Ինչ կար Մյունխենի հանդիպման տողատակերում
Վերլուծություն
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցած Ալիեւ-Փաշինյան հանդիպումը՝ կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ, իհարկե, մի շարք առումներով հետաքրքրություն ներկայացնում է: Բայց դրանով հանդերձ, նաեւ մի շարք հարցեր է առաջ քաշում:
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՐԹԱԿԸ ՆՈՐԻՑ ԿԳՈՐԾԻ՞
Այն, որ Ալիեւն այս անգամ համաձայնեց արեւմտյան դաշտում Նիկոլի հետ հանդիպել, հետաքրքիր էր: Սա նշանակո՞ւմ է, որ բանակցային արեւմտյան հարթակը նորից սկսում է գործել: Հաշվի առնելով նաեւ, որ հանդիպման արդյունքում հայտարարվեց, որ մոտ ժամանակներս «խաղաղության պայմանագիրը» կշարունակեն քննարկել նաեւ արտգործնախարարները:
Բայց սրանով հանդերձ, մեկ ուշագրավ դետալ եւս պետք է հաշվի առնել: Հանդիպումը, կրկնենք, Շոլցի «քավորությամբ» էր: Մյունխենում էր նաեւ պետքարտուղար Բլինքենը, ով ժամանակին բանակցային արեւմտյան հարթակի հիմնական շարժիչ մեխանիզմն էր: Նա հանդիպումներ ունեցավ ինչպես Նիկոլի, այնպես էլ՝ Ալիեւի հետ: Եվ տրամաբանական էր, որ եթե արեւմտյան հարթակի վերագործարկման հետ կապված լուրջ առաջընթաց լիներ, Բլինքենը հազիվ թե այդ դիվանագիտական հաջողությունը հենց այնպես Շոլցին նվիրեր: Հանդիպման կազմակերպիչը նաեւ Մակրոնը, ծայրահեղ դեպքում՝ Շառլ Միշելը չէր: Ընդ որում, որոշ փորձագիտական աղբյուրներ ակնարկում են, որ փորձեր եղել են Ալիեւ-Փաշինյան հանդիպումը կազմակերպել Բլինքենի, Մակրոնի, ծայրահեղ տարբերակով՝ Մակրոն-Շոլց զույգի ղեկավարությամբ Գրանադայում ծրագրվածի պես: Աղբյուրները նաեւ այն մտքին են, որ այդ ուղղությամբ «տակից» ակտիվ աշխատել է բրիտանական MI6-ի շեֆը՝ Ռիչարդ Մուրը: Սակայն առավելագույնը, որին համաձայնվել է Ալիեւը, դա Շոլցի միջնորդությամբ հանդիպումն էր:
Եվ ասվածում լուրջ տրամաբանություն կա. Շոլցի միջնորդությունն Ալիեւին ոչինչ չի պարտադրում: Նախ, նա, ավելի կոնկրետ՝ Գերմանիան որեւէ պաշտոնական միջնորդական առաքելություն չի ունեցել եւ չունի ինչպես արցախյան, այնպես էլ հայ-ադրբեջանական գործընթացների հետ կապված: Շոլցն այս դեպքում ընկալվում էր ոչ թե միջնորդ, այլ՝ տանտեր, ով ընդամենը կազմակերպեց իր տուն այցելած երկու հյուրերի զրույցը: Երկրորդը, Շոլցն այն ֆիգուրան չէ, որ հետագայում կարողանա ինչ-որ միջնորդական հավակնություններ ներկայացնել: Խոսքը մի գործչի մասին է, որ սեփական երկրում անգամ այս պահին ունի զրոյական հեղինակություն, գերմանացիների էական մասը նրան համարում է Գերմանիան ոչնչացնող ամերիկյան կամակատար: Նույն կարգի կշիռ եւ գնահատական Շոլցն ունի նաեւ միջազգային հարթակում: Այսինքն, շատ ավելի նման էր նրան, որ Ալիեւի համար սա ինչ-որ «ռազովի գործողություն» էր: Բացի այդ, Ալիեւը ժամանակին նաեւ պաշտոնապես էր հայտնել, որ պատրաստ է հայ-ադրբեջանական գործընթացում Արեւմուտքին որոշակի, ոչ հանգուցալուծումային դեր տալ` մոտավորապես «դեմք փրկելու» տարբերակով:
Այս տեսանկյունից, հետաքրքիր էր նաեւ Էրդողանի գնահատականը` մյունխենյան հանդիպման հետ կապված: Թուրքիայի նախագահի խոսքով՝ «արեւմտյան որոշ շրջանակներ փորձում են խաղի նոր կանոններ հաստատել Հարավային Կովկասում»: Ու նաեւ. «Արեւմտյան որոշ շրջանակներ մինչեւ հիմա չեն կարողանում հասկանալ, որ Ղարաբաղյան պատերազմի ավարտով տարածաշրջանում բոլորովին նոր փուլ է սկսվել»: Ավելին, որ այդ արեւմտյան շրջանակները՝ «Հայերին շահագործել են՝ ստեղծելով երազանքներ, որոնք հնարավոր չէր իրականացնել, օգտագործել են իրենց շահերի համար, վտանգի ենթարկել։ Հայաստանը նույնպես պետք է տեսնի եւ ընդունի այս իրողությունը: Հայ ժողովուրդը եւ նրա ղեկավարությունը պետք է անվտանգություն փնտրեն ոչ թե հազարավոր կիլոմետրերից այն կողմ, այլ խաղաղության եւ հարեւանների հետ համագործակցության մեջ»: Էրդողանի նման դիրքորոշումը եւս հուշում է, որ քիչ հավանական է, որ նրա «փոքր եղբայրը» արեւմտյան բանակցային հարթակի ուղղությամբ կտրուկ շրջադարձի գնար Մյունխենում:
Ամեն դեպքում, ձեւակերպենք այսպես. այս պահին չկա որեւէ դետալ ենթադրելու, որ Մյունխենում Նիկոլի հետ հանդիպելով, Ալիեւը փոխել է մոտեցումը եւ վերադառնում է արեւմտյան բանակցային հարթակ:
ԻՆՉՆ ԷՐ ՀՈՒՆԻՑ ՀԱՆԵԼ ՆԻԿՈԼԻՆ
Ամեն դեպքում, կրկնենք, Մյունխենում որոշվել է, որ Բայրամովն ու Միրզոյանը պետք է հանդիպում ունենան: Որտե՞ղ է լինելու այդ հանդիպումը, այս պահին հայտնի չէ: Բայց այստեղ էլ մտորումների առիթ կա:
Ալիեւի հետ հանդիպումից հետո Նիկոլը որոշ փակագծեր բացեց Մյունխենի եւ հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Իհարկե, այդ հանդիպումը միայն պայմանականորեն կարելի է համարել «հայ համայնքի» հետ, հաշվի առնելով դրա մասնակիցների թիվն ու կազմը: Բայց դա այլ հարց է, եւ ավելի էական են այն հայտարարությունները, որոնք Նիկոլն այդտեղ հնչեցրեց:
Նախ, սեփական խնդիրները մոռացած, Նիկոլը որոշեց նորից քիթը խոթել ուկրաինական հակամարտություն մեջ, թե՝ «Երեւանն Ուկրաինայի հարցում Մոսկվայի դաշնակիցը չէ»: Ընդ որում, նա ինքը հաստատեց, որ առաջին անգամը չէ, որ նույն բանն է ասում: Ու այստեղ հայ հասարակությունն իրեն պարզ հարց պետք է տա. իսկ Նիկոլի նման հայտարարություններից հետո Մոսկվան կարո՞ղ է պատասխանել, թե Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ, ասենք, Ադրբեջանի կամ նույնիսկ` Թուրքիայի հարցում: Թե նման հայտարարությունն ինչ վնաս է հասցրել եւ դեռ հասցնում Հայաստանին, դժվար չէ հասկանալ, եւ երեւի Ալիեւը հրճվում էր` լսելով Նիկոլի ասածը: Առավել եւս` հիշելով այդ նույն Ուկրաինայի տրամադրած ֆոսֆորային (ոչ միայն) զենքը, որը 44-օրյա պատերազմում թափում էին մեր զինվորների գլխին:
Այն, որ Նիկոլն այդ նույն Ուկրաինային է համարում «բարեկամական երկիր», իհարկե, հերթական անգամ վկայում է նրա «բարոյական» մակարդակի մասին: Բայց նման «աննշան» բաներ հազիվ թե դրված լինեին Նիկոլի խոսքի հիմքում: Սա ավելի շատ նման էր Արեւմուտքին ուղղված, թերեւս, հուսահատ կոչի՝ բա տեսնում եք, ամեն ինչ անում ենք ձեզ հաճոյանալու համար: Առավել եւս, որ դրանից հետո հանկարծ նորից հիշեց հին պատմությունը, թե. «Նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա կետ, որ Ռուսաստանը ՀՀ-ում պետք է որեւէ բան վերահսկի, նման բան չկա գրած: Էլ չեմ ասում, որ եռակողմ հայտարարության էն մնացած կետերը Ադրբեջանն ու Ռուսաստանը ճղել, գցել են մի կողմ, այդ 9-րդ կետի վրա հղումը արդեն էլ արդիական չի, որովհետեւ էն նախկին կետերով եւ Ադրբեջանը, եւ Ռուսաստանը իրենց պարտավորությունները խախտել են: Էդ ո՞նց կարա լինի, որ մնացած կետերը չլինեն, էդ մի կետը լինի»:
Սա արդեն աբսուրդի գագաթնակետն է: Շատ պարզ վիճակ է. եթե համարում ես, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները ողջ ծավալով քեզ համար օրակարգային չեն, այդ մասին պարզապես պետք է պաշտոնապես հայտարարել, թե՝ այլեւս նման փաստաթուղթ գոյություն չունի, հրաժարվում եմ ստորագրությունիցս: Դա չանելը, բայց փոխարենը ասելը, թե ռուսների վերահսկելու մասին «որեւէ բան չկա գրած», երբ ցանկացած նորմալ մարդ կարող է կարդալ եւ տեսնել՝ կա՞ նման բան, թե՝ չկա, իր հերթին է տանում այն մտքին, որ Ալիեւի հետ հանդիպումը հերթական անգամ հավասարակշռությունից հանել է Նիկոլին: Բայց ինչո՞ւ պետք է այդ վիճակում հայտնվեր, երբ Ալիեւը հաստատում է, թե Նիկոլի հետ « հանդիպումը օգտակար է եղել եւ անցել է կառուցողական մթնոլորտում»: Ավելին, անգամ Նիկոլն է խոսում կարեւոր ձեռքբերումներից. «Կարեւոր մի հարց կար սեղանին դրված, որը հետեւյալն էր, թե արդյոք կողմերը վերահաստատո՞ւմ են նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները։ Հիմնական արձանագրումն այն է, որ կողմերը հավատարիմ են մնում այդ պայմանավորվածություններին…»: Չէ՞ որ նիկոլյան իշխանություններն էին մի գլուխ պահանջում՝ թող Ալիեւը հայտարարի, որ հավատարիմ է նախկին պայմանավորվածություններին: Հիմա հաստատեց, ուզածներդ եղավ, բա էլ ի՞նչ նյարդային ռեակցիաներ են:
Չնայած, «հայ համայնքի» հետ հանդիպման ժամանակ Նիկոլի հնչեցրած որոշ մտքերի տողատակերում կարելի է հասկանալ այդ նյարդայնության իմաստը: «Արտաքին գործերի նախարարների հանդիպումը ակնհայտորեն պետք է վերաբերի խաղաղության պայմանագրի տեքստի հետագա քննարկմանը եւ համաձայնեցմանը: Խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածներ համաձայնեցված են, բայց մի շարք հոդվածներ, որոնք ունեն սկզբունքային նշանակություն, դեռեւս համաձայնեցված չեն: Պայմանավորվել ենք այս աշխատանքներն իրականացնել»,- ասաց նա: Թե կոնկրետ որ հոդվածների մասին է խոսքը, դժվար չէ կռահել. 2021թ. մոտավորապես կեսերից սկսած հիմնական թեման, որի շուրջ վեճերը շարունակվում են, եւ որը հասցրեց Արցախի հայաթափմանը, կոմունիկացիաների հայտնի հարցն է: Մեկ այլ ծանր հարց է սահմանազատումը: Բայց սրա հետ կապված պայմանավորվածություններ կան՝ հիմք համարել Ալմա-Աթայի հռչակագրով հաստատվող խորհրդային սահմանները: Ու հիմա, երբ Նիկոլն ասում է, թե վերահաստատվել է, որ «կողմերը հավատարիմ են մնում» նախկին պայմանավորվածություններին, որ ԱԳ նախարարներից զատ, շարունակվելու է նաեւ սահմանազատման հարցով փոխվարչապետների գործընթացը, ապա դա հուշում է, որ սահմանազատման թեման « սկզբունքային նշանակություն ունեցող ու դեռեւս չհամաձայնեցված» հարցերի թվում չէ: Այսինքն, չհամաձայնեցված է մնում հիմնականում կոմունիկացիաների թեման: Հիմա պայմանավորվել են, որ այդ ուղղությամբ պետք է հստակ քայլեր կատարել, եւ դա, իհարկե, այն խնդիրն է, որը Նիկոլին կարող է նյարդային ցնցումների հասցնել: Ասենք նաեւ այն, որ Բաքուն չհապաղեց արձագանքել նոյեմբերի 9-ի հետ կապված Նիկոլի խոսքին, թե՝ նախ Հայաստանը, հակառակ իր պարտավորություններին, «չի կատարել հաղորդակցությունների բացման իր պարտավորությունը», իր հերթին է ակնարկում, որ հենց կոմունիկացիաների թեման է «չհամաձայնեցված կետերի» հիմնական մասը:
Այսինքն, Նիկոլն այս մասին Ալիեւին ինչ-որ խոստումնե՞ր է տվել, որ պայմանավորվել են՝ գործընթացը փոխանցել ԱԳ նախարարներին: Այս հարցն էլ, թերեւս, մեծ չափով կախված է նրանից, թե Նիկոլն ի՞նչ է խոսել MI6-ի ղեկավարի հետ: Էլ ձգելու ճար չունե՞մ, թե՝ լսում եմ, շեֆ, կանեմ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ