Ռուսական արտաքին կուրսն արդեն իսկ սկսել է կտրուկ գերկոշտանալ
Վերլուծություն
Ի դեպ, գլխավորը, որ ի ցույց դրեց Անթալիայի գագաթաժողովը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=277961&l=am), դա հերթական անգամ հիմնավորումն էր, թե իրականում ինչի շուրջ է 2020թ. նոյեմբերից ի վեր ընթանում ռուս-արեւմտյան բախումը:
Այսպես, Լավրովի եւ Բայրամովի հանդիպումից հետո հայտարարվեց. «Հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ 2020-2022 թվականների համար նախատեսված եռակողմ համաձայնագրերը, ընդգծվել է համատեղ աշխատանքի շարունակականությունը տարբեր բազմակողմ ձեւաչափերում, ներառյալ՝ 3+3 խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմը»:
Իսկ ահա Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն էլ ավելի դետալավորեց, թե՝ « «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը կարող է ոչ միայն ուղիղ տրանսպորտային կապ հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այլեւ վերջ դնել տարածաշրջանում Հայաստանի տնտեսական մեկուսացմանը։ Բացի այդ, այս նախագծի իրականացումը օգուտ կբերի եւ լիովին համապատասխանում է տարածաշրջանի այլ երկրների, առաջին հերթին Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի շահերին… Հուսով ենք, որ Երեւանը, որն արդեն ավելի քան երեք տարի խուսափում է իր ստանձնած պարտավորության կատարումից եւ փաստացի արգելափակում է Զանգեզուրով տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը, վերջապես գիտակցում է այս նախագծի ողջ օգուտը նաեւ Հայաստանի համար։ Հակառակ դեպքում բաղձալի «խաչմերուկը» կարող է այդպես էլ մնալ տարածաշրջանային փակուղում»:
Այսինքն, ինչպես ավելի վաղ ենթադրել էինք, հայ-ադրբեջանական այս պահի հիմնական չլուծված հարցը եղել եւ մնում է Մեղրիի գծի աշխարհաքաղաքական վերահսկողության թեման, եւ այս հարցում Միրզոյանի եւ Բայրամովի վերջին՝ գերմանական հանդիպումը չի փոխել Բաքվի տեսլականը. գործարկումը կարող է լինել նոյեմների 9-ի եռակողմ պայմանավորվածության համաձայն, հակառակ դեպքում՝ առհասարակ չի լինի՝ նիկոլյան «խաչմերուկը» կմնա այդպես էլ կյանքի չկոչված:
Արդյունքում, ինչքան էլ որ Անթալիայում փորձեցին սիրաշահել Էրդողանին, մեկ է, գնդակը պտտվեց-պտտվեց եւ վերադարձավ Նիկոլի կիսադաշտ. նրա որոշումից էլ կախված է հետագան, եթե միայն նա արդեն ի զորու է որեւէ բան որոշել:
Ի տարբերություն Նիկոլի, Էրդողան-Ալիեւ տանդեմն ավելի լավ է հասկանում այն իրական փոփոխությունները, որ այս պահին նկատվում է ռուսական ուժային բալանսում: Ամեն դեպքում, միայն փաստը, որ ներկա փուլում Էրդողանը նորից է առաջ ընկնում՝ փորձելով դառնալ ռուս-ուկրաինական միջնորդ, այն է՝ խաղի մասնակից, այլ ոչ թե Ուկրաինա զորք մտցնելու մասին հայտարարություններ հնչեցնող Մակրոնի կարգի կատարածու:
Բանն այն է, որ մի շարք հեղինակավոր աղբյուրների գնահատմամբ, Մակրոնի հայտարարությունը` Ուկրաինա ՆԱՏՕ-ական զորքեր մտցնելու մասին, պետք է ընկալել, որպես «աճուրդի մեկնարկ՝ դիտարկել միայն սակարկության տեսանկյունից՝ դրույքաչափերը ծայրահեղ բարձրացնելով՝ Ռուսաստանին ստիպելու՝ նվազեցնել իր «պահանջները» Ուկրաինայի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրեր ստորագրելիս»։ Այս մասով այն միգուցե համահունչ է Էրդողանի միջնորդությանը: Հաշվարկը նրա վրա էր, որ դա ռուսներին տալիս է հաշված քայլերի հնարավորություն.
«Կհարվածի ավելի հզոր զենքերով, այդ թվում՝ մարտավարական միջուկային զենքով։
Պաշտոնապես պատերազմ կհայտարարի Ուկրաինային, որն ավտոմատ կերպով բոլոր խաղացողներին մասնակից կդարձնի։
Կհարվածի ռազմական թիրախներին նաեւ ՆԱՏՕ-ի երկրներում, բայց սա Երրորդ համաշխարհային պատերազմն է։
Անօդաչու ինքնաթիռները կսկսեն գրոհել ՆԱՏՕ-ի ինքնաթիռները, որը եւս Երրորդ համաշխարհային պատերազմն է»։
Սակայն ռուսներն այլ կերպ պատասխանեցին: Պուտինը հիշեցրեց «Սարմատի», «Ավանգարդի», «Պոսեյդոնի» եւ այլ միջոցների մասին, որոնք Արեւմուտքի համար անհաղթահարելի են: Դրանով ասաց սա. Արեւմուտքի հետ հնարավոր բանակցություններում Մոսկվան իր հիմնական հաղթաթղթերը համարում է ոչ թե Ուկրաինան եւ այնտեղ զորքերի եւ տանկերի մի քիչ առաջ գնալ-չգնալը, կամ Կիեւը գրավելու հեռանկարը, այլ ռուսական օդ-ծով-ցամաքային հիպերձայնային տրիադան, որոնց մակարդակին արեւմտյան աշխարհը թող նախ փորձի հասնել: Եթե հանկարծ կհասնեն, այդ դեպքի համար Պուտինը, «ամեն դեպքում», հիշեցրեց, որ ռուս գիտնականները ձեռքները ծալած, նստած չեն «Սարմատի» դափնիների վրա:
Այսինքն, Մոսկվան խաղադաշտ է համարում աշխարհը, իսկ Ուկրաինան դրա էպիզոդիկ հատվածներից է: Այդ իրավիճակում ուկրաինական ճգնաժամում դրույքաչափերի բարձրացումը կիսաքայլ է, եւ այս մասին, ենթադրելի է, որ Լավրովը մանրամասներ հայտնեց նաեւ իր թուրք գործընկերոջը: Այսինքն, կգնա՞ ՆԱՏՕ-ն կամ նրա առաձին անդամներ, ենթադրաբար, առանց ԱՄՆ-ի, ուկրաինական կամ ցանկացած այլ հատվածում ընդդեմ Ռուսաստանի ոչ թե հայտարարությունների, այլ` գործնական քայլերի տեսքով, ուրեմն պատասխանը կարող է լինել ռուսական տրիադայի միջոցով: Ու նման պատասխանից հետո թող արդեն Արեւմուտքը մտածի, թե ինչ քայլ կկատարի:
Մեկ այլ, թերեւս նույնքան լուրջ ազդակ կարելի է համարել Դաշնային ժողովին ուղղված ուղերձում Պուտինի եւս մեկ միտք. «ՀՌՕ-ի մասնակիցները պետք է ստանձնեն առաջատար դերեր՝ ղեկավարեն մարզերը, խոշորագույն ներքաղաքական նախագծերը: Ես անընդհատ հանդիպում եմ ՀՌՕ-ի մասնակիցների հետ, իմ սիրտը լցվում է հպարտությամբ նման երիտասարդների համար, նրանք չեն նահանջելու, չեն դավաճանի, չեն հանձնվի»:
Սա ազդա՞կ է, որ արմատից փոխվում է ռուսական «էլիտան», որը չգիտես էլ, թե ում օգտին է աշխատում: Նման է դրան, առավել եւս, այս մասին ազդակներ մինչ այս էլ կային, որոնց անդրադառնալու առիթներ ունեցել ենք: Ըստ ամենայնի, ընտրություններից հետո իրոք փոխվում է ռուսական ներքին եւ արտաքին կուրսը, փոխվում է էական կոշտացման ուղղությամբ: Գումարած միջուկային տրիադան եւ բարձր մակարդակի հասնող ներկա բանակը: Էրդողանը հազիվ թե նման բաները էն գլխից չհասկանար: Համենայնդեպս, ընտրություններից հետո Պուտինը կմեկնի Թուրքիա, շատ բան կբացատրվի: Էրդողանն էլ՝ Ալիեւին: Իսկ Նիկոլը մնացել է Մակրոնի բացատրությունների հույսին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ