ԵՐԿՈՒ ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ԹԱԳԱԺԱՌԱՆԳԻ ԿՈՉՈՒՄԻ ՀԱՄԱՐ
Վերլուծություն
Եվ այսպես, Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանքից ազատումը ազդարարեց, որ Նիկոլն ու Ալենը լեզու գտան: Ամենայն հավանականությամբ, դրան միջնորդեցին նաեւ ամերիկացիները: Ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը (որոնք մեզ շատ նման են, քանի որ գտնվում են արտաքին կառավարման տակ), երբ գործը հասնում է պետության ղեկավարի եւ որեւէ ազդեցիկ պաշտոնյայի միջեւ տարաձայնությունների, գործին միջամտում են ամերիկացիները: Այսպես, օրինակ` Ուկրաինայում, երբ այդ երկրի նախագահ Զելենսկին նպատակադրվել էր պաշտոնանկ անել գլխավոր հրամանատարին, հարցը քանիցս քննարկվել է Վաշինգտոնի հետ, որի արդյունքում գտնվել են երկու կողմին բավարարող լուծումներ:
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԶԵՆՈՒ ՏԵՐԵՎԻ ԴԵՐՈՒՄ
Ալեն Սիմոնյանի պարագայում հարցը այդքան իր եղբոր կնոջը չէր վերաբերում, ինչքան հենց Ալեն Սիմոնյանին ու ՔՊ-ին: Ակնհայտ է, որ եթե չլիներ անձամբ Ալեն Սիմոնյանի միջնորդությունը նրա եղբոր կինը չէր ստանա այն պետական պատվերը, որի համար նա մեղադրվում է: Այսինքն` կոռուպցիոն մեղադրանքը առաջին հերթին պետք է ներկայացված լիներ հենց Ալեն Սիմոնյանին: Այնուհետեւ նույն մեղադրանքը պետք է ներկայացվեր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Սակայն փաստ մնում է փաստ, որ Հայաստանի արդարադատությունը ունի երկակի ստանդարտներ, իսկ իշխանությունների պայքարը կոռուպցիայի դեմ, բացի գեղեցիկ կարգախոսներից, իրականում այս կամ այն պաշտոնյային իր տեղը բացատրելու լծակ է: Ինչպես, օրինակ` այս անգամ Նիկոլը ցույց տվեց Ալենին իր տեղը:
Այս առումով շատ տարօրինակ է, երբ իշխող խմբակցության պատգամավորները սկսեցին ստորագրահավաք իրենց «շեֆի ախպոր» կնգա համար երաշխիքներ տալու համար: Այսինքն` իշխող քաղաքական ուժը, փոխանակ ամենայն խստությամբ դատապարտի կոռուպցիոն դրսեւորումները, ընդհակառակը` ըստ էության, իր թեւի տակ է վերցնում դրա մեջ մեղադրվողներին: Միաժամանակ հասկանալի է, որ աշխատում է, այսպես կոչված, յուրայինների քավոր-սանիկական մտածելակերպը: Չէ՞ որ, եթե գործի մեջ խառնված չլիներ Ալենի եղբոր կինը, ապա ՔՊ-ականները ոչ մի ստորագրահավաք չէին էլ անելու: Հովանավորչության ու յուրայիններին առանձնացելու ավելի ցայտուն դեպք դժվար է պատկերացնել:
Սակայն ՔՊ-ական Հայաստանում սա արդեն նորմ է: Եվ սրա մասին է խոսում Նիկոլը` առանց վարանելու այս խայտառակությունը անվանելով ժողովրդավարական բարեփոխումներ: «Տելեգրաֆին» տված նրա հարցազրույցում ասում է. «Մենք իրականացնում ենք մեր ժողովրդից ստացած մեր պատգամները: Իսկ այդ պատգամն առաջին հերթին ժողովրդավարական բարեփոխումներն են: Եվ ժողովրդավարությունը, ժողովրդավարական բարեփոխումները, ժողովրդավարական հանրության զարգացումը մեզ համար ուղղակի հանգամանքների բերումով առաջացած օրակարգեր չեն: Ես բազմիցս եմ հայտարարել, որ դա մեզ համար ռազմավարություն է, և Եվրոպական խորհրդարանում իմ ունեցած ելույթում ասացի, որ մենք շարունակելու ենք այդ ռազմավարությունների իրականացումը, շարունակելու ենք այդ բարեփոխումները: Եվ ասացի, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի»: Հիմա ի՞նչ է ստացվում, որ հայ ժողովուրդը Նիկոլենց տվել է պատգամ, որ հովանավորի կոռուպցիա՞ն, որ ԱԺ նախագահը միջնորդի իր բարեկամներին «յուղոտ» պատվերներ տալու համա՞ր, թե՞ որպեսզի խորհրդարանի պատգամավորները դոշ տան իրենց շեֆի հարսի համար: Ինչ վերաբերում է Եվրամիության հետ «մոտիկ լինելու» մասին Նիկոլի բարբաջանքներին, ապա Եվրամիությունում այսպիսի բացահայտ հովանավորչություն կոռուպցիայի նկատմամբ անգամ վատ երազում չեն կարող տեսնել:
Հետաքրքրական է, որ Նիկոլը, խուսափելով «Տելեգրաֆի» լրագրողի հարցից, թե արդյո՞ք Հայաստանը որպես միջազգային քրեական դատարանի անդամ պատրաստ է կալանավորել ՌԴ նախագահ Պուտինին, խոսեց Հայաստանում իբր անկախ դատական համակարգի գոյության մասին. « Հայաստանի Հանրապետությունն առանձնանում է հատկապես անկախ դատական համակարգ ունենալու ինստիտուցիոնալ բարեփոխումների տրամաբանության մեջ։ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, Հայաստանի Հանրապետությունում վարչապետն ունի իր լիազորությունները։ Այդ լիազորությունների մեջ երբեք ոչ մի պայմաններում և որևէ պարագայում չի մտնում հարցի լուծումը` այս մարդուն պետք է ձերբակալել, թե պետք չէ ձերբակալել։ Բոլորը լուծվում են իրավական ընթացակարգերով»: Ահա այստեղ է, որ դժվար թե Նիկոլին որեւէ մեկը հավատա, լինի Հայաստանում, թե արտասահմանում: Բոլորի աչքի առաջ են շինծու քրեական հետապնդումները ու դատավարությունները ընդդիմադիր գործիչների դեմ: Արմեն Աշոտյանի դատավարությունը, Տիգրան Ուրիխանյանի քրեական հետապնդումը, Արթուր Վարդանյանի գործը, Արմեն Գրիգորյանի մահը հենց դատական նիստի ժամանակ: Այս շարքը կարելի է շարունակել ներկայացնելով տասնյակ անուններ ընդդիմադիր քաղաքական ու հասարակական գործիչների, լրագրողների, որոնք ենթարկվում են հետապնդումների Հայաստանի «անկախ դատական համակարգի» կողմից իրենց քաղաքական հայացքների համար:
Ո՞Ր ԱՍՏԾՈՒՆ Է ՀԱՎԱՏՈՒՄ ՆԻԿՈԼԸ
Սակայն վերադառնանք ներիշխանական գզվռտոցին: Ալենին իր տեղը ցույց տալուց հետո Նիկոլը հավանաբար կսկսի զբաղվել անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցով: Ինչպես հայտնի է, վերջինս կապ ունի անգլիական հետախուզության հետ: Ժամանակին, ըստ որոշ լուրերի, նույնիսկ Լոնդոնում բողոքում էր Նիկոլից, թե վերջինս ճշգրիտ չի կատարում Անգլիայից թելադրված պահանջները եւ ճշտվում է իր ծրագրերի մեջ թե՛ Անգլիայի մրցակիցներ ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ, եւ թե՛ Անգլիայի թշնամի Ռուսաստանի հետ:
Ինչպես հայտնի է «թունդ սորոսական» իշխանական թեւի մեջ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հիմնական մրցակիցը հենց Ալեն Սիմոնյանն է: Եվ պետք է ենթադրել, որ Նիկոլը կսկսի օգտագործել Ալենին ԱԽՔ Արմենի ախորժակը նվազեցնելու համար: Ալենը, որն արդեն իսկ ընդունել է Նիկոլի խաղի կանոնները, եւ որը շատ ավելի խոցելի է այս վերջին կոռուպցիոն սկանդալից հետո, Նիկոլի համար շատ ավելի հարմար ֆիգուր է, քան իր անգլիական կապերով վեր-վեր թռնող Արմեն Գրիգորյանը: Եվ պատահական չէ, որ Նիկոլից հենց անգլիական ԶԼՄ-ն վերցնում էր հարցազրույց` տալով չափազանց բաց տեսքտով հարցեր, թե ում հետ է Նիկոլը:
Պետք է նշել, որ Նիկոլին հաջողվեց այնքան լղոզել հարցերի պատասխանը, որ արդյունքում ստացվեց, որ Նիկոլը բոլորի հետ է` ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Իրանի, ե՛ւ Հնդկաստանի: Նա ագամ, կարելի է ասել, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ է, որովհետեւ հարցազրույցի ողջ ընթացքում չբարձրացրեց Արցախի կամ արցախցիների հարցը:
Սակայն անգլիացիները երեւի թե դժգոհ կմնան Նիկոլի խուսանավողական պատասխաններից, եւ պետք է սպասել, որ շատ շուտով կակտիվացնեն Նիկոլի դեմ գործողությունները ներիշխանական ծայրահեղ սորոսական թեւի կողմից, որը կգլխավորի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը:
Այս ակտիվորեն զագացող գործընթացներում գնալով ավելի աննկատ է դառնում ընդդիմության դերակատարությունը: «Նայում ես ընդդիմադիր պատգամավորների հարցերին ու պատասխաններին եւ հասկանում ես, որ իրենք եկել են խորհրդարան իրենց ցույց տալու համար: Կարմիր եւ կանաչ մազեր, մորուքներով կամ անմորուք…Նրանք հարց են տալիս, որին ի պատասխան Նիկոլը հանգիստ իրենց ստում է, իսկ նրանք չեն էլ կարողանում, ըստ էության, նրան հակառակվել: Ամեն անգամ ասում եմ` մի՛ մասնակցեք այդ քննարկումներին, դուք ոչ միայն ինքներդ ձեզ ապուշի տեղ եք դնում, այլ նաեւ Նիկոլին հնարավորություն եք տալիս, որ նա ամբողջ աշխարհի առաջ ցույց տա իր սուտը եւ ապացուցի, որ նա ճիշտ է»,- օրերս այսպես է արձագանքել ընդդիմության գործողություններին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Մենք նույնպես բազմիցս նշել ենք, որ ընդդիմության գործողությունները խորհրդարանում եւ անգործությունը խորհրդարանից դուրս կամա, թե ակամա, ջուր են լցնում Նիկոլի ջրաղացին, այն ջրաղացին, որի միջոցով Նիկոլը աշխարհով մեկ տարածում է իր ստերը Հայաստանում ժողովրդավարության, օրինականության, անկախ դատական համակարգի եւ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ:
Եվ վերջապես, «Տեխեգրաֆի» հետ հարցազրույցում Նիկոլը դուրս տվեց ապշեցուցիչ մի միտք. «Ես հավատում են Աստծուն»: Արդյո՞ք Աստծուն հավատացողը կարող է կազմակերպել Առաքելական եկեղեցու դեմ այսպիսի արշավներ կամ արդո՞ք Աստծուն հավատացողը կարող է հանձնել իր հայրենիքի մի մասը թշնմուն իմիտացիոն պատերազմով, իսկ հետո նույնիսկ առանց դրա արդյունքում զոհասեղանին դնելով հազարավոր երիտասարդ կյանքեր եւ հարյուր-հազարավոր փախստականների կոտրված ու խեղված ճակատագրեր: Այսքանից հետո միայն հարց է ծագում, իսկ ո՞ր Աստծուն է հավատում Նիկոլ Փաշինյանը:
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ