ԴԵՊԻ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՀԱՐԹՎԱԾ Է ԽԱՂԱՂԱՍԻՐԱԿԱՆ ԿՈՉԵՐՈՎ
Վերլուծություն
ԴԵՊԻ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՀԱՐԹՎԱԾ Է ԽԱՂԱՂԱՍԻՐԱԿԱՆ ԿՈՉԵՐՈՎ
Ժամանակին թագավորներն ունենում էին հատուկ ծաղրածուներ, ովքեր ասում էին հանրության համար համարձակ կամ անթույլատրելի մտքեր: Այդպես թագավորները ստուգում էին հանրության արձագանքը` արդյոք այս կամ այն միտքը հնարավոր է անցկացնել անցնցում, թե այն կհանդիպի կատաղի դիմադրության: Հետագայում այս մեթոդը ստացավ «Օվերտոնի պատուհան» անվանումը, երբ բացարձակապես անընդունելի մտքերը այս կամ այն լուսանցքային գործչի բերանով ի հայտ էին գալիս հանրության մեջ եւ հետագայում այդ պատուհանից ավելի ու ավելի ընդլայնվում էր գաղափարական գրոհը հասարակության դեմ: Ահա այսպիսի դերակատարություն է տրված ԱԺ պատգամավոր ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին, որի միջոցով ՔՊ-ականները փորձարկում են ամենամերժելի գաղափարներն ու ծրագրերը:
Ո՞Ր ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԸՍՏ ՆԻԿՈԼԻ
Օրերս այս կերպարը հայտարարեց, որ Հայաստանը ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ այլ ժողովուրդների պատմական հայրենիքն է: Եվ ապա շարունակեց այն հիմնավորել, թե. «Հայաստանում ապրում են ոչ միայն հայեր, այլ նաեւ պատմականորեն ապրել եւ ապրում են այլ ազգեր, որոնց պետությունն էլ է Հայաստանը»: Սրանով Աղազարյանը հիմնավորում է իր վերադասների նախաձեռնած ու հեռու գնացող փոփոխությունը, որով «Հայ ժողովրդի պատմություն» դպրոցական առարկան պետք է վերանվանվի «Հայաստանի պատմություն»: Ինքն իրենով առավել քան տարօրինակ նախաձենություն մի ժողովրդի համար, որ իր պատմության բավականին մեծ հատվածում չի ունեցել պետականություն: Եթե խոսում ենք Հայաստան պետության մասին, ապա այն գոյություն ուներ մինչեւ 11-րդ դարը եւ ապա վերջին 106 տարիների ընթացքում: Ստացվում է, որ Հայաստանի պատմությունը չի ուսումնասիրելու հայ ժողովրդի պատմական զարգացումը 11-րդ դարից մինչեւ 20-րդ դարը: Ավելին, նման մոտեցման դեպքում Արեւմտյան Հայաստանի տարածքներում բնիկ հայ ժողովրդի պատմությունը նույնպես դադարելու է ուսումնասիրության առարկա լինելուց: Չեն ուսումնասիրվելու նաեւ նախիջեւանահայության եւ վերջին իրադարձություններից հետո արցախահայության պատմությունը:
Ոչ ոք չի էլ ժխտում Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքները: Սակայն ի՞նչն է պատճառը, որ քպականները մերժում են հայ ժողովրդի` որպես Հայաստանի Հանրապետության տիտղոսային ազգի իրավունքը` իր երեխաներին սովորեցնել իր իսկ պատմությունը, ընդ որում, անկախ նրանից, թե այսօրվա Հայաստանի Հանրապետության սահմանները որտեղով են անցնում, առավել եւս, որ նիկոլականները այդպես էլ չեն կարողանում կողմնորոշվել այդ հարցում եւ անընդհատ նորանոր տարածքներ փոխանցում են ադրբեջանցիներին:
Իրականում Նիկոլի ու նրա «Օվերտոնի պատուհանի» դերը ստանձնած աղազարյանների նպատակը մոռացության տալն է ե՛ւ Արեւմտյան Հայաստանը, ե՛ւ Ցեղասպանությունը, ե՛ւ Արցախը, ե՛ւ Նախիջեւանը: Սա իրենց պաշտոնական գիծն է, որը ո՛չ էլ թաքցնում են: Այսպես, Աղազարյանը հայտարարում է. «Երբ եղել է Ցեղասպանություն, այն ժամանակ Հայաստանի Հանրապետություն գոյություն չի ունեցել, ու ըստ այդմ` ինչու՞ պիտի պահանջատեր լինենք ուրիշ պետությունից, որ իր մեջ գտնվող մի ժողովրդի նկատմամբ իրականացրել է ցեղասպանություն»: «Մի ժողովրդի» մասին խոսելիս նա նկատի ունի հայ ժողովրդին: Այսպիսի բառեր կարող էր ասել միայն թուրքը, եւ հարց է ծագում` ի՞նչ ազգության է պատկանում Աղազարյանը, որ հայ ժողովրդին անվանում է «մի ժողովուրդ»: Եվ ի՞նչ ազգության են պատկանում Նիկոլը, որը չի վիրավորվում է «թուրք» բառից եւ իր ամբողջ խուժանապետությունը:
«Արցախի հարցը անձամբ ինձ համար այլեւս փակված է»,- շարունակում է ընդլայնել «Օվերտոնի պատուհանը» Աղազարյանը` կատարելով իր շեֆի հանձնարարականը: Այսինքն` սրանք հանցավոր ու դավաճանական ճանապարհով նվիրեցին Արցախը Ադրբեջանին, որպեսզի հիմա էլ հայտարարեն, որ այդ հարցը փակված է: Սակայն, երբ նիկոլականները հայտարարում են, որ Հայաստանը ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ պատմականորեն այլ ժողովուրդների հայրենիքն է, ունեն եւս մեկ թաքուն ու սարսարափելի հակահայկական նպատակ: Այդ հակագիտական, բացարձակ անգրագետ եւ ապուշ մտքով սրանք փորձում են ձայնակցել Ալիեւին: Ինչպես սահմանադրության, Արցախի, անկլավների հարցում, այդպես էլ ադրբեջանցիներին Հայաստանի Հանրապետության տարածքներում վերաբնակեցման համար Նիկոլը, ըստ երեւույթին, տվել է իր համաձայնությունը: Եվ երբ Ալիեւը բազմիցս պահանջ է ներկայացրել ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու վերաբերյալ, բնականաբար, իմացել է, որ այս պահանջը նույնպես Նիկոլի կողմից կատարվելու է: Ըստ լուրերի` այսպիսի պահանջ նույնպես գրավոր ներկայացվել է Հայաստանին եւ պետք է ներառվի այդ տխրահռչակ ու չարչրկված խաղաղության պայմանագրի տեքստում: Հենց դա է նպատակը, որ նիկոլական հակահայկական ռեժիմի ծաղրածուներին հանձնարարված է հայտարարել, որ ադրբեջանցիները նույնպես պատմականորեն բնակվել են Հայաստանի Հանարպետության տարածքում, եւ սա նույնպես նրանց պատմական հայրենիքն է: Ահա այն կեղտոտ, ստոր նպատակը, որ դրել է իր առջեւ նիկոլական ռեժիմը, ու որը 30 արծաթի դիմաց այսօր ծամծմում են ծաղրածուները:
ՆԻԿՈԼԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԽՂՃԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ
Նիկոլը և իր ՔՊ-ական նազիր-վեզիրները կաշվից դուրս են գալիս, որպեսզի հաճոյանան թուրք ազերիներին եւ Արեւմուտքին: Բանակի օրվա կապակցությամբ Նիկոլի խայտառակ ճառում վերջինս անտրամաբանական համառությամբ շարունակում է առաջ տանել այն թեզը, թե Հայաստանի անվտանգությունը կապահովվի, եթե Հայաստանը չունենա որեւէ հավակնություն իր իսկ պատմական եւ ոչ միայն պատմական, այլեւ ըստ օրենսդրության Հայաստանի Հանրապետության մաս կազմող տարածքների վրա. « Անվտանգության ապահովման տեսակետից առանցքային երկու գործոն ևս պիտի ընդգծեմ՝ արտաքին հարաբերությունները և վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը՝ միջազգային իրավունքի տեսակետից:
Լեգիտիմությունը, ըստ այդմ, Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոն պիտի լինի: Ի՞նչ նկատի ունեմ: Այն, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն իրեն պետք է նույնականացնի այն տարածքի հետ, որի վրա և ճանաչվել է միջազգային հանրության կողմից: Այն է` Հայկական ԽՍՀ տարածքը, որը նույնական է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հետ: Մենք պետք է հստակ և աներկբա արձանագրենք, որ որևէ այլ տարածքի նկատմամբ որևէ հավակնություն չունենք և չենք ունենալու, և սա պետք է դառնա Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման ռազմավարական հիմքը»:
Նիկոլը այդպես էլ չի կարող հասկանալ, որ իր այդ թեզը վերջնականպես կործանվել է, եւ ինչքան ավելի շատ է զիջում Ադրբեջանին, այդքան շատ է բացվում Ադրբեջանի եւ Թուրքիայի ախորժակը: Նիկոլի մեկը մեկից ցնորաբանական առաջարկները Ադրբեջանին` զորքերի հայելային հետքաշում, սպառազինությունների փոխադարձ վերահսկում, իսկ այժմ նաեւ ավելացավ «չհարձակման մասին» պայմանագրի ստորագրում, Ադրբեջանի մոտ միայն քմծիծաղ ու խղճահարություն են առաջացնում: Սակայն Նիկոլը շարունակում է դրանք անիմաստ եւ անտեղի կրկնել, իրականում չքննարկելու, խուսափելու համար այն հիմնական հարցերից, որոնք առաջ են քաշված Ադրբեջանի կողմից հաղորդակցության ուղիների վերաբերյալ: Ահա այս անգամ էլ եւս Նիկոլը հայտարարեց. «…անվտանգության երաշխիքների մի քանի մեխանիզմներ ենք առաջարկել Ադրբեջանին: Օրինակ` զորքերի հայելային հետքաշում Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ ադմինիստրատիվ սահմանի նկատմամբ: …Մենք նաև սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին: Նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու»:
Նիկոլը այժմ ինքն էլ է հասկանում, որ Ադրբեջանը չի գնալու խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն իրական որեւէ քայլ` Ադրբեջանի հետ պայմանավորվելու ուղղությամբ տարածաշրջանում կոմունիկացիաները բացելու առումով, չի կատարում եւ դրա փոխարեն զիջում է ամեն ինչ` տանելով դեպի նոր պատերազմ:
Խնդիրն այն է, որ ժամանակին Նիկոլը ստորագրել է փաստաթուղթ, որ բացվող ճանապարհները վերահսկելու է Ռուսաստանը: Դա նրան արգելել են իր ամերիկյան ու անգլիական կարգադրիչները: Հենց դա է պատճառը, որ Նիկոլը շարունակում է հակառուսական հիստերիկ քարոզչությունը եւ կրկին հայտարարել է իր արեւմտայն վերակացուներին, որ պատրաստ է հրաժարվել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից. «… անվտանգային համակարգերի, դրանց գործունակության բանաձևերի մասին մեզանում արմատացած պատկերացումներն աղետալի խաղ խաղացին մեր գլխին և Հայաստանի Հանրապետության համար չկա այլ տարբերակ, քան անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացումըե: Այսպիսով, Նիկոլը, որը միտումնավոր եւ հետեւողականորեն փչացրեց հայ-ռուսական ու ՀԱՊԿ-ի հետ դաշնակցային հարաբերությունները, հենց ռուսներին շարունակում է մեղադրել իր իսկ կողմից Արցախը Ադրբեջանին նվիրաբերելու մեջ: Այս, քիչ թե շատ ուղեղ ունեցող մարդու համար, ծիծաղելի ու սնանկ քարոզչությունը տալիս է իր պտուղները: Գտնվում են նրանք, ովքեր այդպիսի քարոզչության ազդեցության տակ կատարում են քստմնելի արարքներ, ինչպես ոմն Շիրինյանը, որը պղծեց Լենինգրադի շրջափակման մեջ սովի ու մահվան մատնված երեխաների հուշարձանը: Իհարկե, այստեղ ակնհայտ է իշխանությունների գրեթե անթաքույց աջակցությունը, հակառակ դեպքում Հայաստանի հակահետախուզությունը պետք է, որ արդեն պարզած լիներ, թե որ երկրի հատուկ ծառայությունների մատն է խառը այս ամենում:
Ա. Հովհաննիսյան