Նիկոլի խոստացած նոր պատերազմի հավանականությունը մե՞ծ է
Վերլուծություն
Ստանձնելով հերթական ժամկետում Ադրբեջանի նախագահի ֆունկցիան, Ալիեւը չհապաղեց սպառնալիքների հերթական հեղեղն ուղղել Հայաստանի ուղղությամբ: Ընդ որում, անմիջապես այն բանից հետո, երբ ազերիները հերթական ծավալային բախումը հրահրեցին սահմաններին:
Ի ՎԵՐՋՈ, Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱԼԻԵՎԸ
Հայկական կողմը պետք է կատարի իր բոլոր պարտավորությունները, սկսեց Հեյդարովիչը՝ ծավալվելով. «Հայաստանը կարծես թե մոռացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները: Կամ գուցե ինչ-որ մեկը նրանց խրախուսել է, որ ընդհանրապես չկատարեն այդ պարտավորությունները: Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց պահանջներից…», փոխեն օրենսդրությունը, եւ այսպես շարունակ:
Այն կցկտուր ռեակցիան, որը ցուցաբերեց Նիկոլը՝ պատասխանի տեղ, գալիս է հերթական անգամ հուշելու՝ Ալիեւը միշտ էլ այսչափ կլկտիանա, քանի դեռ Հայաստանում նման իշխանություններ են: Երեկ էլ կառավարության նիստում Փաշինյանն այսպես գնահատեց իրավիճակը՝ տեղի ունեցածն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսեւորումն է. «Իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել ՀՀ-ի նկատմամբ: Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որեւէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության եւ անվտանգության ապահովման հարցում»:
Միգուցե, բայց այս դեպքում Նիկոլը պետք է տա մեկ շատ պարզ եւ էական հարցի հստակ պատասխան՝ իսկ իրականում ի՞նչ է ուզում Ալիեւը: «Զանգեզուրի միջա՞նցք», ուզում է Սյունիքը գրավե՞լ, թե՞ այլ խնդիրներ է լուծում: Վերջին հաշվով, հազիվ թե Ալիեւի ամբողջ դարդուցավը հայաստանյան օրենսդրության փոփոխությունն է, այդ թվում՝ Անկախության հռչակագրից հրաժարվելը, թե իբր դրանով ապագայի երաշխիքներ է իր համար: Բայց Ալիեւը հիմար մարդ չէ, հասկանում է, որ եթե անգամ Նիկոլին նման բան կարողանա պարտադրել, մեկ է, այս իշխանությունները հավերժ չեն, եւ խնդիրը մի օր անպայման ի հայտ կգա, ընդ որում, անկախ Հայաստանի ներկա օրենսդրությունից: Մյուս կողմից, Հայաստանի օրենսդրությունն այստեղ կապ չունի, դատելով Նիկոլի հայտարարությունից, թե կա պայմանավորվածություն, որ «խաղաղության պայմանագիր» կնքելու դեպքում երկրների ներքին օրենսդրությունները դրանց վրա չեն կարող ազդել:
Այսինքն, օրենսդրություն փոխելու ալիեւյան թեզն իրականում պատճառ չէ, պատրվակ է: Նիկոլը երեկ նաեւ այսպես բացատրեց Ադրբեջանի ուզածը. «Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ սրա համար կարող է լինել մեկ պատճառ, ու դա կարող է լինել, օրինակ, ռազմական գործողություններ սկսելը սահմանի որոշ հատվածներում՝ հետագայում ռազմական էսկալացիան ՀՀ-ի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով: Այս մտադրությունն ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարություններում ու գործողություններում»: Բայց անգամ սա է Ալիեւի մտադրությունների մասին կիսատ բացատրություն: Այսինքն, փոքր կամ մեծ ռազմական գործողություն սկսի, որ ի՞նչ: Հո՞ղ է ուզում գրավել, «Զանգեզուրի միջա՞նցք» բացել, թե՞ ուժի գործադրմամբ Հայաստանին մեկ այլ բան պարտադրել: Հող գրավելու ցանկությունը, հասկանալի է, Ալիեւի մոտ միշտ էլ կա: Ավելին, հնարավորության դեպքում նա դեռ անցած տարի, երբ գրոհում էր Արցախը, կարող էր բռնի հայաթափումից հետո շրջվել Հայաստանի ուղղությամբ: Ու դա չարեց մեկ պարզ պատճառով՝ կան արտաքին արգելակներ, որոնք նրան կանգնեցնում են: Ու ասել, թե այդ արգելակներն են այստեղից-այնտեղից հնչող հայտարարությունները՝ պատերազմի անթույլատրելիության մասին, միամտություն կլիներ: Արցախը գրավելուց առաջ էլ, մասնավորապես` ԱՄՆ-ից մշտական ռեժիմով նման հայտարարություններ հնչում էին՝ թույլ չենք տա, անթույլատրելի է, եւ այդպես շարունակ: Դա Հեյդարովիչին չկանգնեցրեց եւ պարզ տրամաբանությամբ՝ իսկ ինչո՞ւ պետք է կանգնեցնեն, եթե հարձակումն ուղղի Հայաստանի վրա: Ալիեւին շատ ռեալ այլ գործոններ կանգնեցրին: Նախ, կրիտիկական պահերին իրանական բանակի կենտրոնացումներն իր սահմաններին: Ապա՝ ռուսական բանակի ներկայությունը Հայաստանում ու մասնավորապես՝ Սյունիքում, ու ներքին խողովակներով Մոսկվայի զգուշացումները: Ու հիմա էլ, միայն այն, որ իրանցիները Սյունիքում ճանապարհ են կառուցում, նշանակում է, որ այդ երկու գործոնն էլ պահպանվում են:
Այսինքն, շատ ավելի հավանական տեսք ունի այն տարբերակը, որ սահմանային միջադեպեր հրահրելը գոնե Ալիեւի համար ոչ թե մեծ պատերազմ սկսելու, այլ ինչ-որ բաներ Նիկոլին պարտադրելու իմաստ ունի: Ուրեմն՝ կոնկրետ ի՞նչ:
ԻՆՉՈՒ Է ԳԱԼԻՍ ԽՈՎԱԵՎԸ
Մյուս կողմից, երբ Նիկոլը խոսում է «ՀՀ-ի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարի» մասին, դրանով ակամա մեկ բան է խոստովանում՝ այն ողջ քաղաքական կուրսը, որը կիրառում է 2018թ.-ից եւ հիմնականում՝ 2020թ. նոյեմբերից ի վեր, Հայաստանին հասցրեց ոչ թե իր խոստացած «խաղաղության դարաշրջանի», այլ՝ «լայնածավալ պատերազմի հեռանկարի» շեմին: Միայն դա արդեն իսկ հիմնավորում է, որ գործ ունենք կործանարար քաղաքական կուրսի հետ:
Ընդ որում, որ Նիկոլի ասածի պես իրավիճակը շատ սուր է, հաստատեցին նաեւ ՀԱՊԿ-ից: Ըստ կազմակերպության միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովի՝ ՀԱՊԿ-ը մեծ է համարում հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների ներուժը, կարգավորման համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր: Նրա խոսքով՝ Արեւմուտքը ձգտում է ազդել Բաքվի եւ Երեւանի միջեւ հետհակամարտային կարգավորման վրա՝ չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին: «Դրսից փորձերը շարունակում են ազդել հետկոնֆլիկտային կարգավորման ձեւաչափի վրա: Որոշ պետություններ օգտագործում են հայ-ադրբեջանական սահմանին առկա բախումների բարձր ներուժը՝ Կասպից ծովի ռեսուրսներ եւ դեպի Կենտրոնական Ասիա մուտք ձեռք բերելու համար»: Որոշ գրանտակերներ, բնականաբար, չհապաղեցին «հեղինակավոր» կարծիք հայտնել, որ եթե ՀԱՊԿ-ում տեսնում են այդ վիճակը, ինչո՞ւ օգնության չեն գալիս: Բայց շատ արագ էլ լռեցին՝ հասկանալով, որ ՀԱՊԿ-ի գալը արգելափակել է հենց Նիկոլը, եւ դրանում մեծ են արեւմտյան պահանջները:
Բայց եթե կա այնպիսի լարվածություն, որն անգամ Նիկոլն է խոստովանում, եւ որի լուծում կդառնար «խաղաղության պայմանագիրը», ապա ինչո՞ւ է այդ գործընթացը լռվել-մնացել: Ի վորջո, Փաշինյանը նաեւ ակնարկել է, որ այդ ուղղությամբ երկկողմ բանակցություններ, այնուամենայնիվ, կան: Սակայն եթե բանակցում են, եւ Ալիեւը գնում է նորանոր նախապայմանների (որոնց մի մասը Նիկոլը պարզապես չի կարող կատարել, օրինակ Սահմանադրությունը հանրաքվեով փոխել), ապա դա հաստատում է մեր մեկ այլ ենթադրություն եւս: Հիշեցնենք, դեռ անցած տարի Ալիեւը հայտարարեց, որ հրաժարվում է արեւմտյան բանակցային հարթակից, սակայն պատրաստ է բանակցել կամ երկկողմ ձեւաչափով, կամ մոսկովյան հարթակում: Այդ պահին ակնհայտ էր, որ երկկողմ ձեւաչափը վատթարագույնն է Հայաստանի համար, քանի որ Ալիեւը փորձելու է ճնշումների միջոցով ստանալ մաքսիմալը: Նաեւ, որ դա ինչ-որ պահի կանգ է առնելու, քանի որ Նիկոլն անգամ մեծ ցանկության դեպքում չի կարող Ալիեւի ողջ ախորժակը բավարարել, երբ երկրի ներսում նրա վարկանիշն անշեղորեն մոտենում է զրոյական կետին: Ու կարծես թե հիմա հասել ենք հենց այդ փուլին:
Վերջին տարբերակը Մոսկվայում բանակցելն է, ինչի մասին այս օրերին հերթական կոչերը եկան ՌԴ-ից՝ մասնավորապես ԱԳՆ-ի խողովակներով: Մասնավորապես, վերջին կրակոցների հետ կապված, ԱԳՆ խոսնակ Զախարովան ասաց. «Տեղի ունեցածը եւս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի եւ Հայաստանի՝ ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի, որոնք կնքվել են 2020-2022 թվականներին, իրականացմանը արագ վերադարձի անհրաժեշտությունը»: Իր հերթին փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարեց. «Ըստ այդմ, մենք հակաարդյունավետ ենք համարում ոչ տարածաշրջանային ուժերին՝ «արեւմտականներին» տարածաշրջան ներքաշելը, ինչին, ցավոք, վերջին շրջանում պաշտոնական Երեւանը հակված է։ Մենք տեսնում ենք, որ ոչ մի երկրում կամ տարածաշրջանում, որտեղ միջամտել են Միացյալ Նահանգները եւ նրա արբանյակները Եվրամիությունից եւ ՆԱՏՕ-ից, կայունություն եւ հաստատուն խաղաղություն չի եղել:Եղել է միայն պետականության կործանում, քաոս ու ապակայունացում»: Եվ, իհարկե, այս հերթական նախազգուշացմանը «մատների արանքով» նայելը`կարող է ծանր նստել Հայաստանի վրա:
Նման նախազգուշացման տեսք ունի նաեւ Զատուլինի հարցադրումը. «Տրամաբանական հարց, որը ծագում է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, այն է, որ Փաշինյանի կառավարությունը, որը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, հրաժարվեց իր հայրենակիցների բոլոր աջակցությունից, կուլ տվեց զանգվածային արտագաղթը Ղարաբաղից եւ, բացի այդ, սրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, ի՞նչ շահեց նա այդ ճանապարհին, եթե չկա նոր հրաշալի աշխարհ, բայց կան այնպիսի բախումներ, ինչպիսին երեկ եւ այսօր է»:
Այս ֆոնին Մոսկվան Բաքու եւ Երեւան ուղարկեց ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւին՝«խաղաղության պայմանագրի» թեման «բարեկամաբար, գործընկերային ձեւով քննարկելու, որպեսզի այդ շփումները Հայաստանի համար օգուտ ունենան»:
Մնացածն արդեն Նիկոլի որոշելիքն է՝ գնալ այս պահին միակ՝ ռուսական բանակցային հարթա՞կ, թե՞ շարունակել այս վիճակում թողնել երկիրը, ընդ որում` իր խոստացած «խաղաղության դարաշրջանի» զրոյական շանսեր ունենալով:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ