ՆԱՎԱԿԴ ԽԱԽՈՒՏ, ՆԱՎԱՎԱՐԴ ԱՆԿԱՐՈՂ
Վերլուծություն
Եվ այսպես, խաղաղության խաչմերուկի փոխարեն հերթական զոհեր ադրբեջանական սահմանում: Չգիտենք` ինչքան պետք է Նիկոլի քիթը տրորեն ադրբեջանցիները, որ նա վերջապես հասկանա, որ թուրքի առաջ ստորանալով, խաղաղություն մուրալով, դաշնակիցներին քցելով, մի կողմից մյուս կողմ տատանվելով ու ստերի արանքը գալարվելով` հնարավոր չէ ստանալ խաղաղություն:
ՆԻԿՈԼԻ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԱԿԱՆ ՔԱՐՈԶԸ
Իսկ ո՞ւր էին եվրոպական դիտորդները …Եվ ինչո՞ւ չենք լսում ղժղժան ՔՊ-ականների վնգստոցները, թե Եվրամիությունը չի կատարում իր պարտականությունները Հայաստանի առաջ: Ո՞ւր է ֆրանսիական փառապանծ զենքը: Ի դեպ, օրերս Բաքուն եվրադիտորդների առաքելությունը անվանեց «հեռադիտակային դիվանագիտություն» եւ մեղադրեց սադրիչ գործողությունների մեջ:
Բոլոր դեպքերում փաստ է, որ Նիկոլի` օրերս տված հարցազրույցում անգլիական «Տելեգրաֆին» ասած միտքը, թե իբր Հայաստանը ակնհայտորեն ուժեղացնում է իր դիմադրողականությունը, ընդամենը երկու օր անց ստացավ իր սնանկության ապացույցը:
Նիկոլը շարունակում է բոլորին համոզել, որ մենք` հայերս վախկոտների ու ճորտերի ազգ ենք, եւ պատրաստ ենք հանձել, վաճառել, թողնել թշնամուն ամեն ինչ, միայն թե չկռվենք սեփական պետության համար: Եթե իրոք այդպես է, ապա այդպիսի ազգը իրավունք չունի ունենալ սեփական պետություն, որովհետեւ պետություն ունենալու համար առաջին նախապայմանն է դրա պաշտպանությունը: Ընդ որում, հետաքրքիր է, որ Նիկոլը իր կապիտուլյանտական քարոզը անում էր Արագածոտնի մարզում, որի բնակչությունը` որպես սասունցիներ ու մշեցիներ, միշտ հպարտանում էր իրենց պապերի ռազմական ոգով: Իսկ այժմ դալիճում նստած սասունցիների ու մշեցիների թոռները խելոք լսում էին Նիկոլի վախվորած, քստմնելի փիլիսոփայությունն առ այն, որ հանուն սեփական երկրի ու հայրենիքի չկռվելու կարելի է հրաժարվել ամեն ինչից, ինչը սուրբ է հայ մարդու համար, այդ թվում նստածների պապերի ցեղասպանությունից ու ԷՐԳՐԻ մասին երազանքից: Եվ մենք դեռ չենք լսել մի դեպք, որ դահլիճում նստածները, որոնք ՔՊ-ի անդամներ են, իրենց գյուղերում ու քաղաքներում ստացել են ամոթանք:
Իր խոսքում Նիկոլը նշեց, որ ՔՊ-ականները գիտեն մեր ժողովրդի ցանկությունները, մղումներն ու երազանքները, եւ որ իբր այդ ցանկություններն ու երազանքները կենտրոնացված են մի բանի վրա` խաղաղություն: Ընդ որում, խաղաղություն` ցանկացած գնով: Բայց չէ որ այդպիսի խաղաղաղության գինը անգին է. նախ` Արցախի կեսը եւ ազատագրված տարածքները, հետո` Արցախի մյուս կեսը, հետո, ինչպես Նիկոլն է արտահայտվում, Հայաստանի «լեգիտիմ» տարածքների մի մասը, հետո կլինեն անկլավները, հետո` սահմանադրությունը, գերբը, Արարատը, հետո` Ցեղասպանության միջազգային հետապնդումից հրաժարվելը: Եվ եթե իսկապես սա է հայ ժողովրդի ցանկությունը եւ մղումը, ապա շատ շուտով խաղաղության դիմաց ստիպված կլինենք տալ Սյունիքը, Գեղարքունիքը, հետո հերթը կհասնի Երեւանին, հետո էլ, ինչպես ժամանակին ասաց մեր փառապանծ առաջամարտիկներից մեկը` ստիպված կլինեք տալ ձեր կանանց: Հիմնավորելով հայ մարդու համար վիրավորական (գոնե այդպես պետք է լիներ) իր փիլիսոփայությունը` Նիկոլը մեջբերում է իր կյանքի փորձը, թե` ուր որ չի մտել, ում հետ որ չի շփվել, բոլորը խմում էին խաղաղության կենացը:
Անկասկած, ցանկացած ողջամիտ մարդ պետք է ցանկանա, որ լինի խաղաղություն եւ ոչ թե պատերազմ: Սակայն, չգիտես ինչու, Նիկոլի շրջապատում չէին խմում մեր հաղթանակների կենացը, մեր հերոսների կենացը, մեր սահմանը պահող տղերքի կենացը: Հավանաբար, այդպիսի օջախներ Նիկոլի մուտքն արգելված է: Եվ իսկապես, դժվար թե այդ կենացներ խմողները ՔՊ-ականի հետ հաց կիսեն: Ըստ էության, դրանք երկու տարբեր ազգեր են` հայրենասեր հայեր եւ ՔՊ-ականներ, եւ պետք չէ վերագրել բոլոր հայերին ստորաքարշ վախկոտություն, թե իբր հայերը երազում են հող հանձնել, դավաճանել, իրենց իսկ Անկախության հռչակագիրը ոտնակոխ անել, միայն թե չկռվեն իրենց երկրի ու հայրենիքի համար: Եվ պատահական չէ, որ Բանակի օրվա կապակցությամբ իր խայտառակ ճառում Նիկոլը փորձում էր արգելել բարձրացնել բանակի կենացը: Որովհետեւ իր շրջապատում իր նմանները խմում են ամեն գնով խաղաղության կենացը: Սակայն Նիկոլը չի էլ գիտակցում, որ ով չի կերակրում սեփական բանակը, ստիպված է լինում կերակրել ուրիշի բանակը, իսկ խաղաղությունը ցանկացած գնով բերում է ամեն ինչի կորստի:
ԵԼՔԸ` ՈՐՊԵՍ ԳԵՐԱԿՇԻՌ ԳԱՂԱՓԱՐ
Նիկոլի ինտելեկտուալ կարողությունները ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ Հայաստանի վիճակը ինչ-որ կենցաղային համեմատություններ կատարելու մակարդակից: Ռադիոյում նա խոսում էր վախվորած անցորդի (ՀՀ) եւ հզոր ցուլերի (Ադրբեջան եւ Թուրքիա) մասին: Արագածոտնում մեր վիճակը համեմատում էր ականապատ դաշտի հետ, որտեղից կա ընդամենը մի ճանապարհ դուրս գալու համար, սակայն այդ ճանապարհը նույնպես երաշխավորված չէ, որ դուրս եկողը անվնաս կկարողանա այդտեղից դուրս գալ:
Ինչո՞ւ է Նիկոլի հիվանդագին մտքերում հայը անպայման ինչ-որ տեղից դուրս գալիս, ԵԼՆՈՒՄ: Ինչո՞ւ իր պատկերացումներում հայը չի մնում իր տեղում, հողում, ինչո՞ւ է այդ «Ելքը», ինչպես ցույց տվեց Արցախի բռնագաղթը, շարունակում է մնալ Նիկոլի ուղեղում որպես գերակշիռ գաղափար: Ինչո՞ւ չի համեմատում մեզ անառիկ ամրոցի, թշնամուն ջախջախող բանակի, ցանկացած ցուլին պատռելու պատրաստ առյուծի հետ, որտեղի՞ց այդ թշվառ մտածելակերպը: Եվ արդյո՞ք այդ նույն «Ելքը» նախատեսված չէ հիմա էլ ամբողջ հայ ժողովրդի համար:
Նույն խեղճի հոգեբանությամբ էր թելադրված Նիկոլի հաջորդ համեմատությունը, թե` մենք գտնվում ենք նավակի մեջ փոթորկահույզ օվկիանոսում: Ընդ որում, նախ` Նիկոլը մեզ անվանում է նավ, սակայն անմիջապես ինքն իրեն է ուղղում, որ մենք ընդամենը նավակ ենք: «Փոթորկահույզ օվկիանոսում ընկած մեր նավը, նավակը հասցնել խաղաղ հանգրվանին»,- ահա Նիկոլի ստանձնած առաքելությունը: Սակայն նավակը խախուտ է, նավավարը` անկարող (լավագույն դեպքում), անձնակազմը` վախկոտ: Այսպիսի նավակը հաստատ խորտակվելու է, եւ նրա խաղաղ հանգրվանը լինելու է օվկիանոսի հատակին:
Նիկոլը կրկին առաջ է քաշում իր չարչրկված «կադաստրի վկայականը», իբր հիմնավորելով, որ մենք` հայերս, պետք է պետություն կառուցենք, իր ասելով, «միջազգայանորեն ճանաչված» սահմաններում: Արագածոտնում նա խոսում էր ինչ-որ «շինթույլտվությունների» մասին եւ նման այլ կատեգորիաներով էր չափում ստեղծված միջազգային իրադրությունը: Ո՞վ պետք է Նիկոլին շինթույլտվություն տա երկիր կառուցելու համար, եւ ո՞վ է «կադաստրի պետը» Նիկոլի համար. հասկանալի է` Թուրքիան եւ Արեւմուտքը: Եվ Նիկոլը որեւէ կերպ չի կարող հասկանալ, որ իր հարեւանը, թեեւ «կրթված ու լայնախոհ» մարդ է, սակայն թքած ունի Նիկոլի հետ պայմանավորվածությունների եւ Նիկոլի կադաստրի թղթի վրա:
Այս առումով նա ավելի լավ բան չգտավ ասելու, քան. «Եթե Ադրբեջանը չի հարգում կամ չպիտի հարգի իր իսկ կողմից ստորագրած փաստաթղթերը, ուրեմն` Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած երկրի վրա, ինչո՞ւ միայն Հայաստանի վրա: Նայեք Ադրբեջանի շուրջը, եթե ինքն իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները չի հարգում, ուրեմն կարող է ցանկացած իր հարևան երկրի վրա հարձակվել, եթե այդպես է»: Առավել քան տարօրինակ միտք, եթե չասենք` հիվանդ երեւակայության արդյունք: Բոլոր դեպքերում փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանը հարձակվում է միայն Հայաստանի վրա, եւ դա նրան հաջողվում է միայն Նիկոլի կառավարման օրոք:
Առողջ տրամաբանությունը հուշում է, որ եթե դու այդքան խեղճ ես ու թշվառ, ապա պետք է ամեն ինչ անես, որպեսզի ունենաս ուժեղ, հզոր ընկերներ: Սակայն այստեղ էլ դու հանդես ես գալիս որպես ընդամենը մանր քցող, եւ ուժեղ ընկերները քեզանից սկսում են զզվել պարզապես: Անգլիացիների հետ հարցազրույցում Նիկոլը երկրորդ անգամ շեշտեց այն միտքը, թե Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ: Սրանով Նիկոլը դրդում է Ռուսաստանին, որպեսզի նա էլ իր հերթին ասի, որ Ադրբեջանի հարցում Ռուսաստանն էլ Հայաստանի դաշնակիցը չէ: Ինչո՞ւ են ամենուրեք կատաղած ցուլեր, փոթրկահույզ օվկիանոս, ականապատ դաշտ տեսնողը ամեն ինչ անում, որպեսզի փչացնի իր հարաբերությունները միակ, փորձված ու հզորագույն դաշնակցի հետ: Բացի արտաքին պատվերից, ոչ մի այլ տրամանաբական բացատրություն գտնել չի ստացվում:
Անդրադառնալով վերջին իրադարձությանը Ադրբեջանի հետ շփման գծում (քանի որ դա սահմանը չէ, այդ տարածքում Ադրբեջանը մի մեծ կտոր է վերցրել Նիկոլի «կադաստրի թղթով» գծած «շինհրապարակից»)` պետք է նշել, որ այդպես էլ պարզ չէ` ի՞նչ է տեղի ունեցել այդտեղ: Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ հենց հայկական կողմից է եղել սադրանքը: Ըստ լուրերի` հենց հայկական կողմում կանգնած Սասուն Միքայելյանի ղեկավարած երկրապահների մոտ տիրող սարսափելի «բարդակի» արդյունքում տեղի ունեցավ միջադեպը, որից օգտվեց Ադրբեջանը: Իսկ արդյո՞ք այս ամենը պատահականություն է: Չէ՞ որ Արեւմուտքին անչափ պետք է Կովկասում նոր պատերազմ: Իսկ Նիկոլին խիստ անհրաժեշտ է պատերազմի սարսափազդու սպառնալիք, որպեսզի նա կարողանա այդ սպառնալիքի ներքո, իր պատկերացումով վախկոտ ու կռվից խուսափելու համար ամեն ինչի պատրաստ, պարտվածի ու թույլի հոգեբանությամբ հայ ընտրողին ստիպել ընդունել նոր` հայազրկման մասին սահմանադրություն: Սակայն Նիկոլը խորապես սխալվում է, վկա Սասունցի Դավթի բերնեբերան լցված բաժակը, եւ սասունցիների առջեւ հայ ժողովրդի կերպարի ստորացումը վաղ թե ուշ ավարտվելու է Սասունցի Դավթի կերպարի վերածնունդով:
ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ