ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Վերլուծություն
Ինչքան էլ զզվելի ու տարօրինակ լինի, բաց նույն մարդիկ (եթե սրանց կարելի է մարդ անվանել), որոնք ժամանակին փակում էին փողոցներ տրասպորտի 50 դրամով թանկացնելու դեմ, այսօր այն թանկացնում են մինչեւ 500 դրամ: Ակնհայտ է, որ Սորոսի գրանտներից սնվող եւ արեւմտյան պատվեր կատարող «հասարակական ակտիվիստները» հետաքրքրված էին ոչ թե իրականում ժողովրդի վիճակով, այլ օգտագործում էին ցանկացած առիթ հայոց պետականության նավակը ճոճելու համար: Այդ առիթների շարքում սոցիալական խնդիրները, ցավոք սրտի, հայ հասարակության մեջ գտնում էին շատ ավելի մեծ արձագանք, քան անվտանգության, Արցախի կամ ազգային արժեհամակարգի հարցերը: Բայց ունենք` ինչ ունենք: Շատերի գնահատմամբ` հիվանդ հասարակություն:
Ընդ որում, այդ հասարակությանը հիվանդացրին, վարակեցին միտումնավոր ու նպատակասլաց Արեւմուտքից եկող դրամաշնորհային վարակով: Տասնյակ միլիոնավոր դոլարներ ներմուծվում էին մեր հասարակության մեջ, որպեսզի քայքայեին հանրային ինքնապաշտպանության բնազդը, հայեցի մտածելակերպը, հայրենասիրական մղումները եւ ամեն ինչ վերածեին սպառողական ապրելակերպի, որտեղ ամեն ինչ ունի իր գինը, այդ թվում` հայրենիքը, որի վաճառքի համար պատրաստակամություն դրսեւորեց մեր հասարակության մի հսկայական հատված:
Ի վերջո, նիկոլականները հասարակության հիվանդ լինելու արդյունք են: Նրանք ծնվել, մեծացել, դաստիարակվել են, ոմանք նույնիսկ կրթվել են մեր հասարակությունում: Նրանց հանդուրժում են իրենց ընտանիքները, հարազատները, հարեւանները ու ընկերները: Իսկ գիտեք ինչո՞ւ, որովհետեւ այսօր նրանց հետ ընկերություն, հարազատություն անելը շահավետ է, ինչպես շահավետ էր ընկերություն ու բարեկամություն անելը բոլոր ժամանակների իշխանավորների հետ: Սակայն տարբերությունն այն է, որ նախկինում բոլոր թերություններով ու զզվելի արատներով հանդերձ, իշխանավորները երկիրը մաս-մաս չէին վաճառում, հողերը թուրքին չէին նվիրում, ծառայամիտ հայացքով ու վախվորած աչքերով թշնամուն չէին նայում: Իսկ հիմա հենց այդպես են նայում, բայց, փոխարենը, նիկոլականներից հրաժարվեին, իրենց ամբողջ շրջապատը քծնում են, շողոքորթում, որովհետեւ այդպես շահավետ է: Երկիրը հայրենիքից վերածել են օֆիսի, որի անունը դրել են պետություն: Այդ օֆիս գալիս են փող աշխատելու համար: Ավելի ճիշտ` ոմանք աշխատելու, ոմանք գողանալու, ոմանք դասավորելու, բայց ոչ մեկի սիրտը չի ցավում, որ իրենց «օֆիսը» ձեռքից գնում է: Չէ՞ որ շատ-շատերի նման կվերցնեն այդ կուտակած փողերը եւ «հայդե Փարիզ»:
ԶԳԵՍՏԱՓՈԽՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ
Նիկոլն այդքան երկար մնաց իշխանության, որ «նախկին» ասելով` արդեն հասկացվում է ոչ միայն Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ ՀՀՇ-ի օրոք պաշտոններ զբաղեցրածը: Նիկոլի օրոք պաշտոններ զբաղեցնողներից շատերը նույնպես դարձել են «նախկին» եւ այսօր, ընդդիմադիրի շորերը հագնելով, ընկել են մեջտեղ: Ընդ որում, ինչքան ավելի շատ էին կուրծք ծեծում Նիկոլին պաշտպանելու համար, նույն եռանդով այսօր հանդես են գալիս Նիկոլի դեմ: Ամբողջ խնդիրը այն է, որ սրանք տաքուկ-տաքուկ տեղավորվել էին Նիկոլի դավաճանական իշխանության տարբեր բներում եւ այդ ընթացքում «չէին նկատում» այն ամենը, ինչի դեմ այսօր հանկարծ սկսեցին պայքարել: Իսկ պայքարել սկսեցին միայն ու միայն այն պատճառով, որ սրանց հանեցին այն տաքուկ բներից, որպեսզի փոխարինեին ուրիշ պնակալեզներով:
Ահա այսօր նախկինում ցածրորակ ֆիլմերի ծաղրածուական դերասան Հայկ Մարությանը իրեն պատեպատ է տալիս` իբր թե ընդդիմադիր ձեւանալով: Երեւանի ավագանիում ընդդիմադիր ավագանիների հանդեպ ծանր ճնշումների ու հետապնդումների առիթով այդ դերասանիկը բորբոքված հայտարարություններ է անում: Սակայն այս նույն անձնավորությունը ընդամենը հինգ տարի առաջ հայ հասարակությունը բաժանում էր սեւերի ու սպիտակների ու կոչ անում ճնշել, ինչքան հնարավոր է նեղել սեւերին: Մարությանն անձամբ է պատասխանատու հայ հասարակության ջլատման, բզկտման ու պառակտման մեջ, որի արդյունքներից մեկն էլ եղավ Արցախի եւ այլ տարածքների կորուստը:
Իհարկե, կնգա շորերով, հանրությանը զվարճացնող կլոուն Հայկոն պատահական չհայտնվեց մայրաքաղաքի ղեկավարի աթոռին: Իր ամբողջ ընտանիքը Չեխիայի քաղաքացիներ են, ունի անշարժ գույք այդ ՆԱՏՕ-ական երկրում, եւ դա արդեն իսկ հուշում է, թե որ ուժերն էին, որ «բրդում» էին Հայկոյին դեպի այդքան պատասխանատու դիրքեր իշխանության մեջ: Իհարկե, որպես «դրական» բոնուս դեր խաղաց այն, որ Հայկոն բացարձակ անգրագետ էր թե՛ քաղաքականության, թե՛ քաղաքային տնտեսությունը ղեկավարելու հարցում: Եվ այսօր սա որոշում է ստեղծել «ընդդիմադիր» կուսացություն:
Սակայն կրկին վերադառնանք հասարակության հիվանդ լինելու հարցին եւ հարց տանք` ինչպե՞ս եղավ, որ այսպիսի անձնավորությունը, որը, ի դեպ, որպես քաղաքապետ նույնպես իրեն դրսեւորեց ամենավատ կողմից, անցած տարվա ավագանու ընտրություններում ստացավ երկրորդ տեղը:
Ինչ վերաբերում է «Հանրային ձայն» խմբակցությանը, ապա այդտեղ կանայք ավելի թասիբով գտնվեցին, քան տղամարդիկ: Վերջիններիս վրա ինչ-ինչ քրեական գործերի սպառնալիքները թողեցին անջնջելի հետք, եւ միայն զզվանք էր առաջացնում այն տեսարանը, ինչպես հասուն տաղամարդը կամերաների առաջ գալարվում է ինչպես անձրեւորդը, փորձելով խաբել, թե ինքն ընդդիմադիր է, բայց այնքան մտածում է ժողովրդի մասին, որ աջակցում է իշխանությանը:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՈՐՕՐՅԱ ՓԱՍՏԱԲԱՆԸ
Ի վերջո, Նիկոլին ու Ավինյան Տիգրանին այս անգամ էլ հաջողվեց ամենաբիրտ ճնշումների արդյունքում պահպանել վերահսկողությունը Երեւանի ավագանիում: Սակայն հասկանալի է, որ այդ համակարգը հեղհեղուկ է եւ ցանկացած պահի կարող է փլուզվել:
Ընդ որում, փլուզման վտանգի տակ է Նիկոլի ողջ իշխանությունը: Մինչեւ կոկորդը խրվելով հակաազգային ու հակաօրինական ճահճի մեջ Նիկոլը զգալով մոտալուտ կործանումը ավելի ու ավելի անկանոն շարժումներով միայն խորացնում ու վատթարացնում է իր, իսկ իր հետ նաեւ երկրի վիճակը: Հանդես գալով Ազգային ժողովում նա ստանձնել էր Ադրբեջանի փաստաբանի դերը: Երկար-բարակ, շատ անգամ ինքն էլ չհասկանալով իր ասածը, կրկնելով Ադրբեջանի անհիմն փաստարկները Նիկոլը փորձում էր ապացուցել, որ ՀՀ Անկախության հռչակագրում ֆիքսված եւ ՀՀ սահմանադրության մեջ ամրագրված Արցախի վերամիավորման մասին որոշումը չի գործում: Եվ դահլիճում նստած ընդդիմադիրները, չգիտես ինչու, չեն հարցնում Նիկոլին, բա որ չի գործում ինչո՞ւ է Ալիեւը պահանջում Նիկոլից այդ կետը հանել սահմանադրությունից: Եվ ինչո՞ւ է Նիկոլը գլուխը կախ պարտավորվում իրականացնել Ալիեւի պահանջները: Կամ եթե չի գործում, ապա ինչի՞ հիման վրա էին զարգանում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների փոխհարաբերությունները վերջին 30 տարիների ընթացքում: Եվ վերջապես, ինչպես կարող է չգործել գործող սահմանադրության դրույթը: Ապուշության խրախճանք: Նույն կերպ Նիկոլը փորձում էր Ադրբեջանի կողմից հանդես գալով ապացուցել, որ չի գործում Հայաստանի հատուկ կարծիքը Ալմա Աթայի համաձայնագրում, որով Հայաստանը չի համաձայնում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուն: Բացի այդ, կան բազմաթիվ այլ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր, որոնք շարունակում են գործել մինչ օրս, եւ որոնց համաձայն` Արցախը ՀՀ-ի կողմից չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս: Նիկոլը բոլոր դրանք համարում է չգործող, իսկ գործող համարում է իր` Ադրբեջանի նորօրյա փաստաբանի դատարկ ու անգրագետ մտքերը:
Սակայն ամենացնցող միտքը այն է, որ Նիկոլը հայտարարեց, որ. «Ոչ մեկ չի խանգարում, որ հայ ժողովուրդը լինի Հայաստանի ժողովուրդ»: Հիմա այս միտքը արտահայտողը ո՞ր ժողովրդի ներկայացուցիչն է: Այսինքն` Նիկոլը խոստովանում է, որ պատրաստվում է Հայաստանի ժողովուրդ հասկացությունը վերածել մի խառնուրդի` հնդիկներով, ադրբեջանցիներով ու պակիստանցիներով ողողված, իսկ հայ ազգը, եթե կարողանա դիմագրավել Նիկոլին, կարող է նույնպես մաս կազմել այդ անհասկանալի Հայաստանի ժողովուրդ կոչեցյալին: Ահա այսպես է Նիկոլը կառուցում անհայրենիք պետություն, որտեղ կարծես թե պետություն կա, բայց հայրենիք, հայ ազգ, հայ ինքնություն, հայ երազանք, հայ նկրտումներ չկան:
ՍԱՏԱՆԱ ԿԱ ՔԱՂԱՔՈՒՄ
Նիկոլի հակահայ գործունեության հիմնական թիրախներից մեկը շարունակում է մնալ Հայ Առաքելական եկեղեցին: Սա այն կառույցն է, որը դարերով իր վրա է վերցրել ազգապահպանության ծանր գործը: Հայ Առաքելական եկեղեցին այն համաշխարհային ինստիտուտն է, որը հայ ազգի ինքնության հիմնասյունն է եւ դրսեւորումը եւ «ցլերի» առաջ վախից զգեստափոխվող, ամեն ազգայինը ուրացող Նիկոլի համար հայ եկեղեցին գլխավոր թիրախներից մեկն է:
Յոթը կաշի փոխած ու արդյունքում գաղափարապես մերկ ու խղճուկ վիճակում հայտնված Նիկոլի քարոզիչներից մեկը` ոչ բարով պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ձայնակցելով իր շեֆին, հյատարարում է. «Որոշ հոգեւորականներ բացասական դերակատարում ունեն պետականության զարգացման վրա: Այսինքն` կան հոգեւորականներ, որոնք, իրենց հոգեւոր ծառայության բուն գործունեությունը թողած, զբաղվում են քաղաքականությամբ…Եկեղեցին պետք է հավասարապես հոգ տանի, բոլորիս համախմբի մեկ հավատքի շուրջ, հատկապես ինձ եւ ինձ դիտարկի որպես մոլորյալ, այլ ոչ թե, օրինակ` դավաճան, խուժան»: Եվ սա ասում է մարդ, ով խոստովանում է, որ խիստ բորբոքվում է, երբ իր թոռը ասում է Հայր Մերը:
Թե ինչո՞ւ պետք է եկեղեցին հոգ տանի դավաճան խուժանի մասին, այլ ոչ թե պայքարի դրանց դեմ, պարզ չէ:
«Իշխանությունների հետ համագործակցել, կնշանակի նվիրագործել ապազգային գիծը»,- զգուշացնում է Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանը, ու շարունակում. «Մի շարք սկզբունքային հարցերի շուրջ Հայ Առաքելական եկեղեցին ռադիկալ հակասություններ ունի իշխանությունների հետ»: Ահա այս սկզբունքային դիրքորոշումն է, որ խիստ անհանգստացնում է հակահայկական խունտային եւ վերջինս ամերիկաներից ու այլեւայլ ծակուծուկերից հավաքում է վարձու թափթփուկների, որպեսզի սկսի իր վաղուց մեկնարկած հակաեկեղեցական, սատանայական շարժման նոր փուլ: Ամենավատ երազում չէինք տեսնի, որ «անկախ» Հայաստանում, աշխարհի հայերի հոգեւոր կենտրոնում` Էջմիածնում կարող է արտոնվել հակաեկեղեցական ցույց: Ու այն լուրերը, որ ոչ պաշտոնական հրահանգ է տրված բնակավայրերից խաչեր հանելու վերաբերյալ շատ նման է ճշմարտության: Սատանան խաչից վախենում է:
ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ