Մոսկվան պատրաստվում է մեծ հարձակման, եւ ոչ միայն Ուկրաինայում
Վերլուծություն
Հայաստանի շուրջ ծավալվող ներկա իրադարձությունների ֆոնին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=277013&l=am)՝ նոր ազդակներ ստացվեցին նաեւ Մոսկվայից: Դրանք, ճիշտ է, անուղղակիորեն են մեզ վերաբերում, բայց միայն արտաքին տեսքից դատելով:
Այսպես, ՌԴ նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ում վրա, այն տպավորությունն է, որ դրված է ռուսական կոշտ քաղաքական նյուանսները հրապարակավ հնչեցնելու ֆունկցիա, մի քանի ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ: Նախ, որ Ռուսաստանը մտածում է իր շուրջ անվտանգության ռեալ գոտի ստեղծելու մասին: Ճիշտ է, հիմնական շեշտը նա դրեց նախ՝ Ռուսաստանի հյուսիսային հատվածի վրա, ապա՝ Ուկրաինայի, սակայն տողատակերից զգացվում էր, որ ընդհանուր ծրագրերը վերաբերում են ՌԴ-ի հիմնական վտանգավոր ուղղություններում նման գոտի ունենալուն, եւ որ Հարավային Կովկասն էլ է այդպիսին, հասկանալի է:
Բուն ուկրաինական ուղղությամբ, ըստ Մեդվեդեւի՝ պետք է հասնել Կիեւ. «Կլինի՞ Կիեւը։ Այո, հավանաբար դա պետք է լինի Կիեւը»: Ապա նաեւ. «Օդեսա, արի´ տուն: Մենք Ռուսաստանի Դաշնությունում երկար ենք սպասել Օդեսային»: Իսկ Արեւմուտքի խառնվելը, ըստ Մեդվեդեւի, կնշանակի Երրորդ համաշխարհային պատերազմ, որին Ռուսաստանը պատրաստ է գնալ:
Ընդ որում, որ սրանք մերկապարանոց հայտարարություններ չեն, գալիս է նաեւ հուշելու այն աղմուկը, որն այս պահին առկա է արեւմտյան քարոզչամեքենայում եւ փորձագիտական դաշտում: «Շոկ, զայրույթ եւ պատերազմից հոգնածություն»,- այսպես է The Guardian-ը գնահատում ուկրաինական պատերազմի ներկա վիճակը՝ խոսելով ուկրաինական բանակում եւ երկրի ներսում առաջացած խուճապային տրամադրությունների մասին: The New York Times-ի գնահատմամբ, ուկրաինական բանակում բարոյականության տոտալ անկում է՝ կռվելու շարժառիթների զրոյացման անկման ֆոնին: Նույն թեման զարգացնելով, CNN-ը նաեւ պնդում է, թե Ռուսաստանը հսկայական զորքեր է կուտակում ճակատային գծի մոտ, եւ այսպես շարունակ: Հեղինակավոր փորձագետներից, ԿՀՎ Լարի Ջոնսոնն է պնդում, թե. «Ուկրաինական զինված ուժերը խուճապի մեջ են եւ լիովին ի վիճակի չեն դիմակայել ռուսական բանակի արագ առաջխաղացմանը ողջ ճակատային գծով: Ուկրաինան նույնիսկ չգիտի, թե որտեղից է լինելու հաջորդ հարվածը»: ԱՄՆ բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Դենիել Դեւիսի խոսքով՝ «Ուկրաինական ռազմական հրամանատարությունը կորցրել է վերահսկողությունը իր զորքերի նկատմամբ»: Նաեւ, որ՝ «Հաջորդ փուլն ավելի բարդ է լինելու»:
Մինչեւ իսկ Զելենսկին էր օրերս հայտարարել Խարկովի ուղղությամբ ծայրահեղ ծանր իրավիճակի մասին. «Ես վերադառնում եմ Խարկովի շրջանի դիրքերից: Առաջնագծում իրավիճակը ծայրահեղ ծանր է մի քանի հատվածներում, հատկապես, որտեղ ռուսական զինված ուժերը կենտրոնացրել են իրենց ռեզերվների մեծ մասը»: Նույն մեծ ռեզերվների թեզն առաջ է տարել ուկրաինական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Սկիբիցկին՝ պնդելով, թե ռուսները Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով (խոսքն այն սահմանների մասին է, որոնք պատերազմի ընթացքում դեռ չեն փոխվել, մասնավորապես՝ Խարկովի ուղղության) տեղակայել են «Իսկանդեր» համալիրի 48 արձակման կայան՝ ընդհանուր 96 հրթիռ մեկ համազարկով: Սրանից զատ, նաեւ իրանական աղբյուրները հաստատեցին, որ Ռուսաստանին է փոխանցվել փոքր՝ մինչեւ 700 կմ հեռահարության բալիստիկ հրթիռների մեծ խմբաքանակ:
Այս ամենը, թերեւս, ակնարկում է այն մասին, որ ռուսները պատրաստվում են մեծ հարձակման, որի նպատակը Օդեսա-Կիեւ բնագիծն է: Բայց եթե վերջնական նպատակն ընդհանուր անվտանգության գոտին է, ապա ենթադրելի է, որ այդ հարձակումը, թերեւս արդեն ոչ ռազմական տեսքով, կընթանա նաեւ հարավկովկասյան ուղղությամբ:
Իսկ եթե Արեւմուտքում մտածում են, որ կկարողանան դա կանխել Նիկոլին խաղարկելով, դա արդեն ռեալ չէ եւ խոսում է դիրքերի եւ հնարավորությունների թուլության մասին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ