Միրզոյանը զբաղված է միայն արեւմտյան տերերի ջրաղացին ջուր լցնելով
Վերլուծություն
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին ամփոփում էր անցած քաղաքական տարին: Միայն թե ասել, որ այստեղ ամփոփում կար, սխալ կլիներ. համատարած ձախողումների փաստեր, որի պարագայում իրեն հարգող ամեն մի նախարար պետք է վաղուց հեռացած լիներ: Բայց կրկնենք` իրեն հարգող նախարար:
ՊԱՏՄԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ
Իսկ ձախողումները, չմոռանանք, պատմական մասշտաբի են: Միայն Արցախի հայաթափումն արդեն հերիք է, ու այդքանից հետո Արոն նաեւ ավելացնում է, որ այժմ սկսվել է մշակութային ցեղասպանության փուլը, որի դեմ «հայկական կողմը չունի հայկական մշակութային ժառանգության ճակատագրին հետեւելու գործիքներ եւ մեխանիզմներ»։ Չունի՞, թե գործող խունտան չի կարող հակազդել` բազում հայտնի պատճառներով:
Բնականաբար, նման դեպքերում իշխանությունները միացնում են «հին բայաթին»` «նախկին հանցավոր իշխանությունների մասին»: Արոյի մոտ դա հնչում է այսպես. «Գնահատական տալուց պետք է սկսեմ նրանցից, ովքեր պետականություն ձեւավորելու մեր երազանքները թաղեցին կոռուպցիայի, ինքնիշխանության ցածր մակարդակի, հակամարտությունների եւ այլ ճահիճների մեջ… Այս ամենը բերեց նրան, ինչ ունենք այսօր»,- նշեց նախարարը։ Հեռու չգնանք. Ադրբեջանը 1994թ. պարտությունից արդեն մեկ տարի անց մտել էր վերականգնման բուռն փուլ, հինգ տարի անց ոչ թե լիովին վերականգնված էր, այլ ուներ թռիչք: Իսկ Նիկոլենք, որ արդեն հինգ տարուց ավել իշխանություն ունեն, դեռ նախկինների սխալներից են խոսում` որպես ապաշնորհության արդարացում:
Միրզոյան Արարատի այս ամփոփում կոչվածին կարելի էր նաեւ չանդրադառնալ, միայն թե դրանում կար մեկ ուշագրավ դետալ, որը պետք չէ աչքաթող անել: Հիշեցնենք, օրերս Արոն նման հայտարարություն էր արել. «Ադրբեջանը, ցավոք, հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում»: Ու սա այն դեպքում, երբ, ըստ Լավրովի. «Ադրբեջանը պատրաստ է այն ստորագրել Ռուսաստանի տարածքում, որտեղ, ըստ էության, սկսվել են հակամարտությունը դադարեցնելու եւ բոլոր հարցերի լուծման համար փոխգործակցության մի ամբողջ համակարգ կառուցելու ջանքերը: Ես չգիտեմ, թե Երեւանը որքանով է պատրաստ դրան, թեեւ համապատասխան ազդակներ վաղուց են ուղարկվել Հայաստանի մայրաքաղաք»:
Այսինքն, Միրզոյան Արոն ռուսներին «բանակցային հարթակ» չի՞ համարում, թե՞ ակնարկում է, որ Լավրովը սուտ հայտարարություն է արել` Ալիեւը նաեւ ռուսական հարթակն է մերժում: Իհարկե, ավելի հակված ենք այն մտքին, որ Միրզոյանն իրոք ռուսական ուղղությունը «չի տեսնում», եւ երբ Ալիեւը հրաժարվում է արեւմտյան հարթակից, ապա ենթագիտակցորեն դա Միրզոյանի մոտ «բոլոր հարթակներից հրաժարվել» է նշանակում: Բայց տեսնում է ռուսական հարթակ, թե` ոչ, դա իր անձնական խնդիրն է, որը, հասկանալի է, կարող է ծանր հետեւանքներ ունենալ Հայաստանի համար: Ասենք նաեւ իր, քանի որ նման հայտարարությունից հետո հաստատ նրան ուղղված հարցեր լինելու են:
Արդյունքում, նման հայտարարություն անելուն պես, նա սկսել է լուրեր տարածել, թե գիտեք, իրեն լավ չեն հասկացել: Ասուլիսում էլ փորձեց ՌԴ-ում բանակցելու թեման տանել այս ուղղությամբ` չգիտեմ՝ Ադրբեջանը պատրա՞ստ է Ռուսաստանում խաղաղության պայմանագիր կնքել: «Նման հավաստիացումներ ադրբեջանական կողմից չեն հնչել ոչ փակ հանդիպումների ժամանակ, ոչ հրապարակավ։ Եթե Լավրովը նման հայտարարություն է անում, ապա ենթադրում եմ՝ ինքը նման հիմքեր ունի»,- նշեց նա` ավելացնելով, որ ոչինչ չգիտի հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ ռուսական նոր առաջարկների մասին: Ու սրանով ոչ միայն «Ունքը շինելու փոխարեն` աչքը հանեց», այն հնարավորություն տվեց հեռուն տանող մի շարք ենթադրությունների: Ուզում է ակնարկել, թե Լավրովը ստո՞ւմ է` ասելով թե «համապատասխան ազդակներ վաղուց են ուղարկվել Հայաստանի մայրաքաղաք», որ Բաքուն պատրաստ է Ռուսաստանում «խաղաղության պայմանագիր» ստորագրել: Մինչդեռ այն, որ հենց Միրզոյանն է կեղծում իրականությունը` ասելով, թե «նման հավաստիացումներ ադրբեջանական կողմից չեն հնչել ոչ փակ հանդիպումների ժամանակ, ոչ հրապարակավ», կարելի է փաստ համարել: Եթե Միրզոյանը տեղյակ չէ, ապա կարող ենք նրան հիշեցնել Ալիեւի առնվազն մեկ նման պաշտոնական հայտարարություն` արված անցած տարի Բիշքեկում ԱՊՀ առաջնորդների գագաթաժողովի ժամանակ Պուտինի հետ հանդիպման շրջանակներում. «Մենք երախտագիտությամբ ենք ընդունում Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը, քանի որ Ռուսաստանը մեր հարեւանն ու դաշնակիցն է, ինչպես նաեւ Հայաստանի դաշնակիցը, այս երկիրը գտնվում է մեր տարածաշրջանում, ի տարբերություն հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվողների»: Կամ. «Եթե Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը մերժվի հայկական կողմից, կարծում եմ, որ այլընտրանք կարող են լինել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ ուղիղ բանակցությունները»։
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉ ՀԱՍԿԱՑՐԵՑ ՄԻՐԶՈՅԱՆԸ
Հեյդարովիչի այս եւ ադրբեջանական պաշտոնյաների չտարբերվող բազում այլ հայտարարությունների ժամանակին անդրադառնալու առիթներ ունեցել ենք: Հենց դրանք դարձան այն նախնական ազդակը, որ Բաքուն հրաժարվում է արեւմտյան հարթակից, որն այսօր ստիպված են խոստովանել նաեւ նիկոլյան իշխանավորները: Ավելին, քանիցս մատնանշել ենք նաեւ, որ Արեւմուտքը թեեւ կփորձի Ալիեւին ճնշել, սակայն չունի բավարար լծակներ, եւ Բաքվի քաղաքական այդ կուրսը չի փոխվի, քանի դեռ ներկա գլոբալ բալանսում տեղի է ունենում ռուսական դիրքերի աճ: Վերջին փաստը. ինքնակամ հրաժարվելով ԵԽԽՎ-ի հետ համագործակցելուց, Ալիեւը հերթական անգամ ցույց տվեց, որ քթած ունի ամեն մի արեւմտյան ձեւաչափի վրա:
Եվ ահա այս իրավիճակում, երբ գործնականում բացառված է արեւմտյան հարթակում որեւէ փաստաթղթի ստորագրումը, իսկ Միրզոյան Արոն ենթագիտակցորեն «բերանից թռցնում» է, թե ռուսական հարթակը չի տեսնում, շատ վտանգավոր հեռանկարներ են բացվում Հայաստանի առաջ:
Այսպես, Միրզոյանը փորձում է շարունակել «հույժ հայրենասիրական» դիրքերից ներկայացնել «խաղաղության պայմանագիր» կոչվածը. «Եթե մենք հասնենք խաղաղության պայմանագրի, դա նշանակում է, որ իրականություններ չեն լինի, որոնք մտահոգություն են առաջացնում, այլ կլինեն ընդունելի լուծումներ։ Հակառակ դեպքում՝ խաղաղության պայմանագիր չի լինի»։ Որ սրանով նա «ական է դնում» նիկոլյան ողջ քաղաքական կուրսի տակ, դժվար չէ հասկանալ: Ամեն անկյունից հայտարարում են, թե ինչ էլ լինի, «խաղաղության պայմանագիր» կնքելու են, ու հիմա Արոն դարձավ, թերեւս, նիկոլյան իշխանավորներից առաջինը, որը հնարավոր է համարում, որ պայմանագիր կարող է եւ չլինել: Սա կարելի է հասկանալ, եւ այդ մասին խոսելու առիթ ունեցել ենք. եթե Ալիեւը հրաժարվում է գնալ Արեւմուտք եւ Նիկոլին չթողնել, որ գնա Ռուսաստան` պայմանագիր կնքելու: Այն է` ավելի լավ է ոչ մի պայմանագիր չլինի, քան լինի ռուսական մոդելով պայմանագիր: Ու «Արաբաթը», որ «չի տեսնում» ռուսական հարթակը կամ արդեն բացահայտ խոսում է, թե պայմանագիր կարող է չլինել, ընդամենը զբաղված է արեւմտյան ջրաղացին ջուր լցնելով:
Բայց այս դեպքում էլ բոլորովին այլ հարցեր են առաջ գալիս: Նախ, գաղափարը, թե կարող է առհասարակ «խաղաղության պայմանագիր» չլինել, ոչ թե ական է, այլ` ատոմային ռումբ` դրված Նիկոլի ամբողջ քաղաքական կուրսի տակ: Այսինքն, անգամ Արցախը հայաթափվեց, թե` «տանք, որ խաղաղ ապրենք», ու հիմա գրեթե խոստովանում են, որ դա կե՞ղծ թեզ է. Չէ՛, այս դեպքում անգամ «հանցավոր նախկիններին» մեղադրելը չի փրկի:
Բայց ամենակարեւորը. եթե այդ պայմանագիրը չլինի, Նիկոլն ու Արոն ի՞նչ նոր քաղաքական կուրս են պատրաստվում առաջարկել Հայաստանին: Պայմանագիր չեղավ, չեն բացվի ճանապարհները եւ անգամ «Խաղաղության խաչմերուկ» կոչված հեքիաթին պետք է հրաժեշտ տան: Անգամ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանավորվածությունների կատարման հարցում կա՛մ չկան էական բովանդակային քայլեր, կա՛մ արդյունքներ, խոստովանում է Միրզոյանը: Գումարած, ռուսական բանակցային հարթակից այդքան ցուցադրաբար հրաժարվելը մեծ հարց է, թե ուր են տանելու հայ-ռուսական հարաբերությունները, որի տնտեսական բաղադրիչի հաշվին է, որ Նիկոլը կարող է խոսել «թռիչքային զարգացումներից»:
Արոն ակնարկում է` անցյալ տարի Ֆրանսիայի հետ հարաբերությունները ցույց տվեցին, որ մեր հարաբերություններն առանձնաշնորհյալ են: Այսինքն, հույսները Փարիզի վրա՞ է: Այն դեպքում, երբ Ֆրանսիան «պոչը քաշած» փախչում է այն բոլոր տարածաշրջաններից, որտեղ մինչ այս իշխում էր: Ուկրաինական պատերազմում ռուսները ֆրանսիական այդքան գովաբանված «Ցեզարները» տասնյակներով են ոչնչացնում` ցուցադրաբար տարածելով տեսանյութերը: Մի երկիր, որտեղ անփորձ մեկին ԱԳ նախարար են նշանակում, ինչ է թե վարչապետի կինն է, ամուսինը կարո՞ղ է Հարավային Կովկասի պես ծայրահեղ բարդ տարածաշրջանում հարցեր լուծել. լավ էլի:
Անցած տարվա բազում ձախողումներից հետո ահա այս կուրսն է առաջարկում Հայաստանին Միրզոյան Արոն: Ու եթե հույս ունի, որ վերջում կհասցնի «հայ, դե Փարիզ» անել, իզուր:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ