Ռաիսիի թուրքական այցի հավանական «անակնկալները»
Վերլուծություն
Այն, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների հնարավորինս կայուն լուծում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=274531&l=am) պետք է փնտրել ոչ թե Արեւմուտքում, այլ հենց տարածաշրջանում եւ, մասնավորապես՝ «3+3» ձեւաչափով, օրերս հերթական անգամ այդ մասին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ու դրանում ճշմարտություն միանշանակ կա:
Այսինքն, ինչքան էլ հիմա խոսվի տարածաշրջանում աշխարհաքաղաքական գերակայություններից, թե Մոսկվան չի ուզում զիջել իր պատմական գերիշխանությունը, կամ որ Վաշինգտոնը փորձում է փոխարինել նրան, սակայն իրողությունն այն է, որ կան նաեւ տարածաշրջանային այլ շահեր, որոնք նույն Մոսկվան եւ Վաշինգտոնը, անգամ շատ ցանկանալու դեպքում, չեն կարող շրջանցել: Կովկասյան տարածաշրջանում իր շահերն ունի Իրանը, Թուրքիան, անգամ՝ Իսրայելը, եւ դրանք ինչքան էլ տարանջատվեն կամ սինխրոնացվեն Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի շահերի հետ, մեկ է, գոյություն ունեն եւ համառորեն առաջ են տարվում: Ու չմոռանանք, որ խոսքն այն տրամաչափի երկրների մասին է, որոնք ի զորու են իրենց շահերն առաջ տանել՝ անգամ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ մրցակցելու կամ համագործակցելու պայմաններում:
Եվ ահա այս իրավիճակում, երբ տարածաշրջանի առանցքային երկրները մտածում են, թե մեր սեփական մրցակցությունը կամ համագործակցությունը պետք է ինքներս լուծենք՝ առանց դրսի ուժերին հաշվի առնելու, հենց դա է, որ ԱՄՆ-ի համար էապես բարդացրել է մասնավորապես հայ-ադրբեջանական հարցում միանձնյա լուծող դառնալու եւ դրա հաշվին՝ տարածաշրջանում «հարց լուծողի» ֆունկցիա ստանձնելու հնարավորությունները:
Այսօր սպասվում է Իրանի նախագահ Ռայիսիի այցը Թուրքիա, եւ սա եւս պետք է դիտարկել տարածաշրջանային հարցերը հենց տարածաշրջանում լուծելու հերթական քայլերից մեկը, որը, ի դեպ, կարող է նաեւ առանցքային դառնալ`հաշվի առնելով նաեւ որոշ հարակից դետալներ: Նախ, որ այս ֆոնին նորից ակտիվացան Պուտինի՝ Թուրքիա այցելելու մասին խոսակցությունները: Եվ երկրորդը. այն, որ Իսրայելը համառորեն փորձում էր ձախողել Ռայիսիի այցը եւ հասավ նրան, որ երկու անգամ չեղարկվեց (այդ թվում՝ Իրանում հայտնի ահաբեկչական հարձակման միջոցով, որի մեջ Թեհրանը բացահայտորեն մեղադրում է իսրայելյան հատուկ ծառայություններին), էն գլխից էր հուշում, որ Թել Ավիվը առնվազն անցանկալի է համարում հնարավոր պայմանավորվածությունները, որոնք կարող են ձեռք բերել Անկարան եւ Թեհրանը: Նաեւ հաշվի առնելով հետեւյալը: Պուտինի այցի ժամկետները Թուրքիա դեռ հստակեցված չեն, թեեւ մի շարք հեղինակավոր աղբյուրներ դա բացատրում են այսպես: Պուտինի հնարավոր այցը կապված է նաեւ նրա հետ, թե ինչ ձեռքբերումներ կունենան Ռայիսին եւ Էրդողանը, այսինքն՝ կդառնան այդ ձեռքբերումները, եթե դրանք լինեն փոխլրացնող:
Եվ, դատելով նախօրեին Նյու Յորքում տեղի ունեցած Լավրով-Ֆիդան բանակցություններից, կարելի է կռահել, թե խոսքը մոտավորապես ինչի մասին է: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի. «Հաստատվել է մեր երկրների քայլերը համակարգելու անհրաժեշտությունը՝ ի շահ տարածաշրջանային սուր խնդիրների փոխընդունելի լուծումներ գտնելու, առաջին հերթին՝ կապված Գազայի հատվածում, Սիրիայում, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արեւելքում եւ Սեւ ծովի գոտում, ինչպես նաեւ Անդրկովկասում իրավիճակի»: Դիվանագիտական այս արտահայտության տակ կարելի է հասկանալ, որ խոսքը տարածաշրջանային ընդհանուր հարցերին կոմպլեքս լուծումներ տալու փորձի մասին է, եւ հենց դա է, որ դառնալու է ինչպես այսօր կայանալիք Ռայիսի-Էրդողան, այնպես էլ հնարավոր Պուտին-Էրդողան հանդիպումների առանցքը: Ու դատելով այն մտավախություններից, որոնք ակնհայտորեն առկա են Իսրայելում, նման ընդհանրական պայմանավորվածությունների հավանականությունն այնտեղ բարձր են գնահատում:
Ամեն դեպքում, այդ մասին են վկայում նաեւ որոշակի փաստեր: Նախ, չնայած պահպանվող առեւտրային հարաբերությունների, բայց այն, որ Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերություններն աչքի առաջ հասնում են թշնամանքի մակարդակի, դա հաստատ է: Ամեն դեպքում, Իսրայելը նորից սկսել է Էրդողանի գլխին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու «մահակը կախել»: Միեւնույն ժամանակ, հրեական ամենատարբեր օղակները սկսել են ակտիվորեն հիշեցնել, որ Իսրայելը, վերջին հաշվով, միջուկային զենք ունի եւ կարող է կիրառել: «Ի վերջո, այս ամենն անխուսափելիորեն կվերածվի մեծ պատերազմի, որը, ամենայն հավանականությամբ, անմիջականորեն կազդի Իրանի վրա։ Իսկ ինչպե՞ս հաղթել Իրանին առանց միջուկային հարվածի։ Իսրայելցիներին դա, դժվար թե, հաջողվի անել»,- պնդում է, օրինակ, Սատանովսկին:
Բայց մյուս կողմից, ռուսական ավիացիան սկսել է պարեկություն իրականացնել Սիրիայում՝ Հոլանի բարձունքների հատվածում, եւ դա Իսրայելը պետք է որ շատ լուրջ ազդակ համարի: Ու եթե Էրդողանը եւս վերջնական որոշում կայացնի՝ հակաիսրայելյան դաշտ մտնել, թերեւս նաեւ հաշվի առնելով, որ ամերիկացիներն էլ գնալով ավելի ու ավելի են խրվելու սեփական նախագահական ընտրությունների ծանրագույն փուլում, ապա Իսրայելի համար կարող են բավականին լուրջ ժամանակներ սկսվել: Ու այստեղ արդեն նաեւ միջուկային զենքը չի փրկի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ