞թե դա անվերջ կարող է տևել: Հոգեբանական ինքնապաշտպանության մեխանիզմ է գործում` ջայլամի պես չտեսնելու տալ իրավիճակի ահավորությունը: Ինչպես արձանագրել է քաղաքացիական ակտիվիստ Ավետիք Իշխանյանը. «Կարծես ապրում ենք մի երկրում, որը չի կորցրել իր հայրենիքից հսկայական տարածք, որը չունի տասնյակ հազարավոր փախստականներ, որի զավակները չեն տառապում թշնամու զնդաններում, որի սահմաններն ամուր պաշտպանված են։ Միայն նման երկրում է հնարավոր ահռելի գումարներ ծախսել և ճոխ–ճոխ հրավառությամբ նշել ամանորը, տարատեսակ շոու–բեմադրություններ իրականացնել։ Ի՞նչ ասես, այս բոլոր աղետները չեն հետաքրքրում Հայաստանի գարշապետին, նա պետական բյուջեն ծախսում է իր և իր ընտանիքի վայելքների, և իհարկե՝ իրեն մեծարման համար։ Երեկ Գիտությունների ակադեմիայի հոբելյան, այսօր Օպերայի թատրոն «Մեր ժամանակների հերոսը» էժանագին բեմադրություն, վաղը վարչապետի գավաթ, և այսպես շարունակ։ Եվ ամեն տեղ ճառեր–ճառեր–ճառեր, հագուրդ է տալիս իր ճառելու գենետիկ մոլուցքին»։
Իշխանյանն արձանագրում է նաև այնպիսի երևույթ, ինչպիսին է արժանապատվության ճգնաժամը. «Եթե այդ բոլոր հավաքույթներում ներկա գտնվեին արժանապատվություն ունեցող, նույնիսկ չեմ ասում՝ հայեր, այլ ընդամենը մարդիկ, ապա կվարվեին Մալիշկա գյուղի տիկնոջ պես, այլ ոչ թե կծափահարեին հայրենիք վաճառած դավաճանին և նրա ձեռքից, այո՛ ողորմություն կվերցնեին»։ Արժանապատվության ճգնաժամի մի այլ ասպեկտ էլ մատնանշում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը. «Եվ այնուամենայնիվ, չթողնենք, որ Նիկոլը դարձնի մեզ իր թունավոր օրակարգերի պատանդը, վազացնի փակ շրջանով ղալմաղալից ղալմաղալ... Զուտ հիշենք, որ Նիկոլի հետ ցանկացած համագործակցություն՝ համագործակցություն է Հայաստանի թշնամու հետ։ Կապ չունի` ինչ տեսքով է այդ համագործակցությունը. ձեռքը սեղմելով, թե իրեն անպատվելով հանդերձ՝ իր օրակարգերը սպասարկելով»։
ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻԶՄ–ՆԻԿՈԼԻԶՄ
Թեև դեռ 2018–ին Նիկոլը հայտարարում էր, որ որևէ «իզմ» չի ընդունում, սակայն սխալ կլինի նրան համարել որևէ գաղափարախոսությունից զերծ մեկը: Մարդակեր և մարդատյաց բոլշևիկներն ունեին «մարքսիզմ–լենինիզմ» կոչվող գաղափարախոսություն, հայակեր նիկոլականներն էլ ունեն: Այն կարելի է կոչել կապիտուլյանտիզմ–նիկոլիզմ, որն ուղղված է հայության թշնամիների հակաքաղաքակրթական նպատակների սպասարկմանը, և մասամբ միախառնված է Արևմուտքում տարածված հակամարդկային «տոլերանտիզմ–մուլտիկուլտուրիզմ» այլանդակության հետ: Դրանց բոլորի արմատը ծայրահեղ ձախ հոսանքներն են, որոնց կնքահայրը Տրոցկի–Բրոնշթեյնն է... Բոլորի վերջարդյունքն էլ ազգային պետությունների քայքայումն է, բոլորն էլ ազգային–պետական մտածողություն կրողների դեմ պայքարում են` կիրառելով և՛ քաղաքական ռեպրեսիաներ, և՛ տեղեկատվական–հոգեբանական պատերազմների ամենակեղտոտ մեթոդները:
Իսկ որ ՔՊ–ականների գաղափարախոսությունն արցախատյաց է, մեկ անգամ ևս ցցուն դարձավ Արցախի նախագահ Շահրամանյանի խորհրդականի հայտարարությունից հետո: Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, «Ազատության» հետ զրույցում պնդեց Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը, ընդգծելով, որ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19–ի հրամանագիրը, համաձայն որի` Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետը ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։ Շահրամանյանի այդ հրամանագրում նաև նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1–ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են: Եվ ինչպես մատնանշում է պատգամավոր Քրիստինե Վարդանյանը. «ՔՊ–ում վայնասուն է սկսվել այս առիթով. «Ոնց կարող է որևէ մեկը համարձակվել չեղարկել կապիտուլյացիան, չէ որ քանի մենք կանք, կապիտուլյացիան պետք է հավերժ լինի» փաստացի սա են ասում ՔՊ–ականները: Եթե այսքան լավ չճանաչեինք այս մարդկանց, կարելի էր զարմանալ ինչու են այդքան շահագրգռված անօրինական փաստաթղթի գոյությունով, որի միակ շահառուն Ալիևն է: Բայց դե ՔՊ–ի ու Ալիևի և՛ շահերը, և՛ հռետորաբանությունը վաղուց նույնական են, ու իրենք իրենց ամեն քայլով դա ապացուցում են: Իսկ հայկական ցանկացած իշխանության պարագայում սա քայլ է, որը կարելի է օգտագործել և՛ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում, և՛ Ադրբեջանի հետ բանակցություններում»:
Հարկ է նշել, որ այդ վայնասունին մասնակցում են ՔՊ–ի բոլոր «թևերը»` և՛ սորոսական–արևմտամետ, և՛ «սովորական»: Այստեղ է, որ մոռացվում է ներքին հակասությունը, զի բոլորը կապիտուլյանտ են: Բոլորը դեմ են ռևանշի գաղափարին (ինչպես պատգամել է Ալիևը) և անընդունելի են համարում ազգային վերածնունդը: Բոլորը հայախոս են, բայց հայ չեն, չհայ են, հակահայ:
Իսկ որ ՔՊ–ի թևերի միջև հակասությունը, որը վերաբերում է իշխանությունը պահելու «աշխարհաքաղաքական» բաղադրիչներին, վաղ թե ուշ պայթացնելու է ՔՊ–ին, շատ տրամաբանական է: Ի դեպ, հենց այնպես չէ, որ «սորոսական» հատվածի հիմնական թիրախը ՆԳ նախարար Վահե Ղազարյանն է` առանց վերջինիս Նիկոլը չի վերահսկելու իր միակ հենարան ոստիկանությանը, և նրա իշխանությունը մազից կախ կմնա: ՀՀԿ–ական պատգամավոր Աննա Մկրտչյանն ուղակի արձանագրում է, որ Նիկոլը «քցել» է ՔՊ–ի արևմտամետ թևին, որին խոստումներ ու երաշխիքներ էր տվել, բայց. «Արդեն ավանդույթ դարձած սխեմայով նիկոլի վարքագիծը ջարդեց իր իսկ հորինած հերթական սուտը: Ռուսաստան գնալը ևս մեկ անգամ հաստատում է, որ դավաճան նիկոլը չի կարող չլինել այնտեղ, որտեղ անգամ տեսական հնարավորության մակարդակով կարող է ֆիքսվել աթոռին մնալու ժամկետը: Իհարկե իր հանցավոր կույտի անդամներին նիկոլը հավատացրել էր, որ ինչպես իրենց թույլ չի տվել գնալ, այնպես էլ ինքը չի գնա Մոսկվայի կողմից կազմակերպվող միջոցառումներին, բայց ասել, որ նիկոլը նորից քցեց ու պետք եղած պահին էլի է քցելու, կնշանակի ոչինչ չասել: Հիմա դատարկ մնացած ուսապարկերի առաջ մի հարց է մնացել: Թքածը լիզելուց մինչև կոշիկը լիզելու լայն ամպլիտուդա ունեցող նիկոլն այս անգամ որի ետևից է գնացել»:
«Տիզբոն», կներեք` Սանկտ–Պետերբուրգ գնալը իր հետևից կարող է և ճակատագրական հետևանքներ բերել: Առավելևս, որ ավելացավ նաև նվաստացում` թեև հերթը Հայաստանինն էր, սակայն ԵԱՏՄ նախագահությունը ստանձնեց Ղազախստանը: Բա «Սերժի վախտ» այդպիսի կազուսներ հնարավո՞ր էր պատկերացնել, էլ չասած կապիտուլյացիաները ամբողջ «չջենթլմենական» հավաքածուն:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ