«ԻԼ-76»-ի խոցումը ծանր կնստի Զելենսկու վրա
Վերլուծություն
Մյուս կողմից էլ այն, որ ամերիկացիների համար այս պահին Հայաստանն ամենեւին էլ հիմնական «հարվածային ուղղությունների» թվում չէ, դժվար չէ կռահել: ԱՄՆ-ում նախընտրական կրքերը եւ դրանով պայմանավորված՝ ներքին լարվածությունը սրվում է աչքի առաջ, որը, հասկանալի է, արտաքին քաղաքականությունը մղում է երկրորդ պլան:
Թարմ օրինակը Թրամփի սկանդալային հայտարարությունն է սեպտեմբերի 11-ի մասին: «Սեպտեմբերի 11-ն ԱՄՆ-ի գործն էր: 4 տարի բերանս փակեցին, բայց հիմա ասում եմ՝ Երկվորյակ աշտարակների վրա հարձակում չի եղել, ինչպես, որ մեզ ցույց են տվել, թե այլ երկրներ են ներգրավվել դրանում... Ի վերջո, մենք ներքաշվեցինք Մերձավոր Արեւելքի պատերազմի մեջ... Մենք ծախսեցինք 9 տրիլիոն դոլար, սպանեցինք միլիոնավոր մարդկանց... եւ ինչի՞ հասանք։ Ոչինչ։ Մենք միայն մահ ու արյուն ենք ստացել»:
Այն, որ մասնավորապես այդ հարցով Թրամփը` ԱՄՆ երբեմնի նախագահը, աշխարհի ամենատեղեկացված անձանցից է, միանշանակ է: Հիմա, հասկանալի է, գործող վարչակազմը կարող է փորձել Թրամփին ստի մեջ մեղադրել: Բայց երեւի իրենք էլ են հասկանում` ասածն ապացուցող փաստեր նախկին նախագահն ունի: Իսկ եթե չմեղադրեն, ապա գործող վարչակազմը պետք է, չէ՞ ինչ-որ բան ասի: Առավել եւս, որ հերիք չէ խոսքը տրիլիոնավոր դոլարներ չգիտես ինչ անելու, այլ նաեւ միլիոնավոր մարդկանց սպանության մասին է:
Ու Բայդենի համար ամենավատն այն է, որ Թրամփն այս սկանդալը պայթեցրեց Մերձավոր Արեւելքի ներկա շիկացման ֆոնին, որի հիմքերը, ինչ խոսք, դրվեցին նույն սեպտեմբերի 11-ի պայթյուններով: Նաեւ. եթե Թրամփը սկսել է գնալ, ըստ էության, ԱՄՆ հատուկ ծառայություններին մեղադրելու ուղղությամբ, ապա ուրիշ էլ ի՞նչ նման ականներ նա կարող է պայթեցնել: Իսկ Թրամփը, կրկնենք, ԱՄՆ նախագահն է եղել, բոլոր գաղտնի տվյալներին ծանոթ է: Նաեւ, եթե նա մտնում է պետության գաղտնիքները եւ հանցագործությունները բացահայտելու դաշտ, ապա դա արդեն իսկ նշանակում է բոլոր նախկին խաղի կանոնների փոփոխություն, եւ սպասվող ներամերիկյան գերկրքերն էլ պետք է հենց այդ դաշտում ծավալվեն:
Այն, որ այս վիճակում ԱՄՆ գործող վարչակազմը փորձում է արտաքին ուղղություններում պաուզա վերցնել՝ ռեսուրսները ներքին պայքարին ուղղելու համար, տեսանելի է ոչ միայն ուկրաինական ուղղությամբ, այլ նաեւ Մերձավոր Արեւելքում: Միայն թե կա նաեւ այն տպավորությունը, որ Բայդենին այդ պաուզայի հնարավորությունը պարզապես չեն տալիս: Վերջին օրինակը կարելի է համարել փոխանակման համար ուկրաինացի գերիներին տեղափոխող ռուսական «Իլ-76»-ի խոցման պատմությունը: Այս մասին ուկրաինական քաջատեղյակ աղբյուրը գրում է. «Մեր աղբյուրը հայտնում է, որ Ուկրաինայի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության հարվածի հարցով նախագահի աշխատակազմն է մեղավոր, այլ ոչ թե Գերագույն գլխավոր հրամանատար Զալուժնին։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը գլխավորում է գեներալ-մայոր Նիկոլայ Օլեշչուկը. նա Զելենսկու եւ Երմակի հովանավորն է, ինչպես գեներալ Սիրսկին: Հենց նրանց են ենթակա հակաօդային պաշտպանությունը»:
Նախ, «Իլ-76»-ին խոցած հրթիռների թռիչքային պարամետրերը, իհարկե, ֆիքսվում են: Այսիքն` ՌԴ ՊՆ-ն հազիվ թե խնդիր ունենա իր մեղադրանքները հիմնավորելու հարցում: Եվ դա է պատճառը, որ պաշտոնական Կիեւն առաջ չընկավ ռուսներին մեղադրելու հարցում: Հաջորդը, այն, որ հենց Զելենսկին է ամեն կերպ առաջ տանում պատերազմը շարունակելու տեսլականը, դա եւս հայտնի փաստ է: Եվ այս հարցում նրա քայլերը բացահայտորեն դեմ են գնում ամերիկացիներին, որոնց համար այս պահին պաուզա վերցնելը կենսական խնդիր է դառնում: Իսկ ահա գերիների փոխանակումը, որի կազմակերպողների թվում են ամերիկացիները, համարվում է ռազմական լարվածությունը մեղմելու միջոց:
Իսկ ո՞վ է, բացի Զելենսկուց, համառորեն առաջ տանում պատերազմը շարունակելուը գաղափարը. մեկ կողմ կա` Բրիտանիան, եւ դա հիմնավորելը դժվար չէ:
Ամեն դեպքում` այն, որ ինքնաթիռը հայտնաբերելը եւ խոցելը ուկրաինական ուժերի բանը չէր, այսինքն, առանց առնվազն բրիտանական հետախուզության դա տեղի չէր ունենա, դա էլ է ամենահավանականը: «Այո, անգլիացիների հարվածն ամերիկացիներին շատ ուժեղ ստացվեց»,- ակնարկում է նաեւ ռազմաքաղաքական հեղինակավոր փորձագետ Յուրի Պոդոլյակը: «Անգլիացիների հարվածի» հետ միանշանակ կարելի է համաձայնվել: Այն ուժեղ էր, թե` ոչ, երբ շատ բան է ջրի երես դուրս գալիս, դա դեռ կտեսնենք:
Նկատի ունենք, որ ուկրաինական հարթակում կտրուկ սրվում է այն միտքը, թե հենց Զելենսկին եւ նրա թիմն են մեղավոր ուկրաինացի 65 ռազմագերիների սպանության, ինչպես նաեւ, ընդհանուր առմամբ` 200 գերիների տուն վերադարձը այդ հրթիռային հարվածով արգելակելու դեմ: Ու սա գալիս է էլ ավելի սրելու առանց այդ էլ պայթյունի շեմին գտնվող ներուկրաինական իրավիճակին: Եվ եթե սրան գումարում ենք այն ակտիվ հարձակումները, որոնք ռուսական բանակն այս օրերին վերսկսել է, ապա մեկ բան հաստատ է՝ Զելենսկուն ծանրագույն օրեր են սպասվում:
Բայց վերադառնանք բրիտանացիներին: Եթե իրոք հաստատվի, որ այս խոցումը նրանց ձեռքի գործն է, ապա դա մեկ փաստ եւս ջրի երես է հանում. Լոնդոնը փորձում է ոչ մի դեպքում թույլ չտալ, որ Վաշինգտոնը, թեկուզեւ ժամանակավոր, դուրս գա խաղից: Թե ինչու, հասկանալի է. առանց ԱՄՆ-ի, Բրիտանիան այն ուժը չէ, որ կարողանա գլոբալ հարթակներում առաջին պլանում նման խաղեր առաջ տանել: Դա վերաբերում է թե´ուկրաինական հարթակին, թե´Մերձավոր Արեւելքին (որտեղ կարողացան ամերիկացիներին մինի պատերազմի մեջ քաշել) եւ թե´ կովկասյան հարթակին: Ասենք, երբ հայաստանյան որոշ «գործիչներ» այդքան հաճախ բրիտանական MI-6 են վազում, դե արդեն իսկ ցուցիչ է, թե ով է այստեղ հիմնական տիկնիկավարը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ