Միրզոյան Արոն Փաշինյանի՞ն ստի մեջ մեղադրեց, Լավրովի՞ն, թե՞ ինքն իրեն
Վերլուծություն
Հայտարարությունը, որով հանդես եկավ Միրզոյան Արարատն օրերս Խորվաթիայի արտգործնախարարի հետ հանդիպման շրջանակներում, ցնցող էր: Այն կարելի է երկիմաստ համարել. դրանով Արոն կա´մ ուզում է ասել, թե Նիկոլի «խաղաղության օրակարգը» լիովին սպառված է, կա´մ էլ վերջնական փակագծեր է բացում, թե իրականում ում օգտին է աշխատում:
ԹԵ՞ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՐԱՏՆ Է ՄՆԱՑԵԼ «ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ»
Պատասխանելով Խորվաթիայի հանրային հեռուստատեսության լրագրողի հարցին` Միրզոյանը հայտարարեց. «Մենք ներգրավված ենք եղել բանակցություններում ի թիվս այլոց, նաեւ Եվրոպական միության աջակցությամբ, եւ ներկայումս տեսնում ենք, որ Ադրբեջանը, ցավոք, հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում»:
Եթե «Ադրբեջանը հրաժարվում է վերսկսել բանակցությունները», դա արդեն իսկ մեկ բան է նշանակում. այն քաղաքական կուրսը, որով առաջ էին գնում Նիկոլն ու Արոն, եւ որը հանգեցրեց Արցախի լիակատար հայաթափմանը, այսօր այլեւս առաջ տանել չեն կարողանում: Այսինքն, դա ապացուցեց իր սնանկությունը, նաեւ դրանով ֆիքսելով, թե Նիկոլն ու Արոն իրականում ինչ ահռելի վնաս են հասցրել Հայաստանին՝ մտնելով մի գործընթացի մեջ, որից Ալիեւը, ուզածը ստանալով, հանգիստ կարող է հրաժարվել պարտավորվածը կատարելուց:
Նաեւ Արոն այդ հայտարարությամբ սուտ խոսելու մեջ է մեղադրում Փաշինյանին: Բանն այն է, որ վերջինս գրեթե զուգահեռ տեղի ունեցած ՔՊ վարչության նիստին նման միտք հնչեցրեց. «Հիմնականում աշխատանքային կապուղիներ կան աշխատելու, մասնավորապես իմ աշխատակազմի եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջեւ, մասնավորապես այդ կապուղիներով մենք ընդունեցինք համատեղ հայտարարությունը, որի արդյունքում նաեւ մեր 32 գերեվարված եղբայրները վերադարձան: Իհարկե, աշխատանքի թեման է խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքը: Նրանք մեզ են ուղարկում, մենք աշխատում ենք, իրենց ենք ուղարկում: Հիմա, ըստ էության, աշխատանքը հասել է մի տեղ, որ մենք Ադրբեջանից, Ադրբեջանը մեզնից լրացուցիչ երաշխիքներ է ուզում փոխադարձաբար, որ մենք փոխադարձաբար միմյանցից թաքցրած տարածքային պահանջներ եւ նկրտումներ չունենանք, որովհետեւ դիվանագիտական տեքստերը իրենք միշտ տարբեր շրջադարձեր, ենթատեքստեր եւ տողատակեր են ունենում»: Այսինքն, Նիկոլը դրանով մատնանշում է, որ կա գոնե մեկ հարթակ, որտեղ դիվանագիտական բանակցային գործընթաց է տեղի ունենում: Ու եթե Արոն պնդում է, թե «գոյություն ունեցող հարթակներում» Ալիեւը հրաժարվում է բանակցել, կա´մ ինքն է բոլորին փորձում թյուրիմացության մեջ գցել, կա´մ ակնարկում է, թե Նիկոլի ասած գործընթացը գոյություն չունի: Կարող է նաեւ նման տարբերակ. Փաշինյանի ասած հարթակը իրականում կա, սակայն Միրզոյանը դրա մասին չգիտի: Ընդ որում, նման վարկածը դժվար է ֆանտաստիկ համարել: Այսինքն, եթե Նիկոլը պնդում է, թե այս պահին հիմնական գործընթացը տեղի է ունենում իր ու Ալիեւի աշխատակազմերի միջեւ, դա արդեն իսկ նշանակում է, որ դա մասնավորապես ՀՀ ԱԳՆ-ին շրջանցումով է տեղի ունենում: Այն դեպքում, երբ մինչ այս հիմնական բանակցային ծանրությունը հենց ԱԳ նախարարների վրա էր: Եվ հիմա, երբ «խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքը» տեղափոխվել է աշխատակազմերի վրա, ինչպես ակնարկում է Նիկոլը, դա չի՞ նշանակում, որ Արոն այդ գործընթացից դուրս է մնացել, այսինքն, կարող է նաեւ տեղյակ չլինել, որ կա նման հարթակ: Իսկ թե ինչու են ԱԳ նախարարների մեխանիզմի փոխարեն «խաղաղության պայմանագրի» աշխատանքներով զբաղվում աշխատակազմերը, դա արդեն շատ հետաքրքիր հարց է:
Ի՞ՆՉ ԱՍԵԼ Է՝ «ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐ»
Այս վերջին հարցադրման համատեքստում նախ պետք է հասկանալ, թե Միրզոյանն ի՞նչ նկատի ունի՝ ասելով «գոյություն ունեցող հարթակներ», որտեղ «Ադրբեջանը հրաժարվում է վերսկսել բանակցությունները»: Ի սկզբանե կա Մինսկի խմբի հարթակը, որը 2022թ.-ին փաստացի դադարեց գործել: Դրա փոխարեն ի հայտ եկավ նախ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան հարթակը, որտեղ եղան մի քանի եռակողմ փաստաթղթեր: Ապա ի հայտ եկավ նաեւ «Բրյուսելի ձեւաչափը»՝ Շառլ Միշելի մասնակցությամբ, որի գլխին կուրատոր էր կարգված Մակրոնը, որն էլ առաջ էր տանում ամերիկյան քաղաքական կուրսը: Հենց այդ ձեւաչափում էլ ի հայտ եկավ տխրահռչակ «Պրահայի համաձայնագիրը», որը հասցրեց Արցախի հայաթափմանը: Ճիշտ է, հիմա Շառլ Միշելը գործնականում չկա, բայց ահա նրա հին, «լավ ընկերը»՝ Ստեֆան Սեժուրնեն՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարը, նորանշանակ վարչապետի ամուսինը, թե՝ կինը (իրենք ավելի լավ կիմանան) հայտարարում է. «Ֆրանսիան կապահովի շարունակական աջակցությունը Հայաստանին»: Այսինքն, որ դեռ իրենց համարում են այս խաղի մեջ:
Ու հիմա, երբ Միրզոյանը պաշտոնապես հայտնում է, թե «գոյություն ունեցող հարթակներում» Ալիեւը հրաժարվում է բանակցել, ուզում է ասել, որ դա վերաբերում է ինչպես արեւմտյան, այնպես էլ ռուսական հարթակի՞ն: Արեւմտյանի հետ կապված`բան ասել չենք կարող. մենք ինքներս ենք ամիսներ շարունակ, ավելի կոնկրետ՝ Արցախի հայաթափումից անմիջապես հետո պնդել, որ Ալիեւին այլեւս արեւմտյան հարթակը պետք չէ, չի գնալու, ինչքան էլ որ դրանից հետո Նիկոլը շարունակում էր այդ ուղղությամբ վազել: Ու ահա հիմա Միրզոյանը հաստատում է, որ մեր այդ բոլոր պնդումները համապատասխանում են իրականությանը, այն է՝ Նիկոլն ու Արոն, կամա թե ակամա, հերթական կոպիտ սխալը թույլ տվեցին՝ իրենց հաշվարկներն արեւմտյան հարթակի հետ կապելով:
Ու այստեղ միայն մեկ հարց է մնում. Միրզոյանն ուզում է համոզել, թե նաեւ ռուսական հարթա՞կը չկա, այսինքն, որ Ալիեւը դրանից է՞լ է հրաժարվել. այդպես է ստացվում, քանի որ Արոն խոսում է «գոյություն ունեցող հարթակներից»: Ու այստեղ նույն հարցն է ծագում, ինչ Նիկոլի պարագայում. Միրզոյանը խաբո՞ւմ է, թե՞ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին է ստախոսության մեջ մեղադրում: Բանն այն է, որ օրերս Լավրովը հանդես եկավ մեկ միանշանակ, որեւէ երկիմաստություն չպարունակող հայտարարությամբ, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի Դաշնության տարածքում, սակայն Երեւանի դիրքորոշումը մնում է անհասկանալի։ Հայտարարությունը հնչում է այսպես. «Մեր արեւմտյան գործընկերները ցանկանում են, որ խաղաղության պայմանագիր (Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ) ստորագրվի միայն իրենց տարածքում, սա փաստ է: Փաստ է նաեւ այն, որ Ադրբեջանը պատրաստ է այն ստորագրել Ռուսաստանի տարածքում, որտեղ, ըստ էության, սկսվել են հակամարտությունը դադարեցնելու եւ բոլոր հարցերի լուծման համար փոխգործակցության մի ամբողջ համակարգ կառուցելու ջանքերը: Ես չգիտեմ, թե Երեւանը որքանով է պատրաստ դրան, թեեւ համապատասխան ազդակներ վաղուց են ուղարկվել Հայաստանի մայրաքաղաք»:
Դատելով նրանից, որ այդ հայտարարությունը որեւէ կերպ Բաքուն չհերքեց, կարող ենք գալ այն հիմնական ենթադրությանը, որ Լավրովն ասել է այն, ինչը կա. Ադրբեջանն իրոք պատրաստ է ռուսական հարթակում «խաղաղության պայմանագիր» ստորագրել, բնականաբար, կա գոնե մեկ հարթակ, որտեղ մինչ պայմանագիր ստորագրելը՝ «վերսկսել բանակցությունները»: Եվ եթե այդպես է, նշանակում է, որ Միրզոյան Արարատը, հայտարարելով, թե նման հարթակ չկա, կեղծված պատկեր է հրամցնում՝ դրանով մասնավորապես հայ ժողովրդին կեղծ ազդակներ փոխանցելով: Եթե այս տարբերակն է, ապա այլ հարցեր են առաջ գալիս. սրա համա՞ր է Նիկոլն Արոյին բանակցային գործընթացից մեկուսացրել՝ «խաղաղության պայմանագրի» հարցը փոխանցելով իր աշխատակազմին: Այդ դեպքում՝ կոնկրետ ո՞ւմ. Մհեր Գրիգորյանի՞ն, ով, չմոռանանք, պետք է որ օրերս հերթական հանդիպումն ունենա ադրբեջանական կողմի հետ, թե՞ կան այլ, դեռ անհայտ ֆիգուրաներ:
Կարելի է նաեւ Միրզոյանի հայտարարությանը նաեւ այս կողմից նայել. նա հայտարարելով, թե Ադրբեջանի համար չկան «բանակցային հարթակներ», ցանկանում է այն մեսիջը հղել, թե Հայաստանը ռուսական միջնորդությունն այլեւս բանակցային հարթակ չի համարում, այսինքն, որ վերջնականապես մեռել է Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափը: Առանց Լավրովի հիշատակված հայտարարության էլ, ակնհայտ էր, որ Արեւմուտքն ամեն բան անում էր նշված ձեւաչափը չեղարկելու եւ «խաղաղության պայմանագիրը» բացառապես արեւմտյան հարթակում կնքելու համար: Ու եթե իրոք Միրզոյանը հենց դա նկատի ունի, թե ռուսական հարթակ չկա, ապա մեկ բան է նշանակում՝ նա անգամ Հայաստանի համար արեւմտյան այդ հարթակի գործունեության կործանարար հետեւանքները տեսնելուց հետո է կպել-մնացել դրան: Այն է, իրենց գործունեությամբ ոչ թե չհասկանալով, այլ գիտակցված են այսքան աղետներ բերել: Կամ, միգուցե, որ այս վերջին տարբերակից քիչ է տարբերվում, փորձում է հերթական ազդա՞կը հղել Արեւմուտքին, թե վերջապես մի բան արեք, որ Ալիեւը գա բանակցելու: Բայց ի՞նչ անի Արեւմուտքը, երբ հնարավոր բոլոր ճնշման լծակներն արդեն կիրառել է: Ճիշտ է, սկսել են ակնարկել տնտեսական պատժամիջոցների մասին, բայց դա էլ չի օգնի. տնտեսական հարթակում Արեւմուտքն է Ալիեւի գազին նայում եւ ոչ թե հակառակը:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Ամեն դեպքում, այս ողջ պատմությունը եւս մեկ անգամ մեկ պարզ իրողություն է ֆիքսում: Ալիեւը ինչպես որ ամիսներ շարունակ մերժում էր, այդպես էլ շարունակում է մերժել արեւմտյան հարթակում որեւէ բանակցություն: Բայց ընդունում է ռուսական հարթակում ստորագրել «խաղաղության պայմանագիր»: Ընդ որում, ժամանակը, ուժային բալանսը եւ մյուս բոլոր տարրերն այս պահին հենց Ալիեւի օգտին են աշխատում: Ըստ այդմ, Նիկոլն է, որ այս պահին պետք է որոշի՝ գնալո՞ւ է ռուսական հարթակ, ինչի մասին բոլոր ազդակները ստացել է: Եթե ոչ, ապա կարող է առհասարակ կամ գոնե շատ երկար ժամանակ «խաղաղության պայմանագիր» չունենալ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ