Իրատեսակա՞ն է Երրորդ աշխարհամարտը
Վերլուծություն
Բայց, իհարկե, այն բոլոր զարգացումները, որոնք հնարավոր են մեր տարածաշրջանում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=273945&l=am), շարունակում են մեծապես կախված մնալ արդեն ոչ միայն ուկրաինական պատերազմից, այլ այն իրողություններից, որոնք այսօր զարգանում են Մերձավոր Արեւելքում: Վերջին իրադարձությունները եկան հուշելու, որ տարածաշրջանային, եթե ոչ՝ Համաշխարհային պատերազմը դարձել է, առավել քան երբեւէ՝ սպասելի: Ու առաջ է գալիս այն հարցը, որ եթե Իրանը ներքաշվի մեծ բախումների մեջ, դա կարո՞ղ է թուլացնել Թեհրանի հայացքը մեր տարածաշրջանում՝ ագրեսիայի համար ճանապարհ բացելով թուրք-ազերիական տանդեմի համար:
Հուսիթներին ամերիկաբրիտանական կոալիցիայի կողմից հասցրած վերջին հարվածները, իհարկե, կարելի է համարել քայլ՝ տարածաշրջանային մեծ պատերազմին ընդառաջ: Միայն թե այդ հարվածներին զուգահեռ, որոշ հետաքրքիր նյուանսներ եւս նկատվեցին: Դրանցից առաջինն այն փաստն էր, որ դեռ այդ «գերգաղտնի» օպերացիան չսկսված, աշխարհով մեկ խոսվում էր, որ նման հարված է իրականացվելու: Ընդ որում, նախնական աղբյուրը հենց բրիտանական մամուլն էր: Արդյունքում, The Daily Telegraph-ը նախօրեին հայտնեց, որ ԱՄՆ-ը բարկացած է Բրիտանիայի վրա՝ նման «բերանբացության» համար: Բանն այն է, որ արդեն հունվարի 11-ի երեկոյան Times թերթը հայտնեց բրիտանական կաբինետի արտակարգ նիստի մասին, որտեղ Ռիշի Սունակը հայտարարեց, որ համաձայնել է թագավորության զորքերի մասնակցությանը հուսիթիների դեմ ԱՄՆ գործողությանը: «Վարչապետի՝ խորհրդարանը շրջանցելու եւ մարտերին միանալու որոշումը հանգեցրել է քաոսի 24 ժամվա ընթացքում եւ զայրույթի Պենտագոնում, երբ հայտնի է դարձել գաղտնի ծրագիրը»,- գրում է Telegraph-ը:
Այժմ Լոնդոնում փնտրում են լրատվամիջոցներում տվյալների արտահոսքի աղբյուրը։ Թեեւ բոլորն են հասկանում, որ բրիտանական կաբինետի արտակարգ նիստից արտահոսք կարող է լինել կա՛մ նիստը հրավիրողից, այն է` վարչապետի գրասենյակից, կա՛մ կաբինետի արտակարգ նիստի մասնակիցներից մեկից, եւ այդ դեպքում եւս պատասխանատուն վարչապետն է: Իսկ ահա որոշ վերլուծական աղբյուրներ կարծում են, որ նման արտահոսքը դիտավորյալ է եղել` Բրիտանիայում աղմուկ առաջացնելու, դրանով` օպերացիային մասնակցության աստիճանը նվազեցնելու համար: Ըստ այդ աղբյուրների, մի կողմից` Սունակի դիրքերն առանց այդ էլ ծայրահեղ անկայուն են, եւ պատերազմի մեջ ներքաշվելը նրա համար պաշտոնանկության ամենակարճ ճանապարհն է: Պատերազմ, որի նպատակը համարում են Բայդենի ներամերիկյան վարկանիշը բարձրացնելը: Այսինքն, հանուն Բայդենի վարկանիշի, Սունակը հարվածի տակ է դնում սեփականը: Երկրորդ կարծիքը, որ առաջ են տանում նույն աղբյուրները, այն է, որ Բրիտանիան այս պահին որեւէ ռազմական գործողության լիովին անպատրաստ է: Բանը հասել է նրան, որ մի նավից անձնակազմ են հանում, որ համալրեն այլ նավի անձնակազմը: Այսինքն, «բրիտանական բանակը կիսադատարկ է»,- արտահայտվել է աղբյուրներից մեկը: Չկա համապատասխան քանակի ու որակի զենք, զինամթերք, ֆինանսներ: Այդ վիճակում Մերձավոր Արեւելքում ուղիղ մարտի մեջ մտնելը կարող է ծանր հետեւանքներ ունենալ, ինչը եւս շատ լուրջ հարված է Սունակի եւ ողջ իշխող ուժի համար: Բայց նաեւ` ԱՄՆ-ին մերժել չեն կարող: Ուստի, ավելի ձեռնտու տարբերակ է դարձել տարբեր միջոցներով եւ պատրվակներով պատերազմից խուսափելը, եւ նման տեղեկատվական արտահոսքն էլ ընկալվում է նման միջոցներից մեկը:
Այն, որ բրիտանական բանակը մարտունակության հետ կապված լրջագույն խնդիրներ ունի, մինչ այս էլ բազում հուշող փաստեր կային: Ավելին, այդ վիճակում են գործնականում բոլոր եվրոպական բանակները: Թե ինչու, դա հին ու խորը պատմություն է, մի կողմ թողնենք: Վերջապես, իրողությունն այն է, որ նաեւ ամերիկյան բանակն իր լավագույն օրերը չի ապրում: Ու դեռ մի բան էլ՝ կողքին ունի նման դաշնակիցներ: Այսինքն, քանի դեռ օդից անպատիժ հարվածներ հասցնելու հնարավորություն կա, կարող են հաղթական պատերազմներ վարել: Իսկ ահա Եմենի դեպքը այլ բան հուշեց. ստանում են պատասխան եւ այնքան լուրջ, որ կան խոսակցություններ ամերիկյան ռազմանավի խորտակման մասին: Արդյունքում, ԱՄՆ-ի մի քանի դաշնակիցներ (Իտալիա, Գերմանիա եւ այլն) էն գլխից մերժեցին կոալիցիայի մեջ մտնել, որոշ դաշնակիցներ, ինչպես Բրիտանիայի օրինակն է, չեն կարող մերժել Վաշինգտոնին, բայց նաեւ մասշտաբային բախումներից են խուսափում: Իսկ փառաբանված իսրայելյան բանակը գրեթե ընդունում է, որ ի զորու չէ հաղթել ՀԱՄԱՍ-ին: Եվ ահա այս իրավիճակում ԱՄՆ-ն կանգնած է պատերազմ սկսել-չսկսելու, ընդ որում, մի քանի ուղղություններով սկսել-չսկսելու հեռանկարի առաջ: Կարող է դիմել միջուկային զենքի, բայց դա ինքնաոչնչացում է: Եթե չի դիմում, փաստն այն է, որ դեռ անգամ Իրանին չհասած, սկսել է ռազմանավեր կորցնել: Ընդ որում, Ուկրաինան չար դաս եղավ ԱՄՆ-ի համար. այդ օրինակը տեսնելով, այլեւս ոչ մի երկիր չի ուզում դառնալ ամերիկյան շահերի համար կրակից շագանակ հանող:
Արդյունքում, թեեւ փորձեցին գնալ միանգամից հուսիթներին զանգվածային հարվածներով խեղճացնելու տարբերակով, բայց այս պահին հակառակ էֆեկտն է: Այսինքն, թեեւ խոսվում է Երրորդ աշխարհամարտի մեծ հավանականությունից, սակայն իրականում Բայդենը հերթական անգամ վարկանիշային մեծ կորուստներ ունեցավ, եւ քիչ հավանական է, որ կհասնեն Իրանի հետ պատերազմելու մակարդակի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ