Արեւմուտքը բացեց բոլոր խաղաթղթերը. Մեղրիի գիծը հենց իրենց պետք չէ
Վերլուծություն
Բայց Հայաստանի հետ կապված` ներկա ողջ իրավիճակում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=276456&l=am) նաեւ կա մեդալի նյուս երեսը: Այն հերթական անգամ, արդեն լրիվ բաց տեքստով, ներկայացրեց տխրահռչակ «Քարնենգի հիմնադրամի» առաջատար վերլուծաբան Թոմ դե Վաալը:
Ըստ նրա. «Համաձայնության հասնելու երեք հիմնական խոչընդոտ կա. դրանցից մեկը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի գծանշումն է»: Սակայն սա համեմատաբար հեշտ լուծելի հարց է, եթե միայն «խաղաղության պայմանագրի» հարցը լուծվի:
«Երկրորդ հարցն այն է, թե ինչ միջազգային երաշխիքներ եւ վեճերի լուծման մեխանիզմ կպահանջվեն համաձայնագրի կայունությունն ապահովելու համար»: Այսինքն, Նիկոլը նման երաշխիքներ է ուզում, եւ դա ավելորդ անգամ հիմնավորում է, թե ինչ կոպիտ սխալ է Ադրբեջանի հետ դեմ առ դեմ բանակցելը: Իսկ Ադրբեջանի համար դա լավագույն տարբերակ է: Սակայն երաշխիքների հարցը կախված է այն բանից, թե ուր է գնում Նիկոլը՝ այս պահին գոյություն չունեցող արեւմտյա՞ն, թե՝ ռուսական հարթակ:
Բայց ամենակարեւորը. «Երրորդ խնդիրը Հայաստանի 43 կիլոմետրանոց տարածքով երկար փակ միջանցքի կամ տարանցիկ ճանապարհի բացման խիստ վիճահարույց հարցն է… Կա Արեւմուտքի ռազմավարական խիստ շահագրգռվածություն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Անվտանգության հարցում Ադրբեջանը պնդում է, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահները պահպանեն երկաթուղային եւ ճանապարհային կապերը: Նրանք վկայակոչում են 2020 թվականի նոյեմբերի հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ հրադադարի մասին հայտարարությունը, որտեղ բացահայտ նշվում է այդ մասին… Ռուսների համար տարանցիկ ճանապարհի վերահսկումը մեծ հաջողություն կլիներ։ Նրանց պաշտոնապես կտրվի երկաթուղու մի հատվածի վերահսկողությունը, որը կապում է Ռուսաստանը եւ Իրանը ու տանում դեպի Պարսից ծոց՝ տասնամյակների ընթացքում առաջին անգամ: Սա կլինի հյուսիս-հարավ հիմնական երկաթուղային ճանապարհը, որով Ռուսաստանը կկարողանա վերականգնել իր կապերը Մերձավոր Արեւելքի հետ, քանի որ Ուկրաինայի հետ պատերազմը եւ Արեւմուտքի հետ առճակատումը դեռ երկար կշարունակվեն: Մտահոգիչ սցենարն այն է, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի ստացել այն, ինչ ուզում է հարավային Հայաստանում… որից գոհ չեն ո´չ Երեւանը, ո´չ էլ արեւմտյան տերությունները»,- նշում է դե Վաալը:
Հայաստանին ձեռք է տալիս ռուսական անվտանգային վերահսկողությամբ կոմունիկացիաները, թե՝ ոչ, դա այլ հարց է: Իրողությունն այն է, որ առանց այդ էլ Հայաստանի երկաթուղային համակարգը այս պահին էլ ռուսական կառավարման տակ է, եւ եթե անգամ մի կողմ ենք թողնում տնտեսական բաղադրիչը (այս պահին պարզապես կարող էինք երկաթուղի չունենալ, ամեն ինչ թալանում էին, եւ դա էր համակարգը կառավարման տալու իմաստը), ապա այդ կառավարումը մինչ այժմ չի համարվել Հայաստանի ինքնիշխանությունը նվազեցնող գործոն:
Այլ բան, որ ի դեմս «Քարնենգիի հիմնադրամի», Արեւմուտքը բացահայտ ի ցույց դրեց, որ Մեղրիի գիծը ռուսների անվտանգային վերահսկողության տալն առաջին հերթին հենց արեւմտյան շահերին է լրջորեն հարվածում, այսինքն՝ «Հայաստանի ինքնիշխանություն» եւ նման բաներն ընդամենը այդ ամենը քողարկելու համար է: Խնդիրը սա է. Արեւմուտքի համար կա´մ Մեղրիի գիծը պետք է լինի Ադրբեջանով Կենտրոնական Ասիա դուրս գալու ուղղություն, եւ «Զանգեզուրի միջանցք» ասվածը ու Հայաստանի ինքնիշխանության զրոյացումը հենց դա է: Կա´մ այն կդառնա Ռուսաստանն Իրանին կապող ուղի՝ «հյուսիս-հարավ հիմնական երկաթուղային ճանապարհ»: Իսկ թե սա անվտանգային, ապա նաեւ տնտեսական տեսանկյունից ինչ է տալիս Հայաստանին, անգամ մեկնաբանելու կարիք չկա:
Այսպիսով, «Քարնենգիի հիմնադրամի» ներկայացուցիչը սրանով հաստատեց, թե իրականում ինչ պայքար է ծավալվում Մեղրիի երկաթուղու շուրջ: Ընդ որում, գլոբալ խաղադրույքն այստեղ այնքան մեծ է, որ Արցախ դատարկելն անգամ «անտեսանելի» մնաց: Սա նաեւ այն բանի հիմնավորումն է, թե իրականում ինչու Նիկոլը չի գնում ռուսական հարթակ. «արեւմտյան շահերը» եւ ըստ այդմ՝ արեւմտյան արգելակները մինչեւ վերջ սեղմված են: Իսկ այդ շահերը պահանջում են՝ եթե անգամ այս պահին Կենտրոնական Ասիա դուրս գալ չստացվի, ապա պետք է որ գոնե ռուսները այդ երկաթուղով չկարողանան կապվել Իրանի հետ: Այսինքն, եթե անգամ արեւմտյան հարթակում «խաղաղության պայմանագիր» չլինի, ապա պետք է թույլ չտալ, որ այն կնքվի Մոսկվայում. Ուրեմն՝ ոչ մի «խաղաղության պայմանագիր»: Նոր բան չկա, քանիցս այդ եզրակացությունը ներկայացրել ենք: Միայն թե, այդ մասին Արեւմուտքից արդեն խոսում են միանգամայն բաց տեքստով: Եվ դա լավ օրից չէ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ