Իսկ Արեւմուտքին պե՞տք է Նիկոլի «խաչմերուկը»
Վերլուծություն
Որքան էլ զարմանալի թվա, բայց պարզվում է, որ Հայաստանը նախագահ ունի՝ Վահագն Խաչատուրյան անունով: Ու դա էլ հերիք չէ, նա նաեւ սկսել է հոդվածներ գրել, ասենք՝ World Economic Forum-ում, այն է՝ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կայքում:
ՊԱՐԶՎԵՑ, ՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԵՆՔ
Թե ինչու հանկարծ Խաչատուրյանը որոշեց իր դինջ տեղը թողած` ձեռքը գրիչ վերցնել, կարելի է կռահել: Օրինակ, որ Նիկոլն ասել է, թե հերիք է պարապ մնաս, գոնե մի բան էլ դու արա, մի բան քարոզի: Եվ ահա Խաչատուրյանն էլ որոշել է քարոզել Նիկոլի «աշխարհացունց» գաղափարը՝ «Խաղաղության խաչմերուկը» արեւմտյան «խազեինների» առաջ:
«Ժողովրդավարությունը, որը շեշտը դնում է ներառականության եւ համախմբված որոշումների կայացման վրա, հիմք է ստեղծում ազգերի միավորման համար… Հայաստանը հավատարիմ է ժողովրդավարական արժեքների պահպանմանը եւ նորարարության լծակների օգտագործմանը՝ որպես դրական փոփոխությունների գործիքներ»,- իրեն է կոտորում Խաչատուրյանը, ով, երեւում է, որոշել է «գլոբալիստ գրվել»: Ու այդ դիրքերից էլ անցնում է բուն հարձակմանը, թե. ««Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նախաձեռնել է Հայաստանի կառավարությունը, մեծ շեշտ է դնում փոխադարձ վստահության ձեւավորման վրա՝ որպես խաղաղության հիմք: Ակտիվորեն ներգրավվելով հարեւանների եւ միջազգային գործընկերների հետ՝ Հայաստանը ձգտում է վերականգնել նոր համագործակցությունը տարածաշրջանում եւ խթանել փոխըմբռնումն ազգերի միջեւ…»: Ու այստեղ պարզ հարց է ծագում՝ տեսնես Խաչատուրյանը չի՞ լսել, թե Ալիեւն օրերս ինչ էր հայտարարում «փոխադարձ վստահության» եւ « տարածաշրջանում նոր համագործակցությանը», ու, խոշոր հաշվով, «Խաղաղության խաչմերուկի» մասին, թե՞ լսել, բայց լավ չի հասկացել:
Խաչատուրյանի «համեստ» անձի ու նրա այս «հանճարեղության» մասին հիշատակեցինք ընդամենը մեկ հարցադրման համար՝ վերջապես հայաստանյան գերագույն չինովնիկությունը կարո՞ղ հասկանալ, որ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում ոչ մի «խաչմերուկի» մասին չի կարող խոսք գնալ: Փաստը սա է. այն, որ Արեւմուտքն ամեն բան անում է, որ Նիկոլի քարոզած «խաչմերուկի» հյուսիս-հարավ առանցքը չլինի, հայտնի ճշմարտություն է: Իսկ ահա հակադիր թեւում՝ Ռուսաստանում այսպես են պատկերացնում այդ «խաչմերուկի» արեւելք-արեւմուտք առանցքի նպատակը. «Գլոբալ ցնցումները մեզ ստիպում են վերանայել Արեւելքն ու Արեւմուտքը կապող ուղիները: Մինչդեռ Ռուսաստանի Դաշնությամբ Հյուսիսային միջանցքը եւ Կովկասով երթուղին շարունակում են ակտիվ մնալ: Այստեղ ԱՄՆ-ին եւ նրա եվրոպացի վասալներին այլ բան չի մնում, քան փորձել ամրապնդել իրենց դիրքերը Հարավային Կովկասում եւ փորձել դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից: Միեւնույն ժամանակ, Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը դառնում են նրանց քաղաքականության հիմնական նպատակները: Մասնավորապես, Ադրբեջանը Արեւմուտքի համար շահավետ տնտեսական «կամուրջ» է Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի միջեւ: Առանցքային նախագծերից է «Միջին միջանցքի» հայեցակարգը Չինաստանից Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով եւ Թուրքիայից դեպի Եվրոպա: Հաշվի առնելով աշխարհագրական դիրքն ու պատմական հարաբերությունները՝ պարզ է դառնում. Ադրբեջանն ու Թուրքիան ամեն կերպ կփորձեն վերականգնել «Զանգեզուրի միջանցքը»… Մինչդեռ իրանցիները, հայերը, ինչպես նաեւ Ռուսաստանը շահագրգռված չեն երկու թյուրք ժողովուրդների երազանքների իրականացմամբ: Բանն այն է, որ «Զանգեզուրի միջանցքը» «Միջին միջանցքի» մի հատված է, որը ապագայում պետք է ապահովի նյութատեխնիկական ապահովումը Չինաստանի, Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետությունների, Ադրբեջանի եւ հենց Թուրքիայի միջեւ: Այսինքն՝ վերաուղղորդել Ասիայից ապրանքների հոսքը՝ շրջանցելով Ռուսաստանը: Այս գաղափարները խթանելու համար ամերիկացիները ստեղծեցին C5+1 հարթակը, որը ներառում է Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: ԱՄՆ-ն առաջատարն է: Ձեւաչափի էությունը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ազգային շահերը պաշտպանող այլ պետությունների դիրքերի արգելափակումն է: Տարօրինակ զուգադիպությամբ C5+1 հարթակը սահմանակից է Ռուսաստանին, Չինաստանին եւ Իրանին: Ադրբեջանի եւ Թուրքիայի ընդգրկումը «Միջին միջանցքում» Միացյալ Նահանգներին հնարավորություն կտա ոչ միայն արգելափակել «Հյուսիսային միջանցքը», այլեւ ամբողջությամբ վերահսկել թյուրքական երկրները՝ կարգավորելով նրանց ռեսուրսների, ինչպես նաեւ ապրանքների հոսքը եւ ծառայություններ Ասիայից՝ լոգիստիկայի միջոցով:
Մինչեւ վերջերս հայերը ԱՄՆ-ի ճանապարհին գործնականում միակ աշխարհագրական խոչընդոտն էին: Վաշինգտոնը լուծեց այս խնդիրը. Ղարաբաղը դադարեց գոյություն ունենալ, եւ «թուրքական զարկերակը» մեկ քայլ մոտեցավ ավարտին:
Իր հերթին, առկա է թյուրքական դաշինքի ձեւավորման վտանգը, որը կարող է համատեղ գործել եւ վտանգ ներկայացնել Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի համար, էլ չեմ խոսում Հայաստանի մասին: Օրինակ, Չինաստանում ույղուր թուրքերը կարող են ավելի մեծ վստահություն ձեռք բերել, ինչը կարող է արտացոլվել Ռուսաստանում, որտեղ տարբեր թյուրքական շրջաններ՝ Թաթարստանից մինչեւ Բուրյաթիա, կարող են սկսել «անկախության» ձգտել: Դրա ազդեցությունը զգացվում է նաեւ Իրանում, հատկապես նրա ադրբեջանական նահանգում, որտեղ տեղի բնակչությունը կարող է էթնիկ գծերով միավորվելու ցանկություն ցուցաբերել: «Թուրքական համերաշխության» վերջնական նպատակը ժողովուրդների միավորումն է նոր թուրքական կայսրության մեջ՝ սուլթան Էրդողանի գլխավորությամբ…»:
ԻՆՉ ԱՍԵԼ Է «ԽԱՉՄԵՐՈՒԿ»
Ասել, թե ՌԴ-ում առկա այդ պատկերացումները հեռու են իրականությունից, միամտություն կլիներ: Ամեն դեպքում, Ռուսաստանում հենց այդպես են պատկերացնում իրավիճակը: Այն է՝ Սյունիքով անցնող Արեւելք-Արեւմուտք ուղղությունը գործարկելու պարագայում, անկախ այն բանից, դա կգտնվի ամերիկյա՞ն, թե թյուրքական վերահսկողության տակ, կստեղծվի Ռուսաստանը շրջանցող ուղի, որը նաեւ կարգելափակի դեպի հարավ տանող ռուսական ռազմավարությունը: Այն է, նման միջանցքն ամենալուրջ հարվածն է ռուսական շահերին, եւ ոչ մի դեպքում դա թույլ տալ պետք չէ: Հետեւաբար, Սյունիքի եւ այդտեղով անցնելիք ուղիների վերահսկողությունը որեւէ մեկին չի թույլատրվում զիջել: Ըստ այդմ էլ, եթե Մոսկվայում այդ պատկերացումներն են, բնական է, որ քաղաքականությունն էլ կլինի, ավելի ճիշտ՝ կա հենց այդ դրանց համաձայն: Այն է՝ Սյունիքի ուղիները պետք է մնան հենց իր վերահսկողության տակ: Ընդ որում, սա այն տարբերակն է, որն ընդունելի է նաեւ Իրանի համար: Վերջապես, այս տարբերակի դեպքում նաեւ թուրք-ազերիական տանդեմը կարող է ունենալ Սյունիքի ճանապարհներից անցուդարձի հնարավորություն, այն է՝ կգործի «խաչմերուկի» մեխանիզմը: Բայց բացառապես այն ծավալներով եւ հնարավորություներով, որը թույլ կտա Մոսկվան: Հաշվի առնելով նաեւ մեկ պարզ փաստ. Սյունիքը, խոշոր հաշվով, նաեւ ԵՏՄ-ի սահման է, եւ անցուդարձը կարող է լինել բացառապես ԵՏՄ օրենսդրության համաձայն: Հայաստանը դա ապահովելու որեւէ շանս չունի, Մոսկվան, ասենք նաեւ՝ ԵՏՄ-ի հետ այս տարեսկզբից ազատ առեւտրի իրավունք ունեցող Թեհրանը կարող են:
Մյուս կողմից, ռուսական փորձագիտական աղբյուրը մատնանշում է նաեւ այն փաստը, որի մասին քանիցս խոսելու առիթ ունեցել ենք: Թուրք-ազերիական տանդեմը եւս մեծ ախորժակով է նայում այդ «Միջին միջանցքի» միակ բացակայող օղակին՝ «Զանգեզուրի միջանցքին»: Բայց քաջ գիտակցելով, որ նույն ախորժակն ունի նաեւ Վաշինգտոնը: Այն է՝ վերահսկելով Սյունիքի ուղին, դրանով վերահսկել եւ սեփական ծրագրերին ուղղորդել նաեւ ողջ «Միջին միջանցքը»՝ թյուրքական շահերով եւ սպասելիքներով հանդերձ: Հակառակ դեպքում, վերահսկողությունը Թուրքիային տալով, Վաշինգտոնն ընդամենը կվերածվի թյուրքական շահերի համար կրակից շագանակ հանողի: Ահա եւ այն հիմնական պատճառը, թե ինչու Ալիեւը, ԱՄՆ-ի օգնությամբ ստանալով Արցախը, նույն պահին էլ հրաժարվեց ամերիկյան վերահսկողությամբ «խաղաղության պայմանագիր» կնքելուց: Վերջին փաստը. Եվրախորհրդարանը որոշել է դիտորդներ չուղարկել փետրվարի սկզբին Ադրբեջանի նախագահական ընտրություններին: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորների հայտարարության մեջ. «Եվրոպական խորհրդարանը չի դիտարկելու ընտրությունների գործընթացը եւ, հետեւաբար, չի մեկնաբանի ոչ բուն գործընթացը, ոչ էլ դրա արդյունքները»: Սա, հասկանալի է, հերթական ճնշումներից մեկն է Ալիեւի վրա: Իհարկե, Հեյդարովիչը թքած ունի՝ եվրոպացիները դիտորդ կուղարկե՞ն, թե՝ ոչ, կամ ուրիշ ինչ նման բան չտվող քայլեր կանեն: Բայց բուն փաստը, որ Արեւմուտքը դեռ փորձում է ճնշել, արդեն իսկ ավելորդ անգամ հուշում է, որ Ալիեւին Բրյուսել կամ Վաշինգտոն տանելու ծրագրերն այդպես էլ չեն աշխատում, այն է՝ Բաքուն շարունակում է համառորեն դեմ գնալ Սյունիքում ամերիկյան վերահսկողության սցենարին:
Ամեն դեպքում, Սյունիքում ինչպես թուրքական, այնպես էլ ամերիկյան վերահսկողության պարագայում հյուսիս-հարավ ուղղությունը գործնականում բացառվում է, այն է՝ «խաչմերուկ» լինել չի կարող:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Այսինքն, երբ հայաստանյան իշխանավորները Հայաստանում են «խաղաղության խաչմերուկ» քարոզում, կարելի է իմաստը հասկանալ. սովորական քարոզ է՝ մարդկանց ուղեղների «լվացքը» շարունակելու համար: Բայց երբ նաեւ Դավոսի, այն է՝ ընդգծված ուլտրալիբերալիստական հարթակում «խաչմերուկի» գաղափար են քարոզում, մտածե՞լ են գոնե հարցնել, թե նրանց այդ «խաչմերուկը» պե՞տք է: Թե՞ լավ էլ հասկանում են, որ Արեւմուտքին պետք է բացառապես արեւելք-արեւմուտք «Միջին միջանցքը»: Իսկ դրա իրականացումը Հայաստանի առաջ լիովին փակում է հյուսիս-հարավ ուղղությունը՝ մեր երկիրը թողնելով սեղմված Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Իսկ դա մեկ բան է նշանակում՝ Հայաստանի արցախացում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ