Ինչո՞ւ Ալիեւը նորից կատաղեց
Վերլուծություն
Կարծես թե սկսել են չափից դուրս հաճախակի անդրադառնալ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի «համեստ» անձին: Բայց դա պատահական չէ. եթե Հայաստան այցելող գրեթե բոլոր արեւմտյան չինովնիկներն իրենց «սուրբ պարտքն» են համարում հանդիպել նաեւ, ըստ էության, տեխնիկական պաշտոնի նստած Գրիգորյանի հետ, արդեն միայն դա նշանակում է, որ այստեղ մի բան այն չէ:
ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՐՇԱՎԱՆՔԸ ՍԿՍՎԱԾ Է
Հերթական պաշտոնյաները եւս հանդիպեցին Գրիգորյանին: Նախօրեին՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետ Ռորի Դոմմին, դրանից առաջ՝ Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսը, նաեւ՝ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոն: Թե ինչու են արեւմտյան պաշտոնյաներն այդքան «սիրում» Գրիգորյանին, հասկանալի է. եթե մեկին ընդունում են ամերիկյան ԿՀՎ-ում եւ բրիտանական MI6-ում, դա բոլորի համար է ցուցիչ, թե նա «մերոնքական է, պետք է նրա հետ էլ հարցեր համաձայնեցնել»: Ամբողջ հարցն այն է, որ եթե մի երկրում կա արտաքին քաղաքականությամբ զբաղվող նախ՝ վարչապետ (ի պաշտոնե), ապա նաեւ արտաքին գործերի նախարար, ինչո՞ւ է պետք նաեւ հարցեր հստակեցնել արտաքին քաղաքական հարցերով պաշտոնական լիազորություններ չունեցող ԱԽՔ-ի հետ: Ի՞նչ է, համարում են, որ ԱԽՔ-ը վարչապետի եւ ԱԳ նախարարի հետ նույն թիմում չե՞ն: Կամ, վարչապետն ու ԱԳ նախարարը չե՞ն նեղվում, որ ինչ-որ եվրոպացիներ կոնկրետ հարցերով իրենց «վերջնական խոսքը» լսելով, հետո էլ ինչ-որ տեղ իրենց «գլխից թռնելով», ԱԽՔ-ին են դիմում, ինչքան էլ որ վերջինիս հանդեպ այդքան լավ են տրամադրված ԿՀՎ-ում եւ MI6-ում:
Շատ կարեւոր է նաեւ, թե այս պահին ի՞նչ հարցեր են Հայաստանում փորձում լուծել Դոմմին, Գերապետրիտիսը եւ տարբեր այլ արեւմտաչինովնիկներ, որոնք պետք է հստակեցնեն նաեւ Արմենի հետ: Բոնոյի այցը հիմնականում կառուցված էր «խաղաղության պայմանագրին», ավելի կոնկրետ՝ Վաշինգտոնում այդ գործընթացը շարունակելու հեռանկարներին: Նույն տարրերը կային նաեւ Դոմմիի այցի ընթացքում, իսկ Գերապետրիտիսը հիմնականում առաջ էր տանում «Հայաստանի՝ Եվրոպական ընտանիք ինտեգրման երկխոսության հեռանկարի» թեման: Կարճ ասած`այն, ինչը ենթադրելի էր Նիկոլի վերջին պետերբուրգյան այցից հետո: Արեւմուտքում ակնհայտորեն մտավախություն ունեն, որ հայ-ադրբեջանական գործընթացը կարող են ձեռքից բաց թողնել, եւ ահա ամենատարբեր մակարդակներով անցել են գրոհի: Փորձում են Նիկոլին համոզե՞լ, սպառնա՞լ, թե՞ այդ ամենը մի կոմպլեքսով է, իրենք կիմանան: Բայց որ պետք է Նիկոլին հետ պահել ռուսական ուղղությամբ «խաղաղության պայմանագրից», դա, անշուշտ, այս վերջին այցերի առանցքային կողմն է, եւ այդ հարցում տրամաբանական է, որ արեւմտաչինովնիկությունը պետք է առանձնահատուկ դեր տա ԿՀՎ-ի եւ MI6-ի անթաքույց սիրացյալ Արմեն Գրիգորյանին, ով, չմոռանանք, հենց այս պահին առաջ է մղում գաղափարը, թե՝ «Մենք որեւէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից»:
Բայց նաեւ հասկանալ է պետք, թե այս պահին ի՞նչ ռեալ ակնկալիքներ ունի Արեւմուտքը: Պատկերը սա է. Արցախի հայաթափումից հետո փորձեցին Ալիեւին տանել Բրյուսել՝ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու, բայց նա, ինչը կրկնում ենք արդեն ամիսներ շարունակ, հրաժարվել եւ հրաժարվելու է այդ հարթակից: Վերջին պաշտոնական հայտարարությունը Բաքվից. «Ֆրանսիան դուրս է մնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացից»,- նախօրեին արդեն ամենաուղիղ տեքստով հայտնեց Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը: Չմոռանանք, որ «Բրյուսելյան գործընթացում» ԱՄՆ-ն որպես կուրատոր կարգել էր հենց Ֆրանսիային, եւ երբ վերջինիս այսքան ուղղակի կերպով բանակցային գործընթացի «ելիքի դուռն» է մատնանշվում, դժվար չէ կռահել, որ խոսքը միայն Ֆրանսիայի մասին չէ, այլ նրանից էլ առաջ՝ ԱՄՆ-ի եւ ողջ արեւմտյան բանակցային հարթակի: Հաշվի առնելով նաեւ երեկ տարածված այն լուրը, որ Բաքուն պարզապես հրաժարվել է ընդունել Լուի Բոնոնին: Այսինքն, եթե հիմա արեւմտաչինովնիկությունը փորձեր վերակենդանացնել հայ-ադրբեջանական գործընթացի արեւմտյան հարթակը, պետք է այս մարդկային հոսքը ոչ թե Երեւան, այլ՝ Բաքու ուղղվեր. կրկնենք, Նիկոլին չէ, որ պետք է համոզել, այլ՝ Ալիեւին: Բայց երբ գալիս ու փորձում են Նիկոլին ինչ-որ բան համոզել, ապա ավելի տրամաբանական է, որ խոսքն այս դեպքում Արեւմուտքում բանակցելու մասին չէ:
Ուրեմն, ի՞նչ են ուզում Նիկոլից: Հիշո՞ւմ եք արեւելյան հայտնի իմաստությունը. «Եթե Մուհամեդը չի գնում սարի մոտ, սարն է գնում Մուհամեդի մոտ»: Այս դեպքում, եթե Ալիեւը չի գնում Արեւմուտք, Նիկոլն է գնում Ռուսաստան, եւ հենց դա էլ տեղի ունեցավ դեկտեմբերի վերջերին: Ու ստանում ենք այս պատկերը. եթե Ալիեւը չի գնում Արեւմուտք, ապա արեւմտաչինովնիկությանը մեկ բան է մնում՝ ամեն գնով թույլ չտալ, որ Նիկոլը գնա, ավելի ճիշտ՝ շարունակի գնալ Ռուսաստան: Իսկ Նիկոլին համոզելու հարցում, թերեւս, Արեւմուտքը ՀՀ ԱԽՔ-ին համարում է անփոխարինելի գործոն: Միայն թե Գրիգորյանը, ով իր ներկա դիրքին է հասել միայն Նիկոլի հաշվին (ինչքան էլ որ այլ «դաբրո»-ներով), կարո՞ղ է պետք եղած դեպքում գնալ «մինչեւ վերջ քյալլա տալու» ճանապարհով, երբ գիտակցում է, որ աթոռը կորցնելու դեպքում դեմ առ դեմ է մնալու հայ ժողովրդի հետ. այ, այս մասին Արեւմուտքում լավ կանեն, որ նորից մտածեն:
ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ՀԵՅԴԱՐՈՎԻՉԸ
Ամեն դեպքում, նախօրեին Ալիեւը հանդես եկավ մի շարք հայտարարություններով, որոնք առաջին հերթին ակնարկ են հետեւյալի մասին: Նախ, Հեյդարովիչը սկսեց ինչ-որ բաներ պատմել Սանկտ Պետերբուրգում «ոտքի վրա» Նիկոլի հետ հանդիպումից, ինչը ակնարկ է, որ որոշակի պայմանավորվածություններ, ինչպես ենթադրում էինք, եղել են: Եվ երկրորդը, որ Ալիեւը կարող է նաեւ այլ չակերտներ բացել: Հաջորդը, նա սկսեց խոսել նաեւ 44-օրյա պատերազմից, թե՝ Շուշին ճանապարհ բացեց, որ կոմունիկացիաների թեման ներառվի եռակողմ հայտարարությունում, նաեւ խոստովանեց, որ Քելբաջարում եւ Լաչինում ամենեւին էլ այն հաջողությունները չէր ունենա, ինչ ունեցավ դրան նախորդած 44 օրերին: Ակնարկը այս է. Նիկոլը նախ սխալվեց՝ գնալով հրադադարի եւ երկրորդ սխալը թույլ տվեց` կնքելով ոչ ձեռնտու հրադադարի պայմանագիր: Ընդ որում, սա եւս ակնարկ է, որ եթե պետք եղավ, էլի բազում չակերտներ կբացի:
Թերեւս, Ալիեւի ասածների իմաստը ամենալավը հենց Փաշինյանը կհասկանա: Իսկ, ընդհանուր առմամբ, տպավորությունը հետեւյալն է. սա պետք է ընկալվի որպես նոր զգուշացում Նիկոլին՝ կատարիր պայմանավորվածությունները, այլապես բազում չակերտներ կբացվեն, տակից դուրս չես գա:
Իրականում թե ինչ տարբերություններ կան «խաղաղության պայմանագրի» ռուսական կամ արեւմտյան տարբերակների միջեւ, այն է՝ Նիկոլն ինչի եւ ինչի միջեւ պետք է ընտրություն կատարի, շատ է խոսվել, չկրկնենք, քանի որ այս պահին, ըստ ամենայնի, արդեն այդ ընտրությունը չէ, որ նա պետք է կատարի: Կարծես թե պատկերը մի փոքր փոխվել է. ընտրությունն այս պահին ռուսական տարբերակը ստորագրելու կամ ոչ մի բան չստորագրելու մեջ է, հաշվի առնելով, որ Ալիեւն այս պահին հանդես է գալիս արեւմտյան տարբերակից վերջնականապես հրաժարվելու դիրքերից: Չնայած, վերջնականապես ասելը սխալ է՝ աշխարհը շատ արագ է փոխվում: Ամեն դեպքում, այս պահին Նիկոլը կարող է ընդունել ռուսական տարբերակը կամ հրաժարվել որեւէ բան ստորագրելուց, այսինքն, էլի մնում է ընտրության պարտադրանքի առաջ: Ընդ որում, որ տարբերակն էլ, որ ընտրի, բախվելու է հակադիր կողմի հետ: Արեւմտյան առաջարկներից հրաժարվելով, թերեւս, կարող է սպասել «գունավոր հեղաշրջման» փորձի: Ռուսական տարբերակը մերժելով, ամենաքիչը, հետեւանքը լիակատար մեկուսացումն է, որի մասին Բաքուն անթաքույց է խոսում. չբացվի Մեղրին, չի բացվի Ադրբեջան-Հայաստան եւ որեւէ ճանապարհ, նաեւ թուրքական ուղղությունը:
Ընդ որում, «գունավոր հեղաշրջման» վտանգը, թերեւս, ավելի փոքր է, հաշվի առնելով, որ ուժային համակարգի նկատմամբ Փաշինյանն այս պահին ունի անձնական վերահսկողություն: Ու այն, որ վերջին ժամանակներս, այսպես ասենք, սորոսածինների թեւը հիմնական հարվածն ուղղել է հենց ուժային կառույցների ղեկավարների դեմ, դա էլ է շատ բան ակնարկում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ