Ինչու հանկարծ ԱՄՆ դեսպանատունը որոշեց սրել պատերազմական թեզը
Վերլուծություն
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան վերջին հայտարարությունը, որով արգելում էին իրենց աշխատակիցներին եւ նրանց ընտանիքների անդամներին «հրատապ կարիքի բացակայության պարագայում այցելել» հայ-ադրբեջանական սահմանային բնակավայրեր, նաեւ, որ սահմանային ճանապարհների «որոշ հատվածներ կարող են վերահսկվել անցակետերով կամ փակ լինել ճանապարհորդների համար առանց նախազգուշացման», պատահական չէ, որ մեծ աղմուկ առաջ բերեց: Թերեւս, այդ հայտարարությունը, մեղմ ասած, տարօրինակ էր նաեւ հայաստանյան իշխանությունների համար, հաշվի առնելով, որ զուգահեռաբար ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հ1-ի եթերով սահմանի հետ կապված, պարզաբանեց. «Վերջին մի քանի ամիսներին իրավիճակը կարելի է բնորոշել հարաբերական կայուն»:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ԷՐ
Այն, որ ներկայումս իրոք այն ծայրահեղ լարվածությունը, որը ժամանակին քանիցս տեսել ենք, այս պահին չկա, հաստատում են նաեւ սահմանային տարբեր հատվածների ոչ պետական աղբյուրները: Եվ այս առումով պարզ հարց է առաջ գալիս՝ իսկ ինչո՞ւ ամերիկյան դեսպանատունը հանկարծ որոշեց նման հայտարարությամբ հանդես գալ, որն ամեն մեկի մոտ էլ կարող է տպավորություն առաջացնել, թե՝ ամերիկացիները մի բան գիտեն, եթե ասում են, ուրեմն վիճակը լարված է: Պատկերը չփոխեց անգամ նույն դեսպանատան հաջորդող պարզաբանումը, թե գիտեք՝ «ԱՄՆ դեսպանությունը մեղմացրել է ուղևորությունների վերաբերյալ սահմանափակումներն աշխատակիցների համար։ Նախորդ ծանուցմամբ ներկայացված սահմանափակումների համեմատ այստեղ զգուշացումները մեղմացված են»: Այսինքն, հիմա էլ ասում են, թե սահմանային լարվածությունը մի բան էլ մեղմվել է, եւ մենք էլ մեղմում ենք մեր աշխատակիցների նախկին սահմանափակումները: Լավ, բայց եթե մեղմում եք, ինչո՞ւ եք այդ մասին պաշտոնական հայտարարություններ հրապարակում, առավել եւս, որ այն ուղղված է դեսպանատան աշխատակիցներին: Պարզ տրամաբանություն է, որ ամեն մի հիմնարկություն, հաստատություն իր աշխատակիցների վարվելակարգը կարգավորող հրահանգները տարածում է ներքին հրահանգավորումներով եւ ոչ թե պաշտոնական հրապարակային հայտարարություններով: Առավել եւս, երբ խոսքը վերաբերում է այնպիսի նուրբ հարցի, ինչպես կոնկրետ դեպքում է՝ սահմանային հանդարտությանը, նոր պատերազմ լինել-չլինելուն: Այսինքն, ԱՄՆ դեսպանատան շեֆությունը չէ՞ր գիտակցում, թե նման հայտարարություններն ինչ նյարդային ռեակցիա են առաջացնելու. այդքան էլ միամիտ չեն, որ չգիտակցեն: Ու եթե գիտակցում են եւ նման քայլի են գնում, ապա դա մեկ բանի մասին է հուշում՝ դիտավորության: Այսինքն, դիտավորությամբ փորձում են Հայաստանում սրել նոր պատերազմի մասին մռայլ տրամադրություններ կամ, դրանով հանդերձ, ասենք, միաժամանակ ազդակ են հղում Բաքվին, թե, մենք ընդամենը մեր աշխատակիցներին հետ ենք քաշում սահմանից, որ ոչ մի բան չտեսնենք եւ չլսենք, կարող եք` ինչ ուզում եք, անեք: Ու այստեղ արդեն այլ հարց է առաջ գալիս. իսկ ինչո՞ւ ամերիկացիները, որ մի որոշակի ժամանակ հանգիստ նստած էին, հանկարծ որոշեցին նման դիտավորյալ քայլեր կատարել:
Նկատենք, որ միայն ԱՄՆ դեսպանատունը չէ, որ այս պահին փորձում է նորից սրել պատերազմ լինել-չլինելու թեման: Օրինակ, ամերիկյան ամենահեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկը՝ Council on Foreign Relations-ը, եւս այս օրերին ներկայացրեց 2024 թվականի համար իր տարեկան կանխատեսումը՝ նշեով, որ Հայաստան-Ադրբեջան նոր պատերազմը հավանական է, սակայն ԱՄՆ-ի համար չունի առաջնահերթություն: Եվ այսպես շարունակ, ուլտրալիբերալ թեւից հնչող նման հայտարարությունների պակաս չկա: Այս ամենի իմաստը, թերեւս, բացատրում է մեկ այլ ուլտրալիբերալ գործիքի՝ Fitch Group ամերիկյան վարկանիշային ընկերության մաս կազմող Fitch Solutions վերլուծական կենտրոնի փորձագետների կարծիքը` այս տարի հնարավոր իրադարձությունների մասին. «Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել արդեն 2024 թվականի առաջին կեսին…»: Իսկ թե ինչ պայմաններով, սույն կառույցը նման պատկեր է փորձում հրամցնել. «Մենք շատ հավանական ենք համարում, որ համաձայնագիրը կներառի դրույթներ, որոնք ուժեղացնելու են Ադրբեջանի վերահսկողությունը Զանգեզուրի միջանցքի ստեղծման վրա, որը տանում է դեպի Նախիջեւան էքսկլավ»:
ԻՆՉՆ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՑՐԵԼ ԼՈՆԴՈՆԻՆ
Փորձենք նախ հասկանալ, թե ինչ է ակնարկում Fitch-ը: Արդեն տեւական ժամանակ, ինչպես հայտնի է, Արեւմուտքի միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցություններ չեն ընթանում, ու տեսանելի չէ որեւէ նախադրյալ, որ այդ հարթակը կվերսկի գործել: ԱՄՆ-ն հիմնականում ԵՄ-ի միջոցով փորձում է ճնշել Բաքվին՝ վերադառնալ արեւմտյան բանակցային դաշտ: Սակայն փաստն այն է, որ դրա արդյունքում Բաքվի եւ Բրյուսելի հարաբերությունները հասնում են թշնամանքի, բայց չնայած դրան, Բրյուսելն այդպես էլ որեւէ ռեալ ճնշումային միջոց չի կիրառում: Ասենք, ի՞նչ պետք է անեն, ադրբեջանական գազից հրաժարվե՞ն: Եվ այն պահին, երբ նաեւ Վաշինգտո՞նն է դեպի Եվրոպա գազի արտահանումը սահմանափակող գործողություններ կատարում՝ ելնելով Տեխասին պատժելու ցանկությունից: Չէ, Եվրոպան հազիվ թե Ալիեւի գազից հրաժարվի ու այլ ռեալ ճնշումային քայլեր էլ պարզապես չունի: Ասենք, այս ամենը գալիս է նրանից, որ Ալիեւը կորցրել է Վաշինգտոնի հանդեպ վախը: Չնայած, աշխարհում արդեն այնքան շատ երկրներ են սկսել Վաշինգտոնից չվախենալ, որ Ալիեւի տրամաբանության հիմքերը դժվար չէ հասկանալ:
Բայց, եթե արեւմտյան բանակցային հարթակից հույսեր չկան, ի՞նչ հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» մասին է խոսում Fitch-ը: Չնայած, դա եւս հասկանալը դժվար չէ. բացի արեւմտյանից, կա միայն մեկ բանակցային հարթակ՝ ռուսականը, որտեղ, դատելով ՌԴ ԱԳՆ-ի եւ նախարար Լավրովի մի շարք հրապարակային հայտարարություններից, Ալիեւը պատրաստ է «խաղաղության պայմանագիր» ստորագրել, եւ ամեն ինչ կախված է Նիկոլից: Ու եթե Fitch-ը կարծում է, որ առաջիկա ամիսներին հնարավոր է պայմանագրի կնքումը, դա պարզ ակնարկ է, որ ամերիկացիների կարծիքով՝ Նիկոլն ի վերջո կգնա ռուսական հարթակ: Իսկ այստեղ, ինչը եւս ռուսները բազմիցս են հայտարարել, «խաղաղության պայմանագրի» հիմքը Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ պայմանագրերն են, այդ թվում՝ նոյեմբերի 9-ի պայմանագրի կոմունիկացիաներին վերաբերող 9-րդ կետի կիրառմամբ: Հիշեցնենք, այդ կետով սահմանվում է Սյունիքի կոմունիկացիաների գործարկում ռուսների կողմից անվտանգության վերահսկողությամբ: Հենց դա է, որ ի սկզբանե Նիկոլին արգելում են ամերիկացիները, ու հիմա էլ պատահական չէ, որ Fitch-ը փորձում է առաջին պլան մղել «Ադրբեջանի վերահսկողությունը Զանգեզուրի միջանցքի նկատմամբ ուժեղացնելու» կարգախոսը: Իրականում բոլորն են հասկանում, որ ռուսների վերահսկողությունը ոչ մի միջանցք էլ չի ենթադրում: Թեկուզեւ հաշվի առնելով, որ Սյունիքը, խոշոր հաշվով, նաեւ ԵՏՄ-ի սահմանն է: Գումարած, պարզ տրամաբանությամբ, «Զանգեզուրի միջանցք» ասվածը, դրա թուրք-ազերիական տրամաբանությամբ, որքան որ Հայաստանին, ոչ պակաս էլ Ռուսաստանին եւ Իրանին է հարվածում: Նաեւ, որ հենց ամերիկացիներին է պետք թուրք-ազերիական տրամաբանությամբ «Զանգեզուրի միջանցքը», բայց նաեւ պայմանով, որ Մեղրիի հատվածի «կոնտրոլը» կմնա Վաշինգտոնին: Իսկ եթե ոչ, այդ հատվածի աշխարհաքաղաքական վերահսկողությունը ռուսներն իրականացնեն, դա Վաշինգտոնի, ասենք նրանից էլ առաջ՝ Լոնդոնի համար նշանակում է կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական խոշոր պարտություն:
Շատ պարզ պատկեր է, որը գործում է 2020թ. նոյեմբերի 9-ից ի վեր, եւ որին Նիկոլի «կուլ գնալու» պատճառով հայաթափվեց Արցախը: Ու, չնայած այդ ամենին, այն բանից հետո, երբ Ալիեւը հրաժարվեց արեւմտյան հարթակից, տեւական ժամանակ Նիկոլը հայտնվել է խորը փակուղու մեջ: Եվ Fitch-ը հենց դա է ակնարկում, որ փակուղուց դուրս գալու համար Նիկոլը կարող է գնալ Մոսկվա՝ պայմանագիր ստորագրելու՝ Վաշինգտոն-Լոնդոնի հիշատակված աշխարհաքաղաքական պարտությունով հանդերձ:
Պետք է մի բան անել, բայց այն կոպիտ սխալը, որ թույլ տվեց Բրիտանիան, ռեալ քայլերի հնարավորություններն էապես սահմանափակել է: Խոսքը` Արցախի հայաթափման մասին է, որով Արեւմուտքը սեփական ձեռքով ոչնչացրեց Ալիեւի վրա ազդելու հիմնական լծակը՝ դրա դիմաց չհասնելով անգամ Արցախից ռուսական ուժերի դուրսբերմանը: Թողնելով ռուսական ուժերին, Ալիեւն էն գլխից ակնարկեց, որ նախընտրում է գործ ունենալ Մոսկվայի հետ: Իսկ Նիկոլը, կրկնենք, այդ իրավիճակում հայտնվեց խորը փակուղում եւ կարող է ստիպված լինել գնալ Մոսկվա: Ընդ որում, այն աղմկոտ ձերբակալությունները, որոնք տեսնում ենք վերջին օրերին, գալիս են հուշելու, որ ներքին ուժային համակարգի նկատմամբ Փաշինյանն ունի կայուն վերահսկողություն, սորոսականությանը չհաջողվեց հասնել նրա կադրերի պաշտոնանկությանը: Իսկ դա նշանակում է, որ Նիկոլից ազատվելը հիմա եւս Արեւմուտքի համար իրատեսական չէ: Իհարկե, կարելի է նաեւ ներհայաստանյան ցնցումներ հրահրել, փորձել Ալիեւին հրապուրել՝ պատերազմ սկսել: Միայն թե, Ալիեւը պատերազմ սկսել-չսկսելու համար նայում է ոչ թե դեպի Վաշինգտոն, այլ՝ Մոսկվա եւ Թեհրան:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ