ԳԺԻ ՏԵՂ ԴՆԵԼՈՎ` ՎԱՆՔԻ ՀԱՎԵՐԸ ՈՒՏԵԼՈՒ ԽԱՂՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
Վերլուծություն
Վերջին շրջանում Նիկոլը իր թայֆայով կարծես թե միտումնավոր անում է ամեն ինչ, որ կատաղեցնի նախկինում իրեն կողմնակից ժողովրդին: Ոչ կողմնակիցները առանց այդ էլ ատելությամբ են լցված նիկոլազգիների հանդեպ: Սակայն նրանք, ովքեր հույս ունեին սոցիալական բարիքներ ստանալ Նիկոլի օրոք, կամ նախկինների ունեցվածքը վաճառելուց կապույտ եզրաշերտով ափսեով ստանալ իրենց փայաբաժինը, կարծես թե սկսում են ավելի ու ավելի կատաղել:
ԻՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՆ ԳՐԳՌՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Խոպանչիների պատմությունը ցույց տվեց, որ Նիկոլին այդքան էլ հեշտ չի լինի կպնել մարդկանց հացին եւ անպատիժ մնալ: Սա արդեն Արցախը չէ, անկախությունը չէ, սահմանադրությունը չէ, սա հաց է, հաց… Հիմա էլ Նիկոլը որոշել է տաքսիներին դնել հարկման տակ: Մյուս կողմից արշավ է սկսել մարդկանց բանկային քարտերն ամբողջությամբ վերահսկելու ուղղությամբ: Դեղատոմսերի ապուշ որոշումն արդեն իսկ բողոքի լայն ալիք է բարձրացնում: Մարդկանց ստիպում են նախ հերթ կանգնել պոլիկլինիկաներում, հետո մի 20 հազար դրամի անալիզներ հանձնել, հետո ուղարկում են տարբեր տեսակի ռենտգեն-կատեների, կարճ ասած` մի դեղատոմս ստանալու համար այսօր Նիկոլի «սիրելի» ՀՀ քաղաքացին պետք է կորցնի երկու օր եւ մի 50000 դրամ:
Ժողովրդին գրգռելու մեկ այլ թեմա է Կոնդը, որտեղից բնակիչներին պատրաստվում են արտաքսել, իսկ Երեւանի այդ պատմական (Հյուսիսային պողոտան կառուցելուց հետո) միակ հատվածը նույնպես վերածել ինչ-որ նորակառույց թաղամասի` Երեւանին վերջանակապես զրկելով պատմական դեմքից: Հասկանալի է, որ Նիկոլն ու Տիգրան Ավինյանը այս գործարքից էլ հսկայական գումարներ կշփեն: Բայց զուգահեռաբար սա նույնպես կբերի ոչ միայն կոնդեցիների, այլ ընդհանրապես երեւանցիների դժոգոհության եւս մի ալիք:
Հարց է ծագում` ի՞նչ նպատակով են արվում այս հակաժողովրդական քայլերը, որոնք առավել եւս սպասվող սահմանադրական հանրաքվեից ու ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ Նիկոլին հաստատ ձայն չեն բերի: Այս հարցը մի քանի պատասխան ունի:
Առաջին տարբերակ` Նիկոլը փող չունի եւ իրեն ցանկացած գնով պետք է լցնել բյուջեն պետական ծախսերը հոգալու համար: Առաջին հերթին պետք է իր շրջապատին կերակրել բարձր աշխատավարձերով եւ պարգեւատրումներով , որպեսզի այս ու այն կողմ չփախնեն: Ավելին` սոված վիճակում, պալատական կերակրատաշտից լափելու սովոր պաշտոնյաների բանակը շատ վտանգավոր է, քանի որ կարող են հանուն սեփական ստամոքսների գնալ ցանկացած քայլի` ընդհուպ պալատական հեղաշրջման:
Տարբերակ երկրորդ` Նիկոլը գնում է դեպի համատարած ու ամբողջական վերահսկողության: Չէ՞ որ բանկային քարտերի շարժը կարող է ցույց տալ ցանկացած մարդու մասին շատ բան եւ հատկապես նրա եկամուտների աղբյուրը: Ինչ վերաբերում է էլեկտրոնային դեղատոմսերին, ապա այս համակարգի միջոցով կարելի է իմանալ ցանկացած մարդու առողջական վիճակը: Իսկ իմանալով մարդու ֆինանսական եւ առողջական վիճակը` կարելի է մանիպուլացիա իրականացնել ցանկացած մարդու հանդեպ: Նիկոլը սարսափելի վախենում է իշխանությունը կորցնելուց , եւ այն պահելը իր համար ավելի ու ավելի դժվար է: Այդ իսկ պատճառով նրան պետք է իրականացնել տոտալ վերահսկողություն թե՛ իր կողմնակիցների, թե՛ իր հակառակորդների եւ թե՛ ամբողջ հանրության հանդեպ: Եթե սրան գումարենք օրեցօր ընդլայնվող ու նորանոր մարդկանց ներգրավող հայտարարագրերի համակարգը, ապա պարզ կդառնա, որ եթե Նիկոլը մնաց իշխանության գլուխ, ապա Հայաստանը շատ շուտով վերջնականապես կվերածվի համատարած վերահոսկողության տոտալիտար պետության:
Եվ վերջապես, վերոնշյալ հարցի պատասխանի երրորդ տարբերակը` Նիկոլը հասկանում է, որ հայտնվել է անլուծելի իրավիճակում: Արեւմտյան իր կարգադրիչները նրանից պահանջում են ավելի ու ավելի կտրուկ ու թշնամական գործողություններ Ռուսաստանի դեմ: Ռուսաստանն այլեւս չի պատրաստվում հանդուրժել Նիկոլի «գժական» քայլերը: Թակարդը, որի մեջ Նիկոլն ինքն իրեն մտցրեց, շատ շուտով փակվելու է, եւ այդ դեպքում Նիկոլին սպասվում են շատ ծանր օրեր: Սահակաշվիլիի օրինակն իր աչքի առաջ է, եւ դա դեռ լավագույն դեպքում: Ինչքան էլ Նիկոլը իրեն ներկայացնի որպես հոգեպես անհավասարակշիռ անձնավորություն, նա շատ լավ հասկանում է, որ մոտենում է իր արկածախնդրության կուլմինացիոն պահը, որից հետո նա պետք չի լինելու ո՛չ Ռիչարդ Մուրին, ո՛չ Մակրոնին, ո՛չ էլ Էրդողանին ու Ալիեւին: Հենց այդ պատճառով Նիկոլի համար ամենաձեռնտու տարբերակը գործը սահմանադրական հանրաքվեն չհասցնելն է եւ դրանից առաջ «թռնելն» է: Ընդ որում, դա պետք է արվի մինչեւ աշուն, քանի որ վերջերս Նիկոլը հայտարարել է իր նեղ շրջապատում, որ նրանից պահանջում են արագացնել ԵՄ դիմելու գործընթացը եւ մինչեւ աշուն ներկայացնել այդ դիմումը:
Մյուս կողմից Նիկոլի շրջապատում հիստերիկա է այն առումով, որ մինչեւ աշուն ռուսները չեն թողնի, որ Թուրքիան եւ Արեւմուտքը Հայաստանը դնեն իրենց «գրպանը»: Ու պատահական չէ, որ Ալենից սկսած «տռուսիկ» Գագոյով վերջացրած այսօր ողբ են կապել, թե ռուսները պատրաստվում են Հայաստանը մտցնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մեջ (ինչը, ի դեպ, կլինի Հայաստանի փրկությունը): Այսպիսով Նիկոլի համար լավագույն տարբերակը մինչ այս կուլմինացիոն պահերի գալը Արեւմուտք տեղափոխվելն է եւ այնտեղ առոք-փառոք իր կուտակած ունեցվածքը վայելելն է:
Արդյո՞ք Արեւմուտքին ձեռք է տալիս այդ տարբերակը, թե` ոչ, այս պահին ասելը դժվար է: Սակայն Նիկոլի հեռացման համար անհրաժեշտ են ժողովրդական հուզումներ: Եթե այդ հուզումները լինեն Արցախի, հայոց ինքնության պահպանման, Ցեղասպանության ճանաչման, ավանդական ընտանիքի անձեռնմխելության կամ Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության առումով, ապա հաջորդ իշխանությունը, որը կգա Նիկոլի փախնելուց հետո, կլինի հենց այդ արժեքների կրողը: Դրա համար, ըստ արեւմտյան քաղաքական ճարտարապետների, այդպիսի իշխանությունը ապագայում բացառելու եւ, ընդհակառակը` սորոսական, հակահայկական եւ հակառուսական իշխանություն բերելու համար, Նիկոլի հեռացման պահանջով ժողովրդական հուզումները պետք է լինեն սոցիալական ենթատեքստով` ավելի շատ «հաց ու զվարճանքներ» կարգախոսով: Եվ հենց այսպիսի հուզումներ գեներացնելու համար Նիկոլը նախաձեռնել է վերոհիշյալ հակապոպուլիստական քայլերի հաջորդականությունը: Լինելով սուպերպոպուլիստ` Նիկոլը շատ լավ հասկանում է, թե հատկապես ինչը կարող է կատաղեցնել ժողովրդին եւ գիտակցաբար գնում է այդ ճանապարհով:
ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱՆ ՀԱՍՑՆԵԼ ԳԱԳԱԹՆԱԿԵՏԻՆ
Գուցե հենց երկրի սոցիալական վիճակը վատթարացնելու միտումնավոր ծրագրի շրջանակում Նիկոլը գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման` ամեն օր կատարելով նորանոր հակառուսական հայտարարություններ ու գործողություններ: Կարծես թե, նա արդեն հասել է իր նպատակին: Ռուսաստանից հնչել են շատ կոնկրետ հարցադրումներ, թե ո՞րն է Երեւանի վերջնական որոշումը, որտե՞ղ է իրեն տեսնում Նիկոլը եւ ո՞ւր է տանում Հայաստանը: Ավելին` վերջին օրերին Ռուսաստանը շատ հստակ ներկայացրեց իր դիրքրոշումը Հայաստանի սոցիալ-տնտեսական արտոնություններ տրամադրելու հարցի վերաբերյալ: Արդեն կասկածից վեր է, որ «գժի տեղ դրած` վանքի հավերն ուտելու» խաղը, այսինքն` հակառուսական գործողություններին զուգահեռ Ռուսաստանի տնտեսական հնարավորություններից օգտվելը մոտենում է վերջակետին:
Հատկանշական է, որ Նիկոլն այդ վերջակետին մոտեցնում է իր ամբողջ թիմը: Այդ կիսագրագետների միջեւ կարծես թե մրցում է սկսվել, թե ով ավելի կեղտոտ ձեւով կարտահայտվի Ռուսաստանի դեմ, եւ դա պատահական չէ: Հասկանալի է, որ Նիկոլը ստիպում է իր ենթականերին շարժվել հայտնի կրիմինալ սովորության համաձայն, երբ հանցախմբի յուրաքանչյուր անդամ պետք է անմիջական մասնակցություն ունենա կատարվող հանցանքին: Եվ պատահական չէ, որ գրական հայերենով երկու բառ արտաբերել անկարող Սասուն Միքայելյանը, որը ժամանակին հայտարարել էր, որ իր համար նիկոլական հեղաշրջումը ավելի թանկ է, քան արցախյան ազատամարտը, այսօր ամենաբարձր ձայնով միացել է հակառուսական պարանոյիկ հիստերիային:
Այս դավաճանության ու անբարոյականության տոնավաճառում հայտնվել է ամբողջ հայ ժողովուրդը: Եվ խնդիրն այն է, որ Հայաստանի ընդդիմադիր կոչված քաղաքական դասակարգը նույնպես գրեթե ամբողջությամբ ներառված է նույն խաղի մեջ, որի մեջ ներքաշված է Նիկոլը եւ իշխանական ամբողջ ոհմակը: Այս առումով հետաքրքիր խոստովանություն արեց «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանը: Նա իրավացիորեն նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի քաղաքական ու անվտանգային զարգացումը պայմանավորված է բացառապես մեկ հարցով` 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարագրի 9-րդ կետի պահաջների կատարել-չկատարելով: Այդ կետը վերաբերում էր Ադրբեջանից Հայաստանով դեպի Նախիջեւան ճանապարհի բացմանը ռուսների վերահսկողության տակ, որը Նիկոլին խստիվ արգելել էր Արեւմուտքը եւ հատկապես` Մեծ Բրիտանիայի հետախուզության պետ Ռիչարդ Մուրը:
Մեսրոպ Առաքելյանի գրառման մեջ նույնպես իրավացիորեն նշվում է, որ Արցախի կորուստը, Հայաստանի տարածքների հանձնումը բացառապես պայմանավորված են Նիկոլի կողմից վերոհիշյալ հարցի տորպեդահարմանբ: Սակայն այդ դեպքում այլ հարց է ծագում, եթե այդ իրականությունը գիտակցվում էր «Ապրելու երկիր» կուսակցության մեջ, ապա ո՞րն էր այդ կուսակցության իրական ղեկավար եւ առաջնորդ Ռուբեն Վարդանյանի շարժառիթը, երբ նա դարձավ Արցախի պետնախարար: Չէ՞ որ Արցախի ճակատագիրը լուծվում էր ոչ թե Արցախում, այլ` Երեւանում: Չէ՞ որ նրանից, թե ով կլինի Արցախի պետնախարար, ոչինչ կախված չէր: Հետեւապես ինչո՞ւ իմանալով, որ Արցախի փրկության հարցը լուծվում է Երեւանում, ավելին` Հայաստանի իշխանություններին Արեւմուտքի վերահսկողության տակից հանելու միջոցով, եւ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարագրի հիման վրա` Հայաստանի ընդդիմությունը չհամարձակվեց հայտարարել այդ պարզ ճշմարտության մասին: Եվ ո՞ւմ համար էին տարբեր հայաքվեները, հանրահավաքները եւ այլ շոուները, եթե այդտեղ չէր ասվում ճշմարտությունը:
Արմենակ Հովհաննիսյան