Նիկոլը երեւի մենակ ուտի Մուրի «եփած կաշան»
Վերլուծություն
Թե ինչ է ակնարկում Ալիեւը՝ անոնսավորելով Բաքվի բերդում գտնվող Արայիկ Հարությունյանի եւ Լեւոն Մնացականյանի հետ «հարցազրույցը», դժվար չէ հասկանալ։ Ինչպես Արայիկը, այնպես էլ Լեւոնը տիրապետում են 44-օրյա պատերազմից սկսած, 1-օրյա պատերազմով վերջացրած ողջ տեղեկատվությանը: Արայիկը նաեւ տիրապետում է այդ ամենի քաղաքական եւ աշխարհաքաղաքական բաղադրիչին, համենայնդեպս՝ դրա Արցախին վերաբերող հատվածին: Եվ այն, որ Ալիեւը անոնսավորելով Արայիկի եւ Լեւոնի հետ հարցազրույցը, այդ ամենը կախում է Նիկոլի գլխին, կասկած չի հարուցում: Ինչի՞ համար, եւ ռուսներն այստեղ դեր ունե՞ն, ահա սրանք են հիմնական հարցերը:
ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՔԻԱԹԱԳԻՐԸ
Բայց սկսենք փաստի հիշեցումից, որ սկսած Մյունխենի վերջին գագաթաժողովից եւ այնտեղ Նիկոլի եւ MI-6-ի շեֆ Ռիչարդ Մուրի «առեղծվածային» հանդիպումից, Հայաստանի շուրջ զարգացումները տեղափոխվել են որակական նոր փուլ: Այս ընթացքում է, որ նիկոլյան իշխանությունները գնացին ռուսների հետ հարաբերությունների կտրուկ սրման, եւ երբ դա նայում ենք այն պարզ տեսանկյունից, որ նման կուրսը միայն հսկայական վտանգներ է խոստանում մեր երկրին, մեկ եզրակացություն դառնում է գերիշխող. միացվել է բրիտանական, ավելի կոնկրետ՝ անգլոսաքսոնական հերթական ծրագիրը, որի գերխնդիրն է հնարավորինս շուտ ռուսներին Հայաստանից դուրս մղելը: Հասկանալի է, ռուսներին հեռացնելու համար նախ պետք է Հայաստանի ներքին դաշտում քարոզչական հարցեր լուծել: Բանն այն է, որ ամեն մի ողջամիտ, ասենք նաեւ ոչ ողջամիտ ՀՀ քաղաքացի միանգամայն պարզ տեսնում է ռուսների հեռանալու հետեւանքը. Հայաստանն անմիջապես կվերածվի թուրք-ազերիական ներխուժման օբյեկտի, էլ չասած ռուսական շուկան կորցնելու տնտեսական կործանարար բաղադրիչը: Հսկայական աղմուկ առաջացավ թեկուզեւ միայն Նիկոլի հայտարարությունից, թե «սառեցրել ենք ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը»: Իսկ թե ինչ պայթյուն կլինի, նիկոլյան վարչախումբն այդ դեպքում ինչպես կդիմանա, եթե սկսեն ուղիղ խոսել նաեւ ռուսական բազան հեռացնելու մասին, դա կարելի է ենթադրել: Այսինքն, պետք էր մարդկանց համոզել, թե` չէ, անվտանգային հարցեր ենք լուծում, Ֆրանսիան կգա մեզ պաշտպանելու: Ապա, Միրզոյան Արոն սկսեց թուրքական մամուլում (հերթական հաստատումը, թե ինչ խղճուկ վիճակի է հասել մեր երկիրը, եւ իրականում ովքեր են մեր ղեկավարություն կոչվածները) պաշտոնապես առաջ տանել ԵՄ-ին անդամակցելու գաղափարը, թե. «Հաշվի առնելով բոլոր այն մարտահրավերները, որոնց բախվել ենք վերջին երեք-չորս տարիների ընթացքում, Հայաստանում ակտիվորեն քննարկվում են նոր հնարավորություններ։ Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ այս շարքում կա նաեւ ԵՄ անդամակցության գաղափարը։ Հայաստանի ժողովուրդը եվրոպական նկրտումներ ունի...»:
Հասկանալի է, խաբում է Արոն. Հայաստանում, բացի իշխանական կլանից, ԵՄ անդամության հեքիաթների մասին երեւի միայն «լափամանից» օգտվողներն են խոսում: Ասենք, նրանք անգամ հասկանում են, որ ոչ մեկը ԵՄ-ում Հայաստանին չի սպասում՝ մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Էլ չասած, որ մեծ հարց է՝ այդ ԵՄ-ն վաղը-մյուս օրը կլինի՞: Բայց քարոզում են՝ փորձելով համոզել, թե ռուսական շուկան չլինի, Եվրոպայում կհայտնվենք, շատ լավ կապրենք: Սովորական հեքիաթ, որին հավատալով, աչքներիս առաջ Ուկրաինան այս վիճակում հայտնվեց: Ասենք, 100 տարի առաջ Հայաստանը եւս մի անգամ այդ վիճակում հայտնվել է՝ բրիտանական հեքիաթներ, որի արդյունքում երկիրը ոչնչացումից մի կերպ փրկվեց:
Եվ այն, որ հիմա էլ այդ նույն հեքիաթները եւ նույն իմաստով՝ Հայաստանին Ռուսաստանից պոկելու, Թուրքիայի մարիոնետ դարձնելու եւ, խոշոր հաշվով, Ռուսաստանի եւ Իրանի կապը կտրելու համար, պարզ ցույց տվեց այս ամենին հաջորդած՝ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպի վերջին հայտարարությունը, թե՝ Լոնդոնը պատրաստ է աջակցել Հայաստանին «Ռուսաստանից եկող սպառնալիքների» դեպքում: Պա՞րզ է. Բրիտանիան մտածում է ոչ թե Հայաստանին թուրք-ազերիական, այլ՝ «Ռուսաստանի սպառնալիքներց» «պաշտպանել»: Ու քանի որ Բրիտանիան այս պահին «պլինտուսի» կարգի ռազմական պոտենցիալ ունի, թերեւս, հասկանալի է, որ պատրաստվում է Հայաստանը Ռուսաստանից «պաշտպանել» թուրքական պոտենցիալի հաշվին:
ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ
Կարճ ասած, թե ուր են Հայաստանը տանում Նիկոլը, մեր ներկա վիճակի հարցում նրանից ոչ պակաս մեղավոր ԱԽՔ Արմենը Գրիգորյանը, Արոն եւ մյուսները, երեւի արդեն նաեւ «ժեխերն» են հասկանում, թեեւ այս ամենը տեսանելի էր դեռ 44-օրյա պատերազմի եւ դրան հաջորդած ժամանակներում: Սակայն, ինչպես ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր, այնպես էլ հիմա խնդիրն այն չէ, թե ինչ է ուզում կամ անում նիկոլյան թիմը եւ անգամ՝ դրսի կառավարիչները: Խնդրին այն է, թե Էրդողանը եւ նրա հետեւից՝ Ալիեւը պատրա՞ստ են գնալ ռուսների, ասենք նաեւ Իրանի հետ ուղիղ բախման, որը 1920-21թթ.-երի օրինակով անխուսափելի կդառնա, եթե Անկարան գնա Հարավային Կովկասն իր վերահսկողության տակ վերցնելու ճանապարհով: Օրերս խոսակցություններ հայտնվեցին, թե Թուրքիան եւ ԱՄՆ-ն պայմանավորվել են, որ միասին են լուծելու հայ-ադրբեջանական «խաղաղության» հարցը: Սակայն այդպես էլ որեւէ հստակություն չկա՝ ովքեր են պայմանավորվել, որտեղ, ինչպես, եւ դա ավելի շատ նմանվում է բրիտանական ծագման ֆեյքի:
Իրականում բոլոր ազդակները խոսում են այն բանի օգտին, որ Էրդողանը սպասում է Պուտինի` Թուրքիա կատարելիք այցին, որը ծրագրված է ՌԴ-ում մոտ մեկ շաբաթից կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Ու ասել, թե Անկարան առնվազն մինչ այդ կգնա այնպիսի կտրուկ քայլի, ինչպիսին է Հարավային Կովկասը նվաճելու համար Վաշինգտոնի հետ դաշինք կազմելը, որը երաշխավորում է ծայրահեղ թշնամություն Մոսկվայի հետ, քիչ հավանական տարբերակ է թվում:
Արդյունքում, թեեւ Բրիտանիան, ինչպես 100 տարի առաջ, հիմա նորից խոստանում է՝ «Արեւմուտքը ձեզ կօգնի», սակայն երեւի նիկոլյան թիմն էլ է հասկանում (բացառությամբ, իհարկե, դրսից «աշխատավարձ ստացողների», որոնց խնդիրը ոչ թե հասկանալն է, այլ՝ հանձնարարությունը կատարելը), որ «Բրիտանական նավերն այս անգամ էլ դժվար թե հայաստանյան լեռները մագլցեն», առավել եւս, որ Լոնդոնն այս պահին վաճառում է իր նավերը՝ ֆինանսական խնդիրների պատճառով: Իսկ եթե այդ չեղած «նավերն» ամենատեսանելի եւ շոշափելի ձեւով չհայտնվեն «հայկական լեռներում», ապա Մուրի եփած այս նոր կաշայի ողջ կուժն ու կուլան հենց հայաստանյան վերնախավի գլխին է կոտրվելու, առավել եւս, որ միանգամայն կոշտ եւ հետագա գերկոշտացում խոստացող ռեակցիա արդեն կա:
ԱՐԱՅԻԿԻ «ՏՈՆՆԱՅԱՆՈՑ ԿՈՄՊՐՈՄԱՏՆԵՐԸ»
Նիկոլի հիմնական խնդիրն այն է, որ չնայած տեւական ժամանակ է, որ Արեւմուտքը խոստանում է լուծել Ալիեւի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու հարցը, սակայն, ինչքան էլ որ Ալիեւն իր արտգործնախարարին Գերմանիա ուղարկեց՝ Արոյի հետ հանդիպման, սակայն, ինչպես ենթադրել էինք, այդ լուծումը չկա ու չկա: Դա մեկ բան է նշանակում՝ Ալիեւը մնում է իր այն դիրքերին, որ «խաղաղության պայմանագիր» կարող է կնքվել միայն Մոսկվայի միջնորդությամբ կամ առանց որեւէ միջնորդի: Թե ինչ է նշանակում երկրորդ տարբերակը Հայաստանի համար, աչքներիս առաջ է. թեեւ ընթանում է փոխվարչապետների երկկողմ ձեւաչափով բանակցային գործընթաց, սակայն դրանց ժամանակ, ինչպես ցույց տվեց անհապաղ չորս գյուղ հանձնելու Բաքվի պահանջը, ամբողջ գործընթացը հիմնված է հենց նման միակողմանի պահանջների վրա: Այն պարզ պատճառով, որ սահմանազատում ասվածը ենթադրում է ազերիների վերահսկողության տակ մնացած հայաստանյան հողերի վերադարձ, սակայն Բաքուն կտրուկ մերժում է դա՝ սպառնալիքներով իր պահանջներն առաջ տանելով:
Իր խոսքերում նման իրավիճակը նշանակո՞ւմ է, որ գնալով պահանջները կոշտացնելով, Ալիեւը ցույց է տալիս, որ միակ ռեալ բանակցային հարթակը նաեւ Հայաստանի համար է մնում Մոսկվան: Միգուցե: Սակայն Նիկոլի համար դա բան չի փոխում, հաշվի առնելով, որ իրականում շատ պարզ իրավիճակի առաջ է կանգնած: Կրկնենք. արեւմտյան բանակցային հարթակը մնում է փակ, եւ այն բացելու խոստումները չեն կատարվում: Երկկողմ բանակցային հարթակը այնպիսի խնդիրներ է առաջ քաշում, որ դրանք ներհայաստանյան հարթակում խոստանում են շատ լուրջ պայթյուններ: Մնում է ռուսական հարթակը, բայց այստեղ էլ արեւմտյան ճնշումների, թերեւս ավելի շուտ՝ կոմպրոմատների խնդիրն է:
Նիկոլն այս օրերին փորձում է ակտիվացնել Իրանի ուղղությունը՝ մեկը մյուսի հետեւից պատվիրակներ գործուղելով: Անգամ հասան փոխարտգործնախարարների միջոցով համատեղ հայտարարության, թե՝ «Կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարաբերություններին վերաբերող ամենակարեւոր հարցերը», հաստատել, որ պետք է զարգացնել երկկողմ հարաբերությունները, իսկ տարածաշրջանային խնդիրները լուծել բացառապես խաղաղ միջոցներով: Բայց այն պարագայում, երբ Նիկոլի գործողությունների արդյունքում ՆԱՏՕ-ն կարող է հայտնվել Իրանի սահմաններին, ապա Թեհրանից շատ բան սպասել էլ չես կարող:
Եվ ահա այստեղ է, որ ի հայտ եկավ Արայիկ Հարությունյանի թեման: Հիշեցնենք, ՀԱՊԿ-ի «անդամության սառեցման» մասին նիկոլյան հայտարարությանն ի պատասխան, Լավրովը խոսեց նաեւ պատերազմի դադարեցման եւ Շուշին հանձնելու պատմության մասին՝ պարզ ակնարկելով, որ իրենք էլ կոմպրոմատների պակաս չունեն: Եվ այն, որ Արայիկը եւ Լեւոնը «տոննաներով» կոմպրոմատների են տիրապետում, կրկնենք, հասկանում են բոլորը: Ուրեմն պատահակա՞ն էր, որ Լավրովի նշված բացահայտումներին զուգահեռ, ի հայտ եկավ Արայիկի եւ Լեւոնի «հարցազրույցի» թեման. սովորաբար նման պատահականություններ, այն էլ նման մեծ խաղում, չեն լինում: Իսկ ահա Ղազախստանի նախագահ Տոկաեւը Բաքու մեկնելուց առաջ հուշեց, թե խոսքն ինչի մասին է՝ «Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ»: Ու եթե այս պահին կա մեկ ռեալ հարթակ, որտեղ դեռ հնարավոր է պայմանագիր կնքել, թերեւս հասկանալի է, թե Տոկաեւն ինչ է ակնարկում:
Իհարկե, Նիկոլը կարող է նաեւ առանց «ավելորդ ձեւականությունների» պարզապես «տակից» հանձնել Բաքվի պահանջած չորս գյուղը, ինչպես եղավ Կապանի ճանապարհի դեպքում: Սակայն նախ՝ ներհայաստանյան լարվածությունն այս պահին մեծ մասշտաբների է հասել: Գումարած, դրան կհաջորդի հաջորդ «չորս գյուղը», հետո նորից, որոնցից հետո, մեկ է, մնալու է այս նույն խնդիրների առաջ: Ու նրա հետ միասին ողջ Հայաստանը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ