«Հուդայի 30 արծաթասերները» շարունակում են սեւ գործը
Վերլուծություն
Օրերս բավականին ուշագրավ գրառմամբ հանդես եկավ Վարդան Օսկանյանը: Առիթը, այսպես ասած, «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախմբի» երկրորդ հայտարարությունն էր, որն էլ Օսկանյանը տարածեց իր այդ գրառմանը կից:
ՕՍԿԱՆՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՄԵՋ ԸՆԿԱՎ
Բայց մինչ Օսկանյանի հերթական «փայլատակումներին» հասնելը, նախ հասկանանք, թե այդ ի՞նչ հանձնախմբի մասին է խոսքը: Նշված հայտարարության եզրափակիչ հատվածում նման միտք է ընդգծված. «Հանձնախումբը պատրաստ է աշխատել անխտիր յուրաքանչյուրի եւ բոլորի հետ, ովքեր պատրաստ են պատասխանատվություն ստանձնել՝ համապատասխան լիազորություն ստացած այս հանձնախմբի հետապնդած նպատակների շրջանակներում»: «Համապատասխան լիազորություն ստացած». այստեղ առնվազն մեկ պարզագույն հարց կա՝ իսկ ո՞վ է տվել այդ «համապատասխան լիազորությունը»: Պատկերը սա է. առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող մի խումբ անձինք, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Արգենտինայից, անգամ Արցախից՝ ի դեմս դեռ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան ներկայացող Գեղամ Ստեփանյանի, չգիտես ինչ սկզբունքներով հավաքվել են «քյարթու» ամերիկյան կադր Օսկանյանի ղեկավարման ներքո, «տրամաբանորեն»՝ երկար գցել-բռնել, թե ինչ անենք Արցախի համար, որոշել են հանձնախումբ ստեղծել եւ գործի անցնել: Պետք է որ այդպես լիներ, միայն թե «համապատասխան լիազորություններ» ասվածն այդ տրամաբանական պատկերը փչացնում է: Այսինքն, եթե կա «համապատասխան լիազորություններ» տվող, ուրեմն ստացվում է այսպես. այդ «լիազորություններ» տվողը հավաքել է այդ մի խումբ մարդկանց, ստեղծել հանձնախումբ եւ տվել այդ լիազորությունը:
Բայց այս դեպքում էլ այլ իրողության ենք բախվում: Արցախի համար ինչ-որ բան անելու համար ամենատրամաբանականն այն կլիներ, որ այդ հանձնախումբը նման լիազորություններ ստանար կա´մ Արցախի ղեկավարությունից, կա´մ արցախահայության մեծամասնությունից: Արցախի ղեկավարություն ասվածը ներկա պահին վերածվել է ինչ-որ անհասկանալի բանի. Արցախը լուծարելու մասին Շահրամանյանի հայտնի հրամանագիրն այդպես էլ որեւէ մեկը չեղյալ չհամարեց: Հետո սկսեցին խոսել, թե նման հրամանագիր ոչ մեկը չի տեսել, թե այն իրավական ուժ չունի: Միայն թե Շահրամանյանն ինքը պաշտոնապես բառ անգամ չի ասել, որ ինքը նման փաստաթուղթ չի ստորագրել, իսկ իրավական ուժ չունենալը պետք է էլի ֆիքսվեր պաշտոնապես՝ Արցախի ԱԺ-ի կամ դատարանի կողմից, ինչը սույն կառույցներն ակնհայտորեն խուսափեցին անել մինչեւ անցած տարվա դեկտեմբերի 31-ը: Ու չնայած դրան, Շահրամանյանը շարունակում է ներկայանալ որպես Արցախի նախագահ, անգամ պետնախարար է հանում-նշանակում: Այսինքն, նկարագրված հիմքով, Օսկանյանի այդ հանձնախումբը կարող էր հենվել նշված հակասությունների վրա եւ ասել՝ Արցախի ղեկավարություն չկա, որ նրա հետ հարցեր ճշտենք: Բայց կա արցախահայություն, ճիշտ է՝ էլի շատ պասիվ, անորոշ վիճակում, բայց կա: Ընդ որում` այն, որ Շահրամանյանի հրամանագրից հետո Արցախի ՄԻՊ կոչվելու իրավունքը կորցրած Գեղամ Ստեփանյանը թեեւ այդ հանձնախմբում է, սակայն նա կարող է արցախահայությանը ներկայացնել ճիշտ այնքան, որքան Շահրամանյանը, այն է՝ որպես շարքային անհատ:
Այսպիսով, այդ հանձնախմբին Արցախը կամ արցախահայությունը չէ, որ «համապատասխան լիազորություններ» է տվել: Մինչդեռ այդ հանձնախումբն իրեն իրավունք է վերապահում. «Հանձնախումբը Արցախի ժողովրդին ներկայացնելու է պետական եւ քաղաքական մարմինների առաջ, ինչպես նաեւ միջազգային ատյաններում, համաժողովներում և միջազգային դատարաններում»: Այդ դեպքում ո՞վ է սույն անձանց նման լիազորություն տվել:
Եվ ահա, Օսկանյանի հիշատակված գրառումը, այդ հարցի հետ կապված, հետաքրքիր մտորումների տեղիք է տալիս: «Սա հանձնախմբի նախնական կազմն է։ Այն անպայման ընդլայնվելու է՝ առավել լայն աշխարհագրություն ստանալու համար, եւ դրանում անպայմանորեն մասնակիցներ են լինելու Ռուսաստանից եւ Մերձավոր Արեւելքից…»: «Մասնակցելու» են, այսինքն`Օսկանյանն էլ է ֆիքսում, որ այս պահին «Ռուսաստանից եւ Մերձավոր Արեւելքից» հանձնախմբում որեւէ մեկը չկա: Կարճ ասած, տիպիկ արեւմտյան ներկայացուցիչներից բաղկացած ինչ-որ խումբ է, եւ այդ պատկերը չի փոխում անգամ Գեղամ Ստեփանյանի ներկայությունը: Չնայած, Գեղամի ներկայությունն էլ ավելի ընդգծված է դարձնում այդ կառույցի արեւմտյան ծագումնաբանությունը: Այսպես, սույն հանձնախմբի հայտարարությունից օրեր առաջ՝ փետրվարի 1-ին, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը եւ Գեղամ Ստեփանյանը Վաշինգտոնում էին, ոչ ավել, ոչ պակաս՝ Կոնգրեսում: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանի եւ Ջիմ Կոստանի կողքին նստած, Արցախի ժողովրդի իրավունքներից էին խոսում: Ասենք, կոնգրեսականները եւս առաջ էին տանում միտքը, թե. «Մենք այստեղ ենք՝ պահանջելու Արցախի փախստականների անվտանգ վերադարձի իրավունքը իրենց տներ, որոնք շատ դեպքերում բնակեցված են եղել նրանց ընտանիքների կողմից հարյուրավոր տարիներ շարունակ»: Ու երբ սրան ավելացնում ենք այն, որ հիշատակված հանձնախումբը եւս հիմնական նպատակ է հռչակել արցախահայության վերադարձն Արցախ, կասկածներ չեն մնում, որ գործ ունենք վաշինգտոնյան ծագումնաբանությամբ ինչ-որ ծրագրերի հետ:
ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԱԿԱՆՋՆԵՐԸ
Իհարկե, անկախ ծագումնաբանությունից, արցախահայության Արցախ վերադառնալու խնդիրը պետք է հայության համար լինի համազգային նշանակության հարց: Միայն թե, երբ Վաշինգտոնը մտածում է ինչ-որ արհեստական հանձնախմբի եւ «քյարթու շպիոնների» (այդ թվում՝ արցախյան) միջոցով մոնոպոլիզացնել այդ թեման՝ իրենց այդ կառույցին բոլոր հարթակներից «Արցախի ժողովրդին ներկայացնելու» իրավունք «տալով», լուրջ մտավախություններ չեն կարող չառաջանալ: Նախ, ուղիղ մեկ տարի առաջ այդ նույն կոնգրեսականներ Շերմանն ու Կոստան, իրենց մի խումբ այլ գործընկերների հետ «հերոսական» պայքար էին մղում Արցախի բլոկադան դադարեցնելու ուղղությամբ: Եվ այն, որ հիմա արդեն նույն «հերոսական պայքարն» են մղում արցախցիների՝ Արցախ վերադառնալու համար, արդեն իսկ հիմնավորում է, որ մեկ տարի առաջվա այն «պայքարը» բլոկադան հաղթահարելու փոխարեն միանգամայն հակառակ էֆեկտը տվեց:
Հաջորդը, այն, որ վերջին պատերազմից հետո Արցախը լիովին հայաթափվեց նույն Արցախում այդ տարաբնույթ բեգլարյան-ստեփանյանների տարածած արհեստական խուճապի, Վաշինգտոնից Միրզոյան Արոյի տարածած նույնքան արհեստական հորդորների արդյունքում, որին էլ միացավ Նիկոլը (թեեւ զինադադարի օրը բոլորովին այլ բան էր խոսում), դա եւս հիմա սկսել են հասկանալ շատերը: Բայց ահա այն բանից հետո, երբ ամերիկյան «30 արծաթը» վերցնող հուդաների ջանքերով արցախահայությունը հայտնվեց այս վիճակում, իսկ Ալիեւը շատ հանգիստ գցեց Արեւմուտքին, Վաշինգտոնի եւ Լոնդոնի տիկնիկավարները, թերեւս, հասկացան, թե իրենց համար ինչ կոպիտ ռազմավարական սխալ էր Արցախի հայաթափումը. կորցրել են Ալիեւի վրա ազդելու միակ լծակը: Մնում է փորձել այդ սխալն ուղղել արցախահայության վերադարձի միջոցով, եւ այսօր կան խոսակցություններ, որ արցախահայերի որոշակի խմբեր, ովքեր այստեղ այդպես էլ չստացան այն, ինչ դեռ Արցախում գտնվելու ժամանակ «տակից» խոստանում էին, թե կտան, պատրաստ են դրան:
Միայն թե այս անգամ էլ թույլ են տալիս հերթական սխալը, որը արցախահայության վերադարձի փոխարեն կարող է էլ ավելի ամուր փակել նրանց ճանապարհը: Նախ ասել, թե օսկանյանական այդ հանձնախմբին որեւէ մեկը լուրջ կընդունի եւ կհամարի արցախահայության խոսափողն աշխարհում, միամիտ բան է. բազմակի օգտագործված Օսկանյանն արդեն ինքն իրեն չի կարող ներկայացնել, էլ ուր մնաց՝ արցախահայությանը: Հաջորդը. տեսանելի չէ այն ռեսուրսը, որով Ալիեւին կպարտադրվի արցախահայերին հետ ընդունել այն պայմաններով, որոնք Վաշինգտոնը (Լոնդոնը) փորձում է դնել այդ ծրագրի տակ՝ վերադարձ երբեմնի բոլոր փաստացի իրավունքների պահպանմամբ: Լավ կլիներ, միայն թե ժամանակին արցախահայությունն այդ իրավունքները ձեռք էր բերել հաղթական պատերազմով, իսկ պարտվածի եւ հայրենիքից փախածի կարգավիճակում նույն բանը ստանալն անհնար է: Առավել եւս, որ Հեյդարովիչն էլ այսօր վերընտրվելով, էլ ավելի կամրապնդիր իր ներքին դիրքերը եւ շատ ավելի հանգիստ Վաշինգտոնին ու նրա էմիսարներին ելքի դուռը կմատնանշի:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Բայց մյուս կողմից, արցախահայության կամ գոնե մի մասի վերադարձն այս պահին ակնհայտորեն ցանկալի է նաեւ ռուսների համար: Մոսկվան, ճիշտ է, ստացավ իր ուժերն Արցախում պահելու իրավունք, բայց այնտեղ իհարկե, հասկանում են, որ դա ժամանակավոր բան է: Կլրանա ժամկետը, եւ եթե մինչ այդ Ալիեւին հաջողվի լուծել Արեւմուտքի ճնշումների խնդիրը, իհարկե, շատ քաղաքավարի Մոսկվային կխնդրի՝ հեռացրու զորքերդ: Հենց դա թույլ չտալու համար է, որ արցախահայության առկայությունը Մոսկվայի համար եւս դառնում է ամենահարմար տարբերակը: Ու այս ֆոնին, որքան էլ պարադոքսալ հնչի, սակայն Ալիեւի համար եւս արցախահայության վերադարձը կարող է ցանկալի տարբերակ լինել, իհարկե, որոշակի պայմաններով, այդ թվում՝ քաղաքացիության ընդունման: Այս պահին տարածաշրջանում կա ռուս-ամերիկյան աշխարհաքաղաքական բախում, Ալիեւը դեռ կարող է այդ սուր պայքարի մեջ մանեւրելով՝ պահել դիրքերը: Բայց բավական է, որ հաստատվի ռուսական կամ ամերիկյան աշխարհաքաղաքական գերիշխանությունը, երբ հաղթողը, միանշանակ, շահագրգռված լինելով արցախահայության վերադարձի հարցում, Ալիեւին կհիշեցնի ընդհուպ՝ բռնի տեղահանման փաստը:
Ամեն դեպքում, մեկ բան կարելի է այս պահին ֆիքսել՝ խաղը դեռ ավարտված չէ: Արցախահայությունն ունի հայրենի հողի վրա ապրելու ռեալ շանսեր: Միայն թե պետք են խելամիտ քայլեր, բայց երբ այդ գործընթացին խառնվում են ամեն ինչում «Հուդայի 30 արծաթի» պրիզմայով նայողները, հեռանկարները նորից միայն մռայլվում են:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ