Մեծ խաղը Հայաստանի շուրջ միայն թեժանում է
Վերլուծություն
Չնայած այն բանին, որ վերջին ժամանակներս նկատելիորեն թուլացել է ամերիկյան եւ արեւմտյան ազդեցությունը հայ-ադրբեջանական գործընթացների հետ կապված, բայց մեկ բան հաստատ է՝ Արեւմուտքը համառորեն չի ցանկանում այս հատվածից հրաժարվել: Ընդ որում, եթե ամերիկացիներն այս փուլում բավականին զբաղված են բազում այլ խնդիրներով, եւ անգամ դժվար է ասել, թե այդ ամենի վերջնարդյունքում ինչ կունենանք, բայց ահա Բրիտանիան հազիվ թե ինքնակամ այս մեծ խաղից ձեռք քաշի:
ՆՈՐԻՑ ՏԽՐԱՀՌՉԱԿ «ԽԱՉՄԵՐՈՒԿԻ» ԱՌԱՋ
Այն, որ հենց Բրիտանիան առնվազն վերջին 100 տարիներին ակտիվորեն աշխատում է Հարավային Կովկասի միջոցով կտրել Ռուսաստանի շարժը դեպի հարավ եւ, առաջին հերթին՝ Իրանի հետ կապը բացառել, հայտնի պատմություն է: Եվ ոչ միայն պատմություն, այդ գործընթացն այս պահին էլ ակտիվ ընթացքի մեջ է. ինչքան էլ, կրկնենք, ԱՄՆ-ն զբաղված է ներքին եւ արտաքին այլ խնդիրներով: Այդ փաստը, նաեւ՝ թե որն է խնդիրը, նախօրեին հավելյալ անգամ ի ցույց դրեց ուլտրալիբերալիզմի գաղափարական հիմնասյուներից մեկը հանդիսացող Քարնեգի հիմնադրամի ոչ անհայտ ավագ փորձագետ Թոմ դը Վաալը: Ըստ նրա՝ Զանգեզուրը վճռորոշ երթուղի է ինչպես հյուսիս-հարավ, այնպես էլ արեւելք-արեւմուտք ուղղությունների համար, եւ այդ ուղղությամբ մղվում է կատաղի աշխարհաքաղաքական պայքար: «Ո՞վ կհավատար մի քանի տարի առաջ, որ Կապան քաղաքում կտեսնեք Եվրամիության դրոշներ, Իրանի դրոշներ, որ ֆրանսիացիները այնտեղ հյուպատոսություն կուզեն բացել, որ ռուսները այնտեղ են, ու որ հանկարծ սա կդառնա միջազգային մրցակցության եւ դիվանագիտության կենտրոն, ինչպես դա եղել է 1919-1920 թվականին»,- ընդգծում է փորձագետը: «Իսկ ինչո՞ւ է դա տեղի ունենում։ Դե, դա վճռորոշ երթուղի է ինչպես հյուսիս-հարավ, այնպես էլ արեւելք-արեւմուտք ուղղությունների համար: Սկսենք դրանից: Դուք կհիշեք, որ Նախիջեւանի Ջուղան խորհրդային-իրանական երկաթուղային սահմանային անցակետ էր, մեծ սահմանակետ էր։ Եվ, իհարկե, այն փակվեց, եւ արդեն 30 տարի գնացքներ չեն անցել այնտեղով: Բայց եթե Սյունիքի, Զանգեզուրի միջով երկաթգիծը վերակառուցվի, ապա միանգամից Ջուղան կրկին դառնում է Ռուսաստանի եւ Իրանի երկաթուղային անցումը: Այնպես որ, Ռուսաստանն ու Իրանը կրկին հայացք են նետում դեպի այդ տարածաշրջան։ Ադրբեջանի համար դա Թուրքիայի հետ կապն է, իսկ Արեւմուտքի համար՝ նաեւ Արեւելք-Արեւմուտք նոր կապուղի՝ Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի տարածքով դեպի Կենտրոնական Ասիա: Այսպիսով, միանգամից այս փոքրիկ՝ 43-կիլոմետրանոց երկաթուղին բոլորին է սկսում հետաքրքրել: Եվ քանի որ ուկրաինական պատերազմը փակել է այս բոլոր Արեւելք-Արեւմուտք կապերը, Կովկասում այս Արեւելք-Հյուսիս-Հարավ կապուղիները շատ ավելի կարեւոր են դառնում: Եվ ես ենթադրում եմ, որ սա է պատճառը, որ բոլորը նայում են հարավային Հայաստանում գտնվող այս փոքրիկ շրջանի ուղղությամբ»:
Կարճ ասած, Հայաստանը հերթական անգամ կանգնել է չարաբաստիկ «խաչմերուկի» փաստի առաջ՝ դառնալով աշխարհաքաղաքական բարդ խաղերի թիրախ: Միայն թե մեկ հարց էլ է առաջանում դը Վաալի ներկայացրած այդ ելույթից. ինչո՞ւ հանկարծ որոշեց ավելորդ անգամ հրապարակավ խոսել այդ, կարելի է ասել, դասագրքային ճշմարտություններից: Չնայած, «Ազատությանը» տված նրա հարցազրույցի տողատակերում կարելի է այդ հարցի պատասխանը տեսնել: Այսպես, խոսքը տանելով այն ուղղությամբ, որ ուկրաինական պատերազմի արդյունքում ռուսների համար շատ ավելի է կարեւորվել հարավկովկասյան ուղղությունը, դը Վաալ հասնում է այն հայտնի քարոզչական տրյուկին, թե այդ պատճառով էլ Արցախը հայաթափվեց. ռուսների համար Ադրբեջանն ավելի կարեւոր է դարձել: Սակայն այդ հայտնի քարոզը ունի մեկ թերություն, 2020թ.-ին ուկրաինական պատերազմ չկար, այսինքն՝ Ռուսաստանը չուներ Ադրբեջանի վրա հիմնվելու ներկայացված խնդիրը, բայց Ադրբեջանը հարձակվեց: Ու որպես այդ հակասության բացատրություն, դը Վաալը 2020թ. պատերազմի ողջ պատասխանատվությունը դնում է Նիկոլի վրա. «Կոնկրետացնեմ։ Այդ պահը 2019-ին էր։ Մենք տեսանք ռազմական համազգեստով Իլհամ Ալիեւին՝ Ստեփանակերտի հրապարակում տոնակատարության այդ սարսափելի տեսարանները, բայց նույն հրապարակում 2019-ին, եթե հիշողությունս չի դավաճանում, Փաշինյանը նույնպես ելույթ ունեցավ՝ ասելով, որ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»: Կարծում եմ՝ դա այն պահն էր, երբ Ադրբեջանը նույնպես հրաժարվեց դիվանագիտությունից ու փոխզիջումներից ու սկսեց շարժվել դեպի պատերազմ»:
Կարճ ասած, արեւմտյան ռազմավարական նշանակության կառույցի ներկայացուցիչը պատերազմի թիվ 1 մեղավոր է հռչակում Նիկոլին: Չէ, նա սխալ չէ: Միայն թե մինչ այս Արեւմուտքից Փաշինյանին ուղղված նման կոնկրետ մեղադրանքներ չէին գալիս ու հանկարծ հիմա գալիս են, այն էլ՝ նման ծանրագույն մեղադրանք: Թե ինչու հանկարծ իրենց իսկ կողմից սնված-մեծացրած Նիկոլին հանկարծ որոշեցին ներկայացնել պատերազմական թիվ 1 մեղավոր, կարելի է կռահել դը Վաալի մեկ այլ մտքից: Այսպես, նա պնդում է, որ ինչքան էլ նիկոլյան իշխանական համակարգը, դեմ գնալով ռուսներին, այն միտքն է քարոզում, թե՝ «Արեւմուտքը մեզ կօգնի», իրականում ամենեւին էլ այդպես չէ: «Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա ես խիստ կասկածում եմ, որ ԵՄ-ն կամ ՆԱՏՕ-ն ներդրումներ կանեն Հայաստանի զինված ուժերում: Հայաստանը դեռեւս ՀԱՊԿ անդամ է»,- ասում է դը Վաալը:
ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾԸ
Ամբողջացնենք Քարնեգի հիմնադրամի կարկառուն ներկայացուցչի խոսքը: Ընդհանուր իմաստը սա է. Արեւմուտքն ու Ռուսաստանը պայքարում են հայաստանյան կոմունիկացիոն համակարգի համար, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ի կազմում է, որը էապես սահմանափակում է Արեւմուտքի հնարավորությունները: Պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ, որը Փաշինյանն այդպես էլ չի անում: Արդյունքում, Արեւմուտքը նրան հիմա համարում է պատերազմի եւ հայաստանյան մյուս ողբերգությունների հիմնական մեղավոր:
Սա Նիկոլը պետք է համարի իրեն ուղղված սպառնալի՞ք. թերեւս՝ այո: Հաշվի առնելով նաեւ, որ այդ մեղադրանք-սպառնալիքներն ի հայտ եկան Փաշինյանի պետերբուրգյան այցից անմիջապես հետո: Ամեն դեպքում, դատելով արեւմտյան աղբյուրներից, Սանկտ Պետերբուրգում եղել են պայմանավորվածություններ, որոնք, մեղմ ասած, ցանկալի չեն: Օրինակ, ամերիկյան մեկ այլ «ուղեղային կենտրոն»՝ «Stratfor»-ը, 2024 թվականի մասին կանխատեսում է. «Երեւանը, հավանաբար, կընդունի Հայաստանի հարավով տարանցման եւ սահմանազատման հարցերում Բաքվի առաջ քաշած պահանջները»: Եվ դա անկախ Արեւմուտքի հետ Երեւանի ունեցած « աճող կապերին»: Ավելին, «Stratfor»-ում կարծում են նաեւ, որ չնայած Մոսկվայից հեռանալու Երեւանի ցանկության մասին աճող ազդանշաններին, այնուամենայնիվ՝ «Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում չի նվազի այնքան, որ այլեւս չլինի էական, քանի որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ-ում, իսկ երկրի տնտեսությունը սերտորեն կապված ռուսական տնտեսության հետ»:
Իմաստը գրեթե նույնն է, ինչ Քարնեգի հիմնադրամի մոտ. Նիկոլը «չարդարացրեց իր նկատմամբ ցուցաբերված բարձր վստահությունը»: Այն է՝ ՀԱՊԿ-ից եւ ԵՏՄ-ից դուրս չի գալիս՝ դրանից բխող բոլոր, այդ թվում՝ կոմունիկացիոն հետեւանքներով հանդերձ:
Այս ֆոնին, թերեւս, հավելյալ ազդակ դարձավ դեռ միայն անցած տարեվերջին հերթական անգամ ԿՀՎ եւ MI6 այցելած ԱԽՔ Արմեն Գրիգորյանի վերջին ելույթը` Վեհափառին եթերից զրկած Հ1-ով: «Մենք որեւէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից, որովհետեւ 2022 թվականի սեպտեմբերին կամ դրանից առաջ, երբ Հայաստանի Հանրապետության վրա լայնածավալ հարձակումներ էին տեղի ունեցել, Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին` ակնկալելով օգնություն, որպեսզի մեր սուվերեն տարածքը պաշտպանվի։ Մենք որեւէ ադեկվատ արձագանք ՀԱՊԿ-ից չենք ստացել եւ ժամանակի ընթացքում հասկացել ենք, որ այս առումով չենք կարող որեւէ ակնկալիք ունենալ»,- ասաց Գրիգորյանը:
Սա հին տրյուկն է, այս մասին արդեն իմաստ անգամ չունի խոսել: Սակայն ԱԽՔ-ի խոսքից հետաքրքիր հարցեր առաջանում են: Ամենակարեւորը՝ ի՞նչ ասել է «որեւէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից»: Դա նշանակո՞ւմ է, որ Գրիգորյանը ավելորդ է համարում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում մնալը: Շատ պարզ պատճառով՝ եթե «որեւէ ակնկալիք չունենք», մնում ենք այդ կառույցում, որ ի՞նչ: Ու սա այն դեպքում, երբ դեռ միայն վերջերս էր Միրզոյան Արարատը հրապարակավ պնդում, թե ռուսների հետ թշնամական հարաբերություններ չունեն, կան ընդամենը որոշ հակասություններ, որոնք փորձում են բանակցելով լուծել: Ու ահա ԿՀՎ եւ MI6-ի այցելու Գրիգորյանը փորձում է միանգամայն հակառակ տրամաբանությո՞ւնը առաջ տանել: Նկատենք, հենց այն տրամաբանությունը, որն այդքան ընդգծված է արեւմտյան «ուղեղային կենտրոնների» հիշատակված հայտարարություններում:
Իհարկե, ավելորդ է հերթական անգամ այն հարցը հնչեցնել, թե ի պաշտոնե ընդամենը տեխնիկական հարցերով զբաղվելու իրավասություն ունեցող Գրիգորյանի այդ ի՞նչ գործն է պետական առաջնային նշանակության հարցերի մեջ քիթը խոթելը: Ինչ է, սա պետք է համարել հա՞յտ, թե, տեսեք, Նիկոլը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, ես լինեի, դուրս կգայի…
Ամեն դեպքում` այն, որ Արեւմուտքն այդքան մտահոգված է տարածաշրջանային հարցերով, գալիս է ավելորդ անգամ հուշելու՝ մեծ խաղը Հայաստանի շուրջ դեռ միայն թեժանում է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ