Թուրքերին այդքան սիրաշահելն էլ Նիկոլին ու Արոյին բան չի տա
Վերլուծություն
Սոչի քաղաքում անցկացվող միջազգային երիտասարդական փառատոնում նախօրեին «Ռուսաստանն այսօր» մեդիախմբի եւ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձավ նաեւ Հայաստանին՝ ասելով. «Հայաստանի երիտասարդությունը պետք է իմանա, որ Փաշինյանը հայ ժողովրդի դավաճանն է եւ տանում է Հայաստանն ամբողջովին ոչնչացման: Եթե նա շարունակի մնալ իշխանություն, եւ հայ հասարակությունը շարունակի աջակցել նրան, Հայաստանն ընդհանրապես չի լինի 5 տարվա ընթացքում, ինչպես չկա Ղարաբաղն այնպիսին, ինչպիսի տեսքով, որ պետք էր Հայաստանին…»:
ԼԱՎՐՈՎԻ «ՎԵՐՋՆԱԳԻՐԸ»
Սա մեկ օրինակ է, թե ինչպես է վերջին օրերին ռուսական շրջանակներում, այդ թվում՝ պաշտոնական եւ առանցքային լրատվական, կտրուկ սրվել են հակահայկական շեշտադրումները, ինչը նկատելի է անգամ դիվանագիտական աղբյուրների ելույթներից: Ընդ որում` ԱԳ նախարարի մակարդակով: Թե ինչու, կարելի է հասկանալ:
Այսպես, կային նախնական խոսակցություններ, որ օրերս Անթալիայում` դիվանագիտական ֆորումի շրջանակներում, հնարավոր է նաեւ Լավրովի եւ Միրզոյանի հանդիպումը՝ հայ-ռուսական վերջին սրացումները քննարկելու համար: Բայց չէ, գոնե պաշտոնապես նման հանդիպում չեղավ: Արդյունքում, ֆորումի եզրափակիչ ասուլիսում Լավրովը մի շարք կոշտ հայտարարություններ հնչեցրեց, որոնք իրոք շատ մտահոգիչ են: Նախ, խոսքը ՀԱՊԿ-ի մասին է, թեեւ դատելով Լավրովի տոնայնությունից, ոչ միայն ՀԱՊԿ-ի: «Սպասում ենք՝ երբ մեզ պաշտոնապես կհայտնեն՝ որն է վերջնական որոշումը։ Ասում են՝ «մենք դե ֆակտո սառեցրել ենք մասնակցությունը, եթե ուզենանք՝ դե յուրե էլ կսառեցնենք», «ԵԱՏՄ-ն մեզ համար հետաքրքիր է, քանի որ այնտեղից ինչ-որ մի բան ենք ստանում»,- ասել է Լավրովը՝ փաստացի մեջբերելով Փաշինյանի հայտարարությունները՝ դրանք «ոչ այնքան գեղեցիկ» որակելով: «Մենք շատ կցանկանայինք, որ մեր հայ գործընկերներն իրենք իրենց համար որոշեն՝ ինչպես են ցանկանում շարունակել ապրել եւ փոխադարձ հիմունքներով իրականացնել այն պայմանավորվածությունները, որոնք մեզ իրար են կապում ամենատարբեր ինտեգրացիոն կառույցներում»,- միտքն ավարտեց Լավրովը։
Թերեւս պարզ է, թե իրականում այդ խոսքերի տակ ինչ կա. եթե դուրս եք գալիս ռուսական ինտեգրացիոն մի կառույցից, ապա պետք է դուրս գաք նաեւ մյուսներից: Այսինքն, «ոչ այնքան գեղեցիկ» է, որ մի կառույցից, որը նպատակահարմար չեք համարում, դուրս եք գալիս, իսկ մյուսից, որտեղ օգուտ ունեք, մնում եք: Ավելին ասենք, այն պահից, երբ հայաստանյան իշխանությունները սկսեցին խոսել ԵՄ անդամության կամ անդամության թեկնածուի կարգավիճակի մասին, դա արդեն ամենաուղիղ հակասությունն է արդեն ոչ թե միայն ՀԱՊԿ-ի, այլ՝ ԵՏՄ-ի հետ: Դա 2014թ.-ի նույն ուկրաինական սցենարն է, երբ Կիեւում սկսեցին խոսել ԵՄ գնալու մասին, բայց նաեւ ցանկանալով պահպանել ՌԴ-ի հետ ազատ առեւտրի ռեժիմը: Այն ժամանակ Մոսկվան բացատրեց՝ եթե այդպես վարվեք, ապա Ուկրաինան կդառնա դեպի Ռուսաստան եվրոպական ապրանքների առանց մաքսատուրքի միջանցք. Եվրոպայից ապրանքները դյուրինացված ռեժիմով կմտնեն Ուկրաինա, այնտեղից էլ ազատ ռեժիմով՝ Ռուսաստան: Արդյունքում, Մոսկվան հայտարարեց, որ այդ դեպքում կդադարեցնի Ուկրաինայի հետ ազատ ռեժիմով ցանկացած առեւտուր: Հիմա նույն խաղը Հայաստանի հարցով է. եթե մեր չինովնիկությունը խոսում է ԵՄ-ից, ապա դա նշանակում է, որ նաեւ պետք է հրաժարվի ԵՏՄ-ի հետ ազատ ռեժիմով առեւտրից: Ընդ որում, նաեւ այն երկրների, որոնց հետ ԵՏՄ-ն ունի ազատ առեւտրի պայմանագիր, այդ թվում՝ Իրանի: Ու հաշվի առնելով առեւտրի այն հսկա մակարդակը, որն այսօր Հայաստանն ունի ԵՏՄ-ի եւ, առաջին հերթին՝ ՌԴ-ի հետ, ինչպես նաեւ այդ հարցում աճի աննախադեպ դինամիկան, ինչպես նաեւ առեւտրի այն չնչին ծավալները, որոնք կան ԵՄ-ի հետ՝ առանց ավելացման որեւէ հույսի, դժվար չէ կռահել, որ թե ինչ հետեւանք է ունենալու Հայաստանի վրա ԵՏՄ-ից դուրս գալը: Մեկ-երկու պաշտոնական թիվ. անցած տարի Ռուսաստանը մնացել է Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերը՝ ընդհանուր ծավալի մոտ 35 տոկոս մասնաբաժնով: Այդ թվում՝ Հայաստանից արտահանումը Ռուսաստան կազմել է հայաստանյան ընդհանուր արտահանման ավելի քան 40 տոկոսը՝ (ԵՏՄ՝ մոտ 43) տարվա ընթացքում աճելով մոտ 39 տոկոսով: Այն դեպքում, երբ ամբողջ ԵՄ տիրույթ արտահանվում է հայաստանյան ապրանքների 8,4 տոկոսը, եւ այն անցած տարի նվազել է մոտ 8 տոկոսով: Այդ թվում՝ մեր իշխանությունների կողմից այդքան սիրված Ֆրանսիա՝ մոտ 3 տոկոսով, եւ այդ երկիր է արտահանվում հայաստանյան ապրանքների ընդամենը 0,1 տոկոսը:
Ահա, հենց այս մասին է պարզ ակնարկում Լավրովը. հրաժարվում եք ռուսական մեկ ինտեգրացիոն կառույցից, ուրեմն առհասարակ հրաժարվեք ռուսական ամեն ինչից, ամենագլխավորը՝ ռուսական շուկայից եւ փորձեք Եվրոպայի հաշվին գոյատեւել: Միայն թե արագ որոշեք՝ «ինչպես եք ցանկանում շարունակել ապրել» եւ մեզ հայտնեք:
Ընդ որում, այնպես չէ, որ որոշելու համար նիկոլյան իշխանությունները ժատ ժամանակ ունեն: Ըստ Լավրովի՝ «Ռուսաստանը հետեւում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին եւ ի գիտություն կընդունի դրանք սեփական գործնական քայլերը պլանավորելիս»։ Այսինքն, քանի դեռ չկա պաշտոնական որոշում, Մոսկվան հիմք կհամարի եւ կառաջնորդվի այն հայտարարություններով, որոնցով հանդես են գալիս նիկոլյան չինովնիկությունը:
ԿՈՄՊՐՈՄԱՏԱՅԻՆ «ՊԱՏԵՐԱԶՄՆԵ՞Ր»
Այն, որ նիկոլյան իշխանավորների վերջին քայլերը Հայաստանի կործանման ամենաուղիղ ճանապարհն են, այսօր շատ-շատերն են պարզ խոսում եւ գիտակցում: Միամտություն կլիներ կարծել, թե Նիկոլն ու իր նազիր-վեզիրները դա չեն հասկանում: Վերջին հաշվով, կա պարզ ճշմարտություն. ամեն պետություն, ասենք նաեւ ամեն ընկերություն եւ անհատ իր արտաքին քաղաքական նախապատվությունները որոշում է հենց առեւտրային չափորոշիչներից՝ որտեղ է ավելի շատ ապրանք կարողանում վաճառել, հենց այդ ուղղությունն էլ պետք է պահել-զարգացնել: Սա աքսիոմա է, եւ երբ նիկոլյան թիմը դեմ է գնում այդ պարզ տրամաբանությանը, նշանակում է՝ առաջնորդվում են բոլորովին այլ նկատառումներով: Ու ինչո՞վ կարող են, ասենք, Բրիտանիան (ուր, ի դեպ, գնում է հայաստանյան արտահանման ընդամենը 0.1 տոկոսը) ու նրա MI6-ը ազդել հայաստանյան իշխանավորների վրա. հաստատ ոչ պետության տնտեսական կամ անվտանգային գործառույթներով: Մնում են անձնական շահագրգռվածությունները կամ հսկայական կոմպրոմատները, որոնք, մեծ հավանականությամբ, մեր չինովնիկությունը թողել է Արեւմուտքում:
Թերեւս, այս կողմից պետք է նայել Լավրովի հաջորդ հայտարարությանը. «Երեւանում վերջին ամիսներին «խիստ հայտարարություններ» են հնչում Մոսկվայի հասցեին՝ Հայաստանի համար ղարաբաղյան հակամարտության սրման անհաջող արդյունքների պատճառով… Դա, իհարկե, հարիր չէ դաշնակցային հարաբերություններին։ Գլխավոր մեղադրանքներից մեկն այն է, որ բացի այն արտահայտություններից, որոնք ես մեջբերեցի, երբ հայ պաշտոնատար անձինք հայտարարում են, որ հենց Ռուսաստանն է Ադրբեջանին դրդել պատերազմ սկսել, ինչպես նրանք ասում են, 2020թ. սեպտեմբերին։ Դրանք անշնորհակալ գնահատականներ են, որովհետեւ հենց ՌԴ-ն կանգնեցրեց այդ պատերազմը, ընդ որում՝ այն կարող էր կանգնեցնել շատ ավելի շուտ, երբ ադրբեջանցիները դեռ չէին վերցրել Շուշին, բայց երբ Նիկոլ Վովաեւիչ Փաշինյանը, ի պատասխան Վլադիմիր Պուտինի կոչերի, ասաց. «Ոչ, մենք մինչեւ վերջ կկռվենք», դե խնդրեմ…»:
Իսկ Հայաստանում այս երեքուկես տարիներին փնտրում են, թե ինչպես ընկավ Շուշի՞ն: Նիկոլը, միգուցե, ինչ-որ պատասխան կտա: Բայց երեւի նաեւ ակնարկը հասկանալով՝ կոմպրոմատներն ամենեւին էլ միայն Արեւմուտքում չէ, որ թողնված են:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ