Ուկրաինայում ներքին պայթյունի կոճակը սեղմեցին
Վերլուծություն
Իրադարձությունները, որոնք նախօրեին ծավալվեցին Ուկրաինայում, եկան հուշելու, որ այն սպասվող ներքին պայթյունը, որը դարձել էր միանգամայն ռեալ, արդեն իսկ սկսված է: Ամեն դեպքում, նախագահ Զելենսկին փորձեց կատարել իր քայլը, թեեւ ասել, թե իր որոշմամբ, դա եւս սխալ կլիներ:
ԼՈՆԴՈՆԻ ԱԿԱՆՋՆԵՐԸ
Բայց նախ բուն փաստերը: Նախօրեին շրջանառության մեջ հայտնվեցին լուրեր, որ նախագահ Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից ազատել է Զալուժնիին: Պաշտոնական հաստատում այդ պահին չեղավ, թեեւ ուկրաինական լրատվամիջոցներում տարածված լուրերի համառությունը հաստատում էր, որ նման հրամանագիր իրականում գոյություն ունի: Առավել եւս, որ կար նաեւ փոխարինողի անունը՝ Անվտանգության ծառայության ղեկավար Կիրիլ Բուդանով:
Դրան հաջորդեցին` հեռացրել է-չի հեռացրել թեմայով «դաժան» համացանցային քննարկումներ, մինչեւ որ Զելենսկու գրասենյակից կիսաբերան հայտնեցին` դեռ հեռացված չէ: Դա մեկ բան էր հուշում՝ որոշումը կա, սակայն Զելենսկին ինչ-ինչ պատճառներով հապաղեց այն հրապարակել: Ասենք, մի շարք տեղեկացված աղբյուրներ եւս սկսեցին ակնարկել, որ այդպես էլ կար՝ ստորագրված, բայց չհրապարակված հրամանագիր, եւ դա առաջ քաշեց տեղի ունեցածի մասին ամենահավանական եւ շատ էական վարկած, որը բացի ներուկրաինականից, շատ ավելի խորը իմաստ ունի՝ այլ ու նաեւ մեր տարածաշրջանի մատնանշմամբ:
Այսպես, ուկրաինական քաջատեղյակ աղբյուրն այդ պատմությունը կապում է բրիտանական հատուկ ծառայությունների հետ: Բայց այստեղ կա մի փոքր նախապատմություն: Այն, որ Զելենսկու եւ Զալուժնու հարաբերությունները ծայրահեղ սրված են, նոր բան չէ: Հայտնի են նաեւ այդ հակամարտության «ստվերային» կողմերն ու հիմքերը: Զալուժնին, լինելով զինվորական եւ պատերազմական հարցերում շատ ավելի պրագմատիկ, անգամ միջազգային մամուլով խոսեց այն մասին, որ ներկա տեմպերով Ուկրաինան հաղթանակի որեւէ ռեալ շանս չունի, եւ շատ ավելի մեծ կորուստներ չունենալու համար պետք է մտածի բանակցությունների մասին: Սա, չմոռանանք, այն թեզն է, որը նաեւ ամերիկացիներն են առաջ տանում, եւ պատահական չէ, որ Զալուժնին այս պահին ունի Ուկրաինայում Վաշինգտոնի աչքին Զելենսկուն փոխարինելու հարմար հիմնական ֆիգուրանտը: Ի տարբերություն ամերիկացիների, բրիտանացիներն էն գլխից են առաջ տանում «մինչեւ վերջին ուկրաինացին» պատերազմը շարունակելու թեզը: Դա հիմնավորվեց, երբ հայտնի դարձավ, որ ժամանակին հենց նախկին վարչապետ Ջոնսոնն է ձախողել Մոսկվայի հետ բանակցությունները՝ ձեռնամուխ լինելով Զելենսկուն ֆինանսավորելու համար արեւմտյան կոալիցիայի ստեղծմանը: Դա ցույց տվեց նաեւ գործող վարչապետ Սունակը, ով այն ֆոնին, երբ Արեւմուտքը սկսել էր միաբերան խոսել Զելենսկուն խաղաղության բանակցություններ պարտադրելու մասին, ցուցադրաբար մեկնեց Կիեւ ու ինչ-որ փոխօգնության պայմանագիր ստորագրեց: Այդ պայմանագիրը, իհարկե, իրենից մեծ արժեք չի ներկայացնում: Սակայն դա ցուցադրական ազդակ էր, որ Լոնդոնը կանգնած է պատերազմը շարունակելու թեզն առաջ տանող Զելենսկու թիկունքին:
Բայց չնայած Լոնդոնի նման քային, Վաշինգտոնը ցույց տվեց, որ դադարեցնում է Ուկրաինայի ֆինանսավորումը, եւ եթե Բրիտանիան այդքան ցանկանում է, թող իր վրա վերցնի: Լոնդոնը փորձեց ԵՄ օղակների միջոցով ֆինանսավորումը թողնել Եվրոպայի վրա: Բայց չնայած մի շարք «աֆերիստական» քայլերի, Եվրոպան այդպես էլ նման բեռ չի վերցնում: Իսկ Դավոսի վերջին համաժողովը ցույց տվեց, որ անգամ բրիտանական մասնավոր հատվածը չի գնա Զենելսկուն ֆինանսավորելու, քանի որ դա համարում է փողերի անիմաստ վատնում:
Սակայն Լոնդոնի համար խնդիրն այստեղ այլ է եւ չափազանց գլոբալ: Եթե Վաշինգտոնն իրոք հետ քաշվի ուկրաինական, ապա նաեւ այլ գլոբալ հակամարտությունները ֆինանսավորելուց, սկսի աճել Ռուսաստանի դերը, Գերմանիան եւ Ֆրանսիան վերադառնան Մոսկվայի հետ տնտեսական համագործակցության դաշտ, ապա հանրագումարում Բրիտանիան հայտնվում է համաշխարհային գլոբալ շարժի ճամփեզրին հայտնվելու ռեալ վտանգի առաջ: Այսինքն, հանուն սեփական «ապահով ապագայի» պետք է որ ԱՄՆ-ն այս պահին հանկարծ խաղից դուրս չգա: Նաեւ հաշվի առնելով, որ անկախ ամեն բանից, Թրամփը, եթե հանկարծ վերադառնա իշխանության, խոստանում է ինքնակամ հետ քաշվել: Ու քանի դեռ Բայդենն է իշխանության, պետք է մի բան անել: Միայն թե Բայդենն էլ այս պահին իր ներքին ծանրագույն խնդիրներն ունի, պետք է հիմնական ուժերն այնտեղ կենտրոնացնել: Ու հենց դա էլ տանում է ուկրաինական պատերազմից եւ մյուս հակամարտություններից ինչ-որ բանակցային տարբերակով դուրս պրծնելու գաղափարին, որն էլ ներամերիկյան պայքարում կներկայացվի, որպես ձեռքբերում՝ Բայդենի ներկա վարկանիշը փրկելու հույսով:
Արդյունքում, Կիեւում Վաշինգտոնն ու Լոնդոնն ունեն միանգամայն հակադիր շահեր, որն էլ արտահայտվում է Զելենսկու եւ Զալուժնիի այդ պայքարի տեսքով:
ԵՐԲ ՏԵՐԵՐՆ ԻՐԱՐ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ
Այսպիսով, ուկրաինական հիշատակված աղբյուրները վստահ են, որ օգտվելով ԱՄՆ-ի` այս պահին Տեխասի հետ կապված ներքին խառը վիճակից, բրիտանացիներն անցան հարձակման՝ փորձելով չեզոքացնել Զալուժնիին: Ու եթե Զելենսկին լիակատար վերահսկողություն ստանա բանակի նկատմամբ, ապա նրա պաշտոնանկության եւ ռուսների հետ բանակցությունների որեւէ տարբերակ Վաշինգտոնին չի մնա: Իհարկե, դա Զելենսկու համար եւս փրկության ուղի է. նա լավ հասկանում է, որ ցանկացած ելքով խաղաղության պայմանագրի դեպքում լիովին կորցնում է Արեւմուտքի համար անհրաժեշտ լինելու ֆունկցիան, որից հետո անձնական ապահովության համար որեւէ մեկը քոռ կոպեկ անգամ չի ծախսի: Ու այդ դեպքում դեմ առ դեմ է մնալու պատերազմի պատճառով բազում զոհեր եւ զրկանքներ տեսած ուկրաինացիների հետ:
Աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ լավագուն տարբերակ են համարել, որ Զալուժնին համաձայնվի ինքնակամ հեռանալ, հենց բրիտանացիներն են նրա հետ կապի մեջ մտել, առաջարկել են մեծ փողեր եւ աշխարհի մի տաքուկ անկյունում լավ պաշտոն` դիվանագիտական անձեռնմխելիությամբ: Կարճ ասած` գնա-վայելի: Սակայն բանակցություններն արդյունք չեն տվել, քանի որ ամերիկացիները ժամանակին միջամտել են: Արդյունքում, պաշտոնանկության մասին լուրեր գոնե երեկ, օրվա առաջին կեսի դրությամբ այդպես էլ մնացին չհաստատված, թեեւ Զելենսկին դեռ շարունակում է օպերացիան: Բանն այն է, որ նա այս քայլով ամերիկացիների հետ հարաբերություններում հատել է կարմիր գիծը եւ հիմա հասկանում է, որ նրանք արդեն կարող են իր հանդեպ քայլերի գնալ` Զալուժնիին հանելու փորձերը չկրկնելու համար, պնդում է աղբյուրը: Այսինքն, այսօր-վաղը դեռ անակնկալներ լինելու են:
ԻՍԿ ՌՈՒՍՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՎՈՒՄ ԵՆ
Վաշինգտոնի եւ Լոնդոնի այդ ներքին պայքարի խնդրին դեռ կվերադառնանք, հաշվի առնելով, որ դրա տարրերը նկատվում են ոչ միայն Ուկրաինայում, այլ նաեւ Մերձավոր Արեւելքում եւ հենց մեր տարածաշրջանում: Սակայն մինչ այդ, ամփոփենք ուկրաինական թեման:
Իհարկե, Կիեւի այս ներքին հակասությունները հենց այնպես չէ, որ ի հայտ եկան: Վաշինգտոնի հոգնածությունը Ուկրաինայից, խոշոր հաշվով, սկսեցին սրվել ռազմաճակատային իրողություններից ելնելով: Այսինքն, եթե ուկրաինական բանակը պարտվում է, ապա Բայդենի համար դա վերածվում է լուրջ վարկանիշային անկումների ներամերիկյան պայքարում: Ու մնում է պարտվող կողմից կամաց-կամաց հետ քաշվել՝ գոնե նրա հետ չխորտակվելու համար:
Հենց այդ խնդիրն է, որ ներկա փուլում գնալով էլ ավելի է խորանում: Դավոսից հետո, երբ արդեն վերջնականապես ակնհայտ էր, որ հանուն սեփական մորթու, Զելենսկին ոչ մի դեպքում բանակցությունների չի ուզում գնալ, ռուսական ուժերի համընդհանուր հարձակումները վերսկսվեցին նոր տեմպերով: Երեկվա դրությամբ կար նման պատկեր: Հիմնական՝ Ավդեեւկայի հատվածում ռուսական ուժերը վերջին օրերին գրավել են քաղաքի ողջ հարավային հատվածը, որտեղ, ի դեպ, կայն 2014թ.-ից կառուցված ուկրաինական ամրություններ: Երեկ էլ սկսվեց հարավից դեպի քաղաքի կենտրոնական ուղղությամբ հերթական մասշտաբային հարվածը: Շարունակվում են նաեւ մարտերը քաղաքի ամբողջական շրջափակման համար: Կարճ ասած, Ավդեեւկան սպունգի նման շարունակում է ներծծել ուկրաինական ռեզերվները, եւ այն, որ դրանք արդեն սպառվում են, ցույց է տալիս ընդհանուր պատկերը: Մասշտաբային հարձակում է ընթանում նաեւ Խարկովի մարզում՝ մարզի առանցքային բնակավայրերից մեկի, Ուկրաինայի երրորդ մայրաքաղաքի համարում ունեցող Կուպյանսկի ուղղությամբ: Այստեղ՝ Կուպյանսկից հարավ-արեւելք՝ Տոբաեւկա բնակավայրի հատվածում ռուսական ուժերը վերջին օրերին խորը ճեղքումներ կարողացան ունենալ, գործնականում վերահսկողության տակ են վերցնում դեպի Կուպյանսկ տանող ողջ բարձրադիր գոտին: Զուգահեռ հարձակում է ընթանում նաեւ Կուպյանսկի հյուսիսում, եւ ակնհայտորեն, ռեզերվների պակասի խնդիրն այս դեպքում արդեն շատ ավելի շոշափելի է ուկրաինական բանակի մոտ: Ռուսները մասշտաբային հարձակում են իրականացնում նաեւ Չասով Յարի (Բախմուտից արեւելք), Սեւերսկի, հարավում՝ Ուգլեդարի ուղղությամբ: Ու ամենուր նույն՝ ռեզերվների եւ զինամթերքի աճող խնդիրը ուկրաինական բանակի մոտ ակնհայտ է:
Այն դեպքում, երբ առաջին իսկ խոշոր բնակավայրի, հատկապես՝ Ավդեեւկայի անկումը կտրուկ մեծացնելու է ներուկրաինական առանց այդ էլ պայթող լարվածությունը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ