2024Թ.-Ը ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԲԱԽՏՈՐՈՇ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Վերլուծություն
Այսպիսով, հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=273488&l=am) շարունակում է մնալ կախված այն գլոբալ խնդրից, թե ի՞նչ ռեալ աշխարհաքաղաքական բալանս է ստեղծվել այս պահին ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ: Իսկ դա, հասկանալի է, պայմանավորված է մի շարք հայտնի գործոններով:
Գործոններից առաջինը, իհարկե, եղել եւ դեռ մնում է ուկրաինական պատերազմը: Վերջին օրերին այս հարցով որոշակի հստակեցումներ նկատվեցին: Այսպես, թեեւ Արեւմուտքը դեռ անցած տարվա վերջերից առաջ էր տանում ռուս-ուկրաինական բանակցությունների թեման, սակայն Պուտինը հստակեցում դրեց այդ հարցում: Այն է՝ Ուկրաինայի հետ բանակցելու բան Մոսկվան չի տեսնում: Այն է՝ Ռուսաստանի հետ կարող է բանակցել միայն ԱՄՆ-ն, ընդ որում, ընդհանրական իմաստով, եւ դրանում Ուկրաինան ընդամենը դետալներից մեկն է: Հակառակ դեպքում, Ռուսաստանն իրեն մարտադաշտում վստահ է զգում եւ կշարունակի հարձակումները: Ընդ որում, հաշվի առնելով նաեւ այն տխուր վիճակը, որում այսօր գտնվում է ուկրաինական բանակը. չկա ֆինանսավորում, չկա զենք-զինամթերք: Իսկ բանակը համալրելու համար Կիեւը պատրաստվում է համընդհանուր զորահավաքի գնալ, որը կարող է ներքին մեծ պայթյուն առաջ բերել:
Եվ այս իրավիճակում ԱՄՆ-ն շարունակում է էլ ավելի խրվել Մերձավոր Արեւելքում: Բանն այն է, որ եմենցի հուսիթները տեւական ժամանակ Արեւմուտքի առաջ փակել են Կարմիր ծովն ու Սուեզի ջրանցքը՝ համաշխարհային առեւտրի հիմնական ուղին: Իսկ ահա ԱՄՆ-ից միայն սպառնալիքներ են հնչում: Հա, օրերս նաեւ վերջնագիր ներկայացրին, բայց միայն փաստը, որ Վաշինգտոնն իր դիրքերը թողած, հուսիթների հետ վերջնագրերով է խոսում, արդեն իսկ լուրջ հարված է ԱՄՆ-ի վարկանիշին: Կարող են, չէ՞ հուսիթներին թաղել անապատի ավազների մեջ. իհարկե: Ինչո՞ւ չեն թաղում. հասկանում են, որ կարող են լինել բազում հետեւանքներ, որը 34 տրիլիոն դոլար ռեկորդային պարտք շալակած ԱՄՆ-ն կարող է եւ չմարսի: Առավել եւս, երբ երկիրն արդեն մտել է ծայրահեղ սուր նախագահական մրցապայքարի մեջ, որն արդեն իսկ լրջագույն մարտահրավեր է ԱՄՆ-ի համար:
Կարճ ասած, եթե հուսիթները կարողանում են Սուեզի ջրանցք փակել, ու նաեւ Իրանն ու Սաուդյան Արաբիան՝ երբեմնի ոխերիմ թշնամիները հայտնվել են նույն տնտեսաքաղաքական դաշինքում՝ ԲՐԻԿՍ-ում, դա արդեն իսկ պարզ ազդակ է, որ աշխարհը հիմքից փոխվում է:
Մյուս կողմից, Թայվանում ընտրություններ են, եւ եթե իշխանության գան նախընտրելի դիրքեր ունեցող չինաստանամերձ ուժերը, ապա սա ԱՄՆ-ի գործող վարչակազմի համար դառնալու է հերթական աղետը:
Կարճ ասած, 2024թ.-ին Վաշինգտոնը պետք է կարողանա բազում խնդիրներ լուծել, որոնցից յուրաքանչյուրը մի անբուժելի գլխացավ է: Ու ասել, թե այս իրավիճակում կկարողանա նաեւ վերահսկողության տակ պահել հայ-ադրբեջանական գործընթացը, միամտություն կլիներ: Փոխարենը, ՌԴ-ում եւս ընտրություններ են, որը միայն կամրացնի Պուտինի դիրքերը: Ավելին, սպասվում են նախ՝ իշխանական համակարգում, ապա նաեւ՝ ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ լուրջ կոշտացումներ, դիրքային հստակեցումներ, եւ այս ամենը եւս մասնավորապես Հայաստանը չի կարող հաշվի չառնել:
Մի խոսքով, սպասվում է միանգամայն բուռն տարի, որն իր ամենալուրջ ազդեցությունը կունենա պատմության հետագա ընթացքի վրա: Բայց նաեւ խոստանում է լինել շատ ավելի կանխատեսելի, քան 2023թ.-ը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ