«Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը». ջրաշենցիները բողոքում են
Հասարակություն
Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն թաղամասում տրանսպորտի խնդիրը դարձել է Հայոց հարց: Ջրաշենցիներն այսպես են մեկնաբանում ստեղծված իրավիճակը:
«Իրավունք»-ին դիմած քաղաքացիները բողոքում են, որ համայնք հասնող միայն մեկ տրանսպորտ կա՝ 38 համարի ավտոբուսը, որը գրեթե չի աշխատում: Մեծերն ամեն օր ուշանում են աշխատանքից, փոքրերը՝ դպրոցից:
Թե արդյոք դիմել են պատկան մարմիններին, մեզ փոխանցեցին, որ քաղաքապետարանից ստեղծված իրավիճակը պատճառաբանում են եղանակային պայմաններով:
«Քանի տարի է այստեղ ենք ապրում, երբեք էլ տրանսպորտը նորմալ չի եղել: Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը, այն հինգերորդը... մի՞ թե չի գալու»,- սեւակյան մոտիվներով՝ ե՛ւ բարկանում, ե՛ւ կատակում են ջրաշենցիները:
Ի դեպ, ջրաշենցիներն ասում են, որ իրենց խնդիրները միայն տրանսպորտով չի վերջանում: Պարզվում է` ոչ բոլոր փողոցներում լույս կա, միայն կենտրոնական գլխավոր փողոցն է լուսավորված: Ավելին` թաղամասի մի շարք տներ անգամ գազաֆիկացված չեն, քաղաքացիները դիմել են քաղաքապետարան, նույնիսկ ստորագրահավաք են իրականացրել, սակայն նրանց պատասխանել են, որ իրենք իրենց ուժերով պետք է գազի խողովակները հասցնեն տեղ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ