ՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐՆ ԱԿԱՆԻ՞, ԹԵ ՄՈՒԼՅԱԺԻ ՎՐԱ
Վերլուծություն
Մյունխենում Նիկոլից պահանջեցին, որ նա Հայաստանում ընդունի Ուկրաինայի սկանդալային նախագահ Զելենսկուն: Նիկոլը հրաժարվել չէր կարող, ինչպես չէր կարող հրաժարվել բոլոր մնացած պահանջներից, այդ թվում` ՀԱՊԿ-ի աշխատանքների Հայաստանի մասնակցության «սառեցումից»: Սակայն Նիկոլը շատ լավ հասկանում Զելենսկու գալը Հայաստան իրենով կազդարարի Ռուսաստանի համար այն, որ Նիկոլը վերջնականապես կտրում է Ռուսաստանի հետ համագործակցության բոլոր թելերը:
ՔԱՅԼ ԶԵԼԵՆՍԿԻՈՎ
Այդ իսկ պատճառով Նիկոլը երազում է, որ Զելենսկու այցը տապալվի, իսկ իր շրջապատը արդարանում է, որ Զելենսկու այցը զուտ Հայաստան չի լինելու, այլ տարածաշրջանային` Հայաստան-Ադրբեջան-Վրաստան: Եվ այստեղ էլ Նիկոլի հիմնական հույսը Ալիեւն է` այն առումով, որ վերջինս հրաժարվի ընդունել Զելենսկուն այս նեղ «մաջալին»: Այդ դեպքում հավանաբար միայն Հայաստանի ու Վրաստանի համար Զելեսնկին Անդրկովկաս չի գա, եւ Նիկոլը շանս կստանա շարունակել իր երկակի խաղը, որը նա տանում է իր իշխանությունը զավթելու օրվանից: Մի կողմից` կատարելով Արեւմուտքի բոլոր պահանջները, սակայն մյուս կողմից` վերջնականապես չայրելով կամուրջները ռուսների հետ:
Դրա լավագույն ապացույցը Նիկոլի հայտարարած սառեցումն է: Մի կողմից` Արեւմուտքի թելադրանքով նա չի մասնակցում ՀԱՊԿ-ի գործերին, մյուս կողմից` ՀԱՊԿ-ից էլ դուրս չի գալիս: Արդյունքում երկու կողմն էլ նրան չեն վստահում, բայց չեն էլ վերջնականապես դադարեցնում իր հետ կապված հույսերը: Նույն կերպ նա վարվեց ատոմակայանի հարցում: Մի կողմից` ռուսների հետ ստորագրեց պայմանագիր, որ նրանք են շարունակելու շահագործել Մեծամորի ատոմակայանը եւ խոստացավ, որ ապագայում հենց ռուսներն են կառուցելու Հայաստանում նոր ատոմակայան, իսկ մյուս կողմից` խոստացավ ամերիկացիներին, որ նրանք են տեղադրելու Հայաստանում իրենց շարժական բլոկային ատոմակայանը: Մանր ժուլիկի քաղաքականություն…
Սակայն Զելենսկու հայաստանյան այցը, կարծես թե, Նիկոլին վերջնականապես դնում է փակուղու առաջ: Եթե նա հրաժարվի այցից ու Զելենսկուն ճոխ-ճոխ ընդունելուց Արեւմուտքը կմեկնարկի Նիկոլին էլ ավելի հնազանդ ու սորոսադավան մեկով փոխարինելու գործընթացը: Ամենայն հավանականությամբ, դա կարող է լինել Անգլիայի արտաքին հետախուզական գաղտնի ծառայության պետ Ռիչարդ Մուրին լավ ծանոթ Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, որը նույն անգլիացիների հրամանով կարող է ստանալ անհրաժեշտ աջակցություն Ազգային ժողովում: Ու չնայած, որ Նիկոլի պատժիչ գործողություններից հետո իր հարաբերությունները Ալեն Սիմոնյանի հետ թվացյալ կարգավորվել են, Նիկոլն էլ շատ լավ հասկանում է, որ Արեւմուտքից հրաման ստանալու դեպքում Ալենը կմասնակցի պալատական հեղաշրջմանը, որը կձեւակերպվի Ազգային ժողովում Նիկոլին անվստահություն հայտնելու եւ նրա փոխարեն նոր սորոսածին վարչապետ դնելու տեսքով:
Սական, եթե Նիկոլը ընդունի Զելենսկուն եւ ստիպված լինի լսել Զելենսկու հակառուսական բարբաջանքները ու մի բան էլ «դամ քաշել» դրանց, Նիկոլը կստանա Ռուաստանից ոչ պակաս ծանր հակահարված: Այդ հակահարվածը լինելու է, առաջին հերթին, տնտեսական դաշտում: Ռուսները արդեն իսկ ասել են, որ չեն պատրաստվում Նիկոլի` իրենց դավաճանության պայմաններում փակ աչքերով ընդունել հայկական արտադրանքը: Հասկանալի է, որ հայկական արտահանման առաջին հորիզոնականում գտնվող Ռուսաստանը, որն ընդունում է հայկական արտահանվող ապրանքների գրեթե կեսը, եթե հանկարծ փակի իր շուկան Հայաստանի առաջ, ապա դա կբերի տնտեսական կատաստրոֆիկ հետեւանքներ, որոնց արդյունքում սոցիլական պայթյունը կդառնա անխուսափելի: Նույնը տեղի կունենա, եթե Ռուսաստանը փակի խոպանչիների մուտքը, եւ Նիկոլն արդեն լավ պատկերացնում է խոպանչիների ոտքը տրորելու արդյունքները: Եվ վերջապես, Ռուսաստանից եկող գազի, ինչպես նաեւ` ցորենի եւ այլ ապրանքների գների թանկացման դեպքում կարելի է պատկերացնել` ինչ տեղի կունենա Հայաստանում:
ԲՈՅԿՈՏԵԼ ՀԱԿԱՀԱՅ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Նշենք, որ այս բարդ իրավիճակում հայտնված Նիկոլը դեռ պետք է կատարի իր այլ խոստումները, որոնք նա տվել է Արեւմուտքին ու թուրք-ադրբեջանական միութենական պետությանը: Խոսքը սահմանադրության մասին: Այն անցակացնելու համար Նիկոլը պետք է ստանա նախ հանրաքվեի մասնակցության քվորում, իսկ դա ձայն ունեցողների 50 տոկոսից ավելիի շեմն է եւ ապա 650 հազար ձայն, որոնք կողմ կքվեարկեն Նիկոլի նոր սահմանադրությանը: Իհարկե, Նիկոլը կփորձի կեղծել եւ դեմ քվեարկած ձայները կներկայացնի որպես կողմ: Արեւմուտքը Նիկոլին այս առումով տվել է քարտ բլանշ` նշելով, որ Նիկոլը կարող է կեղծել ինչպես ուզում է եւ ինչքան ուզում է: Սակայն եթե ընդդիմությունը միասնական որոշում ընդունի կոչ անել ժողովրդին բոյկոտելու սահմանադրական հանրաքվեն, ապա կեղծելը կլինի շատ ավելի բարդ, իսկ կեղծարարությունը` ավելի ակնհայտ: Այդ ամենը կարող է բերել ժողովրդի զանգվածային ապստամբությանը, եւ այստեղ կգումարվեն մի շարք այլ գործոններ` ե՛ւ սոցիալականը, ե՛ւ ազգայինը, ե՛ւ եկեղեցու պաշտպանության խնդիրը, ե՛ւ ավանդական ընտանիքի փրկության հարցը, ե՛ւ Սփյուռքի գործոնը, որը կպաշտպանի Ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ Հայ դատը եւ վերջապես Հայաստանում մնացած արցախցիները, որոնց, թեեւ, Նիկոլը ապօրինաբար զրկեց Հայաստանի քաղաքացիությունից, սակայն որոնք ունեն Հայաստանում շուրջ կես միլիոն հարազատներ եւ բարեկամներ:
Այսպիով, Զելենսկու այցով Արեւմուտքը դրեց Նիկոլին անելանելի վիճակի մեջ: Եվ այսօր Նիկոլը աղոթում է իր աստծուն, որպեսզի Զելենսկու ոտքը կոտրվի, եւ նա Հայաստան չգա:
Միաժամանակ Նիկոլը շարունակում է կանխարգելիչ գործողություններ: Ըստ լուրջ փորձագետների վերջերս թափ առած պայթեցումների ու սպառնալիքների ալիքը, որը առաջին հայացքից ուղղված է նիկոլականների դեմ իրականում նախաձեռնած է հենց Նիկոլի կողմից, որովեհետեւ դեռեւս ոչ ոք չի պայթել եւ ոչ մի սպառնալիք չի իրականացվել: Նիկոլին այդ ալիքը ձեռնտու է երեք առումներով. առաջին` նա կարող է այդ ալիքի աղմուկի տակ հաշիվներ մաքրել ընդդիմության հետ: Պատահական չէ, որ նա ԱԺ-ի հարց ու պատասխանի ժամանակ կրկին միացրեց իր էժանագին ու մաշված ձայնապնակը նախկինների մասին, հիմնական հարվածը, ընդ որում, ուղղելով ոչ թե «գլխավոր» խորհրդարանական քոչարյանական ընդդիմությանը, այլ հանրապետականներին: Երկրորդ` Նիկոլը ցանկության դեպքում կարող է իր իսկ ստեղծած ալիքը «քցել» ռուսների գրպանը: Եվ այն իր ոչ մի փաստով չհիմնավորված զառանցանքները, թե ռուսները ցանկանում էին իրեն գահընկեց անել, պատահական չէին: Եվ վերջապես երրորդ` այս կերպ նիկոլականների աչքն են վախեցնում եւ վերջիններս հասկանալով, որ ներում-բեկում նրանց չի լինի, էլ ավելի են լծվում Նիկոլի իշխանությունը պահելու ու պահպանելու ստոր գործին:
Թեեւ, վերջին հանգամանքը այդքան էլ միանշանակ չէ: Ահաբեկչական հաշվեհարդարից վարի գնալու տեսլականը բոլոր դեպքերում քայքայում է նիկոլականների կամքը եւ ստիպում հնարավորության դեպքում իջնել ջրի հատակը: Իսկ կրիտիկական վիճակում նրանցից յուրաքանչյուրը պատրաստվում է «թռնել», ինչի համար ակտիվորեն նախապատրաստում են իրենց համար պահեստային «օդանավակայաններ»:
Սակայն ջրի հատակը իջնելը նրանց համար էլ հեշտ գործ չէ: Մի կողմից` նրանցից յուաքանչյուրի գլխին կա իր սորոսական վերակացուն, որը ժամանակ առ ժամանակ նրանց ստիպում է արտաբերել հերթական հակահայկական միտքը: Մյուս կողմից` նրանցից յուրաքանչյուրը այս կամ այն կախվածության մեջ է անձամբ Նիկոլից: Օրինակ` «տռուսիկ» մականունով ասֆալտի գեներալ Գագիկ Մելքոնյանը քաջ գիտակցում է, որ իր պասիվության դեպքում կակտիվանա թե՛ իր որդու հանդեպ քրեական գործը, թե՛ կվերհիշեն իր թոռան դանակահարությունը: Նույնը կարելի է ասել Գուրգեն Արսենյանի պարագայում եւ այսյպես շարունակ:
Նիկոլը նաեւ քայլեր է կատարում օլիգարխների դաշտում` իրավիճակը ամբողջովին վերահսկելի պահելու առումով: Իհարկե, նա չի հավատում նախկին օլիգարխներին, որոնք ժամանակին եղել են Հանրապետական խմբակցության կազմում եւ հետո անցել են Նիկոլին աջակցողների շարքերը` Լֆիկ, ՍԱՍի Արտակ եւ այլն: Դրա փոխարեն նա աճեցնում է իր սեփական օլիգարխին` մինչ այդ բոլորին անհայտ ոչ մի առանձնապես բիզնես հաջողություններ չունեցող Նարեկ Նալբանդյանին:
Այլ դեպք է դեռ Լեւոնի եւ Վանոյի իշխանության ժամանակներից Նիկոլին ժառանգություն մնացած Գռզոն: Ի տարբերություն Նալբանդյանի` Խաչիկ Սուքիասյանը Նիկոլին պարտական չէ, այլ ավելի շուտ` ընդհակառակը: Եվ այստեղ Նիկոլը շարժվում է քաղցրաբլիրթի եւ մտրակի քաղաքականությամբ: Մի կողմից` Խաչիկ Սուքիասյանին տրամադրում է գերշահավետ տնտեսական առավելություններ, մյուս կողմից` ձեռքի հետ նախապատրաստում է նյութեր Գռզոյի սեփականաշնորհման պատմությունների վերաբերյալ: Իսկ այսպիսի պատմությունները հազարավոր են:
Մի խոսքով` իրավիճակը երկրի ներսում նման է վառոդի տակառի, կամ գուցե դրա մուլյաժի: Թե ո՞վ կպայթեցնի, եւ ո՞վ կօգտվի այդ պայթյունից, դեռեւս պարզ չէ:
Արմենակ Հովհաննիսյան