«Կովկասի գերին-2», կամ Նիկոլի հին ու նոր արկածները
Վերլուծություն
Առանց հեգնանքի ենք ասում` այն տպավորությունն է, որ ներկա իշխանական խունտայում հրապարակավ երկու ճշմարտախոս մարդ կա` Մելքոնյան Գագոն եւ Աղազարյան Հովոն: Հիմնականում նրանք են, որ ներկայացնում են իշխանական համակարգի ուզած-չուզածը մոտավորապես այնպես, ինչպես իրականում կա: Ու քանի որ «փակագծեր բացելու» համար չեն պատժվում, ի հայտ է գալիս նաեւ երկրորդ տպավորությունը, որ այս անձինք Նիկոլի մոտ աշխատում են ոչ թե պարզապես պատգամավոր, այլ պետք եղած պահին կեղտոտ, բայց բացելու ենթակա դետալները հանրությանը հրամցնելու գծով հատուկ ներկայացուցիչ:
ՈՎ ԱՎԵԼԻ ՇԱՏ «ՃՈՐՏԻ» ՏԵՍՔ ՈՒՆԻ
Նախօրեին հերթական նման «փակագիծը բացեց» Մելքոնյան Գագոն, թե` «Հայաստանն այժմ կանգնած է ընտրության առջև՝ Արևմո՞ւտք, թե` Ռուսաստան, Երևանը պետք է կողմնորոշվի՝ իր անվտանգային խնդիրները որ դեպքում ինչ կերպ կլուծվեն: Լավրովն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի, Արևմուտքն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի։ Հիմա գնացիր դեպի Արևմուտք, Ռուսաստանի նման թշնամի ես ունենալու, գնացիր դեպի Ռուսաստան, դա նշանակում է Հայաստանի կորուստ՝ իր տարածքներով, Հայաստանի անկախությունը վերացնում եք, որովհետև վերջը մենք գիտենք՝ այնտեղ ինչ է, երբ մեզ առաջարկում են մտնել ռուս-բելառուսական կազմ՝ դաշինք, դա արդեն Հայաստանի վերջն է»:
Սկսենք վերջից. ինչ է, սույն, ամոթ էլ է ասել, գեներալն ուզում է համոզել, թե Բելառուսը, մտնելով ՌԴ-ի հետ միութենական պետության մեջ, «կորե՞լ» է, «Բելառուսի վե՞րջն է»: Այն երկի՞րը, որը հիմա պաշտպանված է միջուկային զենքով եւ թքած ունի Արեւմուտքից եկող բոլոր սպառնալիքների վրա: Այն երկի՞րը, որի ողջ բնակչությունը չունի աշխատատեղի, աշխատավարձի, սննդի, կենցաղի, առողջապահության, կրթության ու բազում այլ խնդիրներ: Այն երկի՞րը, որի իշխանական պատգամավորների դպրոցահասակ թոռները հասակակիցներին չեն դանակահարում եւ պապի «վաստակների» հաշվին պատասխանատվությունից ազատվում: Վերջապես, այն երկի՞րը, որի բնակիչներն իրենց շատ ավելի ապահով, պաշտպանված, վաղվա օրվա հանդեպ վստահ են զգում, քան անգամ գագոների կողմից այդքան պաշտված եվրոպաներում, էլ չասած`նրանց ղեկավարած Հայաստանի մասին: Օրական 24-ժամյա ռեժիմով իրենց շեֆի`Նիկոլի մակարդակով դողում են, թե աման, այնպիսի բան չասեք, որ հանկարծ Ալիեւը չզայրանա, ու նման գագոները դեռ «անկախության վերացումի՞ց» են խոսում:
Դեռ տարիներ առաջ միանշանակ պնդել ենք` Ռուսաստան-Բելառուս մտնելով, Հայաստանը վերջնականապես կամրապնդեր Արցախի ստատուս քվոն: Ընդհուպ Արցախի հայաթափումը պնդում էինք, որ արցախյան իշխանությունները ստացել են հստակ առաջարկ` պաշտոնապես դիմել Մոսկվային, եւ դա հիմք կդառնա արցախահայության լիակատար անվտանգության ապահովման համար: Այն ժամանակ էլ, հիմա էլ նույն ուժերը ճառեր են կարդում Հայաստանի «անկախության կորստի» մասին` բնականաբար կատարելով Արեւմուտքից եկած հրամանները: Արդյունքում, հիմա է, որ ունենք անկախության ամենաիրական, ամենատեսանելի եւ շոշափելի կորուստը, քանի որ անգամ մեր Սահմանադրությունն է կախված թուրք-ազերիական հրամաններից: Ու այսքանից հետո Մելքոնյան Գագոն, թերեւս նրա շուրթերով Նիկոլը նույն խա՞ղն են ուզում առաջ տանել, թե գիտեք, Լուկաշենկոն իսկական «ճորտ» է: Իսկ երբ հատկապես 2020թ. նոյեմբերից հետո Նիկոլն ու Լուկաշենկոն երբեմն իրար կողք են կանգնում, ո՞վ ավելի շատ «ճորտի» տեսք ունի...
Կամ ինչո՞ւ հեռուն գնանք, Գագոն իրեն հայելու մեջ նայե՞լ է:
ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՂԱՂԱԿ ՆԻԿՈԼԻ՞Ց
Չենք կարծում, որ Գագոյի այս «մտքերը» պատահականություն են, առավել եւս, երբ դրանք հնչում են «Ազատություն» ռադիոկայանով: Ուրեմն, ինչպե՞ս կարելի է հասկանալ դրանց իմաստը:
Նախ, այս հայտարարությամբ Գագոն մեկ բան գոնե հստակ ֆիքսեց: Այն է` նիկոլական վերնախավն իրոք հասկացել է Լավրովի վերջին հայտարարության ուղիղ իմաստը`հստակ պատասխանեք` մեզ հետ եք կամ մեզ հետ չեք, ընդ որում`բոլոր ուղղություններով: Հաջորդը, Գագոն նաեւ խոստովանեց, որ միայն Մոսկվան չէ, որ նման պահանջ է ներկայացնում. «Արևմուտքն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի»: Մինչդեռ քանի՞ցս ենք պնդել, որ Նիկոլն ինքն իրեն եւ հետեւից էլ ողջ երկիրը ներքաշել է Ռուսաստան-Արեւմուտք երկկողմ ճնշումների միջեւ, որոնք հատկապես սրվեցին 2020թ. նոյեմբերից սկսած` կապված երկաթուղու գերխնդրի հետ: Ընդ որում, եթե անցած երեքուկես տարիներին Նիկոլը կարող էր դեռ մի կերպ այստեղից-այնտեղ տատանվել, ապա Գագոյի հայտարարությունը հաստատում է մեր մեկ այլ ենթադրություն եւս` այդ չնչին մանեւրականությունն անգամ այս պահին չկա: Նիկոլյան տերմինաբանությամբ` «պետք է պատասխանել, եւ` վերջ»: Այս պահին գալիս են վերջին զգուշացումները, վերջնաժամկետն այս ամիսն է` մինչեւ Ռուսաստանում կավարտվեն ընտրությունները, եւ նոր կառավարություն կստեղծվի:
Ուրեմն, ի՞նչ է Գագո-«Ազատությանը», ըստ ամենայնի` Արեւմուտքին ահազանգում Նիկոլը: Երկու տարբերակ՝ «Արևմո՞ւտք, թե` Ռուսաստան»: Հեռանկարները սրանք են՝ Արևմուտքի դեպքում՝ «Ռուսաստանի նման թշնամի», Ռուսաստանի դեպքում՝ «ռուս-բելառուս կազմ»: Երկրորդ տարբերակը, հասկանալի է, նշանակում է Արեւմուտքի համար խոշոր պարտություն Հարավային Կովկասում, որը Գագոն, կամա թե ակամա, ի ցույց է դնում Արեւմուտքին: Բայց նաեւ ակնարկով՝ առաջին տարբերակի դեպքում կունենա այնպիսի թշնամի, որին դիմակայելու մասին խոսք անգամ չի կարող լինել, եթե միայն այդ միջոցն Արեւմուտքը ցույց չտա: Ավելի ճիշտ, տվյալ դեպքում պետք է ոչ թե ընդամենը Մոսկվայի հնարավոր ճնշումներին դիմակայելու ճանապարհ ցույց տալ, թե, Նիկոլ ջան, գնա, գնա մնացածն ինքդ արա, այլ շատ ավելի տեսանելի ու շոշափելի գործնական օգնություն:
ԽԱՂԸ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԲԱՑՎԵՑ
Իրականում այս պահին խաղը դարձել է մինչեւ վերջ բաց: Քանի՞ անգամ ենք ասել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով 2020թ. նոյեմբերից ի վեր կա միայն մեկ հարց՝ ո՞վ է իրականացնելու Մեղրիի գծի աշխարհաքաղաքական վերահսկողությունը՝ Ռուսաստա՞նը, ինչի տակ, որ ստորագրել է Նիկոլը, Նահանգնե՞րը (ավելի կոնկրետ՝ Բրիտանիան), թե՝ թուրք-ազերիական տանդեմը (սակայն այս դեպքում պետք է ամենաուղղակի ձեւով հաշվի առնել նաեւ Իրանի գործոնը): Պարզ հասկանալ է պետք՝ խոսքն այստեղ այն մասին չէ, թե այդ երկաթուղուց սպասվող եկամուտներն ուր են գնալու. բոլոր տարբերակներով էլ՝ Հայաստանին: Հիմնական հարցն այն է, թե ո՞ր աշխարհաքաղաքական դաշտում է լինելու Հայաստանը:
Արդեն անգամ իմաստ չունի խոսել այն մասին, թե հարաբերական իմաստով Հայաստանի շահն ինչ է պահանջում՝ այդ երեք ուժերից որի հետ գործակցել. այդ հարցին եւս անդրադառնալու բազում առիթներ ունեցել ենք: Այս պահին հարցը մի փոքր այլ է՝ ինչ ռիսկերի է բախվելու արդեն ոչ թե նույնիսկ անձամբ Նիկոլը, այլ Հայաստանը՝ վերջնական ընտրության փուլում:
Մոսկվան միանգամայն պարզ իր մոտեցումը հայտնեց. չեք կարող քաղաքական հարցերում ընկերություն անել մեր թշնամիների հետ, բայց մեզանից տնտեսական օգուտներ ստանալ, կամ բոլոր հարցերում մեզ հետ եք, կամ գնացեք, ինչ ուզում եք՝ արեք: Մինչդեռ իրականությունն այն է, որ գործնական հարվածների, ընդ որում, միանգամայն ծանր հարվածների բազում լծակներ Մոսկվան ունի: Ընդամենը մեկ օրինակ. բավական է միայն փակել Լարսը, եւ վերջ, կմնա ոչ թե չոքել, այլ սողալ Թուրքիայի առաջ: Գործող վերնախավի համար դա միգուցե անգամ հաճելի լինի, բայց ասել, թե առանց այդ էլ ներսից եռացող ժողովուրդն այդ հարվածն էլ եւս նույն անտարբերությամբ կտանի, երեւի սխալ կլիներ. խոշոր հաշվով, դա հարված է մինչեւ Հայաստանի վերջին քաղաքացու գրպանին, գումարած շատերի մոտ դեռ առկա ազգային արժանապատվությունը: Սրանով հանդերձ, էապես սրվում են նաեւ անվտանգային հարցերը, հաշվի առնելով, որ եթե հանկարծ հաջողվի լուծել ռուսների հարցը, ապա միանշանակ կտրուկ շիկանալու է Հայաստանի համար Թուրքիայի եւ Արեւմուտքի պայքարը: Ու եթե հանկարծ Անկարան որոշի գնալ ռազմական անեքսիայի ճանապարհով, ապա դրան դիմակայելու որեւէ ռեալ միջոց Արեւմուտքը պարզապես չունի:
Այսինքն, Արեւմուտքի տեսանելի ու շոշափելի գործնական օգնություն ասվածը հենց այս համալիր խնդիրների լուծումը կարող է լինել: Այս պահին ունենք հետեւյալ իրողությունը. չկա եւ տեսանելի ապագայում ծրագրված չէ Եվրոպայից Հայաստանին տրամադրվելիք անվտանգային օգնության մասին որեւէ փաստաթուղթ: Կան բանավոր խոստումներ՝ «մենք թույլ չենք տա» ոճով: Սակայն այդպես «թույլ չէին տալիս» նաեւ Արցախի հայաթափումը, բայց հետո լավ էլ թույլ տվեցին: Տնտեսական դաշտի մասին խոսելն անգամ ավելորդ է. մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով եվրոպական շուկան Հայաստանի համար ունի չնչին հասանելիություն: Ու ասել, թե այդ պատկերը կփոխվի, եթե գործի Հայաստան-Թուրքիա-Եվրոպա կապուղիները, միամտություն կլիներ. Հայաստանը պարզապես չունի եվրոպական գերհագեցած շուկային համապատասխան ապրանք: Հումք, մի փոքր այլ տեսականի, եւ վերջ: Մյուս կողմից, թուրքական ուղղության գործարկման դեպքում, առավել եւս, եթե այն հանկարծ Հայաստանի համար դառնա հիմնական, դա հավելյալ գերճնշումային լծակ է դառնալու Անկարայի համար, ինչպես եղավ օդային հաղորդակցության դեպքում. երբ քեֆները տվեց, կբացեն, երբ չտվեց, կփակեն: Ճիշտ է, այդ դեպքում Հայաստանն էլ կդառնա փոքրիկ հանգույց թուրք-ազերիական ապրանքների համար՝ թյուրքական աշխարհից Եվրոպա տանող ուղղությամբ: Բայց թող փորձի նման ճնշումային լծակ բանեցնել…
Ամեն դեպքում, Մակրոնի հետ Նիկոլի վերջին հանդիպումն էլ ցույց տվեց՝ ռեալ օգնության խոստումներ չկան: Ասենք, Նիկոլի ներկա ազդակը, թե հասեք, օգնեք, այլապես ստիպված ՌԴ-Բելառուս կգնամ, իր հերթին է հուշում, որ եվրոպական օգնության ռեալ ծրագիր այս պահին չունի:
Արդյունքում, Գագոյի ասած՝ «Արևմո՞ւտք, թե` Ռուսաստան» երկընտրանքն իրականում այս տեսքն ունի: Դեպի Արեւմուտք, բայց առանց Արեւմուտքի որեւէ ռեալ օգնության եւ Ռուսաստանի հետ թշնամանալու գնով: Կամ դեպի Ռուսաստան՝ ՌԴ-Բելառուսի կազմում հայտնվելու հեռանկարով: Այս վերջին տարբերակն իրականում Հայաստանի անկախությա՞ն, թե՞ ընդամենը նման գագոների իշխանության կորուստն է. չնայած, այստեղ պատասխանը միանշանակ է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ