ԵՐԲ Է ԿԱՆՉԵԼՈՒ ՆԻԿՈԼԻ ԿԿՈՒՆ
Վերլուծություն
ԵՐԲ Է ԿԱՆՉԵԼՈՒ ՆԻԿՈԼԻ ԿԿՈՒՆ
Մյունխենում Նիկոլը անկհայտորեն չափազանց լարված էր ու նյարդայնացած: Հասկանալի է, որ նա հայտնվել է անելանելի վիճակի մեջ, երբ նրա արեւմտյան տերերը ու թուրք-ադրբեջանական տանդեմը գնալով ավելացնում է իր վրա ճնշումը ու խստացնում է պահանջները: Նիկոլը նմանվում է ճահճում հայտնված մեկին, ով ճարահատյալ թափահարում է ձեռքերը ճահճից դուրս գալու համար, սակայն, ընդհակառակը` ավելի ու ավելի է խրվում կործանարար տիղմի մեջ:
ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՀԱԿԸ ԳԼԽԱՎԵՐԵՎՈՒՄ
Ընդ որում, հենց որ Նիկոլը փորձում է մի փոքր խուսափել արեւմտաթուրքական թելադրանքից եւ իր հայացքը ուղղել դեպի Մոսկվա, իրեն անմիջապես սաստում են եւ ստիպում անել ավելի ու ավելի հակառուսական հայտարարություններ: Հատկանշական է, որ Նիկոլի վրա ազդում են ոչ միայն դրսից, այլեւ` ներսից:
Նիկոլի գաղափարախոսական համախոհ, ժամանակին, նաեւ աջակից , ծայրահեղ արեւմատմետ Դանիել Իոննիսյանը գնալով ավելի ու ավելի ընդդիմադիր դիրքերից քննադատում է Նիկոլին: Նախ նա հայտարարեց, որ Հայաստանում ընտրովի արդարադատություն է, եւ պաշտոնյաները պատասխան չեն տալիս իրենց հանցանքների ու զանցանքների համար: Ապա օրերս էլ փաստեց, որ Նիկոլը, երբ տարեսկզբին այցելում էր դպրոցներ, պոկում էր կախիչներ եւ թափահարում էր «դուշը», դժգոհություն հայտնելու համար որեւէ հիմք չուներ, քանի դեռ այդ դպորցներում շինարարական աշխատանքները շարունակվում էին, եւ ավարտական ակտը ոչ ոք չէր ստորագրել: Այսպիսով, Իոննիսյանի խոսքով, ստացվում է, որ Նիկոլը կատարյալ անգրագետ է, չգիտի, որ քանի դեռ չկա շինարարական աշխատանքների ընդունման ակտ, շինարարական թերությունները դեռ կարող են շտկվել, իսկ քաղշինի նախագահ Ղուլարյանը չպետք է դեռեւս ազատվեր աշխատանքից: Այլ բան է, եթե վերջինս ստորագրած լիներ աշխատանքերի ընդունման ակտը թերություններով:
Թե ինչո՞ւ է Իոննիսյանը այսպիսի հետեւողականությամբ հարվածում Նիկոլի հեղինակությանը… Բանն այն է, որ սորոսականների թիմը Հայաստանում Նիկոլի գլխին մահակի դեր է խաղում: Եվ հենց վարչապետ կոչեցյալը սկսում է դանդաղել Արեւմուտքի պահանջները կատարելիս ստանում է այդ մահակով հարվածներ: Պատահական չէ, որ իր մյունխենյան այցին Նիկոլը մասնակից դարձրեց հայտնի սորոսական Ստյոպիկ Սաֆարյանին` փորձելով նրա հետ ձեւավորել վստահելի հարաբերություններ: Սակայն Ստյոպիկ Սաֆարյանը Նիկոլին չի փրկի, եւ դա Նիկոլը պարզ հասկացավ Մյունխենում, երբ նրան ստիպեցին ավելի ու ավելի հակառուսական դիրքորոշում ներկայացնել` այրելով Մոսկվայի հետ հերթական կամուրջը:
Ի վերջո, թե՛ Արեւմուտքը, թե՛ թուրք-ադրբեջանական միությունը Նիկոլից պահանջում են ընդունել նոր սահմանադրություն: Նիկոլն արդեն բազմիցս ու հրապարակայնորեն խոստացել է, որ կանի դա: Սակայն նա պարզ հասկանում է, որ այդ խնդիրը իր համար կարող է դառնալ անլուծելի ու ճակատագրական: Բանն այն է, որ Հայաստանն ունի 2,6 մլն քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներ եւ սահմանադրությունը պահանջում է, որ հանրաքվե անցկացնելու դեպքում Նիկոլի նոր հակազգային թուրք-ամերիկյան սահմանադրության նախագծի օգտին անհրաժեշտ է ապահովել մոտ 650 հազար ձայն: Այսօրվա դրությամբ դա անիրատեսական է: Ըստ Gallup-ի հարցումների` ՀՀ քաղաքացիների ավելի քան 72 տոկոսը դեմ է, որպեսզի փոխվեն ազգային ինքնության հետ առնչվող սահմանադրական հոդվածները եւ Անկախության հռչակագիրը: Միաժամանակ նույն հարցումներից պարզ է դառնում, որ Նիկոլին չեն վստահում հարցվածների ավելի քան 66 տոկոսը: Այսպիսի դիրքերից գնալ հանրաքվեի Նիկոլի համար ինքնասպանություն է: Սակայն մյուս կողմից նրանից պահանջում են արագացնել սահմանադրության հարցի լուծումը`անգամ խոստանալով աչք փակել ցանկացած ծավալի խախտումների վրա: Հակառակ դեպքում սորոսականների կկուն ցանկացած պահի կարող է կանչել:
ԲԱ ՓՈՂԸ Ո՞Վ Է ՏԱԼՈՒ
Սակայն ոչ միայն անվտանգային ու աշխարհաքաղաքական խնդիրներն են կախվել Նիկոլի վրա: Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, չնայած նիկոլական պաշտոնական քարոզչության, շարունակում է կտրուկ վատանալ: Միայն վերջին տարվա ընթացքում Հայաստանը իր պետական պարտքը ավելացրել է 11,4 տոկոսով` լրացուցիչ վերցնելով 1,2 մլրդ դոլար: Այսօր այդ պարտքը կազմում է 11 մլրդ 845 մլն դոլար: Այդ հսկայական պարտքի գեթ կեսը գոյացել է Նիկոլի իշխանության օրոք: Հասկանալի է, որ արեւմտյան իր հովանավորները տրամադրում են Նիկոլին վարկեր նրա համար, որ նա վերջնականապես «չսկի», զուգահեռաբար պահանջում են նաեւ կատարել իրենց քաղաքական օրակարգը: Նիկոլը լավ հասկանում է, որ այն պահին, երբ նա դադարի հլու-հնազանդ ծառայել Արեւմուտքին, անմիջապես կզրկվի նաեւ արեւմտյան «ամենափրկիչ» վարկերից: Սակայն Նիկոլին անհրաժեշտ են ավելի ու ավելի շատ գումարներ այս իրավիճակում ջրի երես մնալու համար: 2024 թվականին պետական պարտքի մարման եւ սպասարկման համար Հայաստանը պետք է վճարի մոտ 1,7 մլրդ դոլար, 2025 թվականին` ավելի քան 1,8 մլրդ դոլար եւ այդպես շարունակ:
Մյուս կողմից Հայաստանի Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների վատթարացումը կարող է բերել ծանր տնտեսական հետեւանքների, հաշվի առնելով, որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առեւտրային գործընկերն է: Հայաստանի արտահանման շուրջ 40 տոկոսը եւ ներմուծման 32 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանի հետ առեւտրին, այն դեպքում, երբ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ընդամենը 8 տոկոսը եւ ներմուծման 16 տոկոսը (տես նկար 1. Հայաստանի արտաքին առեւտրում տարբեր երկրների մասնաբաժինը): Հասկանալի է, որ Արեւմուտքում ոչ Հայաստանի արտադրանքի համար, ոչ էլ գյուղատնտեսական ապրանքների համար շուկայում որեւէ տեղ հատկացված չէ: Ուկրաինական գյուղապրանքների հանդեպ Արեւելյան Եվրոպայի երկրներում ծավալված զանգվածային հակազդեցությունը վկայում է, որ Եվրամիության շուկա մտնելը Հայաստանի համար գրեթե անհնար է: Ինչ է լինելու, եթե հանկարծ Ռուսաստանը դադարեցնի Հայաստանից ապրանքներ ընդունել:
Եթե սրան գումարենք նաեւ ռուսական գազի (որն այսօր Հայաստանը ստանում է աշխարհում ամենացածր գներով) թանկացման հավանականությունը, , ապա պարզ կդառնա, որ հայկական արտադրանքի ինքնարժեքը մի քանի անգամ կբարձրանա եւ այն կդառնա ոչ մրցունակ ոչ միայն եվրոպական, այլեւ ԵԱՏՄ շուկայում:
Նիկոլը նաեւ հասկանում է, որ ինչ կարող է պատահել, եթե հանկարծ Ռուսաստանը խստացնի Հայաստանից խոպանչիների մուտքը Ռուսաստան:
Ինչ վերաբերում է Հայաստան մուտք գործող դրամական միջոցներին, ապա 2023 թվականին Ռուսաստանից Հայաստան մտել է գրեթե 4 մլրդ դոլար: Այն դեպքում, երբ ընդհանուր մուտքը կազմել է մոտ 5,7 մլրդ դոլար(տես նկար 2. Ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները Հայաստան եւ Հայաստանից 2023թ.):
Այս բոլոր թվերը ցույց են տալիս, որ եթե Նիկոլը շարունակի կատարել արեւմտյան թելադրանքը, ապա ոչ միայն քաղաքական խնդիրների առաջ կկանգնի, այլեւ սոցիալ-տնտեսական, իսկ, ինչպես հայտնի է, Նիկոլի կողմնակիցների մեծ մասը նրան աջակցում են` հենց սոցիալական սպասումներից ելնելով: Սակայն եթե չկատարի Արեւմուտքի թելադրանքը, կզրկվի վարկերից եւ կրկին կհայտնվի սոցիալական ճգնաժամի մեջ:
Այնպես որ, Նիկոլը շատ լավ հասկանում է, որ շուտով իր կկուն կկանչի, այդ իսկ պատճառով հայտնվել է խիստ անհավասարակշիռ վիճակում: Իսկ մյունխենյան հանդիպումը հայ համայնքի հետ ցույց տվեց, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ` Սփյուռքում նրա հեղինակությունը կատաստրոֆիկ ընկած է: Հանդիպման մասնակից սակավաթիվ քաղաքացիներից մեկի ասածը, որ Նիկոլը ընդհանրապես պետք է հեռանա քաղաքականությունից, նա ընկալեց որպես կկվի առաջին կանչը:
ԱՐՄԵՆԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ