Եվրոպան լիովին ոչնչացնելու համար 4 «Սարմատ» եւ 2 րոպե է պետք
Վերլուծություն
Այն բանից հետո, երբ խոսակցություններ սկսեցին ծավալվել, թե Թուրքիան եւ ԱՄՆ-ն (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=278458&l=am) պայմանավորվել են, որ միասին կլուծեն հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» հարցը, մի շարք հարցեր են առաջ գալիս: Նախ, թե կոնկրետ ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, ո՞ւմ միջեւ, ովքե՞ր են բանակցել: Ապա, որ ավելի կարեւոր է՝ իսկ ներկա ներամերիկյան խառը վիճակում Անկարան կգնա՞ Վաշինգտոնի հետ որեւէ պայմանավորվածության, եթե չգիտի անգամ, թե վաղը-մյուս օրը ի՞նչ իրավիճակ է լինելու ԱՄՆ-ում, ո՞վ է իշխանության գալու, եւ նոր իշխանությունը կպահի՞ հին պայմանավորվածությունները:
Առավել եւս, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը բացեց դեպի ընտրություններ Թրամփի ճանապարհը, դրա հետ կապված տարաբնույթ վարկածներ են պտտվում: Մասնավորապես, որ ԱՄՆ-ի իրական կառավարիչները՝ գլոբալիստական ուժերը դրանով հող նախապատրաստեցին, որ հենց Թրամփն է գալու իշխանության: Ըստ վարկածի՝ այդ ուժերն արդեն իսկ կենտրոնացել են այն ծրագրի վրա, որ ԱՄՆ-ն Թրամփի ղեկավարությամբ կլքի ՆԱՏՕ-ն, եւ Թրամփն էլ, չմոռանանք, իր այդ ծրագրերը չի թաքցնում: Ըստ վարկածի՝ դա այն բանի համար է, որ ԱՄՆ-ն դուրս գալով դաշինքից՝ «ՆԱՏՕ-ի մնացած անդամներին Ռուսաստանի դեմ հանի»: Իսկ Թրամփն իր հիմնական ջանքերը կուղղի Չինաստանի դեմ: Ըստ վարկածի. «Միացյալ Նահանգները կատարելապես զարգացրել է տեխնոլոգիաները Հին աշխարհում պատերազմների միջոցով… ԱՄՆ-ը չի պատրաստվում միջուկային հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի Դաշնության հետ Եվրոպայի շուրջ։ Միաժամանակ ԵՄ-ն չպետք է դառնա Չինաստանի եւ Ռուսաստանի առեւտրային գործընկերը։ Նույնիսկ հիմա Մոսկվա-Պեկին առանցքը գերհզոր է թվում, բայց պատկերացրե՛ք, եթե կոնֆիգուրացիան լիներ այնպես, ինչպես ցանկանում էր Պուտինը՝ Մոսկվա-Պեկին-Բեռլին: Հետեւաբար, Ամերիկան կշահի ԵՄ-ում եւս մեկ պատերազմից, որտեղ Ռուսաստանը ռեսուրսներ կծախսի փոքր դաշնակցի՝ ԵՄ վրա, ու դա միաժամանակ կբացառի նրանց համագործակցությունը»:
Եվ այս ֆոնին դժվար չէ նկատել, որ եվրոպական ուլտրալիբերալ վերնախավը եւ առանձին ղեկավարներ (Մակրոն եւ այլն) այս պահին ակտիվորեն առաջ են տանում ռուսների հետ ուղիղ բախման գաղափարը, որն արդեն նման է եվրոպական հանրությանը պատերազմի անխուսափելիությունը ներշնչելուն: Եվ երբ միաժամանակ անգամ ամերիկյան ներկա վարչակազմն է պնդում, որ չի պատրաստվում պատերազմել ՌԴ-ի հետ, իսկ ուլտրալիբերալ քարոզչամեքենան ակտիվորեն քարոզում է, թե՝ «ՆԱՏՕ-ի երկրները պետք է նախապատրաստվեն կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալուն», ապա դա եւս տանում է նույն մտքին՝ Եվրոպան պետք է պատերազմի ռուսների հետ առանց ԱՄՆ-ի մասնակցության:
Բայց իրատեսակա՞ն է դա, հաշվի առնելով Եվրոպայի ռազմական ներկա մակարդակը: Գումարած, եվրոպական տելեգրամյան ալիքներն արդեն իսկ ահազանգում են` «Եթե ուզում ենք կրակի հետ խաղալ, պետք է իմանանք, թե ինչի հետ գործ ունենք», եւ հրապարակում են ռուսական «Սարմատ» հրթիռի համառոտ բնութագրերը: Ըստ դրանց` ավելի քան 10 միջուկային մարտագլխիկով մեկ «Սարմատը» բավական է Ֆրանսիայի ողջ տարածքը անմարդաբնակ դարձնելու համար. «RS-28 «Սարմատ»-ը ICBM (SATAN 2) թռչում է 21 մախ կամ 25930 կմ/ժ արագությամբ։ Գործարկումից հետո պետք է.
1 րոպե 46 վայրկյան Բեռլին հասնելու համար,
2 րոպե` մինչեւ Փարիզ,
2 րոպե 2 վայրկյան` Մեծ Բրիտանիա»: Այսինքն, չորս «Սարմատ», որոնց արձակումից ընդամենը երկու րոպե անց՝ «Եվրոպան (Բրիտանիայով հանդերձ), որպես այդպիսին, դառնում է անմարդաբնակ գոտի: Ընդ որում, արեւմտյան ՀՕՊ-ը բացարձակապես անզոր է «Սարմատ»-ում տեղակայված «Ավանգարդ» հիպերձայնային հրթիռ-մարտագլխիկների դեմ»: Իսկ Ֆրանսիայի եւ Բրիտանիայի հնացած միջուկային մոտ 200-ի չափ հրթիռների էական մասը կարող են դեռ տիեզերական տարածքում ոչնչացվել ռուսական C-500-ների կողմից:
Միգուցե գլոբալ էլիտաների մոտ իրոք կան Եվրոպային Ռուսաստանի դեմ հանելու ծրագրեր, ինչպես եղել է Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերում: Սակայն այս անգամ խոսքը ոչ թե առաջվա պես տարիների, այլ՝ րոպեների պատերազմի մասին է, եւ դրա ամենահավանական սցենարը կարող է լինել Ռուսաստանին հասցված մի քանի հարվածը եւ Եվրոպայի լիակատար ոչնչացումը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ