Իսկ Նիկոլի՞ համնար որն է Հայաստանի սահմանը
Վերլուծություն
Այն բանից հետո, երբ Նիկոլը հայտարարեց ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության «սառեցման» մասին, այնպիսի աղմուկ բարձրացավ, որից հետո նա իր ասածները չմեկնաբանելու հնարավորություն պարզապես չուներ: Եվ, բնական է, խնդիրը գնում-հասնում է նրան, թե ինչո՞ւ է մի կողմից խոսում Ադրբեջանի հետ նոր պատերազմի մասին, մյուս կողմից՝ հետեւողականորեն փչացնում հարաբերություններն այն միակ ռազմական կառույցի հետ, որին մեր երկրի անդամակցությունը, ըստ այդմ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանումը, այսպես թե այնպես, թուրք-ազերիական տանդեմին զսպող միակ ռեալ գործոնն է:
ՄԱԿՐՈՆԻ ԽԱՂԻ ԱԿԱՆՋՆԵՐԸ
Իհարկե, Նիկոլ փորձում է ցույց տալ, թե ՀԱՊԿ-ը միակը չէ, էս է՝ ֆրանսիացիները կգան եւ մեզ կպաշտպանեն: Բայց այն, որ ֆրանսիական «տանիքի» գաղափարն էս գլխից է ձախողված, ավելին՝ անհավանական, հասկանում են բոլորը: Մի քանի փաստարկ կա: Նախ, Ֆրանսիան եւ Թուրքիան ՆԱՏՕ-ական դաշնակիցներ են: Ճիշտ է, իրար տանել չեն կարող, սակայն բախումն էլ պետք է բացառել. ժամանակին այդ մասին Մակրոնը ուղիղ հայտարարություն հնչեցրել է, թե Հայաստանը չպետք է սպասի, որ հանուն իրեն կգնան բախման իրենց ՆԱՏՕ-ական դաշնակցի հետ: Հաջորդը. եթե անգամ լինի ֆրանս-թուրքական բախում, ապա ներկայումս «պլինտուսից ներքեւ» ռազմական պոտենցիալ ունեցող եւ ներքին բազում խնդիրների մեջ թաթախված Ֆրանսիան միանշանակ Թուրքիայի համար ռեալ հակառակորդ չէ: Առավել եւս, երբ ուկրաինական պատերազմի պատճառով ֆրանսիական զինապահեստները գրեթե դատարկվել են:
Վերջապես, դեռ Նիկոլի հետ հանդիպմանը Մակրոնը բացատրեց, թե իրականում ինչ է ուզածը. Հայաստանով եւ Ադրբեջանով ելք դեպի Կենտրոնական Ասիա: Ասենք, սա անգամ նրա ուզածը չէ, այս ծրագրերը արեւմտյան ուլտրալիբերալիստները (եւ ոչ միայն) մշակում էին դեռ ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո: Բայց հիմա ամեն բան շատ ավելի սուր է դարձել:
Ընդ որում, Նիկոլը հենց այնպես չէ, որ այս պահին Մակրոնի «դռներն» ընկավ: Ֆրանսիայի նախագահն այս օրերին բացեց որոշակի փակագծեր, որոնք թույլ են տալիս տեսնել, թե իրականում գլոբալ խաղն ուր են փորձում տանել: Այսպես, Մակրոնի հայտարարությունը, թե՝ մշակում են Ուկրաինա ՆԱՏՕ-ական զորքեր ուղարկելու ծրագրեր, թեեւ ողջ հարվածը հենց նրան ուղղեց, բայց այստեղ մի փոքր ավելի խորը պետք է նայել: Դժվար է հավատալ, որ ՆԱՏՕ-ում, ասենք նաեւ արեւմտյան աշխարհում իրենից քիչ արժեք ներկայացնող Մակրոնը կարող է կազմակերպել եվրոպական լիդերների մասնակցությամբ քննարկում՝ Ուկրաինա զորք ուղարկելու թեմայով: Այն դեպքում, երբ մինչ այս քանիցս հայտարարել է, թե մտքով անգամ չի անցնում՝ ուղիղ բախման գնալ ռուսների հետ: Ավելին, որ մինչ այս ամենեւին էլ Ուկրաինայի հիմնական մատակարարների թվում չէր եւ ամեն ինչ անում էր, որ անգամ մեկ ավելորդ արկ չուղարկի: Եվ ահա, երբ հանդես է գալիս Ուկրաինայի այնպիսի պաշտպանի դիրքերից, որի արդյունքում իր ղեկավարած պետության լինել-չլինելու մասին են սկսում խոսել ողջ Ֆրանսիայով մեկ, շատ պարզ հարց է ծագում՝ իսկ ո՞ւմ հրամանն է տվյալ դեպքում կատարում Մակրոնը: Չնայած, հեռուն գնալ պետք չէ. ով նրան նախագահ է սարքել, նրա հրամանն էլ պետք է կատարի: Եվ ահա այստեղ չմոռանանք Մակրոնին նախագահ սարքողների խորքային ամենասերտ կապերը Բրիտանիայի հետ: Նաեւ, որ այդ ստվերային տերերի գործունեության արդյունքում էր, որ ժամանակին նույնպիսի կատարածու Ջոնսոնը ձախողեց ռուս-ուկրաինական բանակցությունները, եւ հիմա էլ հենց Բրիտանիան է հանդես գալիս ուկրաինական պատերազմն ամեն կերպ շարունակելու դիրքերից: Այսինքն այն, որ Մակրոնի այդ հայտարարության թիկունքին պարզ երեւում են MI6-ի, իսկ ավելի կոնկրետ՝ այդ կառույցի տերերի ականջները, ամենահավանական տարբերակն է:
Ու այստեղ պարզ հարց կա. իսկ ի՞նչ էր քննարկում Փաշինյանը Մյունխենում Ռիչարդ Մուրի հետ, վերջապես որեւէ պաշտոնական տեղեկություն կտա՞ն: Նաեւ՝ այդ քննարկումը կապ ունե՞ր նրա Փարիզ կատարած այցի եւ նաեւ Հայաստան ՆԱՏՕ բերելու Մակրոնի հեռահար ծրագրերի հետ:
Չէ, հարցն այստեղ այն չէ՝ կկարողանա՞ բերել, թե՝ ոչ: Կամ՝ կկարողանա՞ Ուկրաինա ՆԱՏՕ տանել, թե՝ ոչ: Թերեւս՝ ոչ, քանի որ Մակրոնի ասածներից եւ դրանց հետ կապված ռուսների պատասխանից նաեւ բրիտանական հանրությունն սկսել է սարսափի մատնվել՝ հիշելով, որ ապրում են կղզու վրա, որը կարող է շատ արագ ջրի տակն անցնել: Սարսափած են նաեւ եվրոպական լիդերները՝ Շոլցի գլխավորությամբ, որոնք մեկը մյուսի հետեւից պաշտոնապես հայտարարեցին, որ մտքներով անգամ չի անցնում Ուկրաինա զորք ուղարկել: Մինչեւ իսկ նման պաշտոնական հայտարարություն Ստոլտեմբերգն արեց, եւ դա խոսում է Վաշինգտոնի շատ արագ հերքմանը, թե` ինչ զորք, ինչ Ուկրաինա, լուրջ էր, ու երեւի նաեւ Մակրոնի ականջներն են մի թեթեւ ձգել, թե այս ի՞նչ խաղերի մեջ ես:
ՆԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԻՐ ՍԱՀՄԱՆԸ ՖԻՔՍԻ
Հանրագումարում նաեւ Հայաստան ՆԱՏՕ բերելու սցենարն է դառնում, այսպես ասենք, ոչ շատ իրատեսական: Եվ արդյունքում Նիկոլը, որ նման «տարօրինակ սիրավեպ» սկսեց Մակրոնի հետ, հիմա պետք է բացատրի, թե այդ ինչո՞ւ է ՀԱՊԿ-ի անդամությունը «սառեցրել»: Նախօրեին ԱԺ-ում փորձեց նման բացատրություն տալ՝ բնականաբար հիմնվելով հին թեմայի վրա, թե. «Հանկարծ տպավորություն չստեղծվի, որ մենք փորձել ենք ՀԱՊԿ-ին ներքաշել պատերազմի մեջ եւ դրանով վատ դրության մեջ ենք դրել մեր գործընկերներին: Մենք գործել ենք այնպես, ինչպես ՀԱՊԿ-ի փաստաթղթերը նախատեսում են: Եվ մենք առաջին հերթին քաղաքական դիրքորոշում ենք ակնկալում, սա շատ կարեւոր նրբություն է: Մենք այդ հարցը տվել ենք 2021 թվականի մայիսի իրադարձություններից հետո, երբ որ ասել ենք, որ ՀԱՊԿ-ը ունի պատասխանատվության գոտի տարբեր երկրներում, մենք մի պարզ հարցի պատասխան ենք ցանկացել ստանալ: Մենք հարցրել ենք, ՀԱՊԿ դիտորդները գալու են ի՞նչ անեն: Մենք ասել ենք՝ եկեք արձանագրենք `որն է ՀՀ տարածքում եւ Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին: Երբ որ այս հարցի պատասխանը հնչեր, այլեւս 2-րդ, 3-րդ, 4-րդ հարց չէր բարձրանա, որովհետեւ ամեն ինչ արդեն նախատեսված մեխանիզմներով աշխատելու էր…»,-ասաց նա:
Լավ, երեք տարի առաջ հարց եք տվել, ու այդ ինչպե՞ս եղավ, որ միայն հիմա սկսեցիք խոսել «անդամության սառեցման» մասին: Սա էլ մի կողմ. ԱԳՆ-ին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրը մասնավոր զրույցում եւ չներկայանալու պայմանով շատ ավելի հետաքրքիր հարցադրումներ առաջ քաշեց ՀԱՊԿ-ի հետ կապված նիկոլյան իշխանական այս հայտնի արդարացման մասին.
«Արդեն տեւական ժամանակ է, որ այդ մոտեցումը շարունակելով`սեպ են խրում Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի, ավելի կոնկրետ` Հայաստանի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների մեջ: Չնայած այն բանին, որ դա ակնհայտորեն հսկայական վնաս է հենց Հայաստանի համար: Ընդ որում, դա արվում է ծայրահեղ արհեստական, որը դժվար չէ հիմնավորել: Այն է, եթե Փաշինյանը փորձում էր եւ է ՀԱՊԿ-ից բացատրություն ստանալ, թե որն է Հայաստանի սահմանը, ապա պետք է բարի լինի` նախ ինքը տա այդ հարցի պատասխանը: Ուրեմն, ո՞րն է Հայաստանի սահմանը` ըստ Փաշինյանի, փորձենք մենք հասկանալ: Այն ժամանակ, երբ նա այդ վեճը հրահրեց, որպես վարչապետ, պարտավոր էր Հայաստանի սահման ասելով, նկատի ունենալ այն, ինչը ներկայացված էր Հայաստանի Սահմանադրությունով: Այս դեպքում միգուցե ՀԱՊԿ որոշ անդամներ վերապահումներ ունենային: Բայց այդ վեճը հրահրելուց հետո Փաշինյանը Պրահայում փաստաթուղթ ստորագրեց, ապա Ալիեւի հետ այն Սոչիում ներկայացրեց Պուտինին ու մինչ այժմ էլ հայտարարում է, որ սահման էր ճանաչում Ալմա-Աթայի հռչակագրով նախատեսված գիծը` նախկին ԽՍՀՄ սահմանները: Միայն թե այդ հռչակագիրը, որը Փաշինյանը համարում է հիմք, ստորագրել է ոչ միայն Հայաստանը, այլ` ԽՍՀՄ նախկին, այսինքն`ԱՊՀ երկրները, որոնց հիմնական մասը հենց ՀԱՊԿ անդամներն են: Այսինքն, Փաշինյանի ալմաաթայան տրամաբանությունից բխում է, որ ՀԱՊԿ-ը, այսինքն՝ նրա անդամ պետությունները արդեն այն ժամանակ են ճանաչել, թե որն է հայ-ադրբեջանական սահմանը, այն է` ՀԱՊԿ պատասխանատվության գոտին: Եվ դրանից հետո շարունակել, թե` ՀԱՊԿ-ը պետք է նշի իր պատասխանատվության գոտին, նշանակում է ընդամենը ծաղր ՀԱՊԿ երկրների հանդեպ. մարդիկ հռչակագիր են ստորագրել, որը դու հիմք ես համարում, էլ ի՞նչ նոր ճանաչում, քանի՞ անգամ պետք է ճանաչեն: Բայց չէ, մինչ հիմա Փաշինյանը նույն բանն է շարունակում` թող ասեն: Եվ հասկանալի է, որ դա արհեստական մոտեցում է, հասկանալի է նաեւ պատճառը` ոչ մի դեպքում ՀԱՊԿ-ի մուտքը Հայաստանի սահմանագոտի թույլ չտալ: Թե որտեղից է գալիս այդ պահանջը, դա եւս հասկանալի է, ինչպես նաեւ, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների ամեն մի թուլացում, առավել եւս` «սառեցում», հսկայական հարված է Հայաստանի անվտանգությանը եւ բանակցային դիրքերին»:
Դժվար թե հակառակ տրամաբանություն այստեղ լինի: Այստեղ բացատրություն չէ նաեւ Նիկոլի այն միտքը, թե. «ԵՄ-ն ՀՀ սահմանները ճանաչել է հստակ, օրինակ՝ 2023 թվականի հոկտեմբերին Գրանադայի քառակողմ հայտարարությամբ, օրինակ՝ 2022 թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությամբ։ ՌԴ-ն նույնպես եռակողմ հայտարարությամբ ընդունել է ՀՀ սահմանները 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարության տեքստում, որի տակ կա դրված նաեւ ՌԴ նախագահի ստորագրությունը։ Դրանից հետո Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթաժողովում ասել ենք այն, ինչի տակ ստորագրել ենք, եկեք արտահայտենք որպես ՀԱՊԿ-ի պատասխանատվության արեալ։ Դա տեղի չի ունեցել»։
Նախ, Պրահայի կամ Գրանադայի հայտարարություններն ամենեւին էլ ԵՄ-ի որոշումը չեն. ԵՄ-ի պաշտոնական որոշումը, թե՝ ճանաչում ենք Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա հայ-ադրբեջանական սահմանը չկա եւ չի կարող լինել: Նրանք Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել են այն սահմաններով, որով անկախացել են, եւ նոր որոշումը ծաղր կլիներ ԵՄ երկրների համար: Ինչպես որ ՀԱՊԿ երկրների համար է ծաղր, թե եկեք Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն հռչակենք «ՀԱՊԿ-ի պատասխանատվության արեալ». նրանք վաղուց են դա արել՝ այդ հռչակագիրն ընդունելով: Անհստակություն կար, քանի դեռ նիկոլյան Հայաստանը Արցախը չէր ճանաչել Ադրբեջանի մաս՝ հիմք համարելով խորհրդային սահմանները: Հենց ճանաչեց, այդ անհստակեցումն արդեն վերացավ: Իսկ դրանից հետո ակնհայտ արհեստական է որեւէ մեկից պահանջել՝ ճանաչեք մեր սահմանը. նրանք բոլորն արդեն դա արել են:
Քերոբ Սարգսյան