Ում ինչ ցույց տվեց Պուտինի աղմուկ հանած հարցազրույցը
Վերլուծություն
Այն, որ վերջին օրերին ողջ «քաղաքակիրթ» աշխարհը կառլսոնացավով է տառապում, անզեն աչքով էլ է տեսանելի: Պուտինից հարցազրույց վերցնելու համար ամերիկացի լրագրողին մեղադրում են բոլոր հնարավոր եւ անհնար մեղքերի մեջ: Հիմնականներն են` Կառլսոնը Պուտինի «ագենտն» է, կամ մյուսը` Կառլսոնը ամերիկյան հանրապետականների «ագենտն» է, հատուկ այդ նպատակով ուղարկել են Մոսկվա` Պուտինի տրամադրությունները ճշտելու համար: Դե, «դավաճան» կամ «սրիկան» արդեն մանր-մունր բաներ են:
«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԵՆՈՄԵՆ»
Բայց ասել, թե այդ հարցազրույցում Պուտինն ինչ-որ արտասովոր մտքեր հնչեցրեց, սխալ կլիներ: Նա հանրագումարի բերեց այն ամենը, որի մասին թե´ ինքը, թե´ ռուսական տարբեր պաշտոնյաներ խոսել են բազմիցս, այդ թվում` ուկրաինական պատերազմից առաջ, դրա մեկնարկային փուլում, դրանից հետո: Ու թե ինչու են այդ նույն մտքերը նաեւ Կառլսոնի հետ հարցազրույցում հնչեցնելիս այսպես իրար խառնվել արեւմտյան էլիտաները, իրոք էական հարց է:
Նախ նկատենք. արեւմտյան այդ աժիոտաժը սկսվեց արդեն այն պահին, երբ հայտնի դարձավ, որ Թաքեր Կառլսոնը Մոսկվայում է, եւ էապես շիկացավ, երբ հայտնի դարձավ, որ նրան ընդունել է Պուտինը: Արդեն այդ փուլում ակնհայտ դարձավ, թե Պուտինի խոսքը որքան սպասված էր արեւմտյան հանրության համար, որն էլ հիմնավորեց հարցազրույցի հրապարակումը. պաշտոնապես` 250 միլիոնի կարգի դիտումներ, ոչ պաշտոնապես, այդ թիվը պետք է անգամներով բազմապատկել: Միանգամայն տեղին էր ֆրանսիական «Պատրիոտ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոյի բնորոշումը. «Պուտինի հարցազրույցը Կառլսոնի հետ համաշխարհային ֆենոմեն է: ՆԱՏՕ-ի երկրների համակարգը եւ նրանց բոլոր լրատվամիջոցների խմբագիրները մեծ ապտակ ստացան»: Իսկ ահա ամերիկյան մի շարք շարքային քաղաքացիներ այն համարում են վերջին տասնամյակների, անգամ` դարի հարցազրույց: Համեմատելու համար` միայն արտառոց դեպքերում է, որ արեւմտյան ցանկացած լիդերի հետ երկար տիրաժավորված հարցազրույցներն ունենում են միլիոնին հասնող դիտումներ, այն էլ`գերհարուստ եւ գերհագեցված լրատվամիջոցներում: Ու հիմա խնդրեմ` հերիք չէ, որ ինչ-որ միայնակ լրագրող կարող է ճեղքել հոծ պաշտպանությունը, հասնել Մոսկվա եւ խոսել արեւմտյան քարոզչական համակարգի կողմից ամեն օր ժամերով պարսավանքի ենթարկվող Պուտինի հետ, դեռ մի քանի հարյուր միլիոն մարդ պատրաստակամորեն, սպասումով դիտում է Արեւմուտքի կողմից թիվ 1 թշնամի հռչակված Պուտինի երկարաշունչ եւ անգամ դրանով հանդերձ` անթերի խոսքը: Այսինքն, արեւմտյան քարոզչական մեքենայի վրա դրված հարյուրավոր միլիարդներն իրենց չեն արդարացնում, եւ դա արդեն իսկ արեւմտյան էլիտաներին ծայրահեղորեն նյարդայնացնելու լուրջ պատճառ է:
Հաջորդը. նվազագույնը, որ այս վիճակում կանի, օրինակ, շարքային ամերիկացին, դա Պուտինի ելույթը Բայդենի` հազիվ մի քանի բառ իրար կապելով, այն էլ` անցյալն ու ներկան, անգամ իր մերձավորներին իրար խառնող խոսքի հետ համեմատումն է: Իսկ նման համեմատությունից հետո դժվար չէ հասկանալ, թե, անկախ Պուտինի խոսքի բուն իմաստի մասին տրամադրությունից, ինչ դիրքորոշում կունենա այդ շարքային ամերիկացին կրկին նախագահ դառնալ ցանկացող Բայդենի մասին: Այսինքն, տրամաբանությունը, թե տեսեք, ռուսներն ինչ կարգի նախագահ ունեն, մենք ինչ կարգի ավերակ, դատելով սոցցանցերի ռեակցիայից, դառնում է գերիշխող: Կոպիտ ասած, շարքային ամերիկացին, որպես նախագահ, ցանկանում է իր Պուտինն ունենալ, եւ փնտրտուքը շատ տատանվողների հայացքը սկսել է ուղղել նման միակ ռեալ թեկնածուի` Թրամփի ուղղությամբ: Այսինքն, որ Պուտինի այս ելույթն էական ազդեցություն է ունենալու ամերիկյան սպասվող ընտրությունների վրա, գոնե այս պահի դրությամբ միանշանակ է: Կառլսոնի առաքելության հիմքում կա՞ր «տակից» Թրամփին օգնելու տեսլականը, ինքը կիմանա: Բայց որ փաստացի հսկայական օգուտ տվեց, եւ ըստ այդմ` պատահական չէր, որ թրամփյան դաշտն ակտիվորեն օգնեց Պուտինի ելույթի տիրաժավորմանը, դա փաստ է: Եվ այս փաստը, իհարկե, արեւմտյան ուլտրալիբերալ էլիտաների համար ծայրահեղ վտանգավոր ազդակ էր:
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
Հասկանալի է, որ Պուտինի նման հարցազրույցը չէր կարող հիմքում նաեւ խորը աշխարհաքաղաքական իմաստ չպարունակեր, բնականաբար, առաջին հերթին ուկրաինական ուղղվածությամբ: Այս առումով փաստը, որ նման հարցազրույց տեղի ունեցավ այն պահին, երբ ռուսական բանակն ակտիվ հարձակումների մեջ է ուկրաինական գործնականում ողջ ճակատային գծով մեկ, իսկ ամենաառանցքային հատվածում՝ Ավդեեւկայում մոտ է հերթական «կաթսան» ստեղծելուն, իհարկե, չէր կարող պատահական լինել: Նաեւ, որ հարցազրույցին զուգահեռ` Զելենսկին պաշտոնանկ արեց Ուկրաինայի գլխավոր հրամանատար Զալուժնիին, նրա մերձավորներին, այդ թվում՝ Գլխավոր շտաբի պետին, իր հերթին է բացառում պատահականությունը:
Այս պահին ունենք նման պատկեր: Զելենսկին վերջապես պաշտոնից ազատեց Զալուժնիին, ընդ որում, առանց որեւէ հիմնավորման, ավելին՝ արդեն նախկին գլխավոր հրամանատարին երկրի հերոսի կոչում տալով: Զալուժնին, թեեւ առաջին հայացքից չդիմադրեց, բայց ակնհայտորեն այդ պաշտոնանկությունն այս պահին հենց իրեն էր պետք, իսկ Զելենսկին դրանով ընդամենը խորացավ իր իսկ ձեռքով փորված փոսում: Նախ, այս պահին ռուսական ուժերն արդեն գործնականում Ավդեեւկան բաժանել են երկու մասի, ինչը նաեւ արեւմտյան աղբյուրներն են հաստատում: Օրինակ` Bild-ը երեկ ներկայացրեց նախօրեի գիշերվա դրությամբ պատկերը. «Ռուսական բանակը հավանաբար կտրել է Ավդիեւկայի հյուսիս-արեւմուտքում գտնվող երկաթուղին, Ուկրաինայի զինված ուժերը շուտով կկորցնեն քաղաքի հարավը»: Սա նշանակում է, որ ռուսական ուժերն Ավդեեւկայի կենտրոն եւ հարավ տանող ուկրաինական մատակարարումների միակ՝ «կյանքի ճանապարհից» մեկ-երկու շենք այն կողմ են (հնարավոր է, որ այս պահին ճանապարհն արդեն փաստացի փակ է): Իսկ այդ դեպքում Ավդեեւկայի հիմնական՝ կենտրոնական եւ հարավային հատվածի ուկրաինական ուժերը մնալու են շրջափակման մեջ՝ սպասելի հետեւանքով հանդերձ: Զալուժնիին փոխարինած Սիրիսկին (որի ծնողներն ու եղբայրը Ռուսաստանում են, իսկ Ավստրալիայում բնակվող ու ռուս պատրիոտ ներկայացող սեփական որդին տականք է անվանում), ով հայտնի է «մսագործ» մականունով եւ աչքի է ընկել Բախմուտը, դրանից առաջ էլ՝ 2014թ.-ին Դեբալցեւոն հանձնելով եւ ուկրաինական զինվորներին կոտորածի մատնելով, հիմա եւս բոլոր եղած-չեղած ռեզերվները նետում է Ավդեեւկա: Դրանով, ըստ փորձագետների, հերթական «մսաղացն» է սարքում ուկրաինական ուժերի համար, ապա նաեւ դատարկում է մյուս հատվածները, որտեղ ռուսները կտրուկ ակտիվացրել են հարձակումը: Ինչի՞ կհասնի Զելենսկու հրահանգներով գործող Սիրսկին, նույն չեզոք փորձագետները ուկրաինական կողմի համար ծայրահեղ մռայլ պատկեր են կանխատեսում: Փոխարենը, պաշտոնանկությամբ Զալուժնին գլուխն ազատեց այդ պարտություններից եւ Ավդեեւկայի կորստի դեպքում կարող է հանգիստ ասել՝ բա եթե ինձ չհանեին, այդպե՞ս կլիներ: Տեսա՞ք, թե Զելենսկին ինչ արեց: Արդյունքում, անգամ ուկրաինական քաջատեղյակ աղբյուրներն են այսպես գնահատում Զալուժնիից ազատվելու` Զելենսկու որոշումը. «Նախագահական ապարատի մեր աղբյուրը հայտնում է, որ Զելենսկին ճակատագրական սխալ է թույլ տվել՝ Գերագույն գլխավոր հրամանատար Զալուժնիին պաշտոնանկ անելով: Այո, նա իրավիճակային ամրապնդեց իր քաղաքական ազդեցությունը բանակում եւ հեռացրեց մրցակցին, բայց իր համար հանեց միակ ֆիգուրային, որի վրա կարող էր թողնել պատասխանատվությունը ռազմաճակատում պարտությունների դեպքում: Սիրսկին, բոլորը հասկանում են, որ ընդամենը Զելենսկու կամակատարն է, այսինքն` բոլոր պարտությունները կվերագրվեն ոչ թե նոր գլխավոր հրամանատարին, այլ անձամբ նախագահին: Բացի այդ, Զելենսկին ընդդիմությանը հնարավորություն տվեց խոսել լիակատար դիկտատուրայի մասին, որը չի հապաղի փորձարկել փողոցային ցույցերի սխեման… Ճիշտ է, Վաշինգտոնը պաշտոնապես դեմ չարտահայտվեց Զալուժնիի ազատմանը, բայց նաեւ կողմ չէր: Ողջ պատասխանատվությունն ԱՄՆ-ն թողեց Զելենսկու վրա, եւ հենց այն պահին, երբ Զելենսկին արդեն չէր կարող Զալուժնիին չազատել. դա կընկալվեր, որպես նրա թուլության նշան` իր դեմ հանելով ողջ ընդդիմությանը եւ զինվորականությանը: Սխալը նա թույլ տվեց ի սկզբանե, երբ չդիմանալով, հանրային ընթացք տվեց Զալուժնիին ազատելու լուրերին: Արդյունքում, Վաշինգտոնը հիմա հենց Զելենսկուն էլ կմեղադրի ամեն ինչի համար»:
ՉԻՆԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Ահա այս իրավիճակին էլ գումարվեց Պուտինի հարցազրույցը, որով ՌԴ նախագահը արեւմտյան մի հսկայական լսարանի համար նկարագրեց ուկրաինական պատերազմի բոլորովին այլ պատկեր: Ընդ որում, նկարագրեց միանգամայն ինքնավստահ տոնով եւ առաջ տանելով այն թեզը, որ թեեւ Մոսկվան որեւէ միտք չունի նույն արեւմտյան աշխարհին հարվածել, բայց միանշանակ կպատասխանի, եթե այդ արեւմտյան աշխարհի լիդերները որոշեն, որ իրենց վրա են հարձակվելու: Ու երբ այդ ինքնավստահ տոնից զատ, Պուտինի նման ռեակցիայի հիմքում դրված են նաեւ հազարավոր միջուկային մարտագլխիկներ, ապա նման մեսիջից հետո սեփական լիդերներին ուղղված արեւմտյան հանրային ճնշումները պետք է որ բազմապատկվեն:
Առավել եւս, որ այս ամենից զատ, Մոսկվայում այս տարի առաջին անգամ մի առանձնակի ճոխությամբ նշվեց չինական նոր տարին: Ու սա իր հերթին էր միանգամայն ցցուն ակնարկ, որ այս գլոբալ պայքարում Մոսկվան ամենեւին էլ միայնակ չէ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ