Ինչ ցույց տվեցին ամերիկացիներին հարվածած իրանական հրթիռները
Վերլուծություն
Շարունակում են սրացումները նաեւ Հայաստանի (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=274004&l=am) հարեւանությամբ գտնվող գոտում: Ընդ որում, արդեն գործ ունենք աննախադեպ սրացումների հետ: Նկատի ունենք այն հրթիռային հարվածները, որոնք արդեն Իրանը եւ ոչ թե վերջինիս ենթակայության գտնվող ռազմականացված կառույցները հասցրին երեկ` որպես պատասխան օրերս Իրանում տեղի ունեցած ահաբեկչական խոշոր հարձակման:
Ըստ տեղի աղբյուրների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բալիստիկ հրթիռների եւ անօդաչուների հարվածներից փաստացի ոչնչացվել է Էրբիլում ԱՄՆ հյուպատոսությունը, լրջորեն տուժել Էրբիլի օդանավակայանում գտնվող ամերիկյան բազան, իսրայելյան «Մոսադի» եւ քրդական անվտանգության ծառայության տեղական շտաբները, որտեղ, իրանական կողմի պնդմամբ, ահաբեկչական հարձակումներ են պլանավորվել: Ոչնչացվել է նաեւ «Մոսադի» հետ կապ ունեցող քուրդ նավթային մագնատ Փեշրավ Ձեյինի առանձնատունը՝ բնակիչներով հանդերձ: Մի խոսքով, ԱՄՆ հյուպատոսարանի մոտ գտնվող առնվազն 8 օբյեկտ: Կան զոհեր ամերիկացիների եւ իսրայելցիների մոտ:
Այս հարվածները, անշուշտ, մեկ բան են վկայում: Այսկերպ Թեհրանը ցույց տվեց, որ բացարձակապես չի վախենում, եթե Մերձավոր Արեւելքում ներկա հակամարտությունը տեղափոխվի որակական ավելի թեժ մակարդակ: Այսինքն, որ կխոցի ամեն բան, անկախ նրանից, թե դա ամերիկյան է, իսրայելյան, թե ինչ, եթե դա Իրանի համար վտանգ է համարում: Ահա այս նոր իրավիճակը ոչ միայն ԱՄՆ-ին եւ Իսրայելին, այլ նաեւ այլոց է կանգնեցնում լրջագույն հարցի առաջ՝ ինչ անել:
Սկսենք «այլոց»-ից: Ինչպես նաեւ ներկայացրեց իրանագետ Վարդան Ոսկանյանը, ամենաուշագրավ դետալներից մեկն էլ այն է, որ Իրանի հարվածին ենթարկված թիրախների թվում է Սիրիայի տարածքում գործող «Թուրքեստանի իսլամական կուսակցություն» ահաբեկչական խմբավորումը: «Այն հիմնականում կազմված է հակաչինական տրամադրություններ ունեցող ույղուրներից եւ հովանավորվում է էրդողանական վարչախմբի կողմից: Այս ահաբեկիչները հատկապես աչքի են ընկել նաեւ Սիրիայի քրիստոնեական սրբավայրերը պղծելով»: Այսինքն, սրանով Իրանը ցույց տվեց հետեւյալը: Նախ, կա սերտ գործակցություն Չինաստանի հետ, ապա նաեւ՝ իր գործողություններին ոչ թե կրոնական տեսանկյունից պետք է նայել, այլ՝ աշխարհաքաղաքական, եւ այդ տեսանկյունից՝ Թեհրանը պատրաստ է նաեւ «քյալլա տալ» Անկարայի հետ: Այսինքն, ույղուրներից բաղկացած խմբավորման աջակցությունը ցույց է տալիս, որ Անկարան ունի «Զանգեզուրի միջանցքով» եւ թյուրքական աշխարհով չինական սահմաններին հասնելու ծրագրեր: Իսկ ահա այդ խմբավորմանը հարվածելով, Թեհրանը միանգամայն պարզ ազդակ է հղում Թուրքիային՝ պետք չէ: Ու այս ֆոնին պատահական չէ, որ իրանագետը նաեւ ակնարկում է, որ այս հարվածներից պետք է զգուշանա նաեւ Բաքուն: Ըստ նրա. «Բանն այն է, որ արդեն իսկ իրանական փորձագիտական շրջանակներում կարծիքներ են հնչում, որ իրանական բալիստիկ հրթիռների նշանակետեր են նաեւ արհեստածին Ադրբեջանի տարածքում հակաիրանական նպատակներով օգտագործվող ենթակառուցվածքները: Ակնհայտ է, որ նման պոտենցիալ թիրախների շարքում է նաեւ Արցախից բռնազավթված Վարանդայում կառուցված օդանավակայանը, որն ունի անթաքույց ռազմական նշանակություն եւ հատկապես կառուցվել է հակաիրանական նպատակներով։ Ուստի իրանական հրթիռների հարվածների հուժկու պայթյունը թեեւ տեղի է ունեցել Իրաքում եւ Սիրիայում, սակայն, պատկերավոր ասած, ցնցել է նաեւ Բաքուն»: Իսկ թե այս իրավիճակում որը կլինի Անկարայի եւ Բաքվի ռեակցիան, դեռ կտեսնենք:
Սակայն, հասկանալի է, հիմնական մեսիջն ուղղված էր հենց ԱՄՆ-ին: Դատելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Ադրիեն Ուոթսոնի հայտարարությունից, Վաշինգտոնը գերադասում է ցույց տալ, թե առանձնապես բան տեղի չի ունեցել: Ընդամենը, թե. «Սա անխոհեմ եւ ոչ ճշգրիտ հարվածների շարք էր»: Սակայն ամերիկյան հյուպատոսությանը հասցված հարվածը չես քողարկի, եւ եթե Բայդենը շարունակի դա չտեսնելու տալ, ապա կստանա հերթական մեծ հարվածն իր նախընտրական վարկանիշին: Ասենք, պատասխանի դեպքում եւս նույն խնդիրն է:
Մյուս կողմից, հազիվ թե պատահական էր, որ այս ամենին զուգահեռ Մոսկվան եւ Թեհրանը հայտարարեցին նոր եւ մասշտաբային ռազմական պայմանագիր նախապատրաստելու մասին, որը եւս ԱՄՆ-ի համար պարզ մեսիջ է: Այն է՝ կա նախ՝ Իրան-Չինաստան, ապա նաեւ Իրան-Ռուսաստան մասշտաբային գործակցության փաստը եւ, պատասխանի մասին մտածելով, այս փաստը առաջնային տեղում է: Կարճ ասած, Վաշինգտոնի համար Իրանի հարվածներին պատասխանելը խնդիր է, չպատասխանելը՝ նույնպես: Մնում է սպասել, թե որ մի խնդիրն ավելի փոքր կհամարեն:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ