Նիկոլի շուրջ իր իսկ սարքած օղակը սեղմվում է
Վերլուծություն
Ելույթը, որը Գավառում տեղի ունեցած ՔՊ նախաձեռնող խմբի նիստի ժամանակ նախօրեին ունեցավ Նիկոլ Փաշինյանը, մի կողմից, հրամցվեց` որպես Ալիեւի վերջին հայտարարությունների պատասխանը: Բայց մի փոքր ավելի խորը նայելով` այդ ելույթը նաեւ Նիկոլի կողմից «ինքնախոստովանական ցուցմունք» էր: Բայց իրականում այստեղ կարելի է էլ ավելի խորը հիմքեր գտնել:
ՊԱՏԱՍԽԱՆ` ԱԼԻԵՎԻՆ
Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին՝ Ալիեւին արձագանքեց Նիկոլն իր ելույթով: «Առաջին պատճառն այն է, որ մենք մի քանի անգամ հրապարակային, արձանագրված պայմանավորվել ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը, ինչպես նաեւ սահմանների դելիմիտացիան եւ դեմարկացիան պետք է հիմնված լինեն 1991 թվականի դեկտեմբերի Ալմաթիի հռչակագրի հիման վրա… Այս պայմանավորվածությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արձանագրվել են ե՛ւ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպման եւ արդյունքում ընդունված քառակողմ հայտարարությունում, ե՛ւ Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, ե՛ւ 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ: Ինչու եմ հարված համարում վերջին օրերին Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որովհետեւ այն, ինչ նրանք ասում են, ամենաբարձր մակարդակով ուղիղ հակասում է այս տրամաբանությանը եւ այս պայմանավորվածությանը»,- ասաց Փաշինյանը:
Կարճ ասած, ըստ Նիկոլի, Ալիեւը նախկին ասածներից «թռնում» է: Ու հենց այդ փաստն է, որ Նիկոլի հայտարարությունը վերածում է «ինքնախոստովանական ցուցմունքի»:
Այսպես, ըստ էության, Վովայիչն ասաց հետեւյալը. այն քաղաքական կուրսը, որը նրան պարտադրվեց Պրահայում, եւ որի արդյունքում հայաթափվեց Արցախը, այս պահին, մեղմ ասած, լիակատար ձախողման շեմին է: Թե ինչու է Ալիեւն այդպես վարվում, դա արդեն հարցի մյուս կողմն է. ասենք, Արեւմուտքը Պրահայի փուլում կեղծ խոստումներ հրամցրեց Նիկոլին, կամ խոստումները կեղծ չէին, բայց հիմա չի կարողանում խոստացածը կատարել, այն է՝ Ալիեւին այդ պայմանավորվածությունների հիմա վրա բանակցային սեղանի մոտ «բերման ենթարկել» եւ այլն: Դրանից հարցի էությունը չի փոխվում. Նիկոլն է, որ մտել է մի գործընթացի մեջ, որն էն գլխից էր ակնհայտ, որ ձախողման է տանելու, եւ հիմա նա ինքն է խոստովանում այդ փաստը: Կարճ ասած, թույլ է տվել հերթական կոպիտ սխալը, որի արդյունքում ոչ միայն մազաչափ անգամ չի մոտեցել իր քարոզած «խաղաղության օրակարգին», դեռ մի բան էլ, կրկնենք, հայաթափվել է Արցախը:
Ընդ որում, ամենավատն անգամ նման սխալ թույլ տալը չէ, ամենավատն այն է, որ դա ուղղելու քայլեր եւս այս պահին տեսանելի չեն: Ամեն դեպքում, Նիկոլի նույն ելույթն անգամ այդ մասին է վկայում: Նրա խոսքով. «Առաջարկում ենք, ասում ենք՝ եկեք անվտանգությունն ապահովելու համար զորքերը Ալմաթայի հռչակագրով սահմանված սահմանագծից հայելային հետ քաշենք, որ բախումների վտանգը չեզոքացնենք, Ադրբեջանը սա մերժում է։ Ասում ենք՝ եկեք սահմանային շրջանները ապառազմականացնենք, Ադրբեջանը սա մերժում է։ Ես կարող եմ ուրիշ առաջարկ անել՝ եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք…»: Ու տեսնես Փաշինյանը գոնե չնչին չափով հավատո՞ւմ է, որ Ալիեւն այսօրվա իր շահեկան դիրքերը կթողնի եւ կասի` թե լավ, Նիկոլ ջան, արի բանակումս զենքերի «ռեւիզիա» արա:
Այդ դեպքում, ինչո՞ւ է Նիկոլը հրապարակավ առաջարկում մի բան, որին, ենթադրում ենք, անգամ ինքը չի հավատում, բայց նման առաջարկներով էլ ավելի է թուլացնում, դրսի համար ծիծաղելիության աստիճան հասցնում Հայաստանի դիրքերը: Սա Բաքվին ուղղված հրավե՞ր է, թե, ա՛յ Ալիեւ, ավելի թույլ ենք, քան պատկերացնում ես, էլ ինչո՞ւ ես հարցնում, վերցրու ուզածդ: Թե՞ նման հայտարարություններ Նիկոլն անում է, քանի որ ասելու այլ բան չունի, եւ այս վարկածն իր հերթին է խոսում Պրահայից սկսած ողջ քաղաքական կուրսի տապալման մասին:
ԱՌԱՆՑՔԸ` ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ՀԱՐՑՆ Է
Իրականում այս ամենն էլ ավելի խորը իմաստ ունի: Նախ նկատենք, որ եթե անգամ առաջնորդվենք այն վարկածով, որ Նիկոլն Ալիեւին դրդում է հերթական պատերազմի, դա պրակտիկ հեռանկարներ չի կարող ունենալ: Այն պարզ պատճառով, որ նոր պատերազմ սկսել-չսկսելը ո´չ Ալիեւի որոշելիք բանն է եւ ո´չ էլ՝ Նիկոլի: Նոր պատերազմը, իհարկե, Արեւմուտքին ձեռնտու է՝ ՌԴ-ի եւ Իրանի դեմ երկրորդ ճակատ բացելու համար: Բայց հենց նույն պատճառով դրան կտրուկ դեմ են ռուսներն ու պարսիկները: Առավել եւս` ներկա իրավիճակում, երբ Մերձավոր Արեւելքում կրքերն այսքան շիկացել են, եւ Մոսկվան ու Թեհրանը հաստատ ամեն բան կանեն, որ իրենց համար կապի օղակ հանդիսացող Հարավային Կովկասում ռազմական պայթյուններ չլինեն: Այս տեսանկյունից, պատահական չէր, որ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին իր հերթին շտապեց արձագանքել Ալիեւի վերջին հայտարարություններին, թե՝ «Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը…»:
Բացի այդ, մեկ նյուանս եւս հաշվի առնենք: Փաստն այն է, որ ինչպես Ալիեւն իր հայտարարություններով, այնպես էլ Փաշինյանը իր պատասխաններով, պտտվեցին-պտտվեցին ու նորից հասան նույն բանին՝ «Զանգեզուրի միջանցք» կամ Հայաստանով Նախիջեւանի հետ կապ ասվածին: Դա մեկ բան է նշանակում. Ալիեւը շարունակում է «խաղաղության պայմանագիրը» կապել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների հետ, եւ կարելի է ենթադրել, որ այդ հարցը նաեւ Նիկոլի հետ Սանկտ Պետերբուրգում անցած տարեվերջի «ոտքի վրա» հանդիպման հիմքերից է եղել: Իսկ ահա Նիկոլը, ում այս տարեսկզբից սկսած բառացիորեն «պաշարել» են արեւմտյան չինովնիկները, նաեւ իր վերջին ելույթում սկսեց բավականին «տարօրինակ» մտքեր հնչեցնել. «2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարությունը ստորագրած կողմերից երկուսը ստորագրման պահից սկսած մինչեւ 2023 թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը ցույց են տվել, որ այդ փաստաթուղթն իրենց համար գոյություն չունի… Չի կարող այնպես լինել, որ եռակողմ հայտարարության երկու կողմի համար այս փաստաթուղթն այլեւս չկա, իսկ 3-րդ կողմի համար այն շարունակի գոյություն ունենա»: Գեղեցիկ «փաթեթավորում» ունի, բայց այդպես չէ: Նոյեմբերի 9-ի փաստաթղթի շատ դետալներ հենց Նիկոլն է Ալիեւի հետ միասին խախտել: Սկսած հայկական զորքերը փաստաթղթի ստորագրման պահին եղած դիրքերից հետ քաշելուց, վերջացրած Ալմա-Աթայի մասին Պրահայի թեզով, որը խաչ քաշեց հայկական Արցախի վրա, եւ որը միայն ընդունելուց հետո Նիկոլն ու Ալիեւը, որպես կատարված փաստ, հրամցրել են Պուտինին: Եվ եթե այդքանից հետո նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններից մնացել է միայն կոմունիկացիաների վերագործարկման կետը, դա հենց Նիկոլի «պրավալնի» քաղաքականության արդյունքն է:
Բայց դրանք էլ մի կողմ. Հայաստանի համար, հաշվի առնելով նաեւ Նիկոլի այս վերջին հայտարարությունը, դա գործո՞ղ, թե՞ արդեն չգործող փաստաթուղթ է: Եթե չգործող է, դա պետք է հայտարարել պաշտոնապես, ինչը նիկոլյան իշխանությունը չի անում: Եթե գործող է, ապա պետք է այն կատարել, անգամ եթե մնացել է դրա 9-րդ կետը. վերջին հաշվով Փաշինյանն ինքն է միանձնյա կերպով դա ստորագրել, հիմա ո՞ւմ է մեղադրում:
Ու «ամենատարօրինակն» այն է, որ մինչ հիմա խոսում են, թե այդ 9-րդ կետն իրենից ինչ է ենթադրում: «Տենց բան ընդհանրապես գոյություն չունի, ոչ մի տեղ գրած չի, որ ՌԴ-ն ՀՀ որեւէ տարածքում կոմունիկացիայի անվտանգություն պետք է ապահովի, ընդհակառակը` գրած է, որ ՀՀ-ն պետք է ապահովի, եւ բնական է, ո՞վ պետք է ուրիշ ապահովի… Ով, որ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ արտահայություն կգտնի, խոստանում եմ դրամական պարգեւ, ցավոք, նման արտահայտություն գոյություն չունի»,- հայտարարեց Փաշինյանը: Իհարկե, նա ճիշտ է, այդ փաստաթղթում «Զանգեզուրի միջանցք» տերմին չկա: Բայց պատրա՞ստ է նաեւ դրամական պարգեւ տալ նրան, ով կմատնանշի, որ «ՌԴ-ն ՀՀ որեւէ տարածքում կոմունիկացիայի անվտանգություն պետք է ապահովի»: Որերորդ անգամ ստիպված ենք կրկնել այդ 9-րդ կետը. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Այսինքն, Նիկոլն իր ստորագրությամբ խոստացել է ինչպես Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ «անվտանգություն», այնպես էլ՝ «երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժ»: Հիմա՝ Հայաստանի սահմանը մաքսակետով հատելը «խոչընդո՞տ» է, ինչպես պնդում է Ալիեւը, թե՝ ոչ, ինչպես պնդում է Նիկոլը: Հենց դա է, որ պայմանագիր ստորագրելով, պետք էր պարզ գրել, ինչը Նիկոլը չի արել: Բայց այն, որ «Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմիններ» տերմինը կա, դա ստորագրել է Նիկոլն ու հիմա էլ ասում է, թե`«Տենց բան ընդհանրապես գոյություն չունի», դրան արդեն չգիտես էլ ինչ անուն տաս:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Արդյունքում, ունենք նման վիճակ: Մի կողմից, կա Արեւմուտքի պահանջը՝ ոչ մի ռուսական վերահսկողություն: Մյուս կողմից` շարժվելով արեւմտյան պահանջներով, Նիկոլը ստիպված արդեն խոստովանում է, որ հերիք չէ, ինքն իրեն դրել է փակուղու մեջ՝ չկատարելով իր իսկ ստորագրածը, հիմա էլ, երբ նույն Արեւմուտքը չի կարողանում ազդել Ալիեւի վրա, այդ փակուղին միայն խորանում է:
Ընդ որում, որքան էլ Փաշինյանն այս պահին սկսի նյարդային երանգներով իր կողմից ստորագրած նոյեմբերի 9-ի համաձայնագիր կամ Պրահայի փաստաթուղթ քննադատել, դրանից բան չի փոխվում: Կա փակուղի, եւ եթե դրանից ելք չգտնի, այն կշարունակի միայն էլ ավելի խորանալ՝ արդեն խեղդելու աստիճան:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ